Հրաշագործ ձեռքերով մարդը

0
188

Գագիկ Կարապետյանը` իր կոչման և Սպարապետի հետ ունեցած մտերմության մասին

Կենսակերպ

<<Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` ինձ նորից կյանք, եռանդ և իմաստալից կյանքով ապրելու ցանկություն պարգևելու համար: Դուք ինձ տվեցիք ամենաթանկը` առողջությունը: Առողջությունս վերականգնելու համար պարտական եմ Ձեզ>>… Ահա, նման հազարավոր շնորհակալության ու երախտիքի տողեր կարելի է հանդիպել այն փոքրիկ հուշատետր-գրքույկում, որտեղ իրենց սրտի խոսքն ու նվիրական ցանկությունն են արտահայտել շատ ու շատ հիվանդներ: Մարդիկ, որ իրենց կյանքի դժվարին, ծանր ու հաճախ անհույս թվացող վիճակում ապավինել են ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ-մանուալիստ, գիտությունների դոկտոր Գագիկ Կարապետյանին…

Մարդկային ջերմ մտերմությամբ է պարուրվում հոգիդ, երբ ոտք ես դնում բժշկի աշխատասենյակ: Բուժական մերսման ընթացքում էլ, նուրբ հումորով համեմված, պատմում է ապրած կյանքի ու տարիների մասին, ինչը տրամադրում է քեզ և աննկատ ներառում առողջարարական այդ գործընթացի հոգեպարար գիրկը: Բուժման սեանսներն ընթանում են մեղմ ու հաճելի երաժշտության ներքո, և այս յուրօրինակ թերապիան թուլացնում է նյարդային համակարգը` ձերբազատելով հոգեբանական լարվածությունից: Մատների նուրբ ու ճկուն շարժումներով ուղղում է մարմնի <<ծռված>> մասերը, շտկում խեղումները` իր ողջ էներգիան հաղորդելով հիվանդի մարմնին:

Հրաշագործ ձեռքեր ունի Գագիկ Կարապետյանը… Որպես բուժական մերսող, նրա ձեռքերն աշխարհի 10 լավագույն ձեռքերի թվում են: Բնատուր կարողություններով, բազմակողմանի շնորհներով օժտված անհատ է` գիտնական, հոգեբան, մանկավարժ, բանաստեղծ… Այդ ամենն, ահա, ներդնում է բժշկական իր գործունեությունը հնարավորինս արդյունավետ ու առավել օգտակար դարձնելու համար: Բժշկում է առանց դեղերի ու ներարկումների` հմուտ ձեռքերի ճկուն շարժումների հրաշագործ  ներգործությամբ: Ամեն ինչին ստեղծագործաբար է մոտենում, արարող սիրտ ու հոգի ունի, ուստի և բնավ պատահական չեն նաև նրա բանաստեղծական հակումները:

Թեև համեստորեն իրեն գրող կամ բանաստեղծ չի համարում, բայց գրական երկեր ունի, որ պատիվ կբերեին ցանկացած անվանի հեղինակի: <<Դժոխք>> վերնագրով երկն, օրինակ, այնպիսի խռովք ու ընդվզում ունի իր մեջ, այնպիսի պատկերավորություն, երևակայական թռիչք, որ մնում ես ապշած ու հոգեխռով: Այդ դժոխք ասածը երկրաշարժն է, որ անասելի ցավ ու ավերածություններ է բերում  հայրենի Գյումրի քաղաքին: <<Սեր և խռովք>>-ի դեպքում զգում ես, թե որքան զգացմունքային, նրբանկատ ու քնքուշ հոգու տեր անձնավորություն է այդ տողերի հեղինակը…

Այս ամեն շնորհներն այդքան ակնհայտ ու դրվատելի չէին լինի, եթե չլիներ Գագիկ Կարապետյանի, թերևս, ամենամեծ շնորհը: Խոսքը նրա մարդկային շնորհի, մարդ կոչումը բարձր պահելու և արժանապատիվ տանելու մասին է: Այո, շատ լավ, կարգին մարդ է, ում չես կարող չսիրել, ում հետ չես ցանկանա ընկերություն չանել:

