Հպարտ եմ ընկերներովս, երախտապարտ նրանց

0
21

Ընկեր լինելը, ընկեր ունենալը և ընկերությամբ ապրելը երկնային շնորհ է…
 

Մեր զրուցակիցն է 50-ամյա հոբելյարը` Արամայիս Մարտիրոսյանը, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

 -Դպրոցն ավարտելուց, բանակում ծառայելուց հետո 1983-ին գնացել եմ Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաք` ՆԳՆ ուսումնարանում սովորելու: Այնտեղ ներքին գործերի համակարգում աշխատելուց հետո, 1989 թ., գործուղվել եմ Լենինգրադ /այժմ` Սանկտ-Պետերբուրգ/` տեղի ՆԳՆ բարձրագույն ակադեմիայում ուսանելու համար: Այն ավարտելուց հետո մնացել եմ: Աշխատել եմ գաղութների վարչությունում, ծառայել եմ տասը տարուց ավելի: Բացել եմ իմ իրավաբանական գրասենյակը: 2006-ին արդարադատության գեներալ-մայորի կոչում եմ ստացել, ներկայումս թոշակի եմ: 
  Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ` Հայաստանում, չեմ կտրել կապերս ընկերներիս հետ: Բոլոր քաղաքներն էլ իրենց տեղն ունեն, բայց Երևանը հարազատ է, ընկերներիս մեծամասնությունն այստեղ է, և հաճելի է, որ ես էլ եմ Երևանում լինում: Մեզ համար մեծ ուրախություն է, երբ բոլորս միասին հավաքվում ենք: Ես բռնցքամարտիկ եմ, բոլորն իմ ընկերներն են, և երբ մարզիկներով հավաքվում ենք, զրույցի թեման պարզ է, հիշում ենք մեր երիտասարդությունը, անցած ճանապարհը, մրցումները, հաղթանակները: Մի խոսքով, հաճելի պահեր ենք ապրում: Ես միշտ առիթներ եմ փնտրում ընկերներիս համախմբելու, իրար կապելու, իրար գլխի հավաքելու համար: Նախապես  որոշել էի, որ 50-ամյակս Երևանում եմ նշելու, որովհետև ընկերներս ավելի շատ այստեղ են, նրանք, ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն իմ մանկությունը: Իմ ցանկությունը բոլորին տեսնելն էր: Մասնակիցները նաև մարզիչներս են, հանրապետության սպորտի, մարզական կառույցների ղեկավար ընկերները, շատ ու շատ պատվավոր մարդիկ նաև այլ ոլորտներից: Լեգենդար բռնցքամարտիկներից` Հրաչիկ Աբգարյանը, Սուրեն Ղազարյանը, Դերենիկ Ոսկանյանը, Դերենիկ Գաբրիելյանը, Սամսոն Խաչատրյանը, Մանվել Մուրադյանը, Մանվել Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Ատոմ Պողոսյանը, Էդիկ Մկրտչյանը: Ես հպարտ եմ նրանցով: Ես 17 տարեկան էի, իսկ իրենք արդեն լեգենդներ էին: Իրենց կողքին պարապում էի և հպարտանում էի իրենցով: Ես նրանց փոքր ընկերն եմ: Նրանց հետ ձևավորված ընկերության մեջ մաքրություն կա: Միմյանց զարմացնելու ոչինչ չունեն: Զարմանքը միայն մեկս մյուսի նկատմամբ լավ վերաբերմունքն է: Իրար հետ կիսելու բան չունենք: Միայն հպարտանում ենք միմյանցով: Միշտ ասում եմ` պիտի ուրախանանք մեկս մյուսի հաջողություններով, եթե հնարավորություն ունենք օգնելու` իրար կողքի լինենք: Շատ ընկերներ դրսից են եկել, ՌԴ-ից, Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Մխիթար Արոյանը, Մանվել Բունիաթյանը, Սահակ Սիմոնյանը, Ռոբերտ Շախպարյանը, Օլեգ Բորտնովսկին և այլք: Ամերիկայից, այլ երկրներից շատ ու շատ անակնկալ շնորհավորական ուղերձներ եմ ստացել նրանց կողմից, ովքեր չկարողացան գալ: Շատ առանձնահատուկ ծննդյան տարեդարձ էր, բոլորը ցանկանում էին մասնակցել… 

