Հույս ու հավատ

0
19

Ի սրտե

Անժելա Ավետիսյանն Աշոտ Ավետիսյանի կրտսեր քույրն է: Հաճելի էր նրա հետ հանդիպելը, զրուցելը, հաճելի էր նրա խոսքին ունկնդիր լինելը.

-Եղբորս ի վերուստ է տրված աշխատող, արարող, պրպտող, խելացի ու ձգտող լինելու շնորհը: Վեց երեխա, կարելի է ասել, որբ ենք մեծացել` վաղ զրկվելով հորից: Մնացել ենք 14-ամյա Աշոտի հույսին, ընտանիքի հոգսը ծանրացել է նաև նրա ուսերին: Բայց դա երբևէ չխանգարեց, որ հրաժարվի սովորելու, ուսում ստանալու մտքից: Անցավ բազում զրկանքների միջով և, փառք Աստծո, իր նպատակին հասավ: Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում: Ընդ որում` գերազանց առաջադիմությամբ: Այդքան ծանրաբեռնված լինելով, աչքաթող չէր անում ո՛չ մեզ, ո՛չ ընկերներին: Մեզ, մեր ընտանիքը կառավարելով, հասնում էր նաև ընկերներին:

Աշոտն ինչի հասել է, հասել է ինքնուրույն, իր ուժերով` սեփական խելքի, ջանասիրության, աշխատանքի ու ազնիվ տքնանքի շնորհիվ: Այդ ամենով հանդերձ, չափազանց բարի ու գթասիրտ է, իրեն նեղություն տալով` սատար կկանգնի կարիքավորին, խեղճին ու անօգնականին, ցանկացած մեկի, ով նրան որևէ խնդրանքով կդիմի: Որքան մարդասեր է, այնքան էլ, անգամ ավելի, սիրառատ իր երկրի, ժողովրդի, պետության հանդեպ: Որքան իրենն է, իր ընտանիքինն ու հարազատներինը, այնքան էլ իր հայրենիքինը, իր ժողովրդինը…

Հպարտ եմ իմ եղբայր Աշոտով, հպարտ ու ուրախ նրա համբավի, պատվի ու հեղինակության համար: Կոչ եմ անում համագյուղացիներիս, բոլոր սևանցիներին` ճիշտ ընտրություն կատարել, ձայն, քվե տալ մարդու, ով նման կենսագրություն է կերտել, ով կյանքի բոլոր աստիճաններով անցնելով, ակնառու հաջողությունների ու բարձունքների է հասել և ըստ այդմ երբևիցե չի մոռացել իր արմատները, չի անտեսել իր շրջապատի մարդկանց, ձեռք է մեկնել, հույս ու հավատ տվել, ապրեցրել…

SHARE