Հրամանատարը, Հայրենիքի զինվորը, իր երկրի քաղաքացին

0
47

       Հայրենի հողը պաշտպանելիս տվեցիր` ինչ կարող էիր, և փոխարենը ձեռք բերեցիր հպարտություն, ինչպես նաև հզոր երկիր…

Տարեգրություն
    <<Սիսական>> ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի /Աշոտ Մինասյան/ հետ զրույցի բռնվելը, խոստովանենք, այնքան էլ հեշտ չէր: Ավելին` ծանր ու պատասխանատու պարտականության կամ բեռի պես էր, քանզի խոսքը, կամա թե ակամա, գնալու էր ոչ միայն Արցախյան ազատամարտի, ջոկատի անցած մարտական ուղու, այլև նահատակված զինակից ընկերների և, առաջին հերթին, նրա եղբոր` Աղվան Մինասյանի մասին: Հատկապես վերջին հանգամանքը պետք է որ, անշուշտ, կրկին ծանր հոգեվիճակի մեջ դներ հրամանատարին և անմորմոք ցավը կրկին վերապրելու առիթ դառնար… 
    Մի խոսքով, շատ դժվարությամբ կարողացանք <<կորզել>> պարոն Մինասյանի համաձայնությունը` անհրաժեշտ համարելով նման հարցազրույցի կարևորությունն ու հրատապությունը: Անժխտելի է այն իրողությունը, որ նորօրյա Հայաստանը կերտողների առաջին շարքերում այն մարդիկ են, ովքեր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում են եղել, ովքեր հայրենի հողի փրկության զոհասեղանին իրենց կյանքն են դրել: Նրանց մեջ է, անտարակույս, Աշոտ Երկաթը: Քանի որ բարեպատեհ առիթը ընձեռված էր, ուստի պիտի փորձեինք էլ ավելի մանրամասն տեղեկանալ <<Սիսականի>> կազմավորման ու գործունեության մասին` չթաքցնելով նաև մեր զարմանքը, թե ինչպե՞ս է, արդյոք, կարողացել զինվորական կրթություն չստացած մարդը առաջնորդել ջոկատը, հստակ ու ճիշտ կազմակերպել նրա մարտական գործողությունները, տարել բազում հաղթանակներ և խուսափել մեծաթիվ  զոհեր տալուց: 
   -Հարգարժան հրամանատար, ինչպե՞ս եղավ, որ անդամագրվեցիք ազգային- ազատագրական շարժմանը, ինչպե՞ս ստեղծեցիք ջոկատը և, ի վերջո, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նման տպավորիչ հաղթանակների հասնել ռազմի դաշտում: 
-Նախ, ես չստեղծեցի ջոկատը: Ջոկատը ձևավորվեց անձնվեր, հայրենասեր տղաների շնորհիվ: Թեև պատերազմը պարտադրված էր մեզ, բայց, այդուհանդերձ, մեր քաղաքացու  համար պարտադիր պարտականություն չէր դրան մասնակցելը: Մարդկանց ոտքի կանգնելն ավելի շուտ հոգու կանչով էր թելադրված, այո` նախնյաց ոգու անմար կանչով: Մարդկանց տեսակ կա, որ նման պահերին հավաքվում է միմյանց շուրջ: Հավաքվում են մի նպատակի շուրջ, մի դրոշի տակ և միասնություն կազմում: Միասնությունն այս դեպքում ջոկատի տեսքով արտահայտվեց: Սկզբնական փուլում ճշտվում է յուրաքանչյուրի դերի, պարտականությունների շրջանակը, իսկ հրամանատարի խնդիրը հստակեցվում է ժամանակի ընթացքում: Վերջինիս կերպարը միս ու արյուն է ստանում վճռորոշ պահերի, թերևս` ինքնաբերաբար, որոշակի հանգամանքների պարզ թելադրանքով: Ինչո՞ւ գնացի… Գնացի, որովհետև ես այդ տղաներից մեկն էի, որովհետև ինձ համար էլ, շատերի նման, թանկ էր հայրենիքի, ազգի պահպանության գաղափարը:

Ընտանեկան դաստիարակությունը ևս այստեղ կարևոր ու անգնահատելի դեր ունի: Թող մերկապարանոց չհնչի` ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ պետությունը, իմ հայրենիքը: Ես իմ շատ հայրենակիցներից մեկն եմ և պետք է պատերազմի դաշտ գնայի: Այլ կերպ չեմ պատկերացնում: Իրավունք չեմ վերապահում ինձ վատաբանելու այն անձանց, ովքեր անմասն մնացին դրան: Յուրաքանչյուր ոք լավ գիտի իր անելիքն ու դերը և եթե ճիշտ իր տեղում է, ապա այդ կերպ կարող է մասնակից դառնալ հայրենի երկրի