Մարդկային, մարդասեր, մեծահոգի

0
36
Այս և այլ դրական հատկանիշներով համագյուղացիները բնութագրեցին իրենց համայնքապետին…

Բնութագիր

   Մարդ` մեծատառով… Մեր զրույցի հենց սկզբում գյուղապետարանի աշխատակիցներն այսպես բնութագրեցին իրենց ղեկավարին` Արմավիրի մարզի Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանին: Նրան բնորոշ առաջին կարևոր հատկանիշներից մեկը մարդասիրությունն է. բնակիչներին վերաբերվում է` ինչպես իր ընտանիքի անդամների: Շատ մարդկային է` անխտիր բոլոր բնակիչների նկատմամբ, հարգալից ու սիրալիր: Նույնը` նաև աշխատողների նկատմամբ: Ընկերական է, ջերմ վերաբերմունքով: Ինչպես ասում են, գործը` գործ, ընկերությունը` ընկերություն: 
   Աշխատանքային ընկերների խոսքերով, շատ առանձնահատուկ մարդ է` իր բնավորության գծերով, առաջին հերթին` աշխատասիրությամբ, ինչը համայնքի ղեկավարի համար շատ կարևոր է: Հանգիստ չունի` օրվա որ ժամն ուզում է լինի, ամեն տեղ պիտի գնա, հետևի գործին: Բոլորն էլ շրջապատում նրան այդպես են ճանաչում` անհանգիստ ու պրպտող խառնվածքով: Հայտնի խոսք կա` աշխատողը ուղիներ է փնտրում, չաշխատողը` պատճառներ: Գևորգ Դանիելյանն անպայման կփնտրի, կգտնի, որպեսզի էլի ինչ-որ բանով օգտակար լինի համայնքին, իր ժողովրդին: Բնականաբար, աշխատողից էլ շատ են պահանջում, սպասելիքները նրանից սովորականից ավել մեծ են լինում: Գյուղում շատ մեծ գործեր է արել: 10 տարուց ավելի է, որ ղեկավարում է համայնքը, և այդ տարիներին շատ փոփոխություններ են տեղ գտել համայնքի կյանքում: 

   Վերանորոգվել է մշակույթի տունը, ինչպես նաև` բուժամբուլատորիան, կապի բաժանմունքը, ոռոգման ջրի շատ ջրագծեր: Խմելու ջրի հարցը հիմնովին լուծված է, այն դեպքում, երբ նախկինում գյուղը զրկված էր խմելու ջրից: Արտեզյան հորեր են շահագործվել: Գյուղ մտնող ճանապարհն է ամբողջությամբ լուսավորվել: Բարոյահոգեբանական առումով ևս առաջընթացն ակնհայտ է: Մեծահասակներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, նրանց համար ամեն տարի էքսկուրսիաներ են կազմակերպվում: Հիմնել են Մաճառի տոն, որն ավանդական է դարձել: Հատկապես տատիկների, մայրերի Մարտի 8-ն է մեծ շուքով նշվում, նրանց նվերներ են հատկացվում: Ուշադրության կենտրոնում նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներն են: Այդպիսի 3 ընտանիքի մեկական հեկտար հողատարածք է նվիրվել համայնքի կողմից, նրանց ֆինանսական օգնություն է տրվում, այլ արտոնություններից են օգտվում: Վիրավոր, հաշմանդամ  ազատամարտիկներին ևս և՛ ֆինանսական, և՛ բարոյական աջակցություն է ցուցաբերվում: 
