Մարդկային` ճիշտ, արժանի մոտեցում…

0
25
Նվիրվածություն
2008 թվականից ղեկավարելով Բաղրամյան համայնքը /Արարատի մարզ/, Սոսիկ Բենիամինյանն իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ: 
Նրա հետ զրույցից տեղեկացանք, որ փողոցների խճապատում է կատարվել /ամեն տարի` 2-3 փողոց/, անցկացվել է 1,5 կմ երկարությամբ գազատար խողովակ, լուսավորվել է Արտաշատի մայրուղին, փոխվել է դաշտամիջյան 700 մ կիսախողովակ: Դաշտամիջյան ճանապարհների հարթեցումը կատարվում է ամեն տարի: Հիմնանորոգվել է անմխիթար վիճակում գտնվող գյուղապետարանի շենքը` փոխվել է տանիքը, նորացվել են դռներն ու պատուհանները: Մոտ ժամանակներս կնորոգեն նաև գրադարանի տարածքը: Այդ ամենը համայնքի բյուջեով է արվել:
 Մանկապարտեզը թեև գործում է /հաճախում է 65 երեխա/, բայց շենքային պայմանները վերանորոգման կարիք ունեն: Համայնքապետն այդ հարցով դիմել է վերադասին, քանի որ նման  կերպ շարունակել գրեթե անհնարին է, և ստիպված կլինեն փակել մանկապարտեզը: Դիմվել է նաև մարզպետին` 1 կմ-ի հասնող  գազաֆիկացում իրականացնելու հարցով: Խոստացել են լուծում տալ այդ հարցին: Սկսվել են 4 կմ ջրագծի փոխման աշխատանքները, ինչի ավարտին արդեն գյուղը խմելու ջրի խնդիր չի ունենա: Ոռոգման ջուրը բավարար է: Ջրային կոմիտեից խոստացել են 2 կմ կիսախողովակներ, ինչն առավել կբարելավի ոռոգման ջրի մատակարարումը: Այն հատվածում, որտեղ խորքային 2 պոմպ կա, բնակիչներն ընդհանրապես ոռոգման ջրի խնդիր չունեն:

2000 բնակչությամբ գյուղում մարդիկ հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Համայնքի ղեկավարը գյուղացու կողքին է մշտապես, մտնում է նրա դրության մեջ, օգնում ցանկացած խնդիր առաջանալիս: Հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի գյուղացու վիճակը հնարավորինս բարելավվի: Անհրաժեշտության դեպքում ինքն է համապատասխան մարմիններ գնում, որպեսզի ինչ-ինչ հարցերում իր բնակչին որևէ օգուտ կարողանա տալ: Մեծ է ձգտումը, որպեսզի մարդիկ հնարավորինս լավ ապրեն, քիչ հոգսեր ու խնդիրներ  ունենան: Լավ կլինի, եթե մեր պետական բարձրաստիճան այրերն առավելագույնն անեն գյուղի աշխատավորի համար, ավելի մեծ ուշադրություն դարձնեն նրա խնդիրների լուծմանը… 
Համայնքապետի ընկերները, ինչպես տեղեկացանք, ոչ միայն գյուղում են, այլև նրա սահմաններից դուրս: Նրա համար նախընտրելին մանկության ընկերներն են: Այդ ընկերները շատ են, մի մասը` Հայաստանից դուրս, ում հետ կապը մշտապես պահպանվում է: Աշխատանքի բերումով նաև նոր ընկերներ է ձեռք բերել: Ընկերություն անելիս հաշվի է առնում մարդկայնությունը, մարդկային որակները: Պարոն Բենիամինյանի համար աշխատանքն առաջին պլանում է: Ընտանիքն առանձնահատուկ տեղ ունի նրա կյանքում: Նրա համար կարևորը մարդ մնալն է` լինել մեծ մարդ, կարողանալ կյանքում արժանի անուն թողնել: 
Նրա խոսքերով, ամբողջ կյանքում գյուղապետ չի աշխատելու, հեռանալուց հետո լավ հետք պիտի թողնել, բարի անուն: Անկախ ամեն ինչից, մարդ պիտի մնալ, մշտապես պատվի ու հարգանքի արժանանալ…
SHARE