Ճիշտը մատաղի պես բան է, պիտի բոլորն ընդունեն

0
261

Համոզված է Լանջազատի համայնքապետ Հրայր Հակոբջանյանը

Հավատարմություն
   Արարատի մարզի Լանջազատ գյուղում վերջին ժամանակաշրջանում կատարված աշխատանքները շատ են: Դրանցից մեկը և, թերևս, առավել նշանակալին մարզադպրոցի կառուցումն էր: Այն իրականացավ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` արժենալով 86 մլն դրամ: Մոտ 84 մլն դրամ արժողությամբ ծրագրով համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցն է փոխվել, իսկ ոռոգման համակարգում <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով 29 մլն դրամի աշխատանք է կատարվել: Գերեզմանատուն խմելու ջուր է անցկացվել: Մշակույթի տան տանիքն է փոխվել: Ճանապարհներն են ասֆալտապատվել, խճապատվել: Ամեն շաբաթ աղբահանություն է կատարվում և այլն: 
  Նշելով այս ամենի մասին, համայնքի ղեկավար Հրայր Հակոբջանյանը նաև տեղեկացրեց, որ մարզադպրոցի հանդիսավոր բացումը կլինի շուտով, և մնացել է լուծել միայն մարզիչների գալու հարցը: Գործելու են ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի խմբակներ:
   -Ես ժամանակին մարզիկ եմ եղել,- ասաց պարոն Հակոբջանյանը,- զբաղվել եմ ձյուդոյով, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, միութենական մրցումների մասնակից: Մեր գյուղում միշտ էլ սպորտը կարևորվել է, մեր երեխաների սպորտով զբաղվելու ձգտումը միշտ էլ մեծ է եղել: Ահա թե ինչու պարտավորված ենք նրանց թև ու թիկունք լինելու և օգնելու, որպեսզի հնարավորություն ունենան բարձր արդյունքների հասնելու նաև միջազգային մրցասպարեզներում: Թեև նախակրթարան ունենք, բայց մտադիր ենք այն մանկապարտեզ դարձնել: Մեր համագյուղացի Իշխան Զաքարյանը խոստացել է այդ նպատակով համապատասխան մահճակալներ տրամադրել: Առհասարակ, պարոն Զաքարյանը շատ հարցերում է գյուղին օգնել ու շարունակում է օգնել: Մշտապես գյուղի հետ է, ինչ հարցով դիմել ենք` ընդառաջել է: Այսօր շատ հարցերում որոշիչ դեր են խաղում ընկերական փոխհարաբերություններն ու շփումները, ինչի արդյունքում շահում են համայնքները, շահում են բնակիչները: Բնակչին, անկախ քո իրավասությունից ու հնարավորություններից, պարտավոր ես օգնել, աջակից լինել: Այո, մարդուն, որ իրեն մտահոգող ցանկացած հարցով քո <<դուռն է բախել>>, պիտի օգնել հնարավոր բոլոր միջոցներով: Ժողովրդի հոգս ու ցավով պիտի ապրես և յուրաքանչյուրին վերաբերվես ինչպես քո ընտանիքի անդամի: Ինչպես ընտանիքում հորդ ես ընդունում, այնպես էլ համայնքում ավագներին պիտի վերաբերվես, և այդ հարգանքը, բնականաբար, փոխադարձ է լինում: Հարգանքն ու վստահությունը ձեռք են բերվում քրտնաջան ու նվիրված աշխատանքով…