-…Սովորել և ավարտել եմ,- մի պահ հուշերի գիրկն ընկնելով` անկեղծացավ պարոն Կարապետյանը,- ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այս բուհում սովորելն, առհասարակ, հեշտ չէ, ուսանողից մեծ էներգիա է խլում, ծանրաբեռնվում ես և՛ մտավոր, և՛ ֆիզիկական առումներով: Մեր խմբի ուսանողները ֆուտբոլիստներ էին, ավարտելուց հետո մանկավարժ-մարզիչներ էին դառնում: Թեև բարձրակարգ ֆուտբոլիստ էի, բայց դա այդքան չէի սիրում: Ավելի շատ սիրել եմ բժշկությունը, մարդուն բուժելու արվեստը, քան ֆուտբոլը: Կյանքիս նպատակը ֆուտբոլիստ դառնալը չէր: Սկզբում սպորտային բժշկությունն էր, մերսման հնարքներն էինք սովորում, հետո կամաց-կամաց գնացի բժշկության այդ ուղղությամբ: Ինձ հետ նույն խմբում սովորել է Վազգեն Սարգսյանը, և այդ տարիներից մենք ընկերություն ենք արել, մտերիմ էինք: Հանրակացարանում էի ապրում: Վազգենը երբեմն ինձ մոտ էր մնում: Հավաքների գնալիս միասին նույն սենյակում էինք մնում: Վազգենը նախապես զգուշացնում էր, որ հանկարծ ուրիշի չվերցնեմ: Ուր էլ գնայինք` միասին էինք: Այցելում էինք թե՛ իմ և թե՛ իր ծնողներին, հրաշալի օր անցկացնում և վերադառնում Երևան: Շատ բուռն ու հետաքրքիր ուսանողական կյանք ենք ունեցել:

Շատ լավ ընկեր էր Վազգենը: Բացարձակ գերազանցիկ ուսանող էր: Գանգրահեր, նիհարակազմ, շատ արագ խոսք ունեցող երիտասարդ էր: Երբ նույն սենյակում միասին էինք գիշերում, վախենալու պատմություններ էի անում: Առավոտյան բողոքում էր, թե մյուս անգամ նման բաներ չպատմես: Նուրբ հոգեբանության տեր, շատ լավ անձնավորություն էր: Շուտ սիրահարվող և ռոմանտիկ էր: Իր զգացմունքների զգացողական աշխարհում շատ նուրբ ու հավասարակշռված էր, անգամ բարձր ձայնով չէր խոսում: Սիրում էր կինո, թատրոն գնալ: Այն տարիներին դրամատիկական թատրոնի տոմս ճարելը շատ դժվար էր, ծանոթի միջոցով ինձ համար էլ էր տոմս ձեռք բերում, և միասին էինք գնում: Որոշել էր Էվելինային ծաղկեփունջ նվիրել և ինձնից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես դա անի: Դուրս էինք գալիս, սպասում հետնամուտքի մոտ, և այնտեղ էլ նվիրում էր ծաղիկները: Իմ առաջին բանաստեղծությունն ընկերոջս եմ նվիրել: Իրեն համարում եմ իմ պատանեկության լավ Վազգեն, անմեղ Վազգեն…

Շատ ընկերասեր էր, լավ հատկանիշներ շատ ուներ, ինչով մարդկանց ձգում էր դեպի իրեն: Տարիքով մեր խմբի ամենափոքրն էր, իրեն թոռնիկ էինք ասում, իսկ Միշային, որ ամենամեծն էր, պապիկ էինք կոչում: Երբ միասին քայլելիս էին լինում, կատակում էինք` պապ ու թոռ եկան: 1988-ի երկրաշարժին Վազգենն արցունքն աչքերին ամբողջ Գյումրիով ինձ էր փնտրել: Ի վերջո մարզիկ տղաներից իմացել էր, որ ողջ ու առողջ եմ… Մոսկվայում սովորում էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ճիշտն ասած, այդ շարժմանը կողմնակից չէի, տեսնում էի, որ սխալ է: Ինձ ասացին, որ Վազգենը դրա մեջ է, դու էլ արի: Մի անգամ ներկա եղա հանրահավաքի և լիովին հիասթափված վերադարձա Մոսկվա: Գործարանները փակ, մարդիկ` անգործ: Ես սարսափում էի` տեսնելով, որ ամեն ինչ փլուզվում է, զգում էի, որ դրա հետևանքները կործանարար են լինելու: Վազգենին մշտապես ասում էի, որ ամբողջը քանդել պետք չէ, շատ սխալ է: 1991 թ. ինձ նշանակեցին լուսավորության մինիստրության սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ: Օր օրի շարունակվում էր ամեն ինչ քանդվել ու քանդվել: Մեկ ամիս անց Վազգենը եկավ ինձ տեսնելու, իմ ասածները նրան դուր չեկան: Ասում էի, որ պետք է դադարեցնել գողությունը, ավազակությունը, թալանը: Այսպես որ գնա, երկիրը ոնց է կառուցվելու…

