Հոգու տուն

0
21

Իր տեսակի մեջ եզակի, իր տեսակով` անկրկնելի. 
այս կարծիքին է պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը
-Պրն Պողոսյան, այս պահին <<Կառլլեվոնի>> արվեստի սրահում ենք, և կուզեինք, որպես   արվեստի մարդ, ճանաչված պրոֆեսոր և բոլորիս կողմից սիրված անձնավորություն,  Ձեր  կարծիքը, խոսքը լսել նրա բացման առթիվ:
-Կառլեն Կարապետյանի այս Վերնատունը հոգու տուն է, այստեղ մարդիկ գալիս են հոգեպես հաղորդակցվելու: Ինչքան որ ես գիտեմ, հայ իրականության մեջ եզակի մի հաստատություն է սա, և հարևանությամբ այս պատկերասրահը եկավ լրացնելու այդ հոգու տան բովանդակությունը: Առավելապե՛ս հարստացնելու: Ամեն անգամ, երբ այցելում եմ, վայելքով ճեմում եմ պատկերասրահում` հաղորդակից լինելու մերօրյա հայ գեղանկարիչների, տաղանդավոր արվեստագետների ստեղծագործական ձեռքբերումներին: Մեր պատմությունը հարուստ է, մենք այդ պատմության վրա պետք է կանգնենք ամուր կեցվածքով, սակայն այսօր պետք է արարենք, և այսօր մեր ժողովուրդն իր խոսքը պետք է ասի աշխարհին արվեստի բոլոր ժանրերի մեջ: Եվ այդ խոսքի մի գեղեցիկ հատվածին ես ամեն անգամ գալիս եմ հաղորդակից լինելու այս համեստ, բայց և  հարուստ պատկերասրահի մեջ: 