ու պետության կայացման գործին: Ամեն մեկն իր ընտրությունն է կատարում, իմ ընտրությունը միանշանակ պարզ էր` ռազմի դաշտ: Ես իմ կոչումը տեսա հայրենիքի զինվորի դերում: Հրամանատար հետո դարձա, երբ ընկերներիս ընտրությունը կանգ առավ ինձ վրա: Սովորաբար, այդ առումով նախապատվությունն այն անձին է տրվում, ով համախմբելու շնորհ ունի, ում ասածն ընդունվում ու կատարվում է, ում անվերապահորեն վստահում են: Միգուցե, իմ բախտը դրանում բերեց, ինձ հաջողվեց միահամուռ մարտի տանել զինակիցներիս, բոլորին հասկանալ ու գնահատել, չառանձնանալ ու չտարբերվել մյուսներից: Ով գիտի…

   -Որպես հրամանատար, Ձեզ համար առաջնահերթ ինչպիսի՞ խնդիր, պարտավորություն կարևորեցիք: 
   -Առաջինը` չտարբերակել մեկին մյուսից, հավասար աչքով նայել բոլորին: Անգամ հարազատ եղբորս պարագայում աշխատել եմ դա զգացնել տալ` ոչ թե ցուցադրաբար, այլ հոգուս խորքում ու գիտակցաբար: Ես ու դու չկա, բոլորն հավասար են, բոլորը` լավն ու անգերազանցելի: Ես նման` կողմնակալ լինելու  իրավունք, պարզապես, չունեմ: Յուրաքանչյուր զինվոր թանկ ու հարազատ է, ինչպես արյունակից եղբայրդ: Կորուստ ունենալու դեպքում արդեն իմ վիճակն աներևակայելի ծանր ու աննախանձելի էր: Տասնյակ անգամներ <<զոհվել>> եմ մեր տղաներից յուրաքանչյուրի մահով, այնպես` ինչպես եղբորս զոհվելիս: Կողքինիս ցավը, ստացած հարվածն ինձ հավասարապես խոցել են:
   -Դուք արժանիորեն ճանաչվել եք նաև այն հանգամանքի շնորհիվ, որ Ձեր հրամանատարությամբ կռված ջոկատը նվազագույն կորուստներ է գրանցել պատերազմի դաշտում: 
   -Ընդհանրապես, հրամանատարի կերպարն է այդպիսին` զոհ չտալ: Բայց պատերազմն ունի իր օրենքները, ուստի զոհերն անխուսափելի են: Այդուհանդերձ, հրամանատարը լավ <<հոտառություն>> պետք է ունենա` ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում: Թեպետ մեր զենքն ու զինտեխնիկան ավելի քիչ են եղել, քան հակառակորդինը, բայց դա էական, վճռորոշ  նշանակություն չուներ, քանի որ հրամանատարը պարտավոր է նաև խնայել զենք-զինամթերքը, էլ չեմ ասում` զինվորին: Պետք է անվերապահորեն համադրել ամեն մեկին իր ճիշտ տեղում և կարողանալ մարտը ճիշտ վարել: Զենք-զինամթերքի, մարդկային ռեսուրսների առումով հակառակորդի հնարավորություններն անհամեմատ մեծ էին: Նրան էին անցել խորհրդային ամբողջ զինապահեստներ, որոնցից լիուլի օգտվում էին: Հոգեբանական առումով առավելությունը մեր կողմն էր. մենք մեր հողի վրա էինք կռվում, և դա մեզ ուժ էր տալիս` մեկը կարող էր դուրս գալ հարյուրի դեմ: Գիտեինք, թե հանուն ինչի ենք կռվում: Արցախը շրջափակման մեջ էր հայտնվել, և մեր օգնության կարիքն ուներ: Նրա ներսում դիմադրության ոգին ամուր էր, չէր կոտրվում, և մեր խնդիրը զուտ ազատագրական էր, օգնության պետք է հասնեինք մեր եղբայրներին: Պարտավոր էինք դա անել, այլ տարբերակ չկար: Սկզբնական շրջանում մեր հիմնական խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր, ինչը մեզ հաջողվում էր և ինչում էլ լավ փորձ ձեռք բերեցինք: Պատերազմի բովում ձևավորվեց ու ամրացավ մեր ջոկատը: Աստիճանաբար պետական բանակի կազմավորման հիմքերը դրվեցին /1992 թ./: Մեր ազգի, մեր ժողովրդի փրկությունը դրանում էր` համախմբվել և ենթարկվել կարգ ու կանոնի: Ժողովրդի իմաստնությունը հաղթեց, անցնցում իշխանափոխություն կատարվեց մեզանում, ինչը հնարավորություն տվեց խուսափելու  քաղաքացիական պատերազմից և շատ այլ վտանգներից: Մեր ազգի, ժողովրդի իրական ոգին արթնացավ և առաջնորդեց մեզ դեպի հաղթանակ: Գնացինք այն ճանապարհով, որն իրենց ոգով ու դաստիարակությամբ մեզ համար նախանշել էին մեր մեծերը: Կարողացանք այդ բարդ ու ճակատագրական ժամանակներում անսխալ որոշումներ կայացնել և ապահովել Արցախ աշխարհի ազատագրումը: Ցավ եմ ապրում, որ չկարողացանք մաքրել նաև Շահումյանն ու Նախիջևանը… Փառք այն հրամանատարներին, ովքեր մեզ ուղղորդեցին դեպի փառահեղ հաղթանակներ: Ափսոսում եմ, որ հարմար պահը բաց թողեցինք և ավելի առաջ չգնացինք, առավել չամրապնդեցինք մեր հաղթանակները: Հուսով եմ, որ կգա նաև այն օրը, երբ մեր այդ երազանքն իրականություն կդառնա` Քուռն Արաքսին միացնել և նաև Շահումյանով դուրս գալ…
   -Իսկ ի՞նչը խանգարեց դրան: 
   -Չեմ կարող ասել: Պատերազմում կռվող զինվորն իրավունք չունի քաղաքականությանը խառնվել: Հրամանատարն ու զինվորը պետք է ենթարկվեն հրամանների և կատարեն դրանք: Քաղաքական գործիչների որոշելիքն է` ինչպես գծել քարտեզները… Մեր հաղթանակն ամբողջական չէ, կիսատ է: Չէի ուզենա, որ մեր սերունդների վրա ինչ-որ բան մնար, ծանրանար:  Մենք արդեն փորձն ունենք, անցել ենք դժվար փորձությունների ճանապարհով, այնպես որ ճիշտը, իմ համոզմամբ, մեր ձեռքով իսկ սկսածը ավարտին հասցնելն է: Եթե պահը գա, ապա մենք բոլորս` նորից զինվոր դարձած, կվերադառնանք: Պատերազմ, Աստված մի արասցե, չենք ուզում, բայց անհրաժեշտության դեպքում նորից ոտքի կկանգնենք և նորից կհաղթենք…
     -Ինչպե՞ս կամ ինչո՞վ էիք ոգեշնչում ջոկատի մարտիկներին կռվի ելնելուց առաջ:
  -Ամենակարևորը` զինվորին ոգեկոչելն է, հայրենիքի սիրով ոգեշնչելը: Զինվորը պետք է զգա հրամանատարի դերը պատերազմի դաշտում, զգա նաև կողքինի էությունը: Զինվորը զինվորին պիտի զգա, զգա, որ կողքին մարդ կա` պաշտպան ու ընկեր: Հրամանատարին` առավել ևս: Հրամանատարը պիտի կարողանա զորքն առաջնորդել: Հրամանատարի կերպարը մարտադաշտում պիտի պարզ ու հստակ երևա` ոչ թե վախի, այլ նվիրումի ազդեցությամբ, ներգործումով: Կարևորը ոգին է, որ գալիս է մարդու տեսակից: Ասենք, փոքրամարմին մարդու մեջ կարող է այնքա՜ն մեծ ու հզոր ոգի լինել… Պատերազմի դաշտում, ի դեպ, ընտրյալներ չեն լինում: Կարող են լինել ինչպես պատահական, այնպես էլ հերոսական մահեր: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Պատահում է, որ կռվողներից ոմանք ասում են, թե մարտադաշտում չեն վախեցել, ինչին ես այնքան էլ չեմ հավատում: Նախ, եթե դու հրամանատար ես, ապա պարտավոր ես քո զորքի համար վախենալ, ընկերոջդ համար վախենալ: Վախն այնպիսի զգացողություն է, որ ամեն մարդու մեջ էլ կա: Ինչպես կարող ես չվախենալ, երբ դիմացդ մահն է: Դու պարտավո՛ր ես վախենալ: Հենց վախն էլ քեզ ստիպում է հազար ու մի միջոցի դիմել` կորուստ չտալու համար: Զինվորիդ, հարազատիդ, զինակցիդ և, ի վերջո, հողդ ու հայրենիդ կորցնելու վախ ունես: Ուստի պարտավոր ես ավելի ամուր լինել, ուժեղ լինել, որպեսզի այդ վախով էլ անվախ դառնաս: Վախն է շատ հաճախ ստիպում մարդուն քաջագործության գնալ… Հրամանատարը պիտի մարտի դաշտը զգա, ավելի շուտ տեսնի այն ամենը, ինչն այնտեղ կատարվելու է: Քարտեզով չեն կռվում` ընդամենը որոշում են կայացնում, թե որտեղ ինչպես վարել ընդհանուր մարտը: Ավելի փոքր մարտերում որոշողը դառնում է տեղի հրամանատարը, որովհետև նա դաշտը լիարժեք է տեսնում: Հեռվից ղեկավարելու դեպքում տեսանելիությունը փոքր է, հետևաբար, սխալվելու հավանականությունը` մեծ: Հատկապես` մեր լեռնային պայմաններում: Ահա թե ինչու հրամանատարը պետք է առջևից գնա և