Ճամպրուկային… փակուղի

0
13

Այն հիմնախնդիրները, որոնք առնչվում են Հայաստանի յուրաքանչյուր բնակչի կենսամակարդակի բարելավմանը, պահանջում են արմատական և առանց հետաձգման լուծումներ…

    Ոչ ոք չի ժխտի, անշուշտ, որ մեր երկրում իսկական փոփոխությունների կարիք կա` և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական: Եթե մենք չպայքարենք դրանց համար, ապա առավել խորանալու են խնդիրները: Այո, երկիրն այսօր թաղված է անարդարության մեջ, կաշառակերության մեջ, կեղեքումների մեջ: Սրա մասին արդեն իշխանություններն են խոսում: Նախագահի վերջին ելույթը կառավարությունում և դրան հաջորդած բոլոր ելույթներն այս մասին են վկայում:
  Օրենքի խախտումը, մարդու տարրական իրավունքների անտեսումը, պաշտոնատար անձանց կամայականությունները համատարած երևույթ են դարձել հատկապես սոցիալական ծառայություններում: Արդյունքում տարբեր եղանակներով վատնվում ու յուրացվում են պետության առանց այն էլ սուղ դրամական միջոցները, նսեմացվում է հասարակության սոցիալական անապահով խավի, հաշմանդամների և անպաշտպան մարդկանց արժանապատվությունը:
   Այլ կերպ ասած, Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից, այս ճահճից, կարելի է ասել նաև` հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային, արմատական բարեփոխումները: Մյուս կողմից, այն մարդիկ, ումից են միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ: Իսկ դա` այն պատճառով, որ դրանք վտանգելու են նրանց քաղաքական ու տնտեսական մենաշնորհները: Այսօր, ցավոք, այդ մենաշնորհները պահելու համար մեր ժողովուրդը շատ մեծ գին է վճարում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ձևավորվել են մենաշնորհային տնտեսություն և մենաշնորհային շուկա: Տիրապետելով որոշակի ոլորտի և մենաշնորհի, անհատ տնտեսավարողը շուկայում հաստատում է իր ցանկացած գինը: Այդ գինը ոչ մի կերպ չի արձագանքում ո՛չ ներքին և ո՛չ էլ համաշխարհային տնտեսական գործընթացներին: Պարենամթերքի շուկայի հիմնական խաղորդները հանրությանը քաջ հայտնի մարդիկ են, ում հետ բաժնետեր են իշխանական բուրգի ամենաբարձր դիրքերում գտնվող որոշ պաշտոնյաներ:

  Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու և կյանքն արժանավայել դարձնելու համար: Բայց և, միաժամանակ, այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից են կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում` սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ժամանակն է գիտակցելու, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Միանշանակ է այն, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումն ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ, առաջընթաց կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Ընդհանուր հաշվով, այդ ամենի արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ այս տարիներին ունեցել ենք, այլև դրան կգումարեինք նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: 
  Այսօր մեր երկրում հազարավոր հայաստանցիներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին` իրենց վերջնական որոշումը կայացնելու համար: Անկախ այդ ամենից, համոզված պետք է լինել, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովրդի հույսը երկրի և սեփական ապագայի հանդեպ…
SHARE