Ճանաչել, ընտրել, վստահել

0
40

Պատվախնդրություն

 ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ (Գորիսի գլխավոր ճարտարապետ)

  -Գորիսը կոլորիտային քաղաք է` թե՛ ճարտարապետական տեսքով, թե՛ առանձնատների ամբողջական կառույցով, թե՛ շինարարական մշակույթով և թե՛ բնակչության նիստ ու կացով: Առանձնահատուկ է նաև այն բանով, որ նախագծման հենց սկզբից ունեցել է ջրահեռացման, կոյուղու ներքին համակարգ: Այս ամենն, անշուշտ, ենթադրում է, որ ամեն ինչ պիտի արվի եղածը պահպանելու և ստեղծածը զարգացնելու, կատարելագործելու ուղղությամբ, այնպես չէ՞:

   -Գորիսը 1870-ական թվականներից քաղաքի կարգավիճակ է ունեցել: Եզակիներից է, որ մի հատակագծով, հին քաղաքի բազայի վրա է կառուցապատվել` որպես յուրօրինակ խաչմերուկ: Գորիսը պահպանել է իր դեմքն ու դիմագիծը, ինչում անչափ մեծ է նրա բնակիչների պատվախնդրությունը: Զբոսաշրջիկներն էլ զարմացած են մնում, որ մեր բնակավայրն այդպես շարունակում է իր ընթացքը: Այս տարի Գորիսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական քաղաքների ցանկում: 240-րդն ենք աշխարհում` Էջմիածնից հետո: Զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություն ունենք արդեն, և ՀՀ կառավարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվում մեր քաղաքի նկատմամբ: Գորիսեցիների սերն իրենց քաղաքի նկատմամբ շատ ուրիշ է, կարելի է ասել` հասնում է պաշտամունքի աստիճանի: Այդքան մեծ պատվախնդրություն, թերևս, չես տեսնի մեկ այլ տեղ: Առաջնորդվել են այն հոգեբանությամբ, որ նախ քաղաքի, իրենց առանձնատան արտաքին տեսքը պատշաճ բարեկարգեն, ապա մտահոգվեն ներքին հարդարման և այլնի մասին: Տները հավասարաչափ են կառուցված: Միակ քաղաքն է Հայաստանում, որտեղ նախ նախագիծն է արվել, ապա սկսվել կառուցապատումը, ինչի շնորհիվ էլ շատ գեղեցիկ է: Նախատեսվում են մոտ 6 մլն դոլարի ներդրումներ, քանզի, որպես տուրիզմի կենտրոն, շատ հետաքրքիր բնական լանդշաֆտ ունի, կլիմայական յուրօրինակ գոտի է, մաքուր ու գրավիչ: Գորիսն իր հրապուրիչ ու կարևոր դերը պահպանել է նաև տեղի իշխանության ջանքերի շնորհիվ: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեգործական ներդրումների արդյունքում այն քիչ նման բնակավայրերից է, որ հրապարակ ունի: Հրապարակը կառուցվել է մարզպետի անձնական միջոցներով, իսկ նախագծի հեղինակը ես եմ: Նախանձախնդրությամբ ենք առաջնորդվում` մեր քաղաքի կառուցապատման աստիճանը նոր մակարդակի հասցնելով: Էլ չեմ ասում, որ առաջնահերթ ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարվի, և այն ներդրողների համար շարունակի հրապուրիչ մնալ: Արտասահմանցիների կապն է գնալով սերտանում Գորիսի հետ, բազում նախագծեր ու հեռանկարային ծրագրեր կան: Հատկապես` պատմաճարտարապետական կառույցները վերականգնելու, նորովի տեսնելու, դրանց նոր շունչ ու ոգի հաղորդելու և ներկայացնելու ուղղությամբ:

   -Խոսենք առաջիկա հանրաքվեից: Ի՞նչ մտորումներ, խոհեր ունեք այդ առթիվ:

  -20 տարի համայնքային ծառայություններում եմ աշխատում և կարող եմ փաստել, որ մեր ավագանու ինստիտուտը կայացել է, ինչի առթիվ էլ ուզում եմ մի համեմատություն անել: Մենք նախագահի ընտրություն ենք արել, բայց ըստ էության չենք իմացել, թե թեկնածուն ով է: Դեռևս չենք հասել այն մակարդակին, որ իր նախընտրական ծրագրից ելնելով սկսենք իրեն ընտրել: Իրականում, մենք ընտրում ենք այն մարդուն, ում շատ լավ ճանաչում ենք ու վստահում, իսկ եթե այդպես է, ապա նա էլ թող մյուսների հետ ընտրի այն մեկին, ում իրենք ճանաչում են ու ցանկանում, որպեսզի նա ղեկավարի: Ավելի որոշակի ասած, ճանաչում եմ պարոն Խաչատրյանին, ուրեմն նրան էլ պիտի ընտրեմ (կամա թե ակամա` այդպես էլ ստացվել է), հայրս, որ 90 տարեկան է, նույնպես նրան ընտրի, քանզի ճանաչում է և այդպես շարունակ: Անունն ինչ ուզում են` թող դնեն, խոսքը կառավարման մոդելի մասին է, համենայնդեպս, մենք ընտրում ենք տեղացուն, ով մյուսների հետ իրենց շարքերից ընտրում է ղեկավարին: Սա, իմ կարծիքով, ճիշտ ղեկավարման ձև է: Ինչու բերեցի մեր ավագանու օրինակը. 1990-ական թթ. ավագանի, որպես այդպիսին, չունեինք, ամեն ինչ միանձնյա էր, իսկ այսօր արդեն ավագանու այդ 15 անդամը լուրջ գործոն են, խնդիր են լուծում: Ահա նույնը, իմ համոզմամբ, կարող է լինել խորհրդարանական կառավարման դեպքում: Եվ այս պարագայում մնացած ամեն ինչ կարելի է ենթաօրենսդրական ակտերով կարգավորել: Անվտանգության մասին է խոսվում. կարելի է ծայրահեղ դեպքերում ամեն խնդիր կարգավորել և հայրենիքը պաշտպանել: Միայն թե` մարդը ճանաչի, ապա միայն ընտրի, իսկ հետո վստահի, որ այդ մարդը ուրիշ մեկի ընտրի. սա ամենագլխավորն եմ համարում: Չէ՞ որ, պատգամավորին էլի ժողովուրդն է ընտրում, ժողովրդի կամքով է կատարվում: Եթե իմ պատգամավորին ճանաչելով ընտրում եմ, ուրեմն թող նա էլ ընտրի երկիրը ղեկավարողին: Նրան, ով արժանի է պետությունը ղեկավարելուն: Ոչ մի Սահմանադրություն, ոչ մի կուսակցություն ժողովրդի վատը չի ցանկանում: Բոլորն էլ, համոզված եմ, ուզում են լավ բան անել: Մնացած հարցերը կարելի է ուղղակի շտկելով, օրենսդրական ակտերի միջոցով կարգի գցել: Ահա թե ինչու իմ ընտրությունը <<Այո>>-ն է: Ճիշտ է միանշանակ, երբ մեր ներսի մարդուն ճանաչելով` ընտրում ու վստահում ենք նրան և կարողանում իրենից էլ պահանջել: Մեր ընտրած մարդն անմիջականորեն պատասխանատու է լինելու մեր առջև…

SHARE