Մեր հայացքները տարբերվում էին: Ձեռքս կրակն էր ընկել: Պատերազմի հետ կապված որոշ հարցերում ես իմ խիստ մոտեցումներն ունեի, ինչի մասին տեղեկացնում էի նրան: Ես իրենից ոչինչ չեմ ուզել, միայն թե ինքն էր ուզում, որ կողքին լինեի: Շատ ճղճիմներ փորձում էին նրան համբերությունից հանել: Ինչքան քծնողներ կային իր կողքին, իրեն ասում էին` շեֆ ջան կամ թագավոր ախպեր, ինչն իմ դուրը չէր գալիս: Ասում էի իրեն, որ հանկարծ չներշնչես քեզ, թե թագավոր ես, թագավորների ժամանակները վաղուց անցել են: Ասում էի, որ բանակ ես սարքում, սարքի գլուխդ կախ, բայց դե կամաց-կամաց իրեն սկսում էին դուր գալ այդ քծնողներ` շեֆ ջան, քո ասածն է, շեֆ ջան, դու ես` որ կաս… Ինքը շատ բաներ էր անում, որ իմ դուրը չէր գալիս: Հետո իրեն <<բոբո>> էին դարձրել: Քաղաքականությունը նրան շատ փոխեց: Թեև վախ էր առաջացնում, բայց շատ զգայուն ու զգացմունքային էր, այնքան, որ կարող էր լաց լինել: Աշխատում էի նաև պոլիկլինիկայում: Մի օր եկավ աշխատասենյակս, ասաց` դու տեղեկացված ես, շատ մարդ է մոտդ գալիս, ի՞նչ են խոսում: Ասացի` ընկեր ջան, մարդիկ քեզ չեն սիրում, դու որտեղ հայտնվում, այնտեղ վախ ես տարածում 1 կմ շառավղով: Իմացիր, որ ումից վախենում են, նրան ուզում են սպանել: Չեն սիրում, զգո՛ւյշ եղիր… Հիմա փոշմանել եմ, որ իր հետ այդպես խիստ եմ խոսել: Լսեց ինձ ու ասաց. <<Գիտես ինչ, ես չեմ ծնվել, աշխարհ եկել, որ ինձ սիրեն կամ չսիրեն: Ես աշխարհ եմ եկել, որ փոխեմ մեր ազգի հոգեբանությունը, պետք է հաղթող ազգի կեցվածք ընդունենք: Արյունով ենք առել այս հողը, պիտի պահենք այն…>>: Մի քառակուսի հողի համար ինքը կռիվ էր տալիս: Ինքը հաղթող էր: Որտեղ ելույթ էր ունենում, ուղեկցում էր մարդկանց, այնտեղ հաղթանակ էր լինում: Հարյուր տարին մեկ է ծնվում Վազգեն…

