Ճիշտ վերաբերմունքի, մոտեցման դեպքում

0
12

անհարկի խնդիրներ, դժվարություններ չեն առաջանում…
   Մանուկ Օհանյանը 2002 թվականից ղեկավարում է Արարատի մարզի Ռանչպար համայնքը: Այս տարիներին բազմաթիվ խնդիրներ գտել են իրենց լուծումը, սակայն կան այնպիսիները, որոնք դեռևս լուծման փուլում են, ինչը և առաջ տանելու, կիսատը ավարտին հասցնելու նպատակով էլ գործող գյուղապետն առաջադրել է թեկնածությունն ընթացիկ կիրակի կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանը: Ինչպես պարոն Օհանյանն ասաց, իր աշխատած տարիների գնահատականը պետք է տա համայնքի բնակիչը, ինչը կարտահայտվի բուն ընտրության օրը և կորոշվի դրա արդյունքով. <<Գյուղի համար արել եմ այն, ինչը կարողացել եմ` իմ ուժերով, բարեկամների ու ընկերական շրջապատի օգնությամբ: Կան աշխատանքներ, որոնք առաջ եմ տարել ոչ թե փողի, այլ ընկերներիս միջոցով, այսինքն` հարգանքի ու վստահության շնորհիվ: Մասնավորապես, գյուղի բոլոր ճանապարհները վերանորոգել եմ առանց դրամ ծախսելու: Նոր թաղամասում ՀԷՑ-ի միջոցով, առանց համայնքի բյուջեից որևէ հատկացում կատարելու, լուծվել է հոսանքի հարցը, ընկերության հաշվին անցկացվել են էլեկտրագծեր, տեղադրվել են նոր հենասյուներ, հաշվիչներ ու ենթակայան:

Հորատվել է 3 արտեզյան հոր` ապահովելով բնակչության թե խմելու, թե ոռոգման ջրի պահանջը: Գյուղն առայժմ գազաֆիկացված չէ: Երկրի նախագահն անձամբ է խոստացել այս տարի բավարարել այդ խնդիրը: Նախագիծն արդեն կազմված, պատրաստ է: Տրանսպորտի և կապի նախարարության միջոցներով վերակառուցվել է Սև ջուր գետի վրայով անցնող կամուրջը: Վերանորոգվել է գյուղապետարանի շենքի տանիքը: Խնայված դրամական միջոցներն էլ նպատակաուղղում ենք սոցիալապես անապահով, պատերազմում զոհվածների ընտանիքների և այլ կարգի օգնությունների հատկացմանը: Բուժկետի տանիքն է վերանորոգվել, բացի այդ, շվեյցարական դոնոր կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրի արդյունքում, այն ապահովվել է նոր բուժսարքավորումներով: Ընդ որում, բուժկետից օգտվում են նաև հարևան գյուղի բնակիչները: Դպրոցական շենքի վերանորոգման նպատակով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի միջամտությամբ, պետբյուջեից 40 մլն դրամ է հատկացվել: Նորոգումն ընդգրկել է տանիքը, մարզադահլիճը, փոխվել են դռներն ու պատուհանները, ներքին հարդարում է արվել: Գյուղը չունի մշակույթի տուն և մանկապարտեզ: Դիմել ենք կառավարություն, և նախատեսված է այն բավարարել առաջիկա երկու տարիների ընթացքում: Ընդ որում, երկուսն էլ տեղավորվելու են միևնույն շենքում: Մեծ գրադարան ունենք: Լուծման կարոտ խնդիրներից է նաև գիշերային լուսավորության ապահովումը: Գյուղը, ժամանակին բնակեցված լինելով ադրբեջանցիներով, եկեղեցի չի ունեցել: Կարևորում ենք, թեկուզև` մատուռ, ունենալու անհրաժեշտությունը: Ամեն հարցով չէ, որ անհանգստացնում ենք կառավարությանը: Շատ հարցեր մեր իսկ հնարավորությունների սահմաններում են լուծվում: Շնորհակալ եմ երկրի նախագահ Սերժ Սարգսյանից, մարզպետ Էդիկ Բարսեղյանից և գյուղնախարար Սերգո Կարապետյանից` ինչ հարցով դիմել ենք, ընդառաջել են ու օգնել: Համայնքում, ամենակարևորը, բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է: Նշեմ, որ ՀՀԿ տեղի կազմակերպության նախագահն եմ, ինչը և առավել է պարտավորեցնում, որ ամեն ինչ անեմ, որպեսզի ընտրությունները հնարավորինս ազատ ու թափանցիկ անցկացվեն: Ժողովրդի քվեն է որոշիչ լինելու: Մեզանում բնակվում են Բաքվից բռնագաղթվածներ, որ օրենքը հարգում ու գնահատում են: Ճիշտ վերաբերմունքի, մոտեցման դեպքում անհարկի որևէ խնդիր չի առաջանա: Ես իմ աշխատանքում առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ բոլորի համար էլ լավ լինի, որ համայնքն առաջընթաց ու զարգացում ապրի: Բոլորին էլ հավասարապես եմ վերաբերվում, խտրականության դրսևորումը բացառված է: Համայնքի համար կենսականորեն կարևոր խնդիրներին, ավագանու հետ մեկտեղ, ակտիվ է նաև բնակչության մասնակցությունը: Լուրջ քննարկումներից հետո ենք միայն գալիս ընդհանուր հայտարարի…>>:

