Հպարտ ու երջանիկ եմ

0
17

Ժողովրդի սիրուն ու բարձր գնահատականին արժանանալու, նրան հոգեպարար երգ ու մեղեդի պարգևելու համար…

Հոբելյան

watermarked_Balyan-Vladilen

<<Մարդը պիտի երջանիկ ու հարուստ լինի` և՛ ընկերական զգացմունքներով, և՛ առողջությամբ, և՛ հույզերով: Եվ ի կատարումն այդ ամենի, ցանկանում եմ, որ 2015 թվականը լինի նշանակալից: Իսկ նախորդ` 2014ը, ինձ համար արժանահիշատակ էր, քանզի լրացավ 90 տարիս: Հոբելյանս սկսվեց հանրային ռադիոյի կազմակերպած մեծ համերգով: <<Երգ երգոց>> հաղորդաշարով պատշաճ ներկայացվեց իմ երգարվեստը: Ալ. Սպենդիարյանի տունթանգարանի ղեկավար Մարինե Օթարյանի նախաձեռնությամբ այնտեղ միջոցառում կազմակերպվեց: Ապա <<Շիրակ>> ընկերությունում հոբելյանական միջոցառում անցկացվեց: Ի դեպ, ես Գյումրիի պատվավոր քաղաքացի եմ: Այդպես էլի միջոցառումներ եղան, և տարին ավարտվեց ինձ համար էլի շատ թանկ մի իրադարձությամբ: ՀՀում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակքարոնն իր նստավայրում պաշտոնական ընդունելություն կազմակերպեց ի պատիվ իմ 90ամյա հոբելյանի, որին շատ պատվավոր հյուրեր կային: Նշեմ, որ ես ՀայաստանԼիբանան ընկերության նախագահն եմ: Պաշտոնական եմ ասում, բայց այդ միջոցառումն ավելի շատ ընկերական, բարեկամական էր, միջավայրը` հարազատ, մթնոլորտը` ջերմ ու մտերմիկ, այնքան, որ ես շատ հուզվեցի նման վերաբերմունքից: Առավել հուզվեցի, երբ դեսպանն ինձ պատվոգիր շնորհեց` հայլիբանանյան բարեկամության ամրապնդման, մշակութային կապերի խորացման գործում ունեցածս ավանդի համար: <<Ընկեր>>ի միջոցով շնորհակալության իմ խոսքն եմ հղում բոլոր նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ և ջանացին հիշարժան դարձնել ինձ համար այդ իրադարձությունը…>>: Այս խոսքերը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանինն են, և մեր զրույցն էլ կարելի է անվանի արվեստագետի հոբելյանական տարվա յուրօրինակ ամփոփում համարել:
– Պարոն Բալյան, քաջածանոթ լինելով Ձեր ստեղծագործական բեղուն ու արգասավոր կյանքին, այնուամենայնիվ, պիտի հարցնեմ հետևյալի մասին: Դուք, երբ հետադարձ հայացք եք ձգում Ձեր անցած ուղուն, գոհունակություն ապրելու հետ մեկտեղ չբավարարված լինելու զգացում ապրո՞ւմ եք կամ, ասենք, անկատար մնացած երազանքներ, ցանկություններ տեսնո՞ւմ եք:
Ձեր հարցին, սիրելի Ռուզաննա, անկեղծ կպատասխանեմ: Մտածում եմ, որ կարող էի ավելին անել: Իհարկե, նվիրված եմ եղել, ողջ իմ համեստ կարողություններն աշխատել եմ լավագույնս դրսևորել, բայց երբ մտորում եմ, թե ինչ կարելի էր անել, որ չեմ արել, տխրության ու ափսոսանքի զգացում է պատում ինձ: Շատ կուզենայի ավելին անել ու թողնել մեր ժողովրդին, մեր խելացի, տաղանդավոր և ինչոր տեղ միամիտ ժողովրդին: Ստեղծագործել եմ երաժշտական տարբեր ժանրերում, բայց առավել շատ ինձ հետաքրքրել է այն տեսակը, որը կապված է խոսքի, պոետական խոսքի հետ: Ասածիս ապացույցը և՛ Չարենցի, և՛ Իսահակյանի, և՛ Շիրազի, և՛ Կապուտիկյանի, և՛ Էմինի, և՛ Սահյանի խոսքերով ստեղծված ռոմանսներն ու երգերն են: Երբ Հովհաննես Թումանյանին հարցրել են, թե, իր կարծիքով, իր ստեղծագործություններից ո՞րը կմնա, հանճարեղ լոռեցին պատասխանել է` միգուցե, <<Շունն ու կատուն>>… Ես էլ կարծում եմ, որ իմ երգերից, գուցե, նման բախտ վիճակվի <<Սերս գաղտնի թող մնա>>ին, որն անցյալ տարի նշեց իր 62րդ տարեդարձը: Շատերն այն մինչև օրս էլ ժողովրդական երգ են համարում` մոռանալով, որ խոսքերի հեղինակը Շիրազն է, իսկ երաժշտությունն իմն է: Այս երգը թև է առել, տարածվել աշխարհով մեկ` սրտից սիրտ, հոգուց հոգի, և շատ բարձր գնահատականների արժանացել, դարձել Հայաստանի երաժշտական այցեքարտը: Մնայուն երգերից է նաև, իմ կարծիքով, էլի Շիրազի խոսքերով ստեղծված <<ԳյումրիԼենինական>>ը, որը Գյումրիի պաշտոնական հիմնն է դարձել: Իմ ողջ կյանքում աշխատել եմ ազնիվ լինել, մարդկանց օգնել: Երեք սկզբունք ունեմ, որոնց հավատարիմ եմ մնացել և որոնցով առաջնորդվում եմ կյանքում: Առաջինը` արվեստագետը պետք է ամուր կանգնած լինի հարազատ հողին: Երկրորդ սկզբունքը` յուրաքանչյուր գործի ստեղծագործաբար մոտենալ: Երրորդը հետևյալն է` մեկս մյուսի այս կյանքում ենք պետք…