Այս վերջին պատերազմն ի՞նչ ցույց տվեց: Այն, որ Վազգենի նման մեկը չկա, որ կանգնի ու ասի` կռվելու եմ ու հաղթելու եմ: Նրա պակասը շատ է զգացվում: Վազգենը բանակ ստեղծեց, ուժ ստեղծեց: Նա ցանկացած գումար ուղղում էր բանակաշինության գործին: Ուզում էր հզոր զենքեր ունենալ, զենքերը երեխայի նման գրկում էր: Երբ սիրտը լցված էր լինում, գնում էր Եռաբլուր, բարձրաձայն խոսում բոլորի հետ, ձայն տալիս նահատակված ընկերներին: Շատ լիրիկա կար մեջը: Արտակարգ գրիչ ուներ, շատ լավ էր գրում: Ինձնից մի քանի անգամ ավելի լավ: Չափից ավելի ընդունակ էր: Շատ համարձակ էր, ձգտում էր ու հասնում ուզածին: Իր համարձակության շնորհիվ հասավ շատ բանի: Վազգենը, ինչպես ասում են, կյանքից ձեռք քաշած մարդ էր, կարող էր գնալ մի տեղ, որտեղից, հնարավոր է, չվերադառնար: Իր հերոսությամբ, հայրենասիրությամբ հավասարը չուներ: Ասում էր, Հայաստանը Շվեյցարիա եմ դարձնելու, ցավում էր` նշելով, որ մեր ազգը շատ անօրինապահ է, օրենք չի հասկանում, կամաց-կամաց պիտի մտցնենք արյան մեջ: Վարչապետ եղած ժամանակ կոշտ մոտեցումներ ուներ. <<Գիտեի, որ գողանում են, բայց այս մասշտաբներով, որ տանում են, չգիտեի…>>: Ձեռքը խփում էր սեղանին, ասում էր` երջանկությանդ համար 1 միլիոնը պահի քեզ, այն 200 միլիոնը բեր, ետ տուր: Շատ բաներ էր ուզում ուղղել, շատ պլաններ ուներ, բայց ով կթողներ… Միամիտ էր Վազգենը: Նրան վերացնելը ավելի շատ տնտեսական դրդապատճառներ ուներ: Ուզում էր կոռուպցիայի դեմ պայքարել, հզոր պետություն ունենալ և հենց իր մեթոդներով էր ուզում դրան հասնել…

Սպարապետի ամենամեծ գործը բանակաշինությունն է, ապա` գրական վաստակը: Մնայուն երկեր է թողել: Իր աշխատանքով շատ դասեր տվեց շատ մարդկանց: Շատ պիտանի մարդ էր, հերոս: Մեծ կազմակերպիչ էր, լսում էին իրեն ու կատարում բոլոր հանձնարարությունները: Եթե Վազգենն այսօր ողջ լիներ, ապա շատ մեծ փոփոխություններ կլինեին մեր երկրում: Ճիշտ ճանապարհի էր կանգնել, ուզում էր Կարեն Դեմիրճյանի հետ կարգի բերել երկիրը, Հայաստանը կարգին պետություն դարձնել: Եվ, իրոք, կարող էր: Ժամանակ չունեցավ ընտանիք կազմելու: Շատ պատասխանատու էր և այդպես էլ վերաբերվում էր երկրի ու պետության կառուցմանն առնչվող բոլոր հարցերին: Հատկապես բանակի հարցում առանձնահատուկ վերաբերմունք ուներ, ամեն ինչ ծրագրում էր, որ իրոք հզոր, ժամանակակից սպառազինությամբ ու մարտունակ զինված ուժեր ունենանք: Ասեմ, որ ես Վազգենի հետ միայն քաղաքական առումով եմ որոշակի տարաձայնություններ ունեցել, ընկերական ու մարդկային տեսանկյունից մենք համախոհներ ու իրապես մտերիմներ էինք…karapetyan

<<Ընկեր>>-ական ընդգծում.- Բազմակողմանի ու ճիշտ պատկերացում կազմելու համար, թե ինչ արարչական գործ է արվում այդ փոքրիկ և, թող ներվի ասել, անշուք աշխատասենյակում, պետք է գոնե մեկ անգամ այցելել բժիշկ, արվեստագետ Գագիկ Կարապետյանին: Ուզում ենք բարձրաձայնել` սիրելի բժիշկ, Ձեր ձեռքերի ջերմությունն ու կենսատու ուժը, որ տալիս եք Ձեզ դիմողներին, թող հետադարձ ուժով վերադառնան Ձեզ, որպեսզի կարողանաք առողջություն պարգևել դրա կարիքն ունեցող շատ ու շատ մարդկանց: Միաժամանակ, այդ հրաշագործությունը կատարեք ոչ թե այսօրվա <<խղճուկ>> պայմաններով աշխատասենյակում, այլ ունենաք Ձեր սեփական, ոչ ավանդական բժշկության բարձրակարգ բուժկենտրոնը…  

Ընկերոջս` Վազգեն Սարգսյանին

text

 

SHARE