ղեկավարի մարտի ամբողջ ընթացքը: Ինչ վերաբերում է զոհերին, ապա մեր ազգն այնքան փոքր է, որ անգամ մեկ-երկու զոհն էլ շատ են, անթույլատրելի: Քիչ զոհեր ենք տվել, թերևս, ճիշտ մարտավարություն ընտրելու շնորհիվ` կարողացել ենք դիրքը ժամանակին գնդակոծել կամ հարձակման ճիշտ պլան մշակել: Խաբուսիկ գրոհներ կազմակերպելու հնարքին էլ ենք դիմել: Հակառակորդը երբեք չպիտի իմանա քո հարձակման մասին: Հետախուզությանը մեծ տեղ եմ տվել: Անձամբ եմ ճշտել` տեղում լինելով, որոշ տվյալներ, որպեսզի տեսողականով, այլ ոչ թե քարտեզով գործեմ: Մարտական գործողությունները տարածքին համապատասխան պետք է կազմակերպել:
   -Խոսենք ծանր ու դժվարին իրավիճակներից…
  -Նման պահեր շատ ու շատ են եղել: Տղաները հետո են պատմել, որ եղել է պահ` նայել են իմ ուղղությամբ, թե երբ եմ փախչելու, որպեսզի իրենք էլ փախչեն… Պատահել է նաև, որ հակառակորդի տանկերը մեր խրամատների վրայով անցել են թիկունք` երկկողմանի առնելով աքցանի մեջ: Նման պարագայում հենման կետը խրամատն է: Զինվորներս գիտեին, որ ես չեմ փախչի, չեմ թողնի զինակիցներիս… Կորուստն ինձ անասելի ցավ է պատճառել: Այդ ցավը խեղդել եմ մեջս, ոչ ոք իմ արցունքը չի տեսել: Հետո` թաքուն եմ սիրտս դատարկել…
    -Այս հարցս ցավոտ ու ծանր կլինի Ձեզ համար: Որքան էլ ջանացել եք Աղվանին հեռու պահել պատերազմի դաշտից, միևնույն է, նա Ձեր կողքին է եղել միշտ: Նրա զոհվելու օրը մարտը թե՞ժ էր…
      -Այդ մարտին ես նրան չեմ տարել: Հակառակ իմ կամքի է եկել: Այդ օրը 14 կմ խորացել էինք, դիրքեր դրել: Մարտի ավարտից հետո, գիշերը դիրքերը վերջնական ստուգելով, հետ եկա: Մինչև առավոտ զրուցեցինք: Առավոտյան Աղվանը պիտի դիրք գնար: Դա մեր վերջին հանդիպումն էր: 1993-ին` Կուբաթլուի և Գյուլիբերդ, Մուրադխանլու գյուղերի օպերացիայի ժամանակ… Գյուլիբերդը վերցրել էինք: Մուրադխանլու գյուղի մոտ…
    -Վերադառնանք մանկություն: Ինչպիսի՞ն էր մանուկ Աղվանը, և, առհասարակ, ինչպիսի՞ եղբայր էր…
    -Ե՛վ փոքր, և՛ մեծ տարիքում` կամակոր, ինքնասածի, փխրուն, գեղեցկությունը նկատող, գեղեցիկով ապրող… Որպես եղբայր` անասելի նվիրված: Ընկե՛ր էր: Մենք ավելի շատ ընկեր էինք, քան եղբայր: Ավելի շատ եղբայր էինք, քան ընկեր: Այո, միաժամանակ և՛ եղբայր, և՛ ընկեր… Աղվանի զոհվելուց հետո մեջքս սառել է ու մինչև օրս չի տաքացել: Այդ տաքությունն էլ չեմ զգացել: Տաքություն, որ գիտես` մեջք ունես, թև ու թիկունք ունես…
-Մարտական բոլոր ընկերներն էլ ակնածանքով ու հպարտությամբ են խոսում Աղվանի, նրա հերոսության մասին…
-Որպես հարազատ մարդ, ես իրավունք չունեմ նրա մասին նման կերպ արտահայտվելու: Նա իմ զինվորն էր, եղբայրն էր, զինակիցն էր, թիկունքն էր: Նա ի վիճակի էր անկանխատեսելի արարքներ գործելու: Անկանխատեսելի` այս բառի բուն իմաստով… Մի անգամ, Քարվաճառի օպերացիայի ժամանակ, վիճակս շատ նեղ էր, հակառակորդն ինձ <<սեղմել>> էր: Հեռախոսակապով կապվում եմ Մանվելի` Ասկոլկայի հետ, խնդրում, որ աջից-ձախից կրակ բացեն, թուրքերի ուշադրությունը մի փոքր շեղեն: Քարերի մեջ, ասես` պատին սեղմված լինենք: Աղվանը Մանվելին հարցնում է` էդ Երկաթն էր: Դրական պատասխան ստանալուց հետո լիցքավորում է ավտոմատը միանգամից երկու պահունակով և իրար վրա կապած ու ընթացքային` շարժվում դեպի հակառակորդի դիրքերը, որոնք մոտ 80 մ հեռավորության վրա էին: Մանվելն ստիպված հրաման է տալիս ամբողջ թևով հարձակման անցնել, որպեսզի Աղվանը մենակ չմնա… Այդ օրվա ծնունդ էին նրա բանաստեղծական հետևյալ տողերը.
Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի,
Տեսնես` որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,
Ես կանգնած եմ նրա դեմ` թող իմ մեջքը չտեսնի,
Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել:
Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը` անդունդ,
Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի,
Մեր գլխում եռք է հիմա, երակներում` գինի թունդ,
Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի…
   Հետո ես բարկացա Աղվանի վրա: Նա ինձ պատմեց. <<Այդ գիշեր մի քանի մետրի վրա դուրս եկանք իրար դեմ, պիտի հասցնեինք: Երկուսիցս մեկը պիտի խփեր…>>: Եղբայրս թշնամու դեմ ճակատ ճակատի է դուրս եկել: Ես կասեի` եղբորը չկորցնելու վախից է դա արել: Համոզված եմ, Աղվանը նույն կերպ կվարվեր ցանկացած մեկ այլ զինակից ընկերոջ պարագայում ևս… Խորհրդային բանակում ծառայությունը թողեց կիսատ և եկավ, միացավ մեզ: Յուրաքանչյուրս հայրենիքի մի մասնիկն է: Հայրենիքն ամփոփված է բոլորիս մեջ…
    -Կորստի ցավը` ցավ, բայց և հպարտությունն էլ պակաս չպետք է լինի` նման եղբայր ունենալու համար: Այնպիսի զգացում կա մեջս, որ Աղվանին, կարծես, ամենուր փնտրում եք, այո՞:
     -Ես հպարտ եմ, որ Աղվանն իմ եղբայրն է, նրա՛ նման եղբայր ունեմ: Կորստի ցավը մեջս միշտ ապրում է: Այդ ցավն սպի չէ, ուրիշ ցավ է, հոգուդ ներսում է, որը չի սպիանում` միշտ կա և միշտ քեզ հետ է: Ոչ թե Աղվանին փնտրում եմ, այլ Աղվանն ինձ համար միշտ կա, իմ մեջ է: Պատահական չէ, որ նրան նամակներ եմ գրում:    Նամակներ, որ հասցե չունեն… Գրում եմ նրան, խոսում նրա հետ, պատմում ամեն ինչ: Նրա հետ վերհիշում եմ, ասում իր չիմացածի մասին: Նա պիտի իմանա ամեն ինչի մասին… Աղվանը բոլորիս մեջ է, ժողովրդի մեջ, այսօրվա ու վաղվա զինվորի մեջ, հրամանատարի մեջ, հողի յուրաքանչյուր կտորում, Արցախ աշխարհի մեջ: Աղվանն ամեն տեղ է… Մենք եղբայրներով իրար քննադատ էինք: Երկուսս էլ ստեղծագործում էինք և մեզանից լավ քննադատ մեզ համար չէր կարող լինել: Մեկս մյուսին շատ ավելի լավ գիտեինք: Անկեղծ խոստովանեմ, որ նա անհամեմատ տաղանդավոր էր: Այստեղ մի քառատող հիշեմ իմ գրածներից.