    Ինչպես շատ բնորոշ է մեր հարգելի, մեր սիրելի եղբորը` Կառլեն Կարապետյանին, սա միայն պատկերասրահ չէ, սա նաև արվեստագետների, գեղանկարիչների հավաքատեղի է, որտեղ մարդիկ այցելում են իրար հետ կիսվելու, խորհրդածելու, մտքեր փոխանակելու, և այստեղ, բնականաբար, այս հաղորդակցությունից ծնվում են նաև նոր մտքեր: Մի խոսքով, ինչ ասեմ այս ոչ սովորական, մեծ ու լավ մարդու մասին, ով ամեն ինչ անում է` նպաստելու մեր արվեստի մշակներին իրար մերձ ապրելու: Միասին ապրելու, գեղեցիկ ապրելու… Սա այն կարևոր մեխն է, որը երբեմն պակասում է մեր կյանքում` միաբանությունը: Մեր մեծանուն ընկերն ամեն ինչ անում է և՛ իր կեցվածքով, և՛ իր գաղափարներով, և՛ իր ձեռքբերումներով, որպեսզի նպաստի այսօր ապրող արվեստագետներին, մշակույթի մարդկանց առավելապես իրար հետ ապրելու, իրար նեցուկ ու ապավեն լինելու: Գաղափար ծնելու և այդ գաղափարին ազնվորեն ծառայելու վսեմ նպատակին:
-Եվ նման սրահ ստեղծողը պետք է մեծ գաղափարներով ոգեշնչված, մեծ գաղափարներ ունեցող անձնավորություն լինի:
-Դե, հենց այն, ինչը ես ասում եմ: Այս Վերնատունը եզակի երևույթ է, թերևս, հայ իրականության մեջ, սա արդեն խոսում է նրա` ազնիվ ու վսեմ գաղափարներով ապրող մարդու մասին: Մեծ հայի մասին, հայրենիքի և իր հարազատ ժողովրդի ճակատագրով ապրող մարդու մասին: Այդ ճակատագրով մտահոգ հայի` հայրենասեր մարդու մասին:
-Այսօր արվեստի սրահներ բացվում են, բայց այս սրահը, ըստ Ձեզ, ի՞նչ յուրահատկություն ունի, ինչո՞վ է առանձնանում: Տեսակո՞վ, ոճո՞վ, բոլորին` երիտասարդ թե տարեց, ընդգրկելո՞վ, թե՞…
-Դեռևս տարբեր սրահներ հետապնդում են հարուստ հավաքածու ունենալու նպատակ, այս խնդիրն ավելի գործնական բնույթ ունի: Բայց խորապես համոզված եմ, որ ոգու ներկայությունն այստեղ համեմատելի չէ և ոչ մի սրահի հետ, այստեղ  կա մի բան, որն  աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա հայի համար: Դա միաբանության վսեմ խորհուրդն է, որը թևածում է, որն ամեն օր մոմի նման լույս է տալիս այս սրահի մեջ և ներշնչում բոլոր այցելուներին:
-…Եվ այդ միաբանությունն է մեր ազգի  հարատևության խորհուրդը:
-Միանշանակ: Մի խոսքով, ստեղծելով այս պատկերասրահը, Կառլեն Կարապետյանը որդու` Արթուրի նախաձեռնությամբ նորից մի շյուղ է ավելացնում իր վսեմ գաղափարին` նպաստել մեր մշակույթի գործիչների միաբանությանը:
-Հազվագյուտ են նման մարդիկ մեր օրերում: Արվեստի մշակույթի մարդուն…
-Հազվագյուտ են: Իմ ճանաչած շրջանակներում, թե հայրենիք և թե սփյուռք, հազվագյուտ, այո,  թերևս` շատ քիչ հանդիպող: Չեմ ուզում ասել` եզակի, որովհետև հավատում եմ, որ մեր ժողովորդն իր տեսակով, իր որակով, իր արյան ազնվությամբ նման զավակներ շատ ունի, ովքեր տարբեր դրսևորումներով են հանդես գալիս` ծառայությամբ ազգին և հայրենիքին, բայց այս տեսակը ես երբևէ չեմ հանդիպել: 
-Եվ այսօր մեր արվեստի մարդիկ այդ խրախուսանքի, վերաբերմունքի կարիքը շատ ունեն:
-Իհարկե: Հատկապես, երբ մեր հայրենիքը դեռ լիարժեք ոտքի կանգնած չէ, մենք դեռ ունենք բազում, բազում խնդիրներ: Այո, նման մարդիկ իրենց  ձեռքմեկնումով աջակցում են ոգեպես, բարոյապես նեցուկ են դառնում այսօրվա արվեստագետին: 
-Կարծում եմ, հույս ունեք, որ գնալով ավելի ընդլայնվելու են այս սրահի և՛ անունը, և՛ ճանաչումը, և՛ ծրագրերն ու նպատակները:
-Ոչ թե հույս ունեմ, այլ խորապես հավատացած եմ: Հավատացած եմ, որովհետև … Դա նորից գալիս է նախաձեռնողների աննկուն ոգուց: Եթե նա մի գաղափար սերմանում է, ծրագրում է, ուրեմն այդ գաղափարը դառնալու է շյուղ, դառնալու է ծառ, դառնալու է պտուղ, որի վայելքն ունենալու ենք բոլորս: Եվ այդ գաղափարի իրականացնողը որդին է, սրահի հիմնադիր Արթուր Կարապետյանը… Ուժեղ կամքի, հզոր կամքի և վսեմ գաղափարների կրող է նրա հայրը: Ի վերջո, խոսելով այս պատկերասրահի մասին, ես արվեստից ավելի կարևորում եմ երևույթը: Սա սովորական պատկերասրահ չէ, գեղանկարիչների ստեղծագործությունների սովորական հավաքածու չէ այստեղ: Այստեղ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ ամենակարևոր արժեքներից մեկի` միաբանության ոգին է թևածում: Թերևս, Կառլեն Կարապետյանը դա որդու` Արթուրի հետ կարողանում է անել` սկսելով արվեստագետներից: Որ արվեստագետները մերձ լինեն իրար, միաբան լինեն, ուժեղ լինեն, և դա դառնա  լավագույն օրինակ մեր ժողովրդի մնացյալ բոլոր շերտերի համար…
SHARE