Հոգու սնունդ, որով հարստանում ես…

0
38

<<Ընկեր>>-5

  watermarked_Petros Ghazaryan<<Ընկեր>>թերթը ճանաչել եմ տպագրության առաջին օրվանից և այսօր էլ մեծ հետաքրքրությամբ կարդում եմ այն: Ընկերասեր եմ, շատ ընկերներ ունեմ, ահա թե ինչու թերթը ձգում է ինձ: Կարդալով ընկերոջ, ընկերության և, առհասարակ, մարդկային փոխհարաբերությունների մասին ամենատարբեր հոդվածներ, բազում նորություններ եմ գտնում այնտեղ, ինձ անհրաժեշտ, օգտակար ու հաճելի նյութ, հոգևոր սնունդ քաղում: Կարծես, ամեն անգամ նորովի հայտնագործում եմ <<Ընկեր>>-ը: Ամենագնահատելին, իմ համոզմամբ, այն է, որ թերթը մատաղ սերնդի, պատանու ու երիտասարդի համար շատ ուսանելի, օգտակար, առավել ևս` դաստիարակչական դեր ու նշանակություն ունի:

  Քանի որ թերթի ծննդյան տարեդարձն է, ուստի ուզում եմ այդ առիթից օգտվել և, ըստ իս, մի <<անարդարացի>>երևույթի անդրադառնալ: Խոսքս այն մասին է, որ ընկերս` թերթի գլխավոր խմբագիր Ռուզաննա Մանուկյանը, մեր բոլորի մասին ջերմությամբ, տեղը-տեղին ու պատշաճորեն գրում է, բոլոր ընկերներին ներկայացնում, բայց թերթում նրա անուն-ազգանունից բացի այլ բան` նրա անձի վերաբերյալ, չենք հանդիպում: Կուզենայի, որ նրա մասին էլ գրվեր: Բայց, մյուս կողմից էլ, մտածում եմ, որ թերթի բոլոր էջերում, բոլոր գրվածքներում, այսպես թե այնպես, նրա ձեռագիրն ու հոգու մի մասնիկը կան, ուստի նրա անձն ու էությունն անուղղակիորեն երևում են այդ ամենում: Պարզապես, ընթերցողը պիտի որ դրանց միջոցով կարողանա լավագույնս ճանաչել այն անձին, ով այսօր ընկերության գործի ամենամեծ ջատագովներից մեկն է մեզանում…

  <<Ընկեր>>-ը, ուրախությամբ պիտի արձանագրեմ, դուրս է եկել մեր երկրի սահմաններից և աշխարհագրական տարածվածության առումով միջազգային ընդգրկում ձեռք բերել: Սրբազան մասունքի պես պահում եմ թերթի այն համարները, որոնցում ամբողջ աշխարհում սփռված մեր ընկերներին նվիրված հրապարակումներն են: Այո, ընկերությունն այդպիսի երևույթ է, սահման ու հեռավորություն չի ճանաչում, իսկ որտեղ ընկերություն, այնտեղ էլ` <<Ընկեր>>-ը…

  Թերթը, հավատացած եմ, մեծ ապագա ունի, և գնալով նրան գնահատող ու սիրող մարդկանց թիվը կմեծանա: Ամենակարևորը` հեռու է քաղաքական մեծ ու փոքր խաղերին տուրք տալու վտանգից, աշխարհաքաղաքական այսրոպեական շահերին տրվելու գայթակղությունից: Նրան ավելի շատ մարդկային հոգին ու բարոյական նկարագիրն են հետաքրքրում, ազգային մշակույթն ու հոգևոր ժառանգությունը: Չէ՞ որ քաղաքականությունը մեզ կործանել, իսկ մշակույթը` պահել-պահպանել է…

  Մեր հասարակությանն օգտակար ու անհրաժեշտ թերթ է: Մարդուն նյութականից, առօրյա հոգսերից կտրում և հոգևոր բավարարվածության պահեր է պարգևում: Լավատեսական շունչ ու ոգի ունի, վանում է անհուսությունը և հավատով տրամադրում քեզ ապագայիդ, երկրիդ ու հայրենիքիդ վաղվա օրվա հանդեպ: Հոգու սնունդ ես ստանում, հաղորդակցվում գեղեցիկին և հարստանում: Ճանաչում ես հայրենիքդ և սիրով լցվում նրա, նրա ամեն քարի, ամեն մանրուքի հանդեպ:

  Շնորհավորում եմ թերթի խմբագրակազմին` ձեզ բարի երթ, ընկերներով, ընկերական արժանի շրջապատով էլ ավելի հարստանաք և վստահ ու անվարան առաջ ընթանաք…

Ձեր լավագույն ընկեր`

Պետրոս Ղազարյան

/Նորքեցի Պետո/