Հոգու պարտադրանք

0
20

Այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակական-քաղաքական կյանքում, բնավ էլ օրենքի պարտադրանք չէ: Դա հոգու պարտադրանք է` հայրենիքի կանչին ականջալուր: Հայրենիքն այս պահին կանչում է Արցախից, բայց նրան լսում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև Ամերիկայում ու Եվրոպայում:

Մենք կարողանում ենք համախմբվել առանց կոչի, զինվորագրվել առանց զորակոչի, կարողանում ենք արյուն հանձնել առանց դրա պահանջի, բայց արյան կանչով, ամուր թիկունք լինել առաջին գծում կանգնած հայկական բանակի զինվորին: Ճակատագրական փորձությունների ժամանակ մենք ավելի ամրանում, ավելի համախմբվում ենք` մոռանալով սոցիալական վիճակի ու քաղաքական տարակարծությունների մասին, որովհետև հողի ու հայրենիքի անվտանգությունն է առաջնայինը:

Մարտադաշտի հաջողությունը կախված է նաև այդ հաջողությունը կռող զինվորի թիկունքն ամուր պահելուց` համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտում, մեկիս ձեռքը մյուսի ուսին դրած, մեկիս արյունը մյուսին տալու պատրաստակամ, մեկիս հացից ու հագուստից մյուսին բաժին հանելու կամեցողությամբ: Անզորությունից ավելի վայրենացած թշնամուն ոչնչացնող մեր զինվորին այսօր պետք է այն վստահությունը, որը նրան փոխանցվում է թե՛ իր կողքին կռվող զինակից ընկերոջ, հրամանատարի խիզախությունից ու անձնազոհությունից, թե՛ մարտագծի այս` թիկունքային կողմից, հեռու և մոտ թիկունքից:

SHARE