Ճիշտ ապրել, ճիշտ գործել

0
50

Սկզբունք

Հավատարիմ մնալով մարդկային սրբություններին

Արագածոտնի մարզի 3600 բնակիչ ունեցող Ուջան համայնքում ամենից շատ դեղձի մշակությամբ են զբաղվում: Այո՛, Ուջանի դեղձը հանրահայտ է ու գովելի: Համայնքապետ Առաքել Հարոյանի խոսքերով, այս տարի գյուղացին մեծապես տուժեց կարկտահարությունից` զգալի կորուստներ կրելով: Բնական աղետի  վնասները կարող էին ավելի մեծ լինել, եթե գյուղի տարածքում 3 հակակարկտային կայան տեղադրված չլիներ: Վնասների պատճառ են դարձել նաև ուժեղ աննախադեպ քամիները: Գարնան ցրտահարությունից վնասվեց ծիրանենին: Դեղձի վիճակն էր լավ, բայց նրան էլ կարկուտն է վնասել:

Պարոն Հարոյանը նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրելու է թեկնածությունը, մնում է ժողովուրդը որոշի` ում տալ իր քվեն: Ինքը վստահ է իր արած գործով, կարևորը թողածն է, ուստի և թող մարդիկ իրենց գնահատականը տան: Արածն ու դրածը չեն մոռացվում, բարի խոսքն ու վերաբերմունքը չեն անտեսվում, ժողովուրդն իր վերաբերմունքն այս կամ այն կերպ արտահայտում է: Ամենակարևորը` սիրում է իր գյուղը, իր գյուղացուն.

-Համայնքի ղեկավարի աշխատանքում առաջնահերթը մարդ լինելն է, չուրանալը, չստելը, գյուղի նկատմամբ սրտացավ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելը: Գյուղն իմ մեծ տունն է… Լավ կլիներ, որ գյուղացիներն ասեին, բայց չեմ կարող ինքս իմ հերթին չնշել, որ մինչև իմ գալը գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Այս 8 տարվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել: Շնորհակալ եմ մարզի ղեկավարներից, կառավարությունից, երկրի նախագահից` ինչ ծրագիր ներկայացրել եմ, դրական վերաբերմունքի է արժանացել: Խոսքը տասնյակ ծրագրերի մասին է: Ծրագրեր, որոնց իրականացումը  հսկայական դրամական միջոցների ներդրումներ է պահանջել: Հրաշալի մանկապարտեզ ունենք: Հիմա 100 մլն դրամ արժողության աշխատանքներ են իրականացվում տարածքային զարգացման ծրագրերով: 2-րդ մասնաշենքն ենք վերանորոգում` իր շրջակայքով, ճանապարհով, խաղահրապարակներով: Միաժամանակ` կառուցման աշխատանքներ են ընթանում: Գազաֆիկացում ենք անցկացրել, ներքին ցանցը ձգվել է ավելի քան 37 կմ: Խմելու ջուր ենք բերել: Տասնյակ կիլոմետրեր ոռոգման ցանցեր ենք վերանորոգել: Ամբուլատորիա ենք կառուցել: Խմելու ջրի 100-տոննանոց ջրամբարներ ենք գործարկել: Սգո հանդիսությունների սրահ ենք նախատեսում կառուցել: Ընթացիկ տարում մշակույթի տան տանիքի վերանորոգումը կընթանա: Մտադիր ենք եկեղեցի կառուցել և ճանապարհների հիմնական վերակառուցումներ իրականացնել: Այս ծրագրերը կյանքի կոչելով, կշարունակենք գյուղի գլոբալ խնդիրների իրագործումը: Ուջանը հայտնի գյուղ է` Զորավար Անդրանիկով, ֆիդայիներով, ազատամարտի մասնակիցներով: Ուջանցին որտեղ էլ լինի, կապը հայրենի եզերքի հետ պահպանում է, ջանում իր նպաստը բերել նրա առաջընթացին: Մեծ տոնախմբություններ ենք կազմակերպում, ազգային տոներ հանդիսավորությամբ նշում: Շատ է լինում մասնակիցների թիվը:

Խոսք գնաց նաև ընկերության մասին: Առաքել Հարոյանը ընկերներին գնահատող, ընկերությունն արժևորող անձնավորություն է. <<Ես աշխարհի բոլոր ծայրերում էլ լավ ընկերներ ունեմ, անգամ` այլազգի: Ընկերներս աստվածային մարդիկ են, որովհետև մաքուր ենք. կա՛մ կանք, կա՛մ չկանք: Ընտանիքներ ենք վստահում ընկերությանը, միմյանց նկատմամբ հոգատար ու սրտացավ ենք: Մարդը պիտի իր երկիրը չուրանա, ծնողի հարգանքը պահի, հավատարիմ լինի ընկերոջը: Հալա՛լ ապրի… Ընտանիքն, իհարկե, սրբություն է: Ընկերներս ինձանից ավելի տարիքով են: Ընկերությունը պահպանելու համար միայն ազնվություն է հարկավոր: Առանց ընկերոջ կյանքը շատ անհետաքրքիր կլիներ: Ընկերը հանգստություն է տալիս…>>:

SHARE