Մարդասեր, հյուրամեծար, անշահախնդիր

0
41

Էություն

  Aragats-Արմավիրի մարզի Արագած համայնքը ղեկավարում եմ 1998 թվականից,- <<Ընկերի>> հետ զրույցում ասաց Աշոտ Կամավոսյանը:- Չենք մոռացել, անշուշտ, թե այդ տարիներին ինչպիսի իրավիճակ էր մեզանում: Տարեցտարի մեկ-երկու գործ անելով, որևէ ծրագիր կամ նախաձեռնություն կյանքի կոչելով` այսօր արդեն որոշակի արդյունքի ենք հասել: Ես կարող եմ դա սոսկ արձանագրել, ներկայացնել, իսկ տեսնողն ու գնահատողը մնում է գյուղացին: Խմելու ջուր չունեինք` այսօր ապահովված ենք շուրջօրյա ջրամատակարարմամբ: Նույնը` գազաֆիկացման առումով: Բարեկարգման աշխատանքները երբևէ աչքաթող չենք արել: Առաջին հերթին ասֆալտապատում ենք կատարել և, ամենակարևորը, մշտապես հոգ ենք տանուն դրա պահպանման համար: Առհասարակ, շատ բան է արվում ունեցածը, ստեղծածը կամ ձեռք բերածը պահպանելու նպատակով: Դա, բնականաբար, անմիջականորեն գյուղապետարանի աշխատողների մասնակցությամբ է արվում: Տարեցտարի կանաչապատումն ենք ընդլայնում, ծաղկապատում գյուղի կենտրոնը: Սանիտարահիգիենիկ վիճակի բարելավումն առավելապես ենք կարևորում, մասնավորապես` աղբամաններ են տեղադրված, շաբաթը երկու անգամ աղբահանություն է կատարվում: Ամենակարևորը` բնակչի վերաբերմունքն է փոխվում այդ ամենի նկատմամբ, տիրոջ մոտեցում, մշակույթ է ձևավորվում: Մշակույթի տանը խաղասենյակ կա, գործում են տարբեր մարզաձևերի խմբակներ: Այս տարի մարտ առանց կանոնների մարզաձևի հանրապետական առաջնություն ենք անցկացրել: Մանկապարտեզը 95 սան ունի, այստեղ ներկայումս վերանորոգում է ընթանում, և այն փետրվարից կվերսկսի իր գործունեությունը: Մարզահրապարակ, ավելի շուտ մարզահամալիր ունենալու համար հաջորդ տարի կսկսենք իրականացնել դրա կառուցումը:

  Անդրադառնալով առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությանը, նշենք, որ գործող գյուղապետն առաջադրել է իր թեկնածությունը: Հենց այդ` մարզահամալիր կառուցելու ծրագիրն իրականացնելու դրդապատճառն է, թերևս, ընկած կրկին առաջադրվելու հիմքում: Ասենք, որ համալիրը ներառելու է ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մարզադաշտեր, լողավազան, վազքուղի, հանդերձասրահ, 280 մարդու համար աթոռներ են տեղադրվելու: Աշխատանքն արվելու է պետբյուջեի միջոցներով և ավարտի կհասցվի 2020 թ.: Մանկապարտեզի երկրորդ հարկն է կառուցվել` որպես հանդիսությունների սրահ: Բոլոր աշխատանքներն արվել են ինչպես պետական, այնպես էլ համայնքի բյուջեների միջոցներով: Առհասարակ, բոլոր ծրագրերում համայնքի մասնակցությունը եղել է: Եղել է նաև այնպես, որ միայն համայնքի միջոցներով է կյանքի կոչվել ինչ-որ ծրագիր: 40 կմ խմելու ջրագիծ է անցկացվել, բոլորն էլ մասնակից են եղել դրան, ով ինչով կարողացել է` օգնել է:

