Հրաշալի ցուցադրություն

0
121

Պատկերասրահ

Հաճելի ու մտերմիկ մթնոլորտում, հարազատ մարդկանցով շրջապատված

<<Կառլլևոնի>> պատկերասրահը ներկայացնում է ժամանակակից և դասական հայ նկարիչների, ինչպես նաև արտասահմանյան վարպետների ստեղծագործություններ: Նպատակն է հասարակությանը ծանոթացնել հայ և համաշխարհային կերպարվեստի արժեքներին, նպաստել հայ նկարչության զարգացմանը, օժանդակել երիտասարդ նկարիչներին: Առաջարկում են պարբերաբար փոփոխվող ու թարմացվող ցուցադրություններ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Պատկերասրահի օժանդակությամբ նկարիչներն ու հավաքորդները կարող են ցուցադրել, վաճառքի հանել իրենց կտավները:

Վերջերս Ներսես Կիրակոսյանի կտավների ցուցահանդեսի բացումն էր <<Կառլլևոնի>> պատկերասրահում: Նկարիչն այս ցուցահանդեսը նվիրել էր ընկերոջ` տաղանդավոր դերասան Արսեն Լևոնյանի ծննդյան օրվան: Ավանդույթի համաձայն, բացման խոսքը վերապահված էր ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, ով նախ ասաց, որ իր համար մեծ հաճույք ու պատիվ է այս պատկերասրահում ցուցահանդեսի բացմանը մասնակցելը: Կիսվելով իր տպավորություններով, նա նշեց. <<Մարդ, ով շատ գրագետ է, մարդ, ով չի տարվում այսօրվա շատ ժամանակակից թվացող, բայց սուտ, կեղծ հովերով, այլ անում է, պատկերում ռեալիստական, իր մտածած պատկերները: Մեր հասարակությանը ծանոթ ու հայտնի անձերի դիմանկարներ, որ անում է մեծ սիրով ու վարպետությամբ: Իր գործում Ներսեսը շատ ազնիվ է ու մաքուր…>>: Պարոն Աղամյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց <<Կառլլևոնի>> պատկերասրահին, որ արվեստասերներին անընդհատ մատուցում է շատ հետաքրքիր նորություններ, նոր դեմքեր, և քաղաքի կենտրոնում այսպիսի կառույց ունենալը մեծ պատիվ է և մեծ նշանակություն ունի երևանցիների համար:

-Ես պատիվ եմ համարում,- իր խոսքում ասաց օրվա հերոսներից մեկը` Արսեն Լևոնյանը,- որ ծանոթացել և ընկերություն եմ անում Ներսեսի հետ, ով շատ շնորհալի անհատականություն է: Եթե մարդը շնորհքով է, ապա պիտի դու անպայման դրա մասին նրան ասես, որպեսզի շարունակի իր շնորհքը կրկնապատկել: Ես հպարտ եմ, որ Ներսեսի ընկերն եմ և շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար…

Դերասանը նաև շնորհակալություն հայտնեց Կառլեն Լևոնիչին` աջակցության համար, որ մարդկանց ներկայանալու, արտահայտվելու հնարավորություն է տալիս` իրենց ստեղծագործություններով, կտավներով: Ապա ընկերոջն ասաց. <<Ես քեզ շատ եմ սիրում>>:

Ապրելով ՌԴ-ում, այսքան տարիներ հետո Ներսեսն ինքն է ցանկացել առաջին ցուցահանդեսը բացել Երևանում, և իր ամբողջ կյանքում ուսուցչի` Յուրի Մինասյանի յուրաքանչյուր բառ իրեն ուղեկից է եղել: Դեռ շատ ճանապարհ կա անցնելու, բայց այսօրվա դրությամբ ինչի որ հասել է, ուսուցչի շնորհիվ է: Նաև շնորհակալական խոսքեր ուղղեց Կառլեն Լևոնիչին, որ առանց հապաղելու տրամադրեց պատկերասրահը:

Արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանն ասաց. <<Ես արդեն 46 տարի դասավանդում եմ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, շատ կադրեր եմ պատրաստել, ովքեր աշխարհով մեկ սփռվել և պատկերասրահներ ունեն Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Ուրախանում եմ իրենց հաջողություններով, իրենք էլ ինձ չեն մոռանում: Ներսեսը շատ շնորհքով տղա է: Նա քանդակի բաժինն է ավարտել, բայց անցել է գեղանկարչության, ինչը խոսում է իր աշխատասիրության մասին: ՌԴ-ի նման մեծ երկրի նկարիչների միության անդամ է, ինչը խոսուն փաստ է: Շատ է պարծենում ինձանով, իր ուսուցչով: Շատ գրագետ է իր գործն անում, աչքը տեսնում է ամեն ինչ…>>:

Յուրի Մինասյանը շատ խիստ ուսուցիչ է եղել, ինչն իր դրոշմն է թողել Ներսեսի ստեղծագործական կյանքում: Այն աստիճանի, որ այսօր ցանկալի բարձունքի է հասել` շնորհիվ սիրելի ուսուցչի: Ներսեսն ավելի շատ դիմանկարներ է անում, ինչն ավելի հարազատ է իր հոգուն: Այդ օրը <<Կառլլևոնի>> պատկերասրահը ողողված էր դիմանկարներով: Կարծես, մեր մեծերի հոգիներն էին թևածում այստեղ, այս հրաշալի պատկերասրահում…

SHARE