Հրատապ ու անհետաձգելի քայլեր

0
13

Այլապես ունեցած ձեռքբերումներից էլ կարող ենք զրկվել

Աշխատանք

<<Ընկեր>>-ը հանդիպեց Արմավիրի մարզի Խորոնք համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանի հետ և խնդրեց նրան ներկայացնել կատարված աշխատանքները:

-Իմ ղեկավաման շրջանում,- ասաց պարոն Նահապետյանը,- բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, նոր թաղամասում, մարզպետի և էլեկտրացանցի աջակցությամբ, 2 տրանսֆորմատոր և շուրջ 110 հենասյուն տեղադրեցինք` 300 տնտեսության ապահովելով էլեկտրաէներգիայով: Դրա շնորհիվ մարդիկ ջերմոցային տնտեսություններ հիմնեցին և կարողացան իրենց հանապազօրյա հացը վաստակել: 60 հեկտար հողատարածք զրկված էր ոռոգման հնարավորությունից: Մարզպետի աջակցությամբ տրամադրված 26 մլն դրամ գումարով 130 մ խորությամբ հոր հորատվեց, տեղադրվեցին տրանսֆորմատոր ու պոմպ: Աջակցեցին նաև դաշտում էլեկտրաէներգիա անցկացնելու հարցում` 1 կմ հենասյուներով ու էլեկտրալարերով: Արդյունքում` այսօր գյուղացին տվյալ տարածքից բարձր բերք է ստանում: Նաև ոռոգման ցանց ենք կառուցել ամբողջ գյուղում` կրկին մարզպետի օգնությամբ /10 մլն դրամ/ և մեր տնտեսած գումարներով: Մնացել է այդ ցանցին առանձին վերցրած բոլոր տնտեսությունների միացման գործընթացը, ինչի համար 15 մլն դրամ է անհրաժեշտ: Մարզպետը խոստացել է լուծել նաև այդ հարցը: Որոշակի կարգավորել ենք խմելու ջրի խնդիրը: <<Վեոլիա ջրի>> և մեր համատեղ ջանքերով /համապատասխանաբար` 16 մլն և 2,4 մլն դրամ ներդրմամբ/ մոտ 220 տնտեսություն խմելու ջուր ունեցավ: Մարզպետը 7 մլն դրամ է տրամադրել, որպեսզի շարունակենք այդ գործը և ողջ գյուղն ապահովենք խմելու ջրով: Սա մեր առջև ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է: Ամեն տարի դաշտամիջյան ճանապարհներն ենք վերանորոգում, հարթեցնում: Ամերիկյան կազմակերպության աջակցությամբ /90 մլն դրամ/ և մեր եկամուտներով /10 մլն դրամ/ դաշտերում 4 կմ կիսախողովակներով ոռոգման առուներ անցկացրեցինք: Եվս 4 կմ անցկացնելու հայտ ենք ներկայացրել, որպեսզի դարձյալ համատեղ ներդրմամբ իրագործենք այն: Դրանից հետո արդեն ոռոգման հիմնական խնդիրները լուծված կլինեն: Գյուղի ճանապարհներն ենք հարթեցրել: Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատման կարիք ունի, բայց դա արդեն մեր ուժերից վեր է: Մենք հազիվ կարողանում ենք ամեն տարի փոսալցման աշխատանքներ կատարել: Դիմել ենք տվյալ խնդրով, հնարավորության սահմաններում կներառեն որևէ ծրագրում:

Համայնքում ջերմոցային տնտեսությունները 100 հեկտար տարածք են զբաղեցնում: Մոտ 370 հեկտար վարելահող ունեն, որտեղ բանջարեղեն է մշակվում: Անօգտագործելի հող չունեն, ընդ որում, հողը գրեթե շուրջտարի մշակվում է: Համայնքապետը ցավով նկատեց, որ գնալով գյուղատնտեսության վարման, հողի մշակության անհրաժեշտ պարագաները /վառելանյութ, պարարտանյութ, թունաքիմիկատներ և այլն/ թանկանում են, բայց գյուղմթերքի գինը շարունակում է մնալ համարյա նույնը: Ըստ էության, գյուղատնտեսությունն ընթանում է ոչ թե ինտենսիվ, այլ էքստենսիվ ճանապարհով: Մթերողները հաճախ գումարն են ուշացնում, բանկերին ունեցած վարկային պարտավորություններն անելանելի վիճակի մեջ են դնում գյուղացուն և… Հողի աշխատավորին մնում են իր ծանր, չարքաշ աշխատանքն ու դառը հիասթափությունը: Գյուղն, ասես, բախտի քմահաճույքին մատնված լինի` անկազմակերպ, անծրագիր, չպլանավորված: Աստված, բնությունը` ոնց կամենան…

Սարգիս Նահապետյանի կարծիքով, պետք է զարգանա սառնարանային տնտեսությունների ցանցը, գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդրվի, այլապես եղածն էլ ենք կորցնելու: Վերջերս, օրինակ, ուժգին քամին մեծ վնասներ պատճառեց գյուղին: Եկել են, հաշվարկել վնասների չափը, և հիմա գյուղացին սպասում է որոշակի փոխհատուցման: Մարդիկ ծանր, անելանելի վիճակում են հայտնվել, իսկ բանկային տոկոսները, ինչպես ասում են, չեն սպասում… Նվազագունը, որ այս պահին պետք է արվի, <<սառեցնել>> վարկերը մեկ տարով, գյուղացու դրության մեջ մտնել: Գյուղապետի խոսքով, իրենց բնակիչն այսօր այնպիսի վիճակում է, որ խոսք անգամ լինել չի կարող հարկուտուրքը վճարելու մասին:

Այդուհանդերձ, հույսն ու լավատեսությունը չեն կորցնում` հավատալով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը: Գործարար ծրագրեր են ներկայացրել կառավարություն` համապատասխան ներդրումներ ակնկալելով: Մասնավորապես` վերամշակման փոքր արտադրություններ և սառնարանային /200 տոննա հզորությամբ/ տնտեսություն հիմնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին, ապա, ինչպես գտնում է Սարգիս Նահապետյանը, դա ճիշտ քայլ է, քանզի գումարների տնտեսման հաշվին հնարավոր կլինի ավելի շատ աշխատանքներ իրականացնել: Նախկինում էլ եղել է մի քանի գյուղերի /Առատաշեն, Գրիբոյեդով, Արտիմետ/ միավորում` Խորոնք կենտրոնով: Կարծում է, որ ճիշտ մեխանիզմների մշակման արդյունքում միավորված գյուղերը հավասարազոր զարգանալու հնարավորություն կունենան:

Զրույցի ավարտին Խորոնքի համայնքապետը նշեց, որ գյուղում կան արտադրատարածքներ, շենք-շինություններ /10-20 հեկտար զբաղեցնող/, որոնք ժամանակին անհատույց հատկացվել են մարդկանց` այդպես էլ որևէ նպատակի չծառայելով: Դիմել են վարչապետին` խնդրելով այդ տարածքները հանձնել գյուղապետարանի ենթակայությանը, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի դրանք բիզնես նպատակներով օգտագործելու համար:

SHARE