Ձայնը բարձր է ու լսելի…

0
21

watermarked_Armen Karapetyan <<Ընկեր>>պարբերաթերթի ծնունդն ու գործունեությունը, մեր ժողովրդի դարավոր մենթալիտետով պայմանավորված, մեզ բնորոշող ու խորհրդանշող երևույթ են: Քանզի այն տարածում և արմատավորում է ընկերվարական ազնիվ բարքեր ու գաղափարներ, բարձր իդեալներ ու վսեմաշունչ ոգի: Իսկ ինչպիսին է եղել հայկական իրականությունը դարեր շարունակ: Մի՞թե բոլոր դարերի մեջ մեր միտքն ու հոգին չեն տենչացել ընկերվարական բարձր ու ջերմ արժեքների հաստատման ու առաջնայնության: Հայ մարդն իր բնածին խառնվածքով ու տարերքով, իր բուն էությամբ եղել է ու կա որպես ընկերվարական արդար ու արդարացի, հավասարատես արժեքների կրող և իրագործող: Պատահական չէ, որ հայերն աշխարհում առաջիններից էին, որ աներկբա հավատում էին սոցիալիստական /համայնավարական/ գաղափարների վերջնական հաստատմանն ու հաղթանակին:

 Եվ երբ 19-րդ դարում Եվրոպայում սկսվեց ընկերվարական գաղափարների բուռն զարթոնքը, հայ իրականության մեջ նույնպես ծնվեց համարժեք արձագանք: Ճիշտ է, ներկա պահին ամբողջ աշխարհում ընկերվարությունը ժամանակավոր տեղապտույտ է ապրում, բայց դա, իրոք, ժամանակավոր, անցողիկ պահ է, ոչ երբեք մնայուն ու հաստատուն: Անկասկած է, որ համայն մարդկությունն առաջ է շարժվելու զարգացման ընկերվարական մոդելներին հավատարմորեն ապավինած:

 <<Ընկեր>>պարբերականի առջև այսօր դրված է մեծ պատասխանատվություն և նույնքան մեծ ու կարևոր դերակատարություն: Մեղմացնել մեր երկրում առկա հոգևոր-բարոյական աննախադեպ լարվածությունը, դեմ կանգնել գռեհիկ, նյութապաշտական արժեքների արմատավորմանը, հային ո՛չ հարիր օտար բարքերի տարածմանը, որոնք խաթարում, քայքայում են ավանդական հայ ընտանիքն ու ավանդական գեղեցիկ հարաբերությունները:

 Կարծում եմ, որ պարբերականի խմբագիր Ռուզաննա Մանուկյանը և խմբագրակազմը սույն առաքելությունը կատարելու համար պետք է օգտագործեն ոչ միայն թերթի բարձր ամբիոնն ու հեղինակությունը, այլև իջնեն դեպի մեծ հրապարակներն ու հավաքատեղիները` առօրյա-ամենօրյա խոսքով և քարոզով ուղղորդելով ժողովրդական լայն զանգվածներին: Եվ եթե մենք կարողանանք համախմբել մեր հասարակության գերակշռող մասին բարձր ու վեհ նպատակների շուրջ, եթե կարողանանք պատնեշել ստի, ստորության ու ստորաքարշության ճանապարհը, ուրեմն կարևոր քայլ ենք կատարում դեպի ժողովրդավարություն և ընկերվարական հասարակարգ անցնելու ճանապարհին:

 <<Ընկեր>>պարբերականի ձայնը պետք է լինի բարձր ու վճռական և այն լսելի պետք է լինի ոչ միայն ողջ Հայաստանի տարածքում, այլև Սփյուռքում: Քանզի սփյուռքահայերը, որ թուրքական բիրտ քաղաքականության` ցեղասպանության զոհերի ժառանգներն են, ավելի շատ կարիք ունեն ապրելու ընկերվարական ու ժողովրդավարական ապահով հասարակարգերում:

<<Ընկեր>>պարբերականի խոսքն ու պատգամը շատ հասկանալի ու հոգեհարազա՛տ են յուրաքանչյուր հայի և համայն հայ ժողովրդին:

Արմեն Կարապետյան

Պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի

ավագ գիտաշխատող

SHARE