Լծենում երկու պոետ կա,
Երկուսն էլ` Մինասյան գրվող,
Ոչ մի կարգին գործ չեն գրել,
Բայց իրենց կարծում են գրող…
     -Ձեր տարիքային տարբերությունը` 11 տարի, չի՞ խանգարել միմյանց հարաբերվելու, շփվելու առումով:
  -Ոչ: Չեն խանգարել, որովհետև Աղվանը ժամանակից շուտ հասունացավ: Հատկապես` մայրիկի մահվանից հետո: Հասունացավ շատ-շատ կարդալուց և սկսեց, այսպես ասած, մեծավարի ապրել: Ես նրան որպես փոքրի չեմ վերաբերվել, ինձ համար հասակակից էր, ինձ հավասար: Ընտանեկան դաստիարակությունը ևս նպաստում էր դրան: Ապրում էինք մեկս մեկով: Աղվանը մեր ազգի հանճարեղ պոետներից մեկը կլիներ: Գրիչը շատ սուր էր, բեղուն: Նրա յուրաքանչյուր տողը փիլիսոփայություն է: Այդ տարիքում ամեն մարդու հասու չէ այդքան կարդալ, ընկալել, վերծանել և նորից թղթին տալ: Ի վերուստ տրված շնորհ ուներ: Երրորդ գիրքը, ցավոք, չհասցրեցինք տպագրել, որովհետև մնացած անտիպներն ավտոմեքենայից գողացան: Հույս ունեմ, որ երրորդն, այնուամենայնիվ, կտպագրվի, երևի` ընտրանի: 
    -Ինչի՞ց է, որ Աղվանի բանաստեղծական երկերում տխրությունն ավելի շատ է:
   -Հաճախ ապրում ես շրջապատիդ, միջավայրիդ նման, բայց հոգիդ այլ բան է ասում: Հոգիդ տխուր է… Նա իր հոգին է հանձնել թղթին, իսկ շրջապատում եղել է բոլորի նման, ապրել` ինչպես բոլորը: Նրա խոհերը, ապրումներն ու մտորումները շրջապատի համար աներևույթ ու անհասանելի էին: Նրա զրույցը վեհի հետ էր, Աստծու հետ, իսկ փիլիսոփայական միտքը գնում էր հեռու, հեռու…
    -Աղվանը Ձեզ նվիրած բանաստեղծություն ունի՞:
  -Մի քանիսը: Դրանցից մեկը ծնվել է այն ժամանակ, երբ մենք մրցույթ-բառախաղի մեջ էինք: Իրար մասին գրում էինք, ստեղծագործում: Մեր միտքը սուր ու ճկուն դարձնելու համար բառախաղի էինք դիմում: Հետո մի օր էլ բանաստեղծություն ծնվեց իմ մասին: Ինձ նվիրված էլի բանաստեղծություններ ունի, որոնց ծանոթացել եմ նրա զոհվելուց հետո միայն: Իմ մասին այսպիսի տողեր կան.
Հնացած ու մաշված մի ավել,
Որ մաքրեց կեղտն ու փոշին
Ու մեռավ փողոցի անկյունում`
Իր տեղը զիջելով ուրիշին…
    Չգիտեր, բայց նախապես արդեն տեսել էր, որ ես իմ տեղը ուրիշին կզիջեմ: Երբ դա կարդացի, հասկացա, որ եղբայրս ավելի մեծ է, քան գիտեի ու հասկանում էի նրան: Հասկացա նաև, որ նա շատ բան է կանխատեսել ու զգացել, բայց դա լռությամբ է տարել ու հանձնել թղթին… Եղբոր կորուստը ոչնչով չի փարատվում…
  -Ասում են` ամենանվիրականը մարտական ընկերությունն է: Այդպե՞ս է, արդյոք:
  -Թեև պատերազմից 18 տարի է անցել, բայց մարտական ընկերներով շարունակում ենք նույն մտերմությունն ու ջերմությունը պահպանել: Միմյանց նվիրված ու սիրով էլ մինչ օրս ապրում ենք: Մեր տղաներն այսօր էլ պատրաստ են միմյանց համար <<հոգի տալ>>… Հաճախ, ցավոք, քաղաքականությունը տարանջատում է մարտական ընկերներին, ինչն ամենաողբերգականն է: Մարտական ընկերությունը կուսակցություն չի սիրում, վեր է կուսակցական պատկանելությունից ու  գաղափարախոսությունից: Մարտական ընկերություն, ասել է թե` հայրենիք, նվիրյալների խումբ: Ես անկուսակցական եմ մնացել, որպեսզի կարողանամ այսօր կապող օղակ դառնալ տարբեր կուսակցություններում գտնվող ընկերներիս միջև: Զինվորը պետության, ազգի, հայրենիքի զինվորն է, հայրենիքի գաղափարախոսության զինվորը: 
   -Ո՞վ կարող է Աշոտ Մինասյանի համար ընկեր լինել և, առհասարակ, ի՞նչ դերակատարություն ունի ընկերությունը նրա կյանքում: 
