Հողը հոգնել է մարդկանցից…

0
26
Նախաձեռնում
   Արմավիրի մարզի Ագարակի համայնքապետ Վահան Խաչատրյանը, մտահոգվելով գյուղացու անմխիթար վիճակով, նշեց, որ գյուղացին հիասթափվել է հողից, բնակլիմայական աննպաստ պայմաններից: Բերքի իրացման խնդիր ունի, այդքան չարչարվում, մշակում է, բայց չի կարողանում իրացնել, եկամուտ ստանալ: 
 -Երբ հողերը սեփականաշնորհվեցին,- նշեց պարոն Խաչատրյանը,- մեր տարածքում անմշակ հողատարածք չկար: Բայց այսօր արդեն մարդիկ արդարացիորեն դժգոհում են, որ հողը մշակելով, չարչարվելով` եկամուտ չեն ստանում: Մե՛կ կարկուտն է ծեծում, մե՛կ հիվանդություններն են գլուխ բարձրացնում, մե՛կ բերքն է մնում և այդպես շարունակ: Գյուղացին ինչի այսօր ձեռք է զարկում, վնասով է դուրս գալիս: Հանկարծ այնպիսի հիվանդություն է ի հայտ գալիս, երբ բերքը թփի հետ չորանում է, և հնարավոր չէ դրա դեմ պայքարել: Ով էր տեսել, որ լոլիկը որդնի. այս դեպքում պիտի ընդունել, որ հողն է վարակված, ինչի դեմն առնելն այնքան էլ հեշտ ու հանգիստ չէ: Համենայնդեպս, առայժմ մեր ուժերից վեր է: Գյուղացին անընդհատ վարկ է վերցնում, դրանով մշակում հողը, բայց` անարդյունք: Մնում է այդ վարկերի տակ կքած: Փորձում է հաջորդ տարի մեկ այլ մշակաբույս աճեցնել, սակայն էլի նույն կոտրած տաշտակի առաջ է հայտնվում: Հիասթափվում է, սկսում երես թեքել հողից, աշխատանքից… Հարկ է, որ պետական մոտեցումն առավել մեծ լինի, գյուղացին միայնակ չի կարող դուրս գալ այս անմխիթար վիճակից:
   Խոսելով համայնքների խոշորացման նախատեսված ծրագրի մասին,  նա հետևյալ մտահոգությունն արտահայտեց.

  -Խորհրդային տարիներին աշխատել եմ կոլտնտեսությունում, որը, իր առանձին մասնաճյուղերն ունենալով, միացյալ գյուղխորհուրդ ուներ: Թե այսօր ինչպես են պատկերացնում գյուղերի միավորումը, խոշորացումը, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ նախատեսվող համակարգը: Կարող է ամենասովորական, ասենք, տեղեկանք  վերցնելու դեպքում գյուղացին անհարկի դժվարութունների առաջ հայտնվի, էլ չեմ ասում` մնացած դեպքերում ինչ կարող է լինել: Գյուղացու վիճակը, ըստ իս, ավելի կվատանա: Այսօր բոլորի տները, հողերը գրավի տակ են, եթե չկարողանան վճարել, կգան եղած-չեղածը ձեռքներից կառնեն: Նման դեպքեր` որքան ասես… Ուշացնելիս որքա՜ն տոկոսներ են գալիս, ինչպիսի խնդիրների առաջ կանգնեցնում մարդկանց: Ահա, այսպիսի բարդ իրավիճակ, և այս պայմաններում խոշորացումն են առաջ բերում: Ի՞նչ է սպասվելու գյուղացուն` միայն Աստված գիտի…
    Վահան Խաչատրյանը, Ագարակ համայնքը ղեկավարելով 1991 թվականից, այդ տարիներին բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել: Թե՛ համայնքի, թե՛ սոցներդրումների հիմնադրամի, թե՛ պետության և թե՛ այլ ծրագրերի միջոցներով: Առաջին տիպային ամբուլատորիաներից մեկն այստեղ է կառուցվել: Ջրագիծ է անցկացվել, որն ընդգրկում է ամբողջ գյուղը և որի շնորհիվ ոռոգման վիճակը, թեև` ոչ ամբողջովին, բայց բավականին բարելավվել է: <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրով կառուցվել են ջրագծեր, վերանորոգումներ են կատարվել ոռոգման ցանցում: Խմելու ջրի ջրագծեր են փոխվել: Գյուղը գազաֆիկացվել է գրեթե 