Ղեկավար լինելը որքան պատվաբեր

0
29

Այնքան էլ պարտավորեցնող ու բարձր պատասխանատվություն պահանջող է…

 Կենսափորձ

watermarked_Kotayq Mexradzor Karlen Hovhannisyan  <<Գյուղապետն առաջնահերթ պետք է նորմալ փոխհարաբերություններ ստեղծի իր բնակչի հետ,- ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը,- լսի, հասկանա, ընդունի մարդուն և բավարարի նրա ցանկությունն ունեցած հնարավորությունների սահմաններում: Այնպես անի, որ իր աշխատասենյակից գոհունակությամբ դուրս գա: Մեր համայնքում այս մթնոլորտն է տիրում: Մարդուն պետք է գնահատել, հասկանալ, մարդու արժեքն ու արժանապատվությունը բարձր պահել: Այո՛, բարձրացնել, ոչ երբեք` նսեմացնել: Ողջ կյանքիս ընթացքում սիրել եմ ընկերություն անել, ընկերությամբ կարող ես շատ բանի տիրանալ, շատ բան կարող ես անել: Այսօր մեր գյուղը զարգանում է, զարգանում` շնորհիվ այն բանի, որ ունենք ընկերներ, ովքեր բարեգործություն են անում, ձեռք մեկնում, ինչի արդյունքում կարողանում ենք ժողովրդի շահերից բխող աշխատանքներ կատարել, բարելավել մարդկանց կեցությունը: Ընկերների, համագյուղացիների միջոցներով բավականին մեծ գումար է ներդրվել և վերանորոգվել գյուղի նախկին <<ունիվերմագի>> շենքը` վերածվելով հանդիսությունների սրահի: Ընդ որում, առաջին հարկը տխուր, իսկ երկրորդն` ուրախ առիթների համար է: Գյուղացիների համար տրամադրվում է անվճար: Սուրբ Աստվածածին եկեղեցին է վերանորոգվել և այժմ գործում է` էլի ընկերների շնորհիվ…>>:

   Համայնքապետի ջանքերով, պետական և համայնքի բյուջեներից միջոցների ներդրմամբ, գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է, ապահովվել են խմելու ջրով: Մտահոգող հիմնական խնդիրը մնում է ճանապարհների ասֆալտապատումը, որն առաջնահերթ ծրագրերում է: Վերանորոգել են գյուղապետարանը: Մանկապարտեզը  14 տարի չէր գործում: Գյուղապետարանը, <<Փրկենք երեխաներին>> և <<Մարդը դժբախտության մեջ>> կազմակերպությունների հետ համատեղ, հիմնանորոգել է այն: Այսօր 87 երեխա նրա հյուրընկալ հարկի տակ է: Վերանորոգվել է մշակույթի տունը, որտեղ շատ խմբեր են գործում` պարի /տարիքային երկու խումբ/, ձյուդոյի, դհոլի, դուդուկի, դաշնամուրի: Գործում է նաև գրադարանը: Նախորդ տարի գյուղի <<Արցախ>> պարի համույթը Կոտայքի մարզում գրավեց 1-ին տեղը:

   Մեղրաձորի առաջընթացն ակնհայտ է` գյուղապետարանի և համայնքի բնակչության ջանասեր աշխատանքի շնորհիվ: Առհասարակ, տեղացիները հարգալից ու խելացի են, նրանց կրթական մակարդակը շատ բարձր է: Համայնքում առողջ, բարեկամական մթնոլորտ է տիրում: Գյուղապետի համար համայնքի նկատմամբ վերաբերմունքը  նույնն է, ինչպես իր սեփական տան, ընտանիքի պարագայում է. <<Չպետք է երբևէ առիթ տաս, որ հիասթափություն առաջանա մարդկանց մեջ: Ճիշտն այն է, որ և՛ աշխատանքդ բարեխղճորեն կատարես, և՛ մարդկանց ընդունես ու ճանապարհես մարդավարի: Ամեն մեկի տրված չէ ղեկավար լինել. ղեկավարը պետք է գրագետ լինի, բարձր մակարդակ ունենա, մարդկանց հոգսերը հոգա, կյանք տեսած, մարդկանց հետ շփված լինի…>>:

  Կառլեն Հովհաննիսյանը խորհրդային ժամանակաշրջանում 33 տարի աշխատել է ներքին գործերի համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ժողովրդի պահանջով է համաձայնել ընտրվելու համայնքի ղեկավարի պաշտոնում: Ամեն լավ գործ նրան հպարտություն է պարգևում: Իր օրը լցնում է գործերով, պարապ մնալ չի կարող. համայնքի համար անելու շատ բան կա, պիտի ամեն հնարավորություն  նպատակային օգտագործել: Բոլորս միասնական պիտի կառուցենք, շեն պահենք մեր տունը, մեր երկիրը` այս համոզմանն է պարոն Հովհաննիսյանը:

 <<Մեր գյուղապետից շատ գոհ ենք,- ասացին մեղրաձորցիները:- Գնահատելի են նրա և՛ մարդկայնությունը, և՛ ազնվությունը, և՛ բարությունը, և՛ գրագիտությունը, և՛ խելացիությունը: Բոլորին կաջակցի, հատկապես կարիքավորներին ձեռք կմեկնի: Մանկապարտեզը շուրջտարի գործում է: Աղբահանությունը և խմելու ջուրն անվճար են: Ամեն ինչով մարդկանց ընդառաջում է…>>:

   Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի խոսքերով, Հովհաննիսյանը շատ ուշադիր, բարեհամբույր, մեծատառով անձնավորություն է, շատ մարդկային, մարդկանց հոգս ու ցավով ապրող, հասնող ու ձեռք մեկնող: Միաժամանակ խստապահանջ է, հետևողական ու սկզբունքային: Նախորդ տարի լուսավորության, ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել, հուշաղբյուրն է վերանորոգվել և այլն: Համայնքում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Չնայած բյուջետային միջոցների սղությանը, զգալի ֆինանսական ներդրումներ են արվում համայնքում առկա խնդիրները լուծելու համար: Այստեղ համայնքի ղեկավարի կազմակերպչական ունակություններն են վճռորոշ դեր խաղում, նրա նվիրումն ու աշխատասիրությունը, որ լավ ու բարի օրինակ են շատերի համար…