Հոգևոր պահանջի բավարարումով

0
21

  
  <<Կառլլևոնի>> արվեստի սրահի տնօրեն Ստեփան Պետրոսյանը նշեց, որ սրահի հիմնադիրն Արթուր Կարապետյանն է` հրաշալի, լավ ընկեր, արվեստը սիրող ու գնահատող անձնավորություն, <<ով գլխավորում է այս ամեն ինչը, մենք էլ փորձում ենք իրականացնել, ինչը ստացվում է>>: Այն հարցին, թե սրահն ինչո՞վ է տարբերվում մյուս` մեզանում բացվող նման սրահներից, պարոն Պետրոսյանը պատասխանեց. <<Շատ եմ պտտվում, նայում նման սրահները և կարող եմ միանշանակ ասել, որ մեր արվեստի սրահը տարբերվում է մյուսներից իր ընդարձակությամբ, ներկայացվող նկարների տեսականիով, քանակով: Մեզ մոտ սահմանափակում չկա: Կարող են ցուցադրվել թե՛ ճանաչված, թե՛ սկսնակ գեղանկարիչների, թե՛ անգամ ուսանողների գործեր` առանց որևէ տարբերություն դնելու: Նկարները հիմնականում ընտրվում են սրահի խորհրդատու Գևորգ Մկրտչյանի կողմից` հաշվի առնվելով նկարի արժեքը: Խոսքը հատկապես ժամանակակիցների գործերի մասին է, կլասիկան բոլորս էլ գիտենք: Այսօր նկարչին առաջնահերթ ինչ է պետք` ճանաչում ձեռք բերել, ինչում կօգնենք մենք: Սրահը, ինչ խոսք, բիզնես նպատակ ունի, բայց մեր գործի հիմքում շատ ավելի վեհ գաղափար է դրված` օգնել մարդկանց անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու, կրթական ծրագրեր  իրականացնելու, այդ կերպ, թերևս, սեր առաջացնելով գեղարվեստի հանդեպ: Ունենք բազմազան ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Եվ յուրաքանչյուր ծրագրի հիմքում մարդկային գործոնն է, ինչը գալիս է հիմնադիր Արթուր Կարապետյանից, ով շատ մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն է, հրաշալի ընկեր, պարզապես` լավ մարդ: Ինչքան մեծարես նրան, այդքան մեծարելու տեղ կա: Իսկ Արթուրը սերվել է մի ընտանիքից, որն օրինակելի է բոլորիս համար: Հորից է ժառանգել այդ մարդասիրությունն ու ընկերասիրությունը: Միայն հարուստ հոգու տեր անձնավորությունը կարող է ընկերասեր ու մարդասեր լինել, ինչը բնորոշ է Արթուրի հորը` Կառլեն Կարապետյանին: Նրա ստեղծած ընկերական մթնոլորտը, հոգևոր հարստության այդ ամեն ինչը բերեցին նրան, որ Արթուր Կարապետյանն ստեղծի արվեստի ավելի բարձր արժեք ներկայացնող մի օջախ, որտեղ հոգի ես դնում, որտեղ նաև հարստանում է հոգիդ>>:

  -Ի՞նչ զգացում ունեք` ղեկավարելով հոգևոր օջախ հանդիսացող արվեստի այս սրահը: Եվ քանի որ խոսք գնաց ընկերության մասին, ապա ի՞նչ դեր ունեն ընկերները սրահի գործունեության հարցում:

-Նախ, ուրախանում եմ, երբ ձեռք եմ բերում այն, ինչը չեմ իմացել, քանի որ նման կրթություն չեմ անցել` մի փոքր արվեստից, մի փոքր էքսպոզիցիայից և այլն: Ինչու չէ, նաև բարձր ճաշակ է ձևավորվում: Աշխատանքը, ծանրաբեռնվածության հետ մեկտեղ, հաճելի է: Մեր արվեստագետ ընկերների  խնդրանքով ցուցադրում ենք իրենց հրաշալի գործերը: Դրանով միանշանակ օգնում ենք ընկերներին, ինչն, իրոք, շատ լավ է ու հաճելի: Ամենակարևորը` ապագա ես տեսնում այս ամենի մեջ, հեռանկարը խոստումնալից է: Ոչ միայն ընկերներին ենք օգնում, այլև ընկերներն են իրենց հերթին մեզ օգնում: Այդ ընկերներից է Աշոտ Մինասյանը` բարձրակարգ, բարձր արժեքային համակարգ կրող անձնավորություն: Ունի նկարների բավականին մեծ հավաքածու, օգնում է մեզ իր խորհուրդներով, սրտացավորեն վերաբերվում մեր խնդիրներին: Ընկերները շատ մեծ դերակատարում ունեն թե՛ սրահի բացման, թե՛ աշխատանքների ճիշտ կազմակերպման և թե՛ արդյունավետ գործելու առումով:Հիմնադիրներն ընկերական մեծ շրջապատ ունեն նաև արտասահմանում, ինչը նշանակում է, որ դրսում ցուցադրվելու և այլ  խնդիրներ չենք ունենա: Մասնավորապես, ՌԴ հայ համայնքների ղեկավարներն են խոստացել օգնել մեզ շատ հարցերում: Հատկապես ուզում եմ մատնանշել Միխայիլ Վիկտորովիչին, ով օգնում է շատ ու շատ նկարիչների: Այո, անպայման միջազգային ցուցադրությունների ենք մասնակցելու:
-Խոսենք այցելուների մասին` ովքե՞ր են հիմնականում այցելում: Ինչպես նաև` ի՞նչ գործեր եք ցուցադրում:
-Մենք այսօր պրպտումների մեջ ենք: Փորձում ենք վերջնականապես կողմնորոշվել ցուցադրությունների հարցում, հստակեցնել ուղղությունները: Ունենք և՛ կլասիկա, և՛ ժամանակակից արվեստագետների գործեր, քանդակներ, անգամ ճանաչում չունեցող գործեր և այլն: Տեղաբնակներից զատ, արտասահմանցիներն են ավելի հաճախակի գալիս, իրենց առաջարկություններն անում: Հաշվի ենք առնում մեր հաճախորդների կարծիքները, ցանկությունները: Ցանկացած այցելու, առհասարակ, սրահում առանձնահատուկ ուշադրության է արժանանում, անհրաժեշտ խորհրդատվության, ջերմ վերաբերմունքի: Հոգևոր պահանջի բավարարումով ենք ավելի շատ մոտենում մարդուն, նրան արվեստով հարստացնելու մղումով առաջնորդվում:  
SHARE