Հոգևորն ու ազգային մշակույթն անսպառ ուժ են

0
14
Ինչին ապավինել ենք, գոյատևել դարեր շարունակ և պիտի շարունակենք ապավինել ու գոյատևել…

  Ցավալի է, անշուշտ, խոստովանել, որ Նարեկացի, Կոմիտաս, Այվազովսկի, Սարոյան, Խաչատրյան և այլ համաշխարհային մեծություններ ունեցող ազգն այսօր տեղի է տալիս մշակութային զանազան անճաշակություններին, որ մենք, դժբախտաբար, հեռանում ենք իսկական արվեստի բուն ակունքներից: Տեսակետ կա, թե այս աշխարհի հզորների` գերտերությունների, քաղաքական առաջնահերթություններից է փոքրաթիվ ազգերի մշակույթների կլանումը, ինչի դեպքում նրանք զրկվում են մշակութային ինքնավարությունից և, ընդհանրապես, ազգային նկարագրից ու դիմագծից: Դա, թերևս, ստրկացման ամենակարճ ճանապարհն է` ստրուկը հայրենիք չի կարող պաշտպանել…
  Գերտերություններին, այո, ձեռնտու չեն ուժեղ պետություններ, քանզի գլխացավանք է ազգային ինքնություն, մշակույթ, հետո` տարբեր ազգություններ, ժողովուրդներ. այս ամենը հոգնեցնում է աշխարհիս զորեղներին: Նրանք ուզում են շուկա կամ հումքային բազա ունենալ, այսինքն` երկրորդական պետություններ, որոնք պետք է իրենցից կախման մեջ լինեն, ինչին հասնելու ամենակարճ ճանապարհն ազգային ինքնությունից, արմատներից կտրելն է: Եթե մեզանում <<տրոյական ձի>> չներդնեն, այն է` ներսից մեզ չթուլացնեն, մեր կենաց ծառը չսղոցեն, ապա մեզ հաղթել չեն կարող: Ցավալիորեն Հայաստանում սղոցի մի ծայրը բռնողներ են լինում, մյուս ծայրն էլ, բնականաբար, դրսից են բռնում` այդպիսով մարդկանց փոքրուց կրթում են իբրև անդեմ զանգված: Սա մեզ պարտադրում է դեռ օրորոցից սկսել ապագա սերնդի դաստիարակությունը, ինչը և պետք է դառնա մեր կրթական համակարգի հիմքը: 

  Այսօր մեզ ոչ թե մշակույթ տարածելով են հաղթում, այլ հակամշակույթ ներարկելով: Ունենալով փառահեղ ժառանգություն, ոսկեդարյան հանճարներ,  մենք աններելիորեն շատ քիչ ենք օգտվում այդ կենարար աղբյուրից: Կասկածից դուրս է մեր մշակույթի բարերար ազդեցությունը օտար ազգերի մշակույթների վրա: Մտաբերենք Նիկողայոս Մառի խոսքը, թե կա՞, արդյոք, մի ազգ` մոտիկ կամ հեռու, որ կրած չլինի հայոց մշակույթի` ճարտարապետության, մանրանկարչության, երաժշտության և այլն, բարերար ազդեցությունը: Ընդ որում, օտարներից միայն Մառը չէ, որ դա նշել է…
  Միաժամանակ, պիտի ընդունել նաև, որ վերջին շրջանում մեզանում  բավականին հաճախակիացել  են բազմազան ու բազմաբնույթ մշակութային փառատոները, և կարծես ամեն ինչ այս ոլորտում գոհացնող պիտի համարել: Սակայն իրականում դրանք իրենց առաքելությանը չեն ծառայում: Արվեստի բուն նպատակն ու գործառույթը մարդուն ազնվացնելն ու կատարելագործելն է, մինչդեռ մեր դեռահասն այսօր կլանված է <<չարվեստով>>, որի քարոզիչները ամեն ինչ վերածում են փողի, և մեր ոսկեղենիկ, խնկաբույր արվեստին այլևս տեղ չի մնում: Դասական կամ հոգևոր երաժշտությունը կա՛մ չի ազդում, կա՛մ ազդում է ոչ պատշաճ մակարդակով, որովհետև հոգևոր դաշտն արդեն աղավաղված է զանազան արհեստածին, խառնիճաղանջ  երաժշտությամբ: Սա` հնչյունամոլությունը, հոգեվաճառություն է, ինչպես, ասենք, մարմնավաճառությունը կամ թմրամոլությունը:  
  Ինչպե՞ս վերագտնել կորցրած արժեքները, ո՞րն է ելքը… Նախ, անհրաժեշտ է հնարավորինս ձերբազատվել արտաքին ուժերի տնտեսական ու մշակութային պատանդ լինելու պարտադրանքից, իրավական ու ժողովրդավարական պետություն դառնալ: Կա՛մ պիտի Հայաստանը կորցնենք, կա՛մ պիտի առաքինի, բարոյական` քրիստոնեական ապրելակերպ սերմանվի: Ուրիշ ճանապարհ, թերևս, չկա…
SHARE