   Ես ընկերներիս եմ անակնկալ արել, նրանք` ինձ: Մասնավորապես, <<Դինամո>> մարզակումբն ինձ հոբելյանիս առթիվ մեդալ հանձնեց և պատվավոր անդամի կոչում շնորհեց: Դա շատ ոգևորիչ էր ոչ միայն ինձ, այլև որդուս` Կորյունի համար: Նրան գրեթե բոլոր մարզական միջոցառումներին տանում եմ, ծանոթացնում ընկերներիս հետ: Ուզում եմ, որ կողքիս լինի, ոգևորվի: Նա էլ մարզիկ է` արդեն 7-8 տարի ֆուտբոլ է խաղում: Ընկերներիս միջավայրում որդիս հորն ավելի լավ կճանաչի, ինչպես նաև նրա մեջ իսկական ընկերության նկատմամբ սեր կդաստիարակվի: 
   Ամեն տարի ընկերոջս` Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարն ենք անցկացնում ընկերներով, Երևանում, <<Դինամո>> մարզակումբում: Որդուս անպայման ինձ հետ բերում եմ, որպեսզի տեսնի, թե ինչպես ենք մեծարում մեր ընկերոջը: Նույնը` Վաչիկի աղջիկը. տեսնելով հոր մեծարումը, կոգեպնդվի, իզուր չի համարի հոր` պատերազմի դաշտ մեկնելը… Վաչիկն ազատամարտիկ էր, հանրաճանաչ բռնցքամարտիկ: Ինձ համար երիտասարդ տարիքում երազանք էր նրա նման բռնցքամարտիկ դառնալը: Վաչիկի նման բռնցքամարտիկին, հայրենասերին, ընկերոջը մոռանալ չի լինի: Նա բոլորիս հավաքում էր իր շուրջը, անգամ` ծանր հիվանդության ժամանակ: Եվ մահով էլ բոլորիս միավորում է` իր հիշատակին նվիրված մրցաշարը դրա ապացույցն է: Մասնակցում են թե՛ Սանկտ-Պետերբուրգի, թե՛ Երևանի բոլոր ընկերները` ամեն հարցում իրենց լուման, ներդրումը բերելով: Ընկերներից պետք է մատնանշեմ Կառլեն Լևոնիչին, ով միշտ բոլոր չեմպիոններին նվերներ է բերում: 
   Այն ամենը, ինչ արվում է, ընկերության համար է: Ընկերներով ենք անում, առանց ընկերների մարդը ո՜ւմ է պետք: Վաչիկի համար արվածը ոչ միայն ոգևորում է ընկերներին, այլև նրան ճանաչողներին, և բոլորի կողմից գնահատվում է այդ քայլը: Վաչիկին ճանաչողները գիտեին, որ մարզիկ լինելուց բացի նա լավ մարդ է, լավ ընկեր, լավ խորհրդատու: Երբ արդեն մի քանի անգամ վիրավորվել էր, ջանում էինք հեռու պահել ռազմադաշտ մեկնելու մտքից: Ասում էր. <<Ես չգնամ, բա ով գնա. վաղը թուրքը կմտնի մեր տները…>>: Նա մյուսներին ոգևորում էր, շատերը նրա ազդեցությամբ ու օրինակով զենք վերցրեցին: Ընկերների համար սուրբ  պարտականություն է Վաչիկին նվիրված հուշամրցաշար անցկացնելը: Այդ կերպ հիշում ենք նաև բոլորին: Հուշամրցաշարը նաև յուրահատուկ տոն է, ընկերությա՛ն տոն: Վաչիկն իր մահով էլ է համախմբում ընկերներին… 
   Որքան էլ փնտրես նոր ընկերների, հին ընկերոջից լավը չկա: Ընկերներ ձեռք բերելը, ընկերությունը պահել-պահպանելը շատ դժվար բան է: Ընկերդ պիտի կարգին մարդ լինի, ընկերության մեջ դավաճանության մասին խոսք լինել չի կարող: Երբ գիտես, որ թիկունքիդ ընկերդ է կանգնած, ոչ ոքի չի հաջողվի քեզ վնասել: Այդպիսի ընկեր է ինձ Օլեգ Բորտնովսկին, ռուս է և այսօր իմ կողքին: 25 տարվա ընկերս է: Ոստիկանության հատուկ ջոկատում է ծառայել, մասնակցել պատերազմների: Օլեգն ինձ ամենանվիրված ընկերն է: Սանկտ- Պետերբուրգում բնակելի շենքի նույն մուտքի տարբեր հարկերում ենք ապրում: Ամբողջ օրն իրար հետ ենք: Հպարտություն է նման ընկերներ ունենալը: Միայն հաց ուտելուց ընկերություն չեն անում: Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահերին պիտի ընկերոջդ կողքին լինես: Ընկերոջ, ում հետ կարող ես կիսվել, նրան սրտիդ ցանկությունը փոխանցել, խորհրդակցել: Օլեգն այն ընկերն է, ում վրա կարող ես հենվել ցանկացած խնդիր առաջանալիս: Այդպիսին է նաև Սահակը, որ մշտապես կողքիս է, շատ բան է տեսել կյանքում, ուստի լավ խորհրդատու է: 
    Ընկերությունը վստահություն է հաղորդում մարդուն: Մարդիկ կան, որ հաջողության մեջ մոռանում են իրենց ընկերներին: Շատ հարուստ, շատ բարձր պաշտոններ զբաղեցնող ընկերներ ունեմ, բայց մենք իրար հետ ենք: Միայն զբաղվածության պատճառով կարող է միմյանց ուշ հանդիպենք: Ես միշտ ընկերներիս հետ եմ, անկախ կարգավիճակից` կաջակցեմ, ինչով կարող եմ: Երբեք ընկերոջս մենակ չեմ թողնի դժվար պահին: Եղբայրս` Լիպարիտը, ընկեր է եղել ինձ համար: Բոլոր մրցումներին կմասնակցեր, բաց չէր թողնի: Բոլոր բռնցքամարտիկներին շատ էր սիրում ու հարգում, ինչը փոխադարձ էր: Միշտ կողքիս էր, բայց, ցավոք, շուտ մահացավ` 45 տարեկանում… Բռնցքամարտիկների կողքին լինելն ապրելակերպ է մեզ համար: Երբ աշխատում էի գաղութում, ջահել տղաներ կային դատապարտված, որ մարզիկ էին: Նրանց առանձնահատուկ էի վերաբերվում, մարդկայնորեն օգնում ու աջակցում էի: Սպորտով զբաղվող մարդիկ լավ ընկերներ են: Այն, ինչ կարող է ընկերությունը, չի կարող ոչ ոք: Հպարտ եմ իմ ընկերներով և շնորհակալ եմ նրանցից, որ կողքիս են: Ընկեր լինելը, ընկեր ունենալն ու ընկերությամբ ապրելն արժանիք է, երկնային շնորհ…
SHARE