–  Մարդը կյանքում ինչպիսի՞ն պետք է լինի:
–  Նախ` իր խղճի առաջ ազնիվ, ապա` բարի պիտի լինի, ուրախանա դիմացինի հաջողությամբ: Մեր ժողովուրդը համախմբվելու կարիք ունի, եղբայրական ու ընկերական զգացմունքները պետք է ամրանան. մենք դրա կարիքը շատ ունենք և դրա պակասից շատ ենք տուժում: Մեր ժողովուրդն արժանի է բարեկեցիկ կյանքով ապրելու և աշխարհին պիտի մշտապես արժանիորեն ներկայանա: Զարմանահրաշ ազգ ենք` մեր կենսունակությամբ, տաղանդով ու տոկունությամբ: Ես պարտական եմ իմ ժողովրդին, քանի որ առաջին իսկ պահից ընդունել է ինձ, տեղ տվել, պահել ու պահպանել: Ամենաթանկը ժողովրդի սերն է, որը ես ունեմ և դրանով երջանիկ եմ: Կոնսերվատորիայում շատ բան կարող են սովորեցնել, հարուստ գիտելիքներ տալ, բայց հնարավոր չէ մեղեդի ստեղծել սովորեցնել: Այս մասին ինձ ասել է իմ կոմպոզիցիայի մեծ ուսուցիչ Գրիգորի Ղազարյանը` քանիցս ընդգծելով, որ ես այդ շնորհն ունեմ: Նույնը և պոեզիայում, ոչ մի համալսարանում պոետական իսկական տողեր երկնել չեն սովորեցնում. դա բնածին է, բնության պարգևը, պոռթկում է, որը դժվար է բացատրել: Ամենաբարձր գնահատականն այն է, երբ ժողովուրդն ընդունում է քեզ: Հաճախ եմ լսում իմ հասցեին ասվող հետևյալ խոսքը. <<Ձեր ստեղծագործություններով սփյուռքը հայ է մնում…>>: Այսքանից հետո ինչպես կարող եմ ինձ երջանիկ չզգալ:
Այն, որ Վլադիլեն Բալյանի երգերը ժողովրդի հոգու բալասան են և ժողովրդի նվիրական զգացմունքներից են բխում, միանշանակ ու անառարկելի ճշմարտություն են: Եթե հոգեհարազատ են երգը, մեղեդին, ապա դրանք ինքնաբերաբար փոխանցվում են ունկնդրին և դառնում նրանը: Ունկնդիրն այս դեպքում ողջ ժողովուրդն է, որ իր սրտում տեղ է տվել նաև դրանց հեղինակին` տաղանդաշատ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Նրա երգերը հայի պատկանելության, հայի ինքնության վկայագիրն ու կանչն են:
Բնավ պատահական չէ, որ երբ ծնվել է ապագա երգահանը, մայրը երազել է, որ որդին կոմպոզիտոր դառնա: Այդ երազանքն, ասես, նրա արյան մեջ էլ է եղել, ինչը շատ լավ զգացել է Վլադիլենի առաջին մեծ ուսուցիչ Կոնստանտին ՄելիքՎրթանեսյանը, ով անսխալ որոշել է երեխայի փայլուն ապագան…
Չեմ կարող հոգուս մեջ կուտակված զգացմունքներս զսպել և չասել, որ մանուկ հասակից շատ եմ տպավորվել <<Սերս գաղտնի թող մնա>> զարմանահրաշ երգով, երազել հանդիպել այն մարդուն, ով կյանք է պարգևել այս հրաշալի ստեղծագործությանը: Երգ, որ երբեք չի հնանում, երգ, որ ամեն անգամ լսելիս` նորովի ջերմանում և նորից երիտասարդանում ես, ուզում ես աշխարհն առնել ափերիդ մեջ և ազատ ճախրել տիեզերքի անեզրության մեջ: Որքան հաճելի ու երանավետ է, որ այսօր ոչ միայն ճանաչում եմ այդ մարդուն, այլև պատիվ ունեմ նրա կողքին նստելու և վայելելու մեծ արվեստագետի ընկերական ու բարեկամական սերը:

Հավատացած եմ, որ ճշմարիտ սերը, ինչպես հիշյալ երգն է, հավերժ է, հավերժ է իսկական արվեստը, որի նվիրյալ ու անդավաճան կրողներից մեկն էլ մեր սիրելի կոմպոզիտորն է, հայ ժողովրդի անանց սիրուն ու ջերմ գնահատանքին արժանացած մեծ հայն ու մեծ երգահանը: Նորարար` արվեստում, իմաստուն` սիրած գործում, հավատարիմ` համընդհանուր արժեքներին, անմնացորդ նվիրյալ` սիրո մեջ… Այս շարքն, անշուշտ, կարելի է էլի թվարկել, քանզի Վլադիլեն Բալյանին բնորոշ մարդկային որակները բազմազան ու արժանահիշատակ են:

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

SHARE