Ձայնը ազգային արժեք է

0
35

Մշակույթ
Երգչի հարստությունը հանդիսատեսի ծափողջույններն են, ինչն ամենամեծ գնահատականն է…

-Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինն ավարտելուց հետո սովորել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի ղեկավարությամբ: Այն ավարտելուց հետո`1972 թ., ընդունվել եմ օպերային թատրոն և շատ արագ մտել ընդհանուր երգացանկի մեջ` կատարելով այնպիսի դերերգեր, ինչպիսին են Սարոն` <<Անուշ>> օպերայում, Սանթուրը` <<Դավիթ Բեկ>>-ում, Կարոն`<<Արծվաբերդ>>-ում, Տրավիատա, արդեն եվրոպական օպերա Ալֆրեդ և այլն: Շուրջ 25 մեծ ու փոքր դերերգեր: Բավականին խոստումնալից էր ինձ համար օպերային թատրոնը, բայց երբ 1977-ին ստեղծվեց Հայաստանի ժողգործիքների պետական նվագախումբը, ես առանց վարանելու տեղափոխվեցի այնտեղ, որովհետև հոգիս դեպի ժողովրդականն էր ձգտում:

1981 թ. ինձ հրավիրեցին միաժամանակ ձայնագրվելու <<Դավիթ Բեկ>> օպերայում` Սանթուրի դերերգով: Ի դեպ, այդ ձայնագրությունը մինչև օրս պահպանվում է: Երկար տարիներ աշխատելով նվագախմբում, ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում եմ եղել, ինչպես նաև` Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Արգենտինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Աֆրիկայում, Եգիպտոսում, արաբական երկրներում /շուրջ 40 երկիր/: Ուր էլ եղել եմ` միայն ջերմ ընդունելության եմ արժանացել: Միաժամանակ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մեներգիչն էի: 1990-ական թթ. այս կոլեկտիվների լուծարվելուց հետո որևէ այլ կոլեկտիվում չեմ աշխատել: Վոկալի դասեր եմ դասավանդում, տարբեր համերգների հրավերներ եմ ընդունում: 2007- ից սկսած, կարծես` ավանդույթ է դառնում, մենահամերգներ եմ ունենում: Վերջինը նախորդ տարվա նոյեմբերի 22-ին էր,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը:

