Մարդկային ճիշտ հարաբերությունների դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն, և գործն առաջ կգնա…

0
50

Համոզմունք

   <<Աղավնատուն համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանն ինձ համար շատ մտերիմ անձնավորություն է: Մինչ գյուղապետ լինելն ենք ընկերություն արել` գրեթե տասը տարի: Աշոտը շատ լավ ընկեր է: Ընկերություն եմ անում նաեւ Աշոտի եղբոր` Արծրունի հետ: Եղբայրներով շատ լավ անձնավորություններ են: Աշոտը շատ ընկերասեր է, բարի, ունի շատ հանգիստ բնավորություն: Կապող օղակ է ընկերների համար: Որպես ավագ ընկեր, իրենից սովորել եմ ինչպես վարվել ու շփվել մարդկանց հետ: Գրիգորյանը գիտի շատ լավ շփվել, վերաբերվել, հարաբերվել մարդկանց հետ: Շատ արժանի մարդ է, բոլորի կողմից սիրված ու հարգված: Իր տարիների ապրած կյանքն է բերել նրան, որ սիրված է բնակչության կողմից: Ժողովուրդը ուզեց, որ մի բարի մարդ նստի իր կողքին, եւ հպարտ է, որ Գրիգորյանն է ղեկավարում համայնքը: Կարճ ժամանակ է, որ ղեկավարում է, բայց հասցրել է շատ բան անել գյուղի համար, ամենակարեւորը` բարի մթնոլորտ է ստեղծել: Գյուղում փոխադարձ թասիբ կա: Գյուղապետը կանգնած է բնակչի կողքին, ինչը նույնպես փոխադարձ է>>,- զրույցում ասաց Գրիգորյանի ընկերը` Սլավիկ Հայրապետյանը:

   Թե ինչից է իրենց ընկերությունը ձեւավորվել, Աշոտ Գրիգորյանն ասաց, որ լինելով համագյուղացի, շփվելով միմյանց հետ, երեւի թե իրար մեջ գտել են մարդկային դրական, ինչ-որ գեղեցիկ մի բան: Ընկերը բարդ հասկացողություն է եւ ամեն մարդու չէ, որ կարելի է ընկեր անվանել, կարող է կողքիդ լինել` որպես ընկեր. <<Եթե Սլավիկի հետ ընկերություն ենք անում, նշանակում է` ինչ-որ բան գտել ենք միմյանց մեջ` ե՛ւ հարգանք, ե՛ւ առանց տարիքը հաշվի առնելու: Ինքն ինձանից ավելի երիտասարդ է, բայց ընկերություն ենք անում. ես` երիտասարդանալով, ինքն էլ իմ տարիքային հմտություններից մի բան սովորելով: Իսկ ինձ համար ընկերությունը շատ մեծ խորհուրդ ունի: Ցանկացածն էլ կարող է լինել իմ ընկերոը, եթե արժանի լինի ընկեր հասկացողությանը: Եթե իմ ընկերն եմ համարում Սլավիկին կամ նրա պես շատ-շատ այլ մարդկանց, ուրեմն տեսել եմ, գտել եմ նրանց մեջ մարդկայինը, գեղեցիկը, ճիշտը, անշահախնդիրը: Ընկերությունը մի քիչ փիլիսոփայական հասկացողություն է: Կարող է պատահական ստացվի, բայց այն պիտի լինի բնական, մաքուր, առանց այլ եւ այլ նպատակների, ընկեր բառի լայն իմաստով: 
   Ընկեր կորցնելը շատ վատ ու ցավալի է: Ընկերը հեշտությամբ չի ձեռք բերվում, եթե հեշտությամբ է ձեռք բերվում, ապա պահելն է դժվար: Ընկերությունը սրբություն է` պետք է պահել, փայփայել, գուրգուրել: Ճիշտ չեմ համարի այն մարդուն, եթե հանկարծ մի չնչին բանից հրաժարվի ընկերությունից, կոպիտ ասած` դա սրբապղծություն է: Ընկերոջ համար պետք է ե՛ւ զիջել, ե՛ւ համբերատար լինել, ե՛ւ նա քո հանդեպ նույն կերպ կվարվի: Ինչքան շատ ընկեր ունենաս, այնքան լավ: Ճիշտ, մաքուր, անշահախնդիր ընկերությունը, կարծում եմ, չի խաթարվի: Ընկերությունը պահելու համար պետք է լինես ե՛ւ համբերատար, ե՛ւ, ինչ-որ տեղ, ավելի խելացի, ընկերոջդ սխալ քայլը կարողանաս տանել, հարմարվել, հաշտվել: Եվ ինչքան երկար պահպանվի ընկերությունը, այնքան լավ կզգաս քեզ: Եղել է դեպք, որ կորցրել եմ ընկերոջս, ինչից շատ վատ եմ զգացել ու մինչեւ հիմա դա շատ ցավով եմ տանում ու ափսոսում եմ: Պատճառը չնչին էր, բայց հեշտությամբ կորցրեցինք տարիների լավ ու քաղցր ընկերությունը:
   Ես գերադասում եմ ավելի շատ դպրոցական տարիների ընկերությունը: Չնայած ընկերությունը միշտ էլ գեղեցիկ է, միշտ էլ լավն է, բայց դպրոցական տարիների ընկերությունը ինձ մոտ ավելի մեծ տպավորություն է թողել, այն ավելի ջերմ է: Ունեմ ուսանողական, բանակի ընկերներ, բոլորն էլ լավն են, բայց դպրոցական տարիներինն ինձ համար ավելի առաջնային է, ավելի քաղցր, ավելի անմոռանալի: Ահավասիկ` քիչ առաջվա զանգը: Բելգիայից էր, զանգողը Ռիմա Հովհաննիսյանն էր, միասին սովորել ենք առաջին դասարանից: Եղել ենք շատ լավ ու մտերիմ ընկերներ: Ունեմ ընկերներ դպրոցական տարիներից, մինչեւ հիմա ընկերություն ենք անում: Այդ ընկերներից է Ռիմա Հովհաննիսյանը, ով հիմա ապրում է Բելգիայում իր ընտանիքով: 
   Ընկերության քաղցրությունը, մեծությունը, վեհությունը այն է, որ ոչ տարիքն է խանգարում, ոչ միջավայրը, ոչ մթնոլորտը, ոչ ներքին կամ արտաքին հարաբերությունները, եթե ընկեր ես, պետք է պահես այդ ընկերությունը մինչեւ կյանքի վերջ: Ես տարբերություն չեմ դնում տղամարդու եւ կնոջ միջեւ: Ունեմ շատ ընկերներ: Աստված այդ տեսակետից շռայլ է եղել իմ հանդեպ: Սեռը նշանակություն չունի այդ առումով: Ուրախ եմ իմ հին ընկերներով, երջանիկ եմ իրենցով, ուրախանում եմ իրենց ուրախություններով, տխրում եմ իրենց տխրություններով: Առանց ընկեր կյանքը անիմաստ է: Մարդը ձգտում է ընկերության, որովհետեւ միայնակ մարդը ոչնչի պետք չէ, իսկ սրտակից մարդ, սրտակից ընկեր կողքիդ ունենալը ավելի ջերմ, ավելի քաղցր, ավելի պատկերավոր է կյանքդ դարձնում: Վերջապես, ընկերոջից դու սովորում ես լավը, բարին, գեղեցիկը: Ընկերդ քեզանից է սովորում, դա փոխադարձ է լինում, եւ դա կոչվում է կյանք: Մարդու հետ պիտի ճանապարհ անցնես, որ ընկերություն ձեւավորվի, աղ ու հաց է պետք կիսել իրար հետ: Ընկերությունը կարող է պատահական ստեղծվի ու տարիներ շարունակ աճի ու բարգավաճի: Պետք է լինի լավ ու վատ օրերի ընկեր: Տարիները ստիպում են ավելի լավ ճանաչել ընկերոջդ: Ընկերդ պետք է կողքիդ լինի ամեն պահի: Ընկերոջը ճանաչում ես հատկապես փորձության ժամանակ: Եթե փորձությանը դիմացավ, իրոք ընկեր է: Հանգամանքն է ստիպում ճանաչել ընկերոջը: Լավ ընկերը հարազատից էլ լավն է: Ինչո՞ւ եմ առաջինը մանկության ընկերությունը ընդունում, որովհետեւ այն ստեղծվում է մանկան անշահախնդիր, մաքուր գաղափարից: Մանկական տարիների ընկերությունը ավելի մաքուր, ազնիվ եւ անկեղծ է ստեղծվում, ստեղծվում է անժխտելի կերպով, ու եթե կարողանում ենք մանկության ընկերությունը պահել, այն ավելի ջերմ է լինում, քան մնացած տարիների ընկերությունը: Առհասարակ,  մարդկային հարաբերությունների մեջ գնահատում եմ մաքրությունն ու անկեղծությունը, անշահ մոտեցումը: Անտանելի է կեղծ մոտեցումը>>:
   Պարոն Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ մինչ համայնքապետ ընտրվելը աշխատել է ներքին գործերի համակարգում, պահեստային ավագ լեյտենանտ է: Սեփական տնտեսություն, ֆերմա է ունեցել, ծաղկաբուծությամբ է զբաղվում: 2012 թ. հուլիսից Աղավնատուն համայնքի ղեկավարն է: Աշխատում է այնպես անել, որ համայնքը իրենից գոհ լինի, կարողանա մարդկանց օգտակար լինել, աստիճանաբար ավելին անել: Նրանից տեղեկացանք, որ 2009-12թթ. գյուղի մեծարգո եւ հարգարժան բարերարներ Վահան Ավագյանը եւ Արման Սահակյանը ձեռնամուխ եղան գյուղի եկեղեցու եւ կյանքից հեռացածների հուշահամալիրի կառուցմանը: Մարդիկ 3 տարվա ընթացքում հսկայական գործ արեցին, ինչի շնորհիվ գյուղը միանգամից վերափոխվեց: Ճահճուտի վերածված տարածքը այսօր շքեղ տեսք ունի, որտեղ Սուրբ Աննա եկեղեցին է իր դռները բացել: Ամեն կիրակի պատարագ է մատուցվում. <<Եկեղեցին գյուղի համախմբման գործում մեծ նշանակություն ունի: Գյուղը մեկուսացված էր, ժողովուրդը միապաղաղ կյանքով էր ապրում, իսկ դա բավականին աշխուժացրեց կյանքը: Բարերարների միջնորդությամբ գյուղում երգի, պարի, ասեղնագործության խմբակներ են գործում, երեխաները մրցույթների են մասնակցում: Ունենք շատ լավ վերանորոգված մշակույթի տուն>>:
   Ռոզա Ավագյան փողոցի մոտ 700 մետր տարածություն ասֆալտապատվել է Վահան Ավագյանի շնորհիվ: Ասֆալտապատվեց դպրոց տանող ճանապարհը. սա Ա. Գրիգորյանի ընտրվելուց հետո է արվել: Պետական ծրագրով այս տարի նախատեսված է կենտրոնական ճանապարհի, գերեզմաններ տանող` Սուրեն Վիրաբյան փողոցի ասֆալտապատումը: Մայիս ամսից կսկսվեն 13.5 կմ երկարությամբ ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները:
   <<Կուզենայի, որ գյուղում աշխատատեղեր բացվեին, որեւիցե ձեռնարկություն գործեր, ֆերմա, որովհետեւ 5-6 ամիս գյուղացին եկամուտ չի ունենում: Գյուղացու ապրելակերպը կախված է բնությունից եւ իշխանություններից, թե ինչպես կընդունեն բերքը: Ինչպես կիրացվի բերքը կամ բնությունը կթողնի, արդյոք, բերք ստանա (անընդհատ կարկուտը վնասել, անձրեւներից փոշոտում չի եղել, պտուղը վնասվել է եւ այլն): Հարցեր, որոնք գյուղացու համար կենսական նշանակություն ունեն:
   Գյուղն ունի 3521 բնակիչ: Ունենք լավ դպրոց, մանկապարտեզ: Ամեն ինչ լավ է, մեր մտահոգությունը աշխատատեղեր չլինելն է: Ինչքան էլ գյուղացու եկամուտն ամռանը ստեղծվի, ձմռանը սպառվում է, եւ գարնանը մնում է ձեռնունայն: Գաղտնիք չէ, որ գյուղացին սոցիալական վատ վիճակի մեջ է: Փորձում ենք եզրեր գտնել: Թողնել բոլորը պետության վրա, պետությունն էլ այսքան չի կարող, մեզանից էլ է աշխատանք պահանջվում: Մենք էլ պետք է կարողանանք կազմակերպել, հնարավորություններ ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա տնտեսությունը քիչ թե շատ զարգացնել: Ոռոգման, խմելու ջուր 24 ժամ ունենք: Սակայն ամռանը ոռոգման շրջանում խնդիրներ են առաջանում: Մենք էլ ձգտում ենք ինչքան հնարավոր է բարեխոսել, շատ-շատ ընտանիքների տվել ենք դրամական օգնություններ, որ հնարավորություն ունենան ջրի վարձը վճարել: Այս տեսակետից ձգտում եմ անձամբ օգնել գյուղացուն, որպեսզի բերքը չչորանա, չփչանա: Պետք է գյուղացու հետ խոսել, մտնել նրա դրության մեջ: Գյուղացին էլ պետք է կարողանա քեզ հասկանալ: Անպայման փոխադարձ հասկացողություն, փոխադարձ հարաբերություն ձեւավորվի մարդկային ձեւով: Եթե կարողանաս գյուղացու հետ նորմալ աշխատել, նա քեզ համար ամեն ինչ կանի, պարզապես ճիշտ վերաբերմունք է պետք: Ե՛վ ֆինանսական, ե՛ւ տնտեսական բոլոր դժվարություններն էլ կհաղթահարվեն, եթե լինեն ճիշտ մարդկային հարաբերություններ: Պետք է այնպես անես, որ գյուղացու հոգսը թեթեւացնես: Գյուղացին զգա, որ իրեն լսող կա, իրեն հարգող կա, իր խոսքը առաջ տանող կա, իր պահանջը հոգացող կա: Գյուղապետ գալուս նպատակը սա է եղել, ինչի համար աշխատում եմ եւ պետք է ձգտեմ այնպես անել, որ իմ գյուղացին այլ մոտեցում չունենա իմ հանդեպ>>, – ամփոփիչ խոսքում այսպես ասաց պրն Գրիգորյանը:
    Նշենք, որ գյուղապետի եղբոր` Գագիկ Գրիգորյանի ղեկավարությամբ եւ նախագծով են եղել գյուղի եկեղեցու, հուշահամալիրի շինարարությունն ու կառուցումը: Գագիկը շինարար է: Գործարար անձնավորություն է եւ եղբոր կողքին է ցանկացած հարցում: Համատեղ ծրագրեր են կազմում գյուղի առաջընթացի հետ կապված: Եղբայրների նպատակը մեկն է` գյուղի համար անել ինչքան հնարավոր է շատ բան: Աշոտ Գրիգորյանի կյանքի մեծ ձեռքբերումն ընտանիքն է, ընկերությունը, հարգանքն ու հեղինակությունը: 
   Աղավնատան գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ավագ Պարսամյանի խոսքերով, Գրիգորյանը վերին աստիճանի պահանջկոտ է ե՛ւ իր, ե՛ւ աշխատանքի հանդեպ, վերին աստիճանի կարգապահ: Իր շնորհիվ հողի հարկի հավաքագրումը 120 տոկոսով կատարվեց, մինչ իր գալը 30 տոկոս էլ չկար: Հետեւողական աշխատանքի շնորհիվ այդ հարցը լուծվեց: Օգնության է գալիս սոցիալապես անապահով ընտանիքներին. <<Շատ լավ աշխատում է մարդը, եւ արդյունքները տեսանելի են, իրենից շատ գոհ ենք: Ե՛վ աշխատում է, ե՛ւ մեզ է աշխատացնում, համայնքում հարգված է եւ այդ հարգանքից ելնելով էլ մարդիկ գիտեն, որ իր մոտ գալուց անպայման կստանան իրենց հարցերի լուծումը, եթե իր ուժերից վեր է, անպայման կդիմի մարզպետարան կամ այլ կազմակերպություններ, օգնելով գյուղացուն: Ծրագիր ունենք խմելու ջրի նոր ջրագծեր անցկացնելու, 15 տոկոս գյուղապետարանի ներդրումով: Առողջապահական ԾԻԳ-ի ծրագրով եւ 10 տոկոս համայնքի ներդրմամբ ամբուլատորիա ենք կառուցում: Լավ աշխատանքը պետք է գնահատվի: Արմավիրի մարզպետ Ղահրամանյանն էլ գոհ է, որովհետեւ այդպիսի հարց չկա, որ թերանա մեր գյուղապետը, ամեն հարց էլ լուծվում է: Դրանից ելնելով էլ, եթե ծրագրեր կան, մարզպետը գյուղին ընդառաջում է: Ցավոտ հարց ունենք: Հովտամեջ-Աղավնատուն ճանապարհը անանցանելի է, այդ հարցով դիմել ենք պատկան ատյանների, սպասում ենք, որ լուծում տրվի: Փոսային նորոգումներ մեր` գյուղի ուժերով անում ենք, բայց սա մեր ուժերից վեր է: Մանկապարտեզ չունենք, նախատեսել ենք ունենալ, դրա համար պետք է նոր շենք կառուցվի: 
    Գյուղապետը շատ հետեւողական է, չկա այդպիսի բան, որ ստվերում թողնի: Քայլ առ քայլ գյուղը զարգանում է, գյուղացու հոգեբանությունն էլ է փոխվում դրա հետ մեկտեղ>>…
SHARE