     -Դժվար հարց եք տալիս: Ընկերությունն ի վերուստ տրված չէ և միակ բանն է, թերևս, որ ինքդ ես ընտրում: Որքանով ես ճիշտ ընտրում, որքանով` սխալ, դա արդեն այլ հարց է: Ընկեր ընտրում ես` գնահատելով նրա էությունը, վաստակը, ապրած կյանքը, նրա հետ անցածդ ճանապարհը: Ինքն էլ քեզ է նույն որակներով սկսում գնահատել: Այսպիսի մի բան էլ. մեկին հարցնում են, թե եղբայրդ ինչպիսի՞ տղա է, պատասխանում է` չգիտեմ, հետը ընկերություն չեմ արել… Զինակիցներիս հետ կարողանում եմ ընկերություն անել: Զինվորականներն էլ այդ առումով գեղեցիկ խոսք ունեն: Զինվորականի լավ կամ վատ լինելը կախված է նրանից, թե նրա հետ հետախուզության կուզենաս գնալ, թե ոչ… Այսինքն, վստահության խնդիր է: Զինակից ընկերներիս բոլորի հետ էլ առանց վարանելու հետախուզության կգնամ: Իմ բոլոր տղաներն էլ լավն են, նրանք, իրոք, իմն են: Շնորհակալ եմ Աստծուց, որ նրանք այսօր էլ ինձ լսում են: Մեծամտություն, գոռոզամտություն չունենք, կարողանում ենք իրար սիրել, ներել, միմյանց նկատմամբ մեծահոգի ու ներողամիտ լինել: Հավասարություն կա մեր մեջ, չնայած այսօր էլ ինձ շարունակում են հրամանատարով դիմել: Դա ինձ համար մեծ պատիվ ու պարծանք է…
       -Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է մարդն օժտված լինի, որպեսզի հետն ընկերություն անեք:
  -Ամենակարևորը բարոյականությունն է, ապա` պարզությունն ու նվիրվածությունը: Ամենից շատ ատում եմ ստախոսությունը: Ընկերներ ունեմ թե՛  երկրի ներսում, թե՛ դրսում, բազում քաղաքներում ու գյուղերում: Նրանց բոլորին էլ սիրում եմ, հարգում ու ընդունում: Նրանց համար կյանքս, իրոք, կարող եմ տալ, և գիտեմ, որ նույնը նաև նրանք կանեն ինձ համար: 
    -Երբ չե՞ք ների ընկերոջը:
 -Չեմ ներում միայն այն մարդկանց, ում շատ եմ սիրում և ում սխալները չեմ կարող ներել: Չեմ կարող ներել դավաճանությունը` որտեղ էլ լինի, ում կամ ինչի էլ վերաբերի: Չեմ ներում հարազատին: Օտարին այնքան հեշտ է ներելը…
    -Այս դեպքում կորուստը շատ չի՞ լինի:
    -Իհարկե, շատ կլինի: Ծնված օրից էլ անընդհատ կորցնում ու կորցնում ենք…
    -Ամենամեծ խորհուրդը` Ձեր զավակներին:
   -Նախ, իմ տեսակի մասին ասեմ, ապա անցնեմ զավակներիս: Կյանքում շատ դրական և շատ մեծ բացասական կողմ ունեմ: Դրականն այն է, որ ներողամիտ եմ, իսկ բացասականը, կրկին որ ներողամիտ եմ: Բայց, նայած որտեղ` ինչ հարաբերություններ… Զավակներիս պատգամը հետևյալն է` ազնիվ ապրեք, ուրիշ ոչինչ: Բարի լինեն: Տղաներիս հետ ընկերություն եմ անում, նաև` զինակիցներիս, ընկերներիս որդիների հետ: Ընկերությունն այն տեղն է, որտեղ կարողանում ես քեզ լիարժեք զգալ: Կարող ես, ասենք, ընտանիքումդ պարփակված մնալ, բայց ընկերության մեջ չես կարող: Ընկերությունն ինքը համայնքն է, քո ժողովրդի մի մասնիկը: Համայնք, որտեղ աշխարհայացքով իրար նման մարդկանց խումբ է հավաքվում, համախոհների խումբ: Սխալի դեպքում բաժանումն անխուսափելի է: Ընկերությունը նաև մարդու տեսակն է որոշում: Ընկերությունը միևնույն տեսակների ընդհանրությունն է…  
   -Ո՞վ է մեր այս կյանքում Աշոտ Երկաթը և ո՞ւր է գնում:
   -Չգիտեմ` ով եմ այս կյանքում, իմ մասին կասեն ինձ ճանաչողները: Իսկ թե ո՞ւր եմ գնում… Նպատակս պարզ է` ուզում եմ երկրիս ապագան տեսնել գեղեցիկ, ուզում եմ ժողովրդիս բարեկեցիկ կյանքով տեսնել, լավ կյանք եմ ցանկանում նրան: Ուզում եմ արտագաղթը ներգաղթի վերածվի, բոլորն ի վիճակի լինեն իրենց հայրենիքը սիրել այնքան, որքան պարտավոր են: Հայրենիքից վեհ ոչինչ չկա… Մարդն իր երկրից չպիտի հեռանա, եթե հեռացավ, ապա մի օր անպայման կանգնելու է ազգային ինքնությունը կորցնելու վտանգի առաջ: Օտար երկրում, օտար ափերում ինքնաձուլումն ու տարրալուծումն անխուսափելի են: Մինչդեռ մենք միմյանց կորցնելու ոչ մի  իրավունք չունենք: Եթե կորցրեցինք իրար, ապա կկորցնենք նաև ինքներս մեզ… Մեր պատմության ընթացքում, դարեր ի վեր կորցրել ենք ու կորցրել: Հատկապես սահմանամերձ գյուղերը, գյուղական բնակավայրերը պետք է բարետես ու գեղեցիկ լինեն, ապահովված լինեն, այսօրվա հոգս ու կարիքից շուտ ձերբազատվեն: Գեղեցկությունը, մաքրությունը շատ լույսերի մեջ չեն, այլ` մարդու ճիշտ կենցաղավարման, ավելին` երկիրդ, ժողովրդիդ, ազգդ սիրելու մեջ: Ճոխության չպետք է ձգտել, բարվոք կյանքի հետևից չպետք է շատ ընկնել: Մեր կրթական համակարգը պետք է լիարժեք դաստիարակություն ապահովի մատաղ սերնդի համար: Այն, ինչ ուզում է Եվրոպան կամ ինչի ձգտում է քաղաքակիրթ աշխարհը, մեզ համար չպիտի հիմք ու արդարացում դառնա: Մենք մեր անցնելիք ճանապարհն ունենք: 
    -Ձեզ, որպես հայրենի հողի ազատագրման համար մարտնչած մարտիկի ու հրամանատարի, բավարարո՞ւմ է մեր երկրի այսօրվա վիճակը:
    -Մենք այն, ինչ ուզում էինք կերտել, դեռ չենք կերտել: Այդ առումով ես չեմ կարող ինձ բավարարված զգալ: Ես ժամանակի մեջ ստեղծում եմ ինչ-որ բաներ, մեզանից յուրաքանչյուրն է ստեղծում, արարում, բայց դա վերջը չէ…
      -Ի՞նչն է պակասում մեր օրերում:
  -Շատ բան: Թեկուզ, հենց, նվիրումը: Յուրաքանչյուրիս նվիրումը` իր աշխատանքին, շրջապատին, մարդկությանը, հարազատին, ծանոթ-անծանոթին… Մեզ այսօր պակասում են բարյացակամությունը, բարի ժպիտը, կամեցողությունը…
     -Դա է պատճա՞ռն, արդյոք, որ այսօր շատացել է չարը, ցավն ամենուր է…
   -Գիտեք, թույլ մարդիկ են ցավացնում: Ուժեղին դա բնորոշ չէ: Չարը շատացել է, որովհետև բարին մտածում է: Բարու մեջ խիղճը շատ է, իսկ խիղճը խեղճությունից է գալիս…
    -Կորուստնե՞րն են շատ Ձեր կյանքում, թե՞ ձեռքբերումները: 
   -Արդեն մի առիթով ասացի, որ ծնված օրվանից, ամեն օր կորցնում ենք: Իսկ ձեռք ենք բերում կամաց-կամաց, քիչ-քիչ… Սպարապետ Վազգեն Սարգսյանը հետաքրքիր խոսք ունի. <<Պատերազմին տվել էի` ինչ կարող էի, բայց ձեռք եմ բերել հպարտություն…>>: Այս խոսքը կարող եմ ինձ էլ վերագրել` ավելացնելով. <<…Նաև` հզոր երկիր>>: Ես իմ հողն ու ջուրը, հայրենիքը շատ եմ սիրում: Կիսատ բան չեմ սիրում, ուզում եմ ամեն ինչ լիարժեքության մեջ տեսնել: Դժվարություններից պետք չէ փախչել, և ամեն մեկս իր գործը պիտի ճիշտ կատարի: Ես իմ հայրենիքի, իմ պետության զինվորն եմ: Զինվորը միայն պատերազմ գնալու համար չէ, այլև` խաղաղությունը պահպանելու: Ես իմ  տեսակով պատրաստակամ եմ: Պատրաստակամ` հայրենիքիս, ընկերոջս, բոլոր-բոլորի համար լավն անելու: Միասնական ու համախմբված պիտի լինենք, որպեսզի մեր երկրի վաղվա օրն ավելի լավը լինի: Մայր Հայաստանն ու Սփյուռքը ամուր միասնությամբ պետք է կապված լինեն: Ե՛վ ցավ եմ ապրում, և՛ տեղին համարում` <<Արի տուն>> կոչը լսելով: Մեր զրույցն ուզում եմ հետևյալ խոսքով ավարտել. <<Ես ձեզ սիրում եմ, մարդիկ>>…
    Մենք էլ մեր հերթին հավելենք, որ ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության  գործին մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Աշոտ Մինասյանը վերջերս պարգևատրվեց 2-րդ աստիճանի <<Մարտական Խաչ>> շքանշանով: Իսկ մինչ այդ արժանացել է նաև <<Արիության>> մեդալի, այլ պարգևների:
SHARE