Հողի աշխատավորի տոնը

0
84

 Մրգաշատում շատ բարձր մակարդակով են նշում և փառաբանում հողագործի սրբազան նվիրումն ու արարումը…

Համախմբում

 

watermarked_Armavir Mrgashat Majari ton

-Այս միջոցառման` մաճառի տոնի հիմնադիրը համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանն է,- ասաց Մրգաշատի գյուղապետարանի մշակույթի բաժնի պետ Անահիտ Հարությունյանը:- Ընտրվելով գյուղապետ, նա հենց առաջին տարվանից նախաձեռնեց և արդեն 12 տարի անցկացնում է այս տոնակատարությունը: Նշվում է մեծ շուքով և, ըստ էության, վերածվում բերքի տոնի: Գյուղապետարանի աշխատակիցներով  գնում ենք խաղողը, ավանդական բոլոր եղանակները պահպանելով` ճմռում այն, պատրաստում մաճառը և տոնի օրը հյուրասիրում մասնակիցներին: Միայն դա չէ. նաև մրգերի, բանջարեղենի և ավանդական ճաշատեսակների ցուցադրություն է կազմակերպվում: Առանձին սեղաններով տոնին մեծ ոգևորությամբ մասնակցում են երկու դպրոցները, բուժամբուլատորիան, մնացած ենթակառուցվածքները: Արդյունքում` ամբողջ գյուղն է մասնակցում: Տոնը տրամադրում է բոլորին` մեծ թե փոքր, առանձնակի ոգևորության, լավատեսության, նոր լիցք ու եռանդ հաղորդում մարդկանց: Պարոն Դանիելյանի նպատակն ի սկզբանե այն էր, որ այս տոնի միջոցով մարդկանց համախմբի, արժանահիշատակ դարձնի հողի աշխատավորի տքնանքն ու արարումը, մեծապես կարևորի աշխատանքն ու բարիքի ծնունդը: Եթե համախմբված ես, ուրեմն ուժեղ ես, հզոր ես: Միջոցառմանը մասնակցում են Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, նաև շրջակա համայնքների ղեկավարներ, գործարարներ, այլ հյուրեր: Գևորգ Դանիելյանի նկատմամբ հարգանքը, ընկերական սերն ու մտերմությունն են շատերին այստեղ բերում…

   Մարզպետն իր խոսքում առանձնակի գնահատանքով անդրադառնալով տոնի խորհրդին, իր խոսքում մասնավորապես ասաց. <<Վերջապես, սա ամփոփումն է ամբողջ տարվա աշխատանքի: Գյուղացին գարնանից սկսած իր ողջ ուժն ու կարողությունը ներդնում է ու կռիվ տալիս հողի, բնության հետ, և այսօր նշվող մաճառի տոնը նաև իր հաղթանակի վկայությունն է, խոսում է այն մասին, որ որքան էլ ուզում է դժվար լինի` ինքն արարելու է, ստեղծելու է և նպաստելու է, որ մեր երկրի ապագան հնարավորինս լավ ու գեղեցիկ լինի: Մրգաշատի գյուղապետն իր հնարավորությունները ներդնում է, անհնարինն էլ հնարավոր է դարձնում իր բնակչության համար և բավականին լուրջ աշխատանքներ է կատարում: Սկսած մեծահասակների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից` նրանց հանգիստը կազմակերպելով և զանազան էքսկուրսիաներ կազմակերպելով, և վերջացրած դպրոցահասակ երեխաների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքով, նրանց համար խմբակներ ստեղծելով և այլն: Այսինքն, այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի գյուղում ապրող մարդն իրեն լավ զգա, ինչն ամենակարևորն է…>>:

  Զրուցեցինք նաև տոնի մասնակիցներից Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանի հետ: Նրանք նշեցին, որ Դանիելյանի շնորհիվ Մրգաշատում բավականին դրական առաջընթաց է գրանցվել, գյուղն սկսել է <<շնչել>>: Մաճառի տոնը, մասնավորապես, դրա վկայություններից մեկն է: Քաղաքային բնակավայրերում, թերևս, այդքան միավորումներ չլինեն, որքան Մրգաշատում են` տիկնիկային թատրոն, ուսումնական, մարզա-մշակութային բազմաթիվ խմբեր և այլն: Մեր զրուցակիցների խոսքերով, Գևորգ Դանիելյանը, լավ ղեկավար լինելով հանդերձ, տարածաշրջանում իր արժանի հեղինակությունն ունի, իր կշիռը, իր դեմքն ու դիրքը: Նրա նախաձեռնությունները ոգևորիչ և ընդօրինակելի են: Միմյանց ընկեր են ու հոգեհարազատ, իրար ձեռք մեկնող, իրար հասնող ու աջակից…

