Ձգտիր, ջանա ու աշխատիր

0
25
Բոլոր դժվարությունները տեղի կտան և անպայման հաջողության կհասնես…


Նպատակաուղղվածություն

    Հայկանուշ Ենոքյանը աշխարհի ամենամեծ` սերմեր արտադրող և առաքող <<Սեմինիս>> ընկերության էքսկլյուզիվ /բացառիկ/ ներկայացուցիչն է Հայաստանում: Սերմերի ներկրմամբ սկսել է զբաղվել տարիներ առաջ, երբ խորհրդային երկիրը քանդվել էր և ապրելը բավականին դժվարացել էր:
     Բիզնեսն սկսել է համակարգչի ձեռք բերման հետ, որի միջոցով գտել է սերմեր արտադրող ամենամեծ ընկերությանը` այդ կերպ դառնալով մեզանում արտասահմանյան սերմեր ներկրող առաջին անհատներից մեկը: Ժամանակի ընթացքում աստիճանաբար ընդլայնել է գործարարության ոլորտը: Գրագետ մոտեցում է ցուցաբերել շուկայի զարգացմանը: Նախապես այդ սերմերով փորձարկումներ է արել տարբեր վայրերում, համապատասխան ցուցադրություններ արել` հրավիրելով շահագրգիռ ֆերմերների: Բնականաբար, նոր սորտերի փորձարկումները կատարել է զանազան մարդկանց պատկանող հողատարածքներում, որպեսզի հնարավոր լիներ գործն առաջ տանել: Ժամանակ էր հարկավոր, պետք էր համբերել, մինչև մարդիկ հասկանային, որ իրենց պետք է տվյալ սերմը, վստահություն ունենային նրա որակական հատկանիշների նկատմամբ: Պահանջված ծախսերը կատարել է` զարգացնելով շուկան: Կարողացել է տվյալ ընկերության սերմերը բավարար տարածել, պատշաճ ներկայացնել, ինչի արդյունքում հնարավոր է դարձել էքսկլյուզիվ պայմանագրի կնքումը:
 -Սկզբում,-ասաց տիկին Ենոքյանը,-երբ զբաղվում էի սերմերի ներկրմամբ, իրացնելուց առաջ փորձարկելու անհրաժեշտություն էր առաջանում: Նախապես այդ փորձարկումներն անում էի ջերմոցային տարբեր տնտեսություններում, ինչի արդյունքներից այնքան էլ գոհ չէի: Թեև հետևում էի, բայց ի վիճակի չէի անմիջական վերահսկողություն իրականացնելու     մշակության գործընթացի վրա: Տեղի` իրենց մասնագետների միջոցով էի դա անում և շատ հարցերում համաձայն չլինելով, չէի էլ կարող իմ պահանջները թելադրել, քանի որ իրենց տնտեսությունն էր: Ահա թե ինչու իմ` սեփական ջերմոցային տնտեսությունն էր պետք ունենալ, որպեսզի կարողանայի տեր լինել իրավիճակի լիարժեք վերահսկողությանը: Թեկուզ և մեծ ծախսերի գնով, սակայն պետք էր այդ քայլին գնալ և հաջողության հասնելու իրական երաշխիքներ ստեղծել: Սկզբում հիմնեցինք 300 քմ տարածքով ջերմոցային տնտեսություն: Հետո արդեն այն ընդգրկեց 5000 քմ տարածք, իսկ այսօր արդեն 8000 քմ է: Աճեցնում ենք տարբեր բանջարեղեն` պղպեղ, սմբուկ, լոլիկ և վարունգ: Ընդ որում, ոչ միայն մեր սորտերն ենք մշակում, այլև Հայաստանում գործող մյուս ընկերությունների սորտերը, որպեսզի համեմատության հնարավորություն ստեղծվի, և տեղի ֆերմերները տեսնեն մերի առավելությունները: Անշուշտ, ժամանակ է պետք, որպեսզի տարբերությունները նկատելի դառնան, առավելություններն աչքի զարնեն: Ընկերության հետ կապը մշտական է: Հրավիրում են, սեմինարների ենք մասնակցում և այլն: Խորհրդատվական դասընթացներից հետո համապատասխան հավաստագիր են տալիս` վերապատրաստում անցնելու նպատակով: Պարբերաբար ջերմատուն են այցելում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գալիս են նաև բոլոր մարզերից` անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով…

      Հ. Ենոքյանը, ինչպես նշեցինք, մեր երկրում հոլանդական բարձրորակ սերմերի առաջին ներկրողն է, զբաղվել և զբաղվում է սերմերի վաճառքով, ինչն էլ իր հերթին խթանել է լոլիկի մշակություն ծավալելուն: Ավարտել է ԵՊՀ-ն, մասնագիտությամբ քիմիկոս է և այն ծառայեցնում է սեփական գործարարության արդյունավետության բարձրացմանը: Շատ է սիրում կարդալ: Պրպտող բնավորության տեր լինելով, շարունակ նոր հետաքրքրություններ է գտնում իր համար: Այն համոզմանն է, որ եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, ապա պիտի շատ ցանկանաս և դժվարություններից չվախենաս: Չպիտի խուսափես ծախսեր կատարելուց` վստահ ասում է կին գործարարը: Արդյունքը միանգամից չես զգա: Տիկին Ենոքյանի համար իր ամենամեծ ձեռքբերումը երեխաներն են, ում անմոռաց նվիրվել է, կրթել ու դաստիարակել: Թե° գործը, թե° երեխաներն անմոռաց նվիրում են պահանջում, ինչի դեպքում հաջողությունն ապահովված է: Ճիշտ է, այդ ընթացքում կորուստներ էլ ես ունենում, բայց ափսոսանքի զգացում չես ապրում…
SHARE