-Պարոն Սահակյան, Ձեր վերջին համերգն էլ ավելի զարմանք ու հիացմունք  պատճառեց հանդիսատեսին, քանզի դրանից մի քանի ամիս առաջ սրտի վիրահատություն էիք տարել, ինչը, կարելի է ասել, ոչ մի կերպ զգացնել չտվեց: Համերգն առավել քան փառահեղ ու փայլուն էր, այդպես չէ՞: 
-Երգացանկն այնպես էր կառուցված, որ գնալով ստեղծագործությունները դժվարացան` համերգի վերջում մի մեծ փունջ կազմելով: Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, դահլիճում մեծ խանդավառություն էր: Ակապելա կատարեցի տարբեր երգերից, անգամ` օպերաներից: Հանդիսատեսը չէր հեռանում, որովհետև մաքուր, բարձրակարգ երգարվեստի կարոտ է: Արվեստների մեջ, ըստ իս, ամենաբարձրակարգ արվեստը մարդկային ձայնն է, իմա` երգարվեստը: Մարդկային ձայնը գերակա է երաժշտական բոլոր գործիքների համեմատ: Մարդկային ձայնն, ի վերջո, ազգային արժեք է: Վիրահատության առումով նշեմ, որ, անկախ այդ հանգամանքից, ես պահպանում եմ առողջությունս, ձայնս կարողանում եմ հնչեցնել, ինչը գալիս է վարպետությունից: Հակառակ պարագայում համերգը չէր կայանա: Բեմում, անկախ ամեն ինչից, պարտավոր եմ հավուր պատշաճի ներկայանալ:
-Ռուբեն Սահակյանի ձայնը միշտ անսպառ է: Այս տարիքում անգամ պահպանվել է, ինչը բացառիկ է: Ասես, Ձեր կողմից հնչեցվող երգերը առանձնակի իմաստնացած են: Նաև Ձեր երգացանկն է տարբեր ժանրի և յուրաքանչյուր կատարում յուրովի է հնչեցվում: Ի՞նչն է գաղտնիքը, միգուցե, Ձեր ձայնի անսպառ դիապազոնը:
-Շատ կարևոր դիտարկում էր Ձեր կողմից: Շնորհակալություն: Տարիքի փորձառության հետ երգին այլ կերպ ես նայում ու վերաբերվում: Դա անմիջապես զգացվում է: Չեմ ասում, որ երբ կոնսերվատորիան ավարտեցի, այսպիսին էի: Մենք էլ ենք ապրել մեր անձը գտնելու, մեր ձայնը որակելու այդ ճանապարհը: Եթե այսօր ինչ-որ բանի հասել եմ, ապա, բնականաբար, դա էլ իմ իմացությունն է, իմ փորձառությունը: Լավագույն երգը կարելի է վատ ներկայացնել ու տապալել և ընդհակառակը` վատագույն երգը կարելի է լավ ներկայացնել ու բարձրացնել: Սա հասունության մի աստիճան է: Նաև` բեմական փորձից է գալիս: Երբևէ բեմ դուրս գալիս չեմ հուզվում, որովհետև վստահ եմ հնարավորություններիս վրա: Համերգից առաջ ձայնավարժություններ չեմ անում: Եվ ամեն անգամ կենդանի կատարմամբ երգը յուրովի է մատուցվում, կախված նաև այն հանգամանքից, թե մարդը տվյալ պահին ինչ հուզմունք է ապրում: Ընդ որում, կատարման բազմազանությունն է, որ գրավում է մարդկանց: Ճշմարիտ արվեստն այն է, որը հարատևում է: Ես միանշանակ շատ մեծ կարևորություն եմ տալիս ուսումնական դասընթացին, այն բանին, թե ինչպիսի մասնագետի մոտ ես անցնում վոկալ դասերդ: Շնորհակալ եմ իմ ուսուցչից` Տաթևիկ Սազանդարյանից, ում ձեռամբ այսօր, չնայած առաջացած տարիքիս, պահպանել եմ ձայնս: Կարծում եմ, որ այս հրաշալի հնչողությունը որ կա, միայն ու միայն ճիշտ երգեցողության արդյունք ու արգասիք է: Ես դժվարություն չունեմ, կարող եմ ցանկացած պահի երգել: 40-45 տարի շարունակ ձայնալարերով չեմ հիվանդացել, ինչը գալիս է ճիշտ վոկալ դասեր անցնելու արդյունքից: Նաև շատ ուրախ եմ, որ երգել եմ օպերային բեմահարթակին և իմ երգարվեսն ավելի ու ավելի զարգացրել եմ հայկական ժողովրդական երգի, հայկական դասական երգի ասպարեզում, որի հիմքը համարում եմ դասական երգեցողության ճիշտ արմատներն իմանալը: Մշտապես պահպանելով կատարողական արվեստի բարձրությունը, կարելի է հանդիսատեսի անկեղծ սիրուն ու գնահատանքին արժանանալ: Երգչի հարստությունը հանդիսատեսի ծափողջույններն են, ինչն ամենամեծ գնահատականն է…
-Ուրախալի է, անշուշտ, որ այսօր մեր եր•արվեստում կան Ձեր նման հեղինակություններ, ում հանդիսատեսը, ժողովուրդն իրոք սիրում ու գնահատում է: Բավարար համարո՞ւմ եք, արդյոք, այն վերաբերմունքը, որ այսօր ցուցաբերվում է մշակույթի, նրա նվիրյալների հանդեպ:
-Նախ ուզում եմ Ձեզ, սիրելի Ռուզաննա` որպես <<Ընկեր>> թերթի գլխավոր խմբագիր, շնորհակալություն հայտնել`անկեղծ խոսքերի ու գնահատանքի համար: Այսօր, ցավոք, ոչ բոլորն են գնահատում ճշմարիտ արվեստը: Ավելին, ճիշտ հակառակ վերաբերմունքն է`մեծարվում է այն, ինչն արժեք չունի: Խիստ գովելի է <<Ընկեր>> թերթի որդեգրած քաղաքականությունը` նպաստելու հայ ազգային երգարվեստի պահպանմանն ու զարգացմանը: Ինչի ենք այսօր ականատես: Հեռուստատեսությամբ ռեստորանային երգեր են ներկայացվում, հաղորդաշարեր կան, որ ուղղակի խեղդամահ են անում: Թարգմանված թուրքական երգերը հայերեն բառերով, առանց խղճի խայթ զգալու, երգում են: Այսօր արդեն ուրիշ հարթություն են դա տեղափոխել` այլ ազգերի երգեր են երգում: Եվ ոչ ոք դրա ձեռքը չի բռնում: Մինչդեռ մենք աշխարհին արժանիորեն ներկայանալու մեր արվեստն ու մշակույթն ունենք, մենք ինքներս կարող ենք ուրիշներին մերը նվիրել: Այսօր ով ինչ ուզում` անում է: Ոմանք, հանուն իրենց շահի, ազգային երգարվեստը ոտնատակ են տալիս: Բնականաբար, այս պայմաններում պետք է պետական խստագույն վերահսկողություն ու միջամտություն լինի: Կոմիտասը հայ ազգային երաժշտության հիմնադիրն է: Այսօր մեր հեռուստատեսությունն, արդյոք, նրան տեղ տալի՞ս է: Ցավոք, ոչ: Երբևիցե օպերային, դասական երգիչներին հրավիրո՞ւմ են եթեր… Նրանց փոխարեն այսօր ով ասես երգիչ ու երգի մասնագետ է և նրանք են եթերի տերն ու տնօրենը: Մի խոսքով, պետական համապատասխան մարմին է պետք, որ մաքրի ու մաքրազտի հայ երգարվեստը:
-Քչերին է հայտնի, պարոն Սահակյան, որ Դուք նաև երգերի, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ եք: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Այո, բացի կատարումներից, որոնք բազմազան ու հարուստ երգացանկից են, ունեմ նաև սեփական ստեղծագործություններ, իմ հեղինակած երգերը: Թվարկեմ դրանցից մի քանիսը` <<Աշխարհ ման եկա>>, <<Ղարաբաղ, հեքիաթ աշխարհ>>, <<Կգա օրը>> և այլն: Քըրք Քըրքորյանին նվիրված երգ ունեմ, այն սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար է, որպեսզի վալսային հնչողությունը կատարվի:
     Հարկ է մեր կողմից շեշտել, որ հայ երգարվեստի նվիրյալ Ռուբեն Սահակյանն ավելի շատ արտերկրում է ճանաչված, քան մայր հայրենիքում: Ավելին, նրան արտերկրում կոչում են հայկական Պավարոտտի: Մեզանում, ցավոք, նրան ոչ բոլորն են ճանաչում, մինչդեռ նա իրավամբ համընդհանուր ճանաչման ու գնահատականի է արժանի: Հայկական եթերի համար, ինչպես իր նման շատերը, նա հանիրավի անցանկալի արվեստագետ է: Չէ՞ որ մարդուն, առավել ևս մեծ արվեստագետին պետք է կենդանության օրոք գնահատել, արժանին մատուցել, այլ ոչ թե…
SHARE