  -Հասել ենք այն բանին,- շարունակեց պարոն Կամավոսյանը,- որ գյուղը շատ համախմբված է դարձել, ինչը նախկինում չկար: Համայնքապետարանն իր աշխատակազմով անում է հնարավորը, որ գյուղացին իր բնակավայրի լիարժեք տերը դառնա: Ամեն ինչով նրա կողքին ենք: Ամեն տարի 8 մլն դրամի չափով  օգնություն է հատկացվում սոցիալապես անապահով ընտանիքներին, առանձին դեպքերի /մահ, ծնունդ և այլն/ համար ենք մարդկանց աջակցում, դպրոցականներին օգնում և այլն: Բացի այդ, մեր աշխատակազմից յուրաքանչյուրն իր ուժերի, հնարավորությունների չափով օգտակար է լինում գյուղին ու գյուղացուն: Եթե նախկինում հողի, գույքի հարկերը դժվարությամբ էին հավաքագրվում, ապա այսօր արդեն մարդիկ հոժարակամ անում են դա` վստահ լինելով, որ իրենց մուծածը ծառայելու է համայնքի զարգացման նպատակին: Թող անհամեստ չհնչի, ահա այս ամենի շնորհիվ վաստակել եմ գյուղացու հարգանքն ու վստահությունը…

  Գյուղապետարանի առաջատար մասնագետ Ասպետ Մովսեսյանը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. <<Կամավոսյանի աշխատանքը մարդիկ տեսնում ու գնահատում են, ուստի պատահական չէ, որ այսքան տարի ղեկավարում է համայնքը: Քարուքանդ վիճակից կամաց-կամաց քարը քարին դնելով` նման արդյունքի ենք հասել: Նրա ղեկավարման օրոք գյուղն իրոք զարգացել է: Անձնականը մի կողմ թողած, գյուղի հոգսերով ու խնդիրներով է ապրում: Աշխատում է նվիրումով…>>: Մշակույթի տան տնօրենն իր հերթին նշեց, որ գյուղապետն ապրում է բոլորի հոգս ու ցավով, օգնում է իր հնարավորությունների չափով, չկա խնդիր, որ չլուծի: Մարդկանց հետաքրքրությունները բավարարելու, նրանց ազատ ժամանցը կազմակերպելու մասին է հոգ տանում: Գյուղացիները շատ գոհ են նրանից…

  Գլխավոր մասնագետ Արա Հակոբյանի խոսքով, շատ մեծ տեղ է տրվում կանաչապատմանն ու ծաղկապատմանը: Ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում գյուղի կենտրոնը բարեկարգ ու խնամված վիճակում է. <<Բոլորս էլ համախմբված աշխատում ենք, ամենակարևորը` սիրում ենք մեր գյուղը, մեր ժողովրդին: Փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ է մեզանում: Եթե գյուղապետը լավ մարդ չլիներ, ապա դժվար թե այսքան տարի աշխատեր: Մարդիկ հավատացել ու հավատում են նրան և իրենց վստահության քվեն արժանիորեն նրան են տալիս: Իհարկե, հեշտ չի եղել, դժվարությունները պատվով հաղթահարվել են, և այսօր բարվոք վիճակ է տիրում: Ձգտում ենք ավելի բարելավել թե՛ գյուղի արտաքին տեսքը, թե՛ մարդկանց ապրելակերպը: Եղածը պիտի պահենք, պահպանենք ու փոխանցենք եկող սերնդին, մեր գյուղի լիիրավ տերը պետք է լինենք: Այս կարգախոսով է մեզ բոլորիս առաջնորդում պարոն Կամավոսյանը>>: Հավելեց, որ նա էությամբ շատ լավ մարդ ու ընկեր է, հաց տվող, հյուրամեծար, մարդասեր: Մարդ է մեծատառով: Ընկերական շրջապատի ուժերն ու հնարավորությունները մինչև վերջ կծառայեցնի ի շահ համայնքի, ի շահ համագյուղացիների:

  Ընկերությունն, ի դեպ, Աշոտ Կամավոսյանի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունի: Չկա մի բնագավառ, որտեղ ընկեր չունենա: Ընկերություն է անում գրեթե բոլոր համայնքապետերի հետ: Առավել մտերիմ է Մրգաշատի, Արշալույսի, Սարդարապատի գյուղապետերի հետ: Ընկերությունը շատ դեպքերում բարեկամության է վերածվել: Ինչպես իր էությունն է, այնպես էլ պատկերացնում է ընկերությունը` մաքուր, ազնիվ, անկեղծ…