Հողի նկատմամբ սիրով

0
26

Նպատակաուղղվածություն
  Վալերիկ Գյուլամիրյանը, 2008 թվականից ղեկավարելով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքը, իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ: Վերանորոգվել է /26 մլն դրամ ներդրումով/ դեպի արոտավայրեր բարձրացող կամուրջը: 80 մլն դրամ արժողությամբ վերանորոգման աշխատանքներ են կատարվել մշակույթի տանը, որի հարկի տակ են նաև գյուղապետարանը և մարզադպրոցը: Դպրոցի պատուհաններն են փոխվել /22 մլն դրամ/, ապա ջեռուցման համակարգեր են անցկացվել թե՛ դպրոցում, թե՛ մշակույթի տանը: 2008-ից սկսած գյուղում մոտ 200 մլն դրամի /հիմնականում կառավարության կողմից հատկացված/ աշխատանքներ են կատարվել: 
  Պարոն Գյուլամիրյանի խոսքերով, ունեն գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոցում գործում են ըմբշամարտի, կարատեի, բռնցքամարտի, ֆուտբոլի խմբակներ: Գործում է նաև պարի խմբակ: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է խմելու, ոռոգման ջրով: Ընդ որոմ, 2008-ին փոխվել է խմելու ջրի ողջ ցանցը: 3280 բնակչությամբ Քաղցրաշենում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, ունեն ծիրանի, խաղողի և դեղձի հրաշալի այգիներ: Ծիրանը, կարելի է ասել, ամբողջությամբ արտահանվում է, իսկ խաղողը մեծամասամբ հանձնում են Պռոշյանի կոնյակի գործարան: Ցանկացած խնդրում` կապված մթերումների, գումարների ստացման, ոռոգման ջրի և այլնի, մեծապես զգալի է մարզպետ Էդիկ Բարսեղյանի աջակցությունը: Բնակիչները գոհ են նրանից` ցուցաբերած սրտացավության, հոգատարության համար: Մարզպետը, ընկերական անձնավորություն լինելով, մարդկային ջերմ հարաբերություններ է ստեղծել ամենուր:

  Վալերիկ Գյուլամիրյանին համայնքը ղեկավարելիս շատ են օգնում ընկերները: Ընկերական շրջապատի առկայության դեպքում ցանկացած խնդիր ավելի հեշտ է լուծվում, բարդություններ չեն լինում: Ընկերներից հատկապես շատ է օգնում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը: Մասնավորապես, նրա հովանավորությամբ 7 երեխայի ուղարկել են կարատեի մրցումների, որտեղից 3-ը վերադարձել են հաղթանակով: Օգնում է նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զանազան առիթների դեպքում, ինչպես նաև դպրոցին, մանկապարտեզին: Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, շատ մարդկային է ու ընկերական, նեղության, կարիքի մեջ գտնվողին հասնող ու աջակից: Սոցիալապես անապահովներին դրամական օգնություն է ցուցաբերում նաև գյուղապետարանը: 
  <<Իմ ընկերը ինձ նման մեկը պետք է լինի և ամենակարևորը` օժտված լինի ներողամտությամբ: Իր կյանքն իմաստալից դարձնելու համար է մարդը ձգտում ընկերության: Ընկերների շրջապատում ավելի ազատ ես, պարզ ու անմնացորդ նվիրված: Ընկերությունն աշխարհում ամենահետաքրքիր ու ամենալավ բանն է: Առանց ընկերության անիմաստ կլինի կյանքդ>>,– ասաց Վ. Գյուլամիրյանը, ով, իրոք, ընկերական մեծ շրջապատ ունի, շատ հարգված ու ընկերասեր անձնավորություն է: 
    Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանի խոսքերով, դեռ դպրոցական տարիներից է ճանաչում Գյուլամիրյանին: Շատ ընկերասեր է, մարդկային այդ մոտեցումը երևում է ոչ միայն աշխատանքային կոլեկտիվում, այլև գյուղում և նրա սահմաններից դուրս: Նրանից ընկերության առումով սովորելու շատ բան կա: Գործով, գործնականում է ապացուցում իր ընկերասիրությունն ու նվիրվածությունը: Ընկերական ամուր փոխհարաբերություններն օգնում են աշխատանքում լինել ավելի հզոր, ավելի պատասխանատու ու մարդկային արժեքներին առավել հավատարիմ. <<Մեր ձգտումն է, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, հայրենի գյուղը տեսնել շեն ու բարգավաճ, նպատակը` մարդկանց կյանքը դարձնել ուրախ ու բարեկեցիկ: Այս գիտակցական նպատակաուղղվածությամբ է առաջնորդվում և այս սկզբունքով ղեկավարում համայնքը պարոն Գյուլամիրյանը: Նրա արածն արդեն իսկ ակնհայտ է ու նշանակալի, և հավատացած ենք, որ դեռ շատ մեծ գործեր են կատարվելու: Գյուղացին ոգևորված ու գոհունակությամբ նրան կրկին վստահության քվե տվեց նախորդ տարի…>>:
   Համայնքապետի հավաստմամբ, քաղցրաշենցին աշխատասեր է ու նվիրված հայրենի եզերքին, հողի նկատմամբ մեծ սեր ունի: Ինքն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի գյուղացին առավելագույն բարիք ստանա և կարողանա արժանավայել ապրել: Աշխատող, արարող մարդը պետք է անհարկի դժվարություններից ու խոչընդոտներից հեռու լինի, ինչում մեծ դեր է վերապահված ինչպես տեղի, այնպես էլ մարզային իշխանությանը:
   Գյուղապետի համար ամենամտահոգիչն այսօր մանկապարտեզի շենքի վերանորոգման հարցն է: Մինչև նախորդ տարեվերջ /ընդ որում` 4 տարի անվճար/ այն գործել է, 90 երեխա է հաճախել: Մարզպետի տրամադրած գումարով տանիքն են վերանորոգել, համայնքի բյուջեի միջոցներով գազաֆիկացում են անցկացրել: Մնում է, որ կառավարությունը գումար հատկացնի հիմնանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման համար: Շուրջ 180 երեխա է այսօր սպասում այդ բաղձալի օրվան: Մանկապարտեզի խնդրի լուծումից հետո ձեռնամուխ կլինեն դպրոցի ճանապարհի ասֆալտապատմանը, ինչը կրկին մտահոգում է գյուղապետին: 2011 թվականից գյուղում եկեղեցի են կառուցում: Աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք այս տարի ավարտին կհասցնեն, և կմնան բարեկարգման աշխատանքները:  
SHARE