70 տոկոսով: Ներկայումս չգազաֆիկացված փողոցների խնդրով են զբաղված: Անընդհատ տնտեսումներ են անում, որպեսզի ծրագրերի իրագործման դեպքերում կարողանան ապահովել պահանջվող 10-15 տոկոս ներդրումը: Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով նոր մարզադահլիճ են կառուցել: Համաշխարհային բանկի ծրագրով, ամենաբարձր որակով,  ասֆալտապատել են կենտրոնական փողոցը: Դպրոցին են մշտապես աջակցում, սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական երեխաներին օգնում: Աջակցություն է ցուցաբերվում նաև ուսանողներին: Գյուղի դեմքը էապես փոխվել է նաև բարերարի շնորհիվ:
    -Մեր համագյուղացի Հրաչյա Պողոսյանը,- նշեց պարոն Խաչատրյանը,- ով Սանկտ Պետերբուրգում է բնակվում, իր միջոցներով և, բնականաբար, մեր աջակցությամբ կառուցել է զոհվածների հուշարձան-կոթող: Բացի այդ, կառուցել է նաև Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, մանկական խաղահրապարակ, <<Արարատ-73>> ֆուտբոլի թիմին նվիրված հուշարձան: Թիմի հաղթանակի 40-ամյակի առթիվ մեծ միջոցառում կազմակերպեց, մեծարեց վետերաններին: Հրաչյա Պողոսյանը շատ բարի, լավ մարդ է, հայրենի գյուղին նվիրված անձնավորություն: Գյուղի զարգացման նպատակով շատ մեծ ներդրումներ է անում: Աջակցում է նաև դպրոցին, նրա տարածքն է պարսպապատել: Նա արժանի է մեծ գովասանքի: Նրա պես անհատներ, ցավոք, քիչ կան: Անհատներ, որ մեր ազգի դեմքն են ներկայացնում: Հրաչյա Պողոսյանը, արտերկրում հասնելով հաջողության, հայրենիքը, ծննդավայրը չի մոռանում: 
  Սանկտ Պետերբուրգում Պյոտր Առաջինին նվիրված հուշակոթող է կառուցել` հաշվի առնելով նրա ջերմ վերաբերմունքը, տրամադրվածությունը հայերի նկատմամբ: Գիրք է հրատարակում Լենինգրադի բլոկադայի ժամանակ զոհված հայերի մասին, ինչն, առհասարակ, խոշորամասշտաբ գործ է: Անընդհատ պրպտումների մեջ է, որ հնարավորն անի իր ազգի համար: Նրա ձեռքմեկնումն անշահախնդիր է, սրտից ու հոգուց բխած: Անում է` առանց որևէ ակնկալիքի: Հրաշալի, մեծ ընկեր է, ում արածն ու դրածն արժանի են համընդհանուր հարգանքի: Նրա անձը հրաշալի օրինակ է: Բարի գործ անելը, հայրենի երկրին աջակցելն այսօր անհրաժեշտություն են: Գյուղում Հրաչյային բոլորն էլ հարգում ու սիրում են: Նա իր հայրենի երկրի, հող ու ջրի արժանավոր զավակն է… Առանց ընկերոջ կյանքը դատարկ է: Առանց ընկերոջ ես կյանքը չեմ կարող պատկերացնել: Իմ գիտակցական ողջ կյանքում նվիրված եմ եղել ընկերությանը, ընկերներիս: Ընկերներ ունեմ ամենատարբեր ոլորտներում: Ընկերներս մաքուր ու ազնիվ են: Ինձ ընկեր են իմ բնակիչները, ում բարեկեցության խնդիրն ամենաշատն է հուզում այսօր ինձ:
  Արված աշխատանքների կողքին Ագարակում կան նաև լուծում պահանջող խնդիրներ` նոր թաղամասի գազաֆիկացում, ջրագծերի վերանորոգում և այլն: Ամենակարևորը` գյուղացուն աջակցել հողի մշակության, ոռոգման ջրի լիարժեք ապահովման, բերքի իրացման և մյուս կարևոր խնդիրներում: Համայնքի ղեկավարի կողմից արվում է անգամ անհնարինը, որպեսզի տվյալ խնդիրները բարեհաջող լուծում ստանան: Պետությունն էլ շատ մեծ դերակատարում ունի այս ուղղությամբ, և համատեղ ջանքերով պետք է գյուղացու բեռը թեթևացնել…         
SHARE