    Մանուկ Օհանյանը 32 տարի աշխատել է ՆԳ համակարգում, ունի փոխգնդապետի կոչում: Երեք երեխաների հայր է: Կրտսեր որդին, որ ավարտել է Երևանի բժշկական համալսարանը և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատում է ոստիկանության բուժմիավորումում, միաժամանակ դասախոսում է բժշկականում: Ավագ որդին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է <<Հայխնայբանկ>>-ում` դատական վեճերի վարչության պետ, կադաստրի իրավաբանական բաժնում, Էրեբունու կադաստրի պետ: Ներկայումս Հրազդանի կադաստրի պետն է: Դուստրը նույնպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն է ավարտել և աշխատում է ՀՀ ոստիկանության արտաքին հարաբերությունների բաժնում: Կինը մանկավարժ է, ընտանիքում բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն:     
      Ռանչպարի գործող համայնքապետի համար մեծապես կարևոր է ընկերական շրջապատը, շատ ընկերներ ունի: Ընկերը, ըստ նրա, այն մարդն է, ում հետ կիսում ես սրտիդ նվիրական գաղտնիքները, ուստի և ընկերը մեծություն է.  <<Առանց ընկերոջ մարդը կորած է: Ընկերոջ հետ, հավատարիմ ընկերոջ առկայությամբ քեզ գերազանց ես զգում: Ժամանակի ընթացքում, ինչ խոսք, ընկերական շրջապատը մաշվում, զտվում է, մնում են հավատարիմներն ու նվիրյալները: Սեղանի, պաշտոնի բերումով ընկերները ժամանակավոր ու անցողիկ են: Իսկական ընկերը նա է, ով միշտ կողքիդ է: Առաջնահերթ ինքդ պետք է հավատարիմ լինես, հետո միայն այն պահանջես ընկերոջիցդ: Կինդ էլ քեզ կարող է ընկեր լինել, ավելին, առաջին հերթին` ընկեր, ապա` կին: Կյանքի կարևոր ձեռքբերումների շարքում նաև ընկերությունն է, ընկերական շրջապատը, որ մեծ հարստություն է: Ընկերության հարցում պետք է յուրաքանչյուրն իր հերթին օրինակ ծառայի: Ամեն մեկն իր էությանը համապատասխան ընկեր է գտնում: Ընկերությունը շատ հաճախ միայն արտաքինից է լավ երևում, իրականում այն չի լինում: Իսկական ընկերությունը, ժողովրդի խոսքով ասած, ախպերություն է, հարազատություն ու մտերմություն: Ընկերը պետք է ժողովրդի, հասարակության կողմից ընդունելի լինի, մաքուր վարք ու կենսակերպ ունենա>>:
       Մանուկ Օհանյանն անչափ լավատես է, համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ըստ նրա, ամենաարդար դատավորը ժամանակն է, ամենազոր ժամանակն է ցույց տալիս, թե ով` ով է…
SHARE