Ճակատագրով, բախտով ու հոգով

0
21
կապված այս հողին, նրա մարդկանց և հայրենի եզերքը շենացնելու վեհ գործին…

Նվիրում

  -22 տարի ղեկավարում եմ Արտանիշ համայնքը,- մեզ հետ զրույցում անկեղծացավ համայնքապետ Կարեն Շուշանյանը:- Մինչև ՏԻՄ-երի ստեղծումը /1996 թ./, համայնքի ղեկավար ընտրվելը, գյուղխորհրդի գործկոմի նախագահն էի: 1992 թվականից անընդմեջ պետական համակարգում եմ եղել, պաշտպանել եմ մեր նորանկախ պետության, ժողովրդի, հարազատ կուսակցության շահերը: Ծառայություններս բարձր են գնահատվել: Հունիսի 8-ին ՏԻՄ հերթական ընտրությունն է, և ես կրկին առաջադրել եմ թեկնածությունս: Այնպես, ինչպես 22 տարի շարունակ պաշտպանել եմ մեր պետականության շահերը, այդպես էլ շարունակելու եմ գործել` նույն ոգով ու ջանախնդրությամբ, ժողովրդի հետ միասին, պետական կառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, իմ ընկերներով: Որպես արծվաշենցի, բոլոր թոհ ու բոհերը տեսած մարդ, հաստատակամ եմ իմ որդեգրած սկզբունքներն առաջ տանելու հարցում` ի շահ մեր պետության ու ժողովրդի: Իմ արտանիշցու համար հարազատ որդի եմ, հատկապես` տարեց մարդկանց, մարդիկ, որ իմ բանակն են, իմ ուժն ու հպարտությունը, ում զորակցությամբ միշտ հաղթանակներ եմ տանելու: Ինձանից փոքր և ավագ տարիքի ընկերներ ունեմ, ովքեր զորական քաջությամբ պաշտպանում են իմ շահերը, իսկ ես` ի պաշտոնե և հոգուս ու խղճիս պարտադրանքով, բոլորի, մեծ ու փոքրի շահերն ու հետաքրքրությունները: Արտանիշցիներն արտակարգ լավ ու բարի մարդիկ են: Նրանց ես մեծապես երախտապարտ եմ ու շնորհակալ բոլորից անխտիր: 22 տարի անընդմեջ իրենց քվեն ինձ են վստահել: Դա ժողովրդիս յուրօրինակ գնահատականն է իմ, աշխատանքիս հանդեպ, եթե վերընտրում են, ուրեմն հարգում ու գնահատում են, գիտեն, որ ինչ էլ, ինչպիսի պահ էլ լինի, իրենց հետ եմ լինելու, իրենց կողքին: Իմ մեջ շատ խորն է մարդկային արժանապատվության բարձր զգացումը, կարևորում եմ բարոյահոգեբանական գործոնի դերն ու նշանակությունը, ինչից էլ գալիս է այն վերաբերմունքը, որ ունեմ մարդկանց հանդեպ, նրանց արժանիորեն գնահատելիս ու մեծարելիս: Իմ անձը բոլորի համար է, պատրաստակամ ծառայելու յուրաքանչյուրին, կանգնելու ամեն մեկի կողքին թե՛ դժվար, թե՛ ուրախ և թե՛ տխուր պահերին: Թաղումներ են լինում, ավելի շատ` տարեցների, որ ամբողջությամբ վերցնում եմ ինձ վրա և անում այնպես, ինչպես իմ ծնողի, հարազատի համար կանեի: Ծերությունը, վաստակը սրբություններ են ինձ համար, որևէ տարեց իմ ամենօրյա ուշադրությունից դուրս չէ: Նաև ի պաշտոնե` բոլոր ուրախության և տխրության սեղանների ղեկավարն եմ, մեծ ու փոքր արարողությունների առաջնորդողը… Ինձ համար, որպես մարդու ու ղեկավարի, առաջին ու ամենակարևոր խթանը, ուժը եղել և մնում է ընկերությունը: Հպարտ եմ իմ ընկերներով: Նրանց հետ կյանքի բազում փորձությունների միջով եմ անցել, հազար ու մի դժվարություն տարել: Մենակ չեմ եղել երբևէ: Կողքիս մշտապես ընկերությունս է կանգնած: Կանգնել է իմ անշահախնդիր, մաքուր ախպերությունը: Արծվաշենցու թասիբը շատ մեծ է, իրար հետ, իրարով շատ հզոր ու անպարտելի են, հավատարիմ երդվյալ զինվորների պես, միմյանց անսահման նվիրված, իրար համար հոգի տվող: Ընկերներս հիմնականում Ճամբարակում են, գյուղում: Բոլորն էլ` ինչպես եղբայրներ: Մեծատառով մարդիկ, մեկը մյուսին գերազանցող: Մեր ընկերության մեջ խոսում է ճիշտը, գաղափարն է առաջին պլանում, մարդկայինը շատ մեծ է. իսկ ամենագլխավորը` արժանապատվությունն ու հարգանքը, որ ամեն ինչից բարձր ենք պահել: Ես ընկերությանս կյանքին մեռնեմ, բոլորի ցավն էլ տանեմ: Ընկերներս ինձ հետ են, ուրեմն հաղթանակն էլ ինձ հետ է, մեր բոլորինս է: Այդ հաղթանակով էլ մինչև վերջ գնալու եմ: Մաքուր, բարոյական, ազնիվ… Իրավունք չունենք այլ կերպ լինելու, սխալվելու կամ սայթաքելու իրավունք չունենք: Ամեն քայլը պիտի ճիշտ, հավասարակշռված լինի, դիմացինը երբևէ վատ վերաբերմունք չպետք է տեսնի մեր կողմից: Համայնքի ղեկավար լինելն առավել պարտավորեցնում է: Եթե այս սկզբունքները չգործեին, եթե ինչ-որ բան այն չլիներ, ապա, անկասկած, չէի կարող երկու տասնամյակից ավելի ղեկավարել համայնքը: Այս անգամ էլ վստահ եմ, որ իմ ժողովուրդը ինձ դարձյալ կվերընտրի` դրանով մեկ անգամ ևս հաստատելով մեր փոխադարձ սերն ու նվիրումը, կրկին ազդարարելով ճշտի ու արդարի հաղթարշավը…

   Բնականաբար, մեր զրույցում չէր կարող շրջանցվել նաև այս տարիներին կատարված աշխատանքների, արված գործերի թեման: Պարոն Շուշանյանից տեղեկացանք, որ գրեթե ամբողջությամբ փոխվել, նորացվել են համայնքի ջրագծերը: Արտանիշն այսօր խմելու ջրի խնդիր չունի, ապահովվածությունը հասնում է 97 տոկոսի: Ներքին ցանցն ամբողջությամբ նոր խողովակներով է: Համայնքի ուժերով եկեղեցի են կառուցել, առաջին անգամ նախկին ադրբեջանաբնակ այս տարածքները, կարելի է ասել, հոգևոր այս կառույցով հայացրել: Մշտապես բարեկարգում են ճանապարհները: Մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի, և համապատասխան ծրագրով շուտով ձեռնամուխ կլինեն դրան: Նախ տանիքը կնորոգեն, ապա կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին: Սեփական միջոցներով վերանորոգել են գյուղապետարանը: 
   Շենքի պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցված է մանկապարտեզի գործունեությունը: Արդեն բավարար է երեխաների անհրաժեշտ թվաքանակը, և ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից այն վերսկսի գործել: Դրան զուգահեռ, կդիմեն պատկան մարմիններին, որպեսզի մանկապարտեզի շենքի կառուցման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն: Նշենք, որ դպրոցի տարածքից մի քանի սենյակներ են ժամանակավորապես հատկացված մանկապարտեզի համար, ինչը, հասկանալի է, անհարկի դժվարությունների, անհարմարությունների պատճառ է դառնում և, ի վերջո, չի կարող լիարժեք ծառայել տվյալ նպատակին: Գազաֆիկացումն ընթացքի մեջ է, որոշակի աշխատանք արված է, միայն Շորժայից Արտանիշ հատվածում խողովակների վերանորոգման խնդիր կա, ինչը ԻՖԱԴ-ի հետ համատեղ ծրագրով պետք է շուտով իր լուծումը գտնի: Համայնքի ներդրման չափը 10 տոկոսի սահմաններում է: Դրանից հետո գյուղն արդեն բնական գազ կունենա:      
   800 բնակիչ ունեցող Արտանիշում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Ստացված կաթն ամեն օր մթերում են: Համայնքի գործող ղեկավարի համար առաջնահերթ են մանկապարտեզի կառուցման, գազատարի վերոնշյալ հատվածի և մշակույթի տան տանիքի վերանորոգման խնդիրները, որոնց լուծմանը առավել մեծ ջանքերով ձեռնամուխ կլինի վերընտրվելուց անմիջապես հետո: Անկախ ամեն ինչից, դրանք ներառված են համապատասխան ծրագրերում, և մնում է աշխատանքներին ընթացք տրվի: Ինչ վերաբերում է բուն ընտրությանը, ապա, պարոն Շուշանյանի հավաստիացմամբ, այն մաքուր ու արդար է անցնելու, օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են: 
    Կարեն Շուշանյանի խոստովանմամբ, երբ ստանում ես բնակիչներիդ 100 տոկոս քվեն, ապա ավելի նախանձախնդիր ու պարտավորված ես քեզ զգում, ջանում ես անգամ անհնարինն անել, որպեսզի երբևէ մարդկանց մեջ հիասթափություն  չառաջանա և խղճիդ առջև հանգիստ լինես: Եթե անգամ մտքովդ անցնի էլ թողնել աշխատանքը, ապա չես կարողանա նման քայլի գնալ` դա դավաճանության պես մի բան կդիտվի:Համայնքն ինչպես մի ջերմ ընտանիք լինի նրա համար, բնակիչները` ընտանիքի անդամներ: Անգամ այլ աշխատանքի անցնելու գայթակղիչ առաջարկները չեն կարող նրան սիրելի համայնքից ու բնակիչներից բաժանել: Պարզապես, չի կարող: Փոխադարձ նվիրում ու ջերմություն կա.