    Պատվավոր ընտանիքի, հարգալից հոր զավակ լինելով, Հրայր Հակոբջանյանը շատ բան է ժառանգել ավագներից` ապրելով ճիշտ ու արժանապատիվ  կյանքով.
  -Հորս` Ռոբերտ Հակոբջանյանին, շատ եմ նման բնավորությամբ: Նա հզոր մարդ էր, ազատամարտիկ: Նրանից հայրենասիրություն, ընկերասիրություն, մարդկանց օգտակար լինելու անսահման ձգտում ու պատրաստակամություն եմ ժառանգել: Մեծ հարգանք ուներ, շատ ընտանիքների քավորն էր, երեխաների կնքահայրը: Նրա գործն այսօր ես եմ շարունակում` հորս պատիվը միշտ բարձր պահելով: Մեր ընտանիքի անդամները գյուղի հոգսերով ապրող մարդիկ են եղել, ինչը մեր պապերից է գալիս: Պապերս այս կողմի, տարածքի  մելիքներն են եղել: Ինչպես հայրս ժամանակին, այնպես էլ ես այսօր զովաշենցիների կողքը կանգնած եմ: Ընկեր լինելու գաղափարը շատ ամուր է նստած մեր մեջ: Ընկերոջը դու ես ընտրում, եղբորդ Աստված է տալիս: Ինչպիսին դու ես, այնպիսին էլ ընկերդ է: Շատ ընդհանուր գծեր են պետք ընկերություն անելու համար: Ընկերը պիտի ազնիվ, հայրենասեր, անդավաճան լինի, կողքիդ կանգնած լինի անհրաժեշտության դեպքում: Վախկոտներին չեմ ընդունում, տղամարդկություն պիտի ունենալ: Ունեմ մտերիմ ընկերներ` Արմենը /Ֆրանսիայում է/, Վարդանը /ՌԴ-ում է/, Արամիկը: Թեև հեռու են, բայց հեռախոսային կապը գրեթե ամեն օր է: Առանց ընկերոջ անհնարին է, և ես ապրում եմ ընկերությամբ: Առաջնահերթն, իհարկե, ընտանիքն է: Եթե ընտանիքիդ չհարգես, ապա ընկեր չես ունենա: Տարիների հետ ընկերներով հարաբերվելու ձևերը փոխվում են: Ամեն տարիք, ամեն ժամանակաշրջան իր հետաքրքրություններն ու պահանջներն ունի: Ցանկացած պատեհ առիթ օգտագործում ենք ընկերներով հավաքվելու համար: Մրգավանի նախկին գյուղապետ Սուրիկ Դավթյանի հետ եմ շարունակում ընկերությունը: Բոլոր համայնքապետերի հետ էլ բարի դրացիական ու ընկերական են փոխհարաբերությունները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեծ կարևորություն է տալիս ընկերությանը, նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը նույնպես այդ հանգամանքը չէր անտեսում: Բոլորիս մեջ մեր ղեկավարութունը սերմանել է փոխադարձ հարգանք, հավատ ու վստահություն: Պարոն Բարսեղյանը շատ փորձառու ղեկավար է, կյանք տեսած, կյանքի բովով անցած, մեծահոգի ու լայնախոհ: Ավագ ընկեր է մեզ համար: Նրա օգնությամբ 25 մլն դրամի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում է կատարվել: Խոստացել է օգնել նաև դպրոցում 54 մլն դրամի վերանորոգման ու նորացման աշխատանքներ կատարելու հարցում: Բոլոր խնդիրներում համայնքների ղեկավարների, բնակիչների կողքին կանգնած է: Շատ բարի մարդ է…
  Ինչպես այնուհետև մեր զրույցում շարունակեց պարոն Հակոբջանյանը, գյուղում խնդիրները դեռևս շատ են, և բոլորն էլ` կարևոր: Առավել մտահոգողը վերևի թաղամասում 120 հեկտար խաղողի այգիների ճակատագիրն է, որ ջուր չլինելու պատճառով ոչնչացման վտանգի առջև են հայտնվել: Պոմպակայանի հարցի լուծման դեպքում տվյալ խնդիրը կբավարարվի: Գյուղապետարանի շենք է հարկավոր, եկեղեցի չկա, ճանապարհների նորոգում է պահանջվում, սեփական աղբատար մեքենա է անհրաժեշտ, երեխաներին դպրոց հասցնող փոխադրամիջոց և այլն: Շատ աշխատանք արվել է, շատերն էլ իրենց հերթին են սպասում…
   Խոսելով վերջերս ավարտված ՀՀ նախագահի ընտրությունների մասին, համայնքապետը նշեց, որ ընտրողների 77 տոկոս ձայն են ապահովել գործող նախագահի համար: Նրա խոսքերով, եթե կառուցենք գյուղը, ապա կկառուցենք նաև պետությունը: Համայնքի բնակիչները ցանկանում են վերականգնել գյուղի նախկին` Զովաշեն անվանումը: Տվյալ հարցով դիմել են մարզպետին: Ընդհանուր առմամբ, այստեղ մարդիկ լավատես են և իրենց ապագայի հույսերը կապում են ինչպես տեղի, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարության հետ…
SHARE