Ձգտելով առողջ ապրելակերպի,

0
23

մեզ ապահովագրում ենք շատ սովորույթների վնասակար ազդեցությունից…
Կենսլորտ
     2007 թ. հիվանդանոցի, պոլիկլինիկայի և շտապ օգնության ծառայության միավորման արդյունքում ստեղծվեց <<Աշտարակի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն: Այս միավորումն, անշուշտ, իր դրական ազդեցությունն ունեցավ, հատկապես` այն առումով, որ բուժհաստատությունը դարձավ միասնական, հետևաբար և` արդյունավետ ու հեշտ կառավարվող կառույց: Ամենակարևորը` հիվանդների առողջությանն ավելի լավ հետևելու, բուժման և հսկողության արդյունավետությունն առավել բարձրացնելու հնարավորություն ընձեռվեց: Միաժամանակ, հասկանալի է, այս ընթացքում աշխատանքի  ծանրաբեռնվածության ծավալն է զգալիորեն մեծացել, ինչը և համապատասխան պատասխանատվություն է ենթադրում: 
   Ինչպես տեղեկացանք բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանից, ամբուլատոր ծառայության գծով շատ հիվանդներ են ունենում` օրական 60-80 այց է գրանցվում: Հիվանդանոցային ստացիոնար բուժօգնություն տարեկան 2000-2200 մարդ է ստանում: Հիվանդների ձգտումը հիմնականում պետպատվերով բուժվելն է, ինչը, բնականաբար, գալիս է ընդհանուր սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակից. <<Ցավալիորեն, ինչպես ժողովուրդն է ասում, մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում: Ահա, մեզանում արմատացած այս հոգեբանությունը, մտածելակերպը պիտի արմատապես փոխվի, և յուրաքանչյուր ոք լավ գիտակցի, որ առողջությունից թանկ ու կարևոր բան չկա և չի կարող լինել իր համար: Չէ՞ որ հիվանդության կանխարգելումն ավելի դյուրին է, քան դրա հետագա բուժումը, ինչը և ավելի մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Ի վերջո, ուզես թե չուզես, բժշկի դիմելու անհրաժեշտությունը զգացվելու է… Ընդհանուր առմամբ, իմ համոզմամբ, առողջապահության լուսաբանման խնդիրները շատ ավելի մեծ տեղ պետք է գրավեն, և հարկ է անպայման համապատասխան մշակույթ ձևավորել մեզանում: Այո, առողջապահության մշակույթ>>…

  Անկախ ամեն ինչից, հիվանդների հոսքը մեծ է այնտեղ, որտեղ իրենց գործի մասնագետ բժիշկներ են և բուժսարքավորումներով հագեցվածությունը համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Այս առումով Աշտարակի բժշկական կենտրոնը լավ դիրքերում է: Ըստ կենտրոնի տնօրենի, շտապօգնության երկու նոր ավտոմեքենա ունեն` մեկը կառավարությունն է հատկացրել, մյուսը բարեգործական հիմունքներով են ձեռք բերել: Մնացածը 25-30 տարվա վաղեմության մեքենաներ են: Ստացել են նարկոզի նոր ապարատ, լաբորատոր սարքավորումներ և պահանջվող այլ պարագաներ, սակայն, այդուհանդերձ, տեխնիկապես համալրվելու անհրաժեշտություն դեռևս կա, զգացվում է: Կենտրոնի հիմնական խնդիրը բուժսարքավորումների և շտապօգնության մեքենաների նոր համալրում ստանալն է: Սպասում են որոշակի ծրագրերում ընդգրկվելուն: Նոր հնարավորությունները հիվանդությունները նորովի` արագ, անսխալ ախտորոշելու նախադրյալ կստեղծեն և, հետևաբար, կնպաստեն բուժօգնության արդյունավետության առավել բարձրացմանը: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, առհասարակ, շատ կարևոր է, որ մարդիկ ձգտեն առողջ ապրելակերպի, հեռու մնան վնասակար սովորույթներից, զբաղվեն սպորտով, պահպանեն սննդակարգը, աշխատանքի և հանգստի ռեժիմը, իսկ ֆիզիկական անհանգստությունների դեպքում անպայման դիմեն բժշկի…
      Ինչպես այնուհետև տեղեկացանք բուժհաստատության ղեկավարի հետ մեր զրույցից, կառավարության ծրագրով 2005-07 թթ. հիվանդանոցի որոշ հատվածներ վերանորոգման են ենթարկվել: Տվյալ խնդիրը դեռևս կա, ինչը ջանում են լուծել բարեգործական ծրագրերի, առանձին մարդկանց և ընկերների օգնությամբ: Հիվանդանոցին օգնում է մարդկային ռեսուրսների զարգացման <<Փյունիկ>> բարեգործական կազմակերպությունը: Նրա աջակցությամբ նաև վերանորոգվել են ընդունարանը, կանանց կոնսուլտացիայի բաժինը, վիրաբուժական բաժանմունքի մի քանի սենյակներ: 
       Խոսելով ընկերների աջակցության մասին, Արթուր Հովհաննիսյանն ասաց հետևյալը. <<Ինչքան լավ մարդ կա` իմ ընկերն է: Ընկերներս, իրոք, շատ լավ մարդիկ են: Լավ մարդ ասելով ես հասկանում եմ ազնիվ, բարի, գիտակ անձնավորություն, ով իր հնարավորությունների սահմաններում ձեռք է մեկնում ընկերոջը` շատ հաճախ օգտագործելով այն առավելագույնը, ինչն ունի: Իհարկե` այս ամենի դիմաց երբևէ փոխհատուցման ակնկալիք չունենալով: Ընկերը, կարիքի դեպքում, առանց պահանջի, առանց միջնորդության և առանց խնդրանքի պետք է առաջինը ձեռք մեկնի ընկերոջը` այդ մասին երբևիցե չբարձրաձայնելով: Այսպիսի ընկերությունն է հարատևում: Իմ ընկերությունը, պիտի վստահորեն ասեմ, հենց այդպիսին է: Ընկերներս տարբեր ոլորտներից են` շինարար, ինժեներ, դիվանագետ, բժիշկ, մանկավարժ և այլք: Ընկերության հարցում, առհասարակ, մասնագիտությունն էական դեր չի խաղում: Ամեն տեղ և ամեն ինչում էլ քեզ համար օգտակար հատիկ կարող ես գտնել: Մեր ոլորտում ամենամոտ ընկերս Լևոն Գրիգորյանն է: Գլխավոր բժիշկներից ընկերություն եմ անում Արա Հարությունյանի, Հայկ Շմավոնյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ: Հիվանդանոցին մշտապես օգնող ընկերներիցս են <<Փյունիկ>> կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ հայոց եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը, կազմակերպության հիմնադիրներից Գաբրիել Ջանբարջին, <<Մոսկվա>> կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը, Անդրանիկը, Խորեն Սահակյանը /ՌԴ/: Ընկերական շրջապատն այն տեղն է, որտեղ քեզ, որպես մարդ, կարող ես ներկայացնել, որտեղ քեզ լիարժեք ես զգում…>>:
       Հավելենք, որ Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ մեր հանդիպելու առիթը բժիշկների մասնագիտական տոնն էր, որն ամեն տարի նշվում է հունիսի 21-ին: Մեզ մնում է այդ տոնի առիթով ինչպես այս կենտրոնի կոլեկտիվին, այնպես էլ մեր երկրի առողջապահության ոլորտի աշխատողներին հաջողություններ մաղթել, ցանկանալ նրանց ամենայն բարիք, խաղաղ ու անամպ երկինք…
SHARE