    -Ես նրանց շահերը պաշտպանեցի, նրանց նվիրվեցի, հարգեցի, ընդունեցի և այդպես էլ մնացի համայնքում, գնալու տեղ, կարելի է ասել, այլևս չունեմ: Արծվաշենցի լինելով, կապվել եմ այս մի կտոր հողին իմ ընտանիքի հետ և ապագա սերունդներիս հետ մնալու եմ այստեղ հավերժ: Երեխաներս ինձանից ժառանգում են այն, ինչ տեսնում ու զգում են, ինչն իմ ամենօրյա աշխատանքի ու գործունեության հիմքում է: Հավատացած եմ, որ կյանքում նրանց առաջնորդելու են  արժանապատվությունը, բարությունն ու մարդկայնությունը, հայրենի երկրի, պետության արժանավոր քաղաքացի լինելու բարձր պատասխանատվությունը: Իմ բարի համբավն ու հեղինակությունը կօգնեն ժառանգներիս այդ հարցում` միաժամանակ պարտավորեցնելով նրանց ավելին անել ու ձգտել հասնել առավելագույնին: 
   Ընկերությունը, Կարեն Շուշանյանի համոզմամբ, կյանքի առաջընթացի, կյանքի հաղթության ամենազոր ուժերից մեկն է, որ լուրջ գաղափար ունի իր մեջ: Պահեր են գալիս, երբ այն անգամ մոտիկ հարազատությունից ավելին է: Վստահ ու ուժեղ ես զգում քեզ, երբ կողքիդ հավատարիմ ու սրտամոտ ընկերներ ունես: Առանց ընկերության կյանքում շատ բաներ, պարզապես, իմաստից զուրկ կլինեին: Ընկերությունը ճիշտ, առողջ ապրելակերպ է, հոգևոր սնունդ, բավարարվածություն… Մարդու մեջ մարդկային որակները պիտի գերակշռեն, որպեսզի կարողանա ընկերություն անել, ընկերական շրջապատում արժանի տեղ ունենալ: 
    Արտանիշը փախստականներով բնակեցված գյուղ է: Տարբեր վայրերից գալով այստեղ, մարդիկ համակերպվել են իրավիճակին, հարմարվել, տուն ու տեղ դրել, մտերմացել միմյանց, ընկերացել: Այս ամենում, անշուշտ, իր մեծ դերակատարումն ունի համայնքի ղեկավարը` Կարեն Շուշանյանը, ով մշտապես կանգնել ու կանգնած է յուրաքանչյուր բնակչի կողքին` համախմբելով բոլորին նույն գաղափարի, նույն նպատակների շուրջ: Մեծ հոգու տեր անձնավորություն լինելով, նա պատրաստակամ ու նվիրումով համայնքի, նրա բնակիչների թիկունքին կանգնած է: Հայրենասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունն ու աշխատասիրությունը համայնքի գործող ղեկավարին յուրահատուկ գծեր են, որ փոխանցվում են իր շրջապատի մարդկանց, եկող սերնդին: Արծվաշենցուն բնորոշ շիտակությամբ, ազնվությամբ, արժանապատվությամբ ու պատվախնդրությամբ շարունակում է հարազատ գյուղի շենացման ու զարգացման գործը` Արտանիշի տարեգրությանը նոր ու հրաշալի էջեր ավելացնելով…
SHARE