Մրգաշատցիների տրամադրությունն, ինչ խոսք, անչափ բարձր ու վարակիչ էր. <<Մեր գյուղապետը հանրապետությունում առաջինն է, որ ընտրվելով համայնքի ղեկավար, անմիջապես սկիզբ դրեց այս ավանդական նախաձեռնությանը` մաճառի տոնին: Այդ ավանդույթը շուրջ 4 հազար տարվա պատմություն ունի: Մեծապես գոհ ենք պարոն Դանիելյանի աշխատանքից, նրա նվիրումից ու հոգատարությունից: Նա հնարավոր ամեն ինչ անում է, որ իր գյուղացին կարողանա հողի հետ աշխատել, բարիք ստեղծել, եկամուտ ստանալ: Ամեն հարցում մեր կողքին է, մեզ սատար…>>:

  Պարզ է, որ օրվա գլխավոր հերոսի` Գևորգ Դանիելյանի հետ ևս պիտի զրուցեինք և ամփոփեինք կարևոր այդ իրադարձությունը: <<Ամեն անգամ այս տոնը նշելով,- ասաց պարոն Դանիելյանը,- կրկին անգամ համոզվում եմ, որ պետք էր նման ավանդույթի վերականգնումն ու զարգացումը: Ամենակարևորը` մարդիկ մեկ օր լիովին իրենց ազատ ու երջանիկ են զգում, համախմբվում են և միասին քեֆ-ուրախության մասնակից դառնում: Տոնին բազմաթիվ հյուրեր ենք ունենում: Այնպես է ստացվել, որ արդեն չենք էլ հրավիրում` մարդիկ մեծ սիրով ու պատրաստակամորեն գալիս են և մեզ հետ միասին կիսում հողի աշխատավորի այս հրաշալի տոնախմբությունը: Մեր համայնքը շատ համախմբված է, միայն տոնի օրը 600 լիտր մաճառ է խմվում, և երբևիցե տհաճ միջադեպ չի գրանցվել: Համոզված եմ, որ ինձնից հետո էլ նշվելու է տոնը, քանի որ այն համաժողովրդական է, ոգով ու բովանդակությամբ ազգային: Ինչպես մարզպետը նշեց, ես մեծ ուշադրություն եմ հատկացնում ծերերին: Տարվա մեկ օրը հատուկ նրանց եմ տրամադրում` էքսկուրսիա տանելով Սևան, Ծաղկաձոր և այլուր: Այս տարի 180 տատի և նույնքան պապի տարել եմ Սևան: Երիտասարդությունը նույնպես ուշադրության կենտրոնում է, լուծված է նրա զբաղվածության խնդիրը: Այնպես է ստացվել, որ մարդիկ այսօր իրար քիչ են հանդիպում, ահա թե ինչու նման նախաձեռնությունները լավ առիթ են` իրար հանդիպելու ու շփվելու: Առհասարակ, գյուղացու նկատմամբ վերաբերմունքը մեր աշխատանքի հիմքում է, առաջնահերթություն: Ամեն մեկը յուրովի վերաբերմունք է պահանջում: Բոլորին մեր հնարավորությունների սահմաններում և դեռ ավելի օգնում ենք ամենատարբեր խնդիրներում: Ամենակարևորը` գյուղացին մենակ չէ, մենք նրա կողքին ենք: Ես նաև իմ գյուղացու ընկերն եմ: 6440 բնակիչ ունենք, և ես բոլորի ընկերն ու բարեկամն եմ: Գյուղացին տեսնում է այն ակնառու աշխատանքը, որ կատարվել և կատարվում է: Այդուհանդերձ, ունենք նաև գլոբալ խնդիրներ, որ լուծում են պահանջում: Կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումն արդեն սկսվել է: Ունենք դպրոցների վերանորոգման խնդիր, որը ծրագրում կա և որի իրականացման հարցում մարզպետը խոստացել է օգնել>>:

   Մրգաշատում, այո, գնահատելի աշխատանք է կատարվել վերջին ժամանակաշրջանում, ձեռքբերումներն ու հաջողություններն ակնհայտ են: Բոլոր առումներով առաջընթաց է գրանցվել: Համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը, շնորհավորելով մեր թերթի 5-ամյակը, նշեց. <<Թերթի անվանումն իսկ ամեն ինչ ասում է: Վերջապես գտնվեց մի թերթ, որ ընկերոջ համար կարողանում է գրել, ներկայացնել, ցույց տալ ընկերությունը: Թող թերթի բռնած ուղին հարատև լինի…>>: