Ճակատագրով դատապարտվածներս

0
11
Անվստահության ու թշնամանքի մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության ու փոխվստահության բարենպաստ միջավայր…
   Ոչ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ մեր քաղաքացին արդարացիորեն խոր հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից, հետևաբար և չի վստահում նրանց: Դժվար է, թերևս, բնութագրել ներկայիս Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Իրավիճակ, որին բնորոշ են արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը, գործարար միջավայրի վատթարացումը և ամենացավալին` համատարած հուսալքությունը…
   Հայաստանն, ընդհանրապես, դուրս է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր հնարավոր պատկերացումներից ու չափագծումներից: Մեզանում մեծ են թշնամանքն ու անհանդուրժողականությունը, իշխանության ու ընդդիմության միջև չափից ավելի անջրպետ ու անվստահություն կա: Այս ամենն, անշուշտ, ներազդում է ինչպես հասարակական կյանքի, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունների վրա, ինչից որևէ օգուտ չկա և չի կարող լինել: Միմիայն վնաս, միմիայն ատելություն ու անհեռանկար փնտրտուք: Մինչդեռ պիտի լավ գիտակցել, որ բոլորս էլ նույն նավի մեջ ենք և ճակատագրով դատապարտված ենք միասին ապրելու, միասին առաջ գնալու…
   Միանշանակորեն, հայաստանյան քաղաքական ուժերն էական բարեփոխումների, փոփոխությունների կարիք ունեն: Խոսքը, մասնավորաբար, ծրագրային, կադրային, կառուցվածքային և, առհասարակ, համակարգային բարեփոխումների մասին է: Պետք է հստակ գիտակցել պետության և ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությունը, վեր կանգնել նեղանձնային շահերից ու հետաքրքրություններից և ելնել իրապես ժողովրդի, հասարակության առաջնահերթություններից: Մի կարևոր հանգամանք ևս` մեր թշնամիները կոնկրետ մարդիկ չեն: Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է` կոռուպցիան, անարդարությունը, աղքատությունը, անվստահությունը, հուսահատությունը…

   Այսօր, մեր համոզմամբ, հրատապ ու առաջնային է նոր, առողջ ու իրատեսական քաղաքական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Դժվար չէ տեսնել, որ խոր անջրպետ գոյություն ունի ժողովրդին հուզող խնդիրների, հոգսերի և քաղաքական ուժերի օրակարգի, քայլերի ու գործունեության միջև: Այդ բացն ակնհայտորեն նկատվում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ասեկոսեն, մանր-մունր փոխհրաձգությունները, ինտրիգն ու խարդավանքն են դարձել օրակարգային հիմնական խնդիրները: Մեր հասարակության ակտիվ մասը, կարելի է ասել, զբաղված է այս ամենով: Չկա սրտացավություն, անշահախնդրություն, գաղափարական բանավեճ, որ հուզի հասարակությանը, վեր հանի մեր երկրի, մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները: Չես զգում անգամ նման որևէ ցանկություն կամ փորձ…
   Որքան ցավոտ խնդիրներ ունենք, որ պետք է մեր օրակարգում լինեին: Ցավոք, դրանք արհամարհվում ու անտեսվում են: Միգուցե, շատերն իրոք չեն գիտակցում դրանց լրջությունն ու ծավալները, որոնք կանգնած են այսօր մեր պետության առջև: Մինչդեռ այդ խնդիրների քննարկումն ու լուծումների առաջարկումը շատ ավելի կարևոր են մեր ժողովրդի համար, քան բամբասանքներն ու արհեստական լարվածության առաջացումը, ժողովրդի հոգս ու ցավով <<հալումաշ>> լինելու իմիտացիան…
SHARE