   Աջակցությունն, առհասարակ, բոլորի նկատմամբ է, չկա մեկը, որ ուշադրությունից կամ հոգատարությունից դուրս մնա: Ինչպես շարունակեցին նշել համայնքապետարանի աշխատակիցները, մեր օրերում նման մարդիկ շատ քիչ են պատահում, և պիտի ուրախ լինել, որ բախտ է վիճակվել աշխատելու այդպիսի մարդու, այդպիսի գյուղապետի հետ: Շատ խիստ է և պահանջկոտ աշխատանքի հարցում: Եթե անելիք, գործ կա, ապա պիտի անպայման արվի, առանց հետաձգելու կամ վաղվան թողնելու: Միաժամանակ, ընդառաջում է ամեն կերպ աշխատողին, անգամ` անձնական խնդիրներում: Դանիելյանն, այո, սիրում է մարդուն, գնահատում է աշխատողին, ձեռք մեկնում կարիքավորին, անգամ իր գրպանից օգնություն բաժին հանում անապահովին: Ավելի շատ գյուղացու համար կանի, քան իր: Ասես, պարտավորված լինի, և դա չափազանցություն չէ: Նրա համար բոլորը հավասար են, հոգատար է յուրաքանչյուրի հանդեպ, յուրաքանչյուրի կողքին` կանգնած: Ամենագնահատելին, անշուշտ, այն է, որ անմնացորդ նվիրված է իր գործին ու մարդուն, անձնվիրությունը շատ մեծ է: Իր աշխատանքը, իր նվիրումն ու սերը մեր օրերի հերոսությունն են, որ արժանի են մեծարանքի ու բարձր գնահատանքի…
   Բնական է, որ նման հատկանիշներով օժտված անհատը նաև լավ ընկեր է: Իրոք, ընկեր է իր ողջ էությամբ, խառնվածքով, բնույթով: Հարևան համայնքի բնակիչների շրջանում էլ մեծ հարգանք ու պատկառանք է վայելում, ինչի նկատմամբ կարելի է միայն բարի նախանձով լցվել: Մեր զրույցի ընթացքում խոսք գնաց նաև համայնքին հուզող ամենացավոտ խնդրի մասին: Խոսքը ճանապարհների ասֆալտապատման մասին է: Որքան էլ գյուղը բարեկարգեն, լուսավորեն, կանաչապատեն կամ ծաղկապատեն, միևնույն է, ճանապարհների խնդիրն առաջնային է, ասֆալտապատումը` գերխնդիր: Շարունակ խոստանում են, որ կլուծվի այդ խնդիրը, բայց առայժմ խոստումը գործի չի վերածվում…
   Զրույցը` զրույց, բայց ավելի լավ պատկերացում կազմելու համար շրջեցինք գյուղում, հանդիպեցինք այլ մարդկանց ևս: Նախ, պիտի ասենք, որ մրգաշատցին առանձնահատուկ է իր հյուրասիրությամբ, աշխատասիրությամբ և ամենակարևորը` ընկերասիրությամբ: Գյուղի անվանումն էլ, պիտի խոստովանել, բնավ պատահական չի ընտրված. միրգն էլ, բանջարեղենն էլ այստեղ առատ են ու համեղ… Դաշտում աշխատող մարդիկ առիթ ունեցան իրենց սրտի խոսքն ասելու գյուղապետի հասցեին. <<Մարդ` այս բառի բուն իմաստով, հայտնի ողջ Արմավիրի մարզում: Եթե բոլոր գյուղապետերը թեկուզ կիսով չափ նրա նման լինեն, ապա գյուղացու վիճակը համատարած լավ կլինի: Մեծին որպես մեծ է հարգում, փոքրին` փոքր, երիտասարդին` երիտասարդ, հաշվի է առնում, օգնում չքավոր ընտանիքներին: Մի խոսքով, լավ կողմեր շատ ունի: Գյուղում ծնված, մեծացած, դժվարությունները տեսած, դառը քրտինքով ուսում ստացած… Մարդ, որ հարգանք ու պատիվ ունի  ամենուր: Շատ մարդկային է, բոլորի դրության մեջ մտնող, խղճով: Գնահատում ենք նրա բարությունը, հոգատարությունը, ճիշտ ու անկողմնակալ վերաբերմունքը: Աշխատողին ձեռք մեկնող է, դիմացինին դժվար վիճակից անպայման կհանի: Լավ ընտանիք ունի, օրինակելի` բոլոր առումներով…>>: Իրոք, ինչպես համոզվեցինք, Գևորգ Դանիելյանը լավ գիտի աշխատող մարդու հարգը, հարգում է ու գնահատում անխտիր բոլոր նրանց, ովքեր տքնում, չարչարվում են, իրենց աշխատանքով հոգում  ընտանիքի ապրուստի կարիքները:
Գևորգ Դանիելյանը հրաշալի ընկեր է, մեծահոգի, հյուրասեր: Օջախի մարդ է: Գյուղ եկած յուրաքանչյուր ոք պիտի իր օջախի հացը կիսի, պատվի արժանանա: Դրան անմասն չեն նաև նրա ընտանիքի անդամները. կինը` Սվետան, որդին, համեստագույն հարսիկը: Ավանդական ընտանիք, որի գոյությունից քեզ լավ ես զգում: Հոգիդ փառավորվում է` այսպիսի ընտանիքի, այսպիսի մարդկանց հանդիպելով, նրանց ընկերասիրությանն արժանանալով: Կարելի է, այո, մարդու օջախ ոտք դնել և առավել ամբողջական պատկերացում կազմել նրա մասին, ավելի լավ ճանաչել նրան:
    Նրա համոզմամբ, ընկերությունը պահել-պահպանելու համար առաջնահերթ դու քեզ պիտի ճիշտ ու մաքուր պահես, ընկերոջը երբևէ չխաբես, չդավաճանես, անկեղծ լինես: Լավ ընկեր ունենալը մարդու համար կյանքին հավասար բան է: Լավ ընկերն ամեն ինչ է, ցանկացած իրավիճակում, գիտես, կողքիդ է լինելու: Ընկեր ունեցող մարդու համար կյանքն իր բնականոն հունով էլ կընթանա: Համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հնարավոր է, ասենք, 100 ընկեր ունենալ. ճանաչելը, հարաբերվելը կամ չգիտես էլ ինչ դեռ չի նշանակում, որ գործ ունես ընկերոջ հետ: Ընկերը բոլորովին այլ արժեք է, այլ հարթության, այլ մակարդակի վրա: Թող մեկը լինի, բայց իսկականը լինի: Ինքն ընկերոջ համար կյանքն էլ կտա` հավատացած լինելով, որ նույն կերպ նաև ընկերը կվարվի: Այդպիսի ընկերներից մեկին մատնանշեց` նախկին գյուղապետ Խաչիկ Ոսկանյանին: Մանկության ընկերն է, կա ու կմնա որպես ընկեր, չնայած այն հանգամանքին, որ հիմա Մոսկվայում է ապրում: Բավական է նշել, որ իրենց ընտանիքների, երեխաների միջև տարբերություն չկա: Նման ընկերներ էլի ունի: 
   Ըստ Գևորգ Դանիելյանի, մարդը պիտի լավատես լինի, դժվարություններից չընկրկի և ինչպիսի իրավիճակ էլ լինի` չհանձնվի: Բոլորը չեն կարող մեծահարուստ կամ բարձր պաշտոնյա լինել, ամեն մեկը պիտի իր տեսակի մեջ տեղավորվի: Ամեն մեկը պիտի աշխատի, ինչի տեսակի մեջ ուզում է լինի, մարդ մնալ, հարգանքի արժանանալ: Ընկեր ունենալ, ընկերոջով ապրել: Գևորգ Դանիելյանն իր ժողովրդով, իր գյուղով է ապրում: Հայրենիքից ավելի թանկ ու հարազատ ոչինչ չկա նրա համար: Ունենալով շատ, ճանաչված ընկերներ, այդուհանդերձ, ջանացել է իր ուժերով լուծել առաջացած խնդիրները: Նրա խոսքերով, ոչ մեկը ոչ մեկի համար պարտավոր չէ: Բոլոր ընկերները հավասար են` անկախ դիրքից, պաշտոնից կամ հնարավորությունից: Խոսքով չէ, այլ գործով պետք է ընկերոջ հանդեպ լավ լինել: Մարդ մնալու համար, նրա համոզմամբ, հարկավոր է ճիշտ ապրել: Ինչ վերաբերում է կնոջ հետ ընկերության հարցին, ապա վստահ է, որ կանայք շատ վստահելի են, կայուն ու հուսալի: Կանայք եթե նվիրվում են, ապա նվիրվում են ամբողջությամբ:
   Կնոջ` տիկին Սվետայի խոսքերը ևս, ամուսնու վերաբերյալ, այստեղ հիշենք. <<Նա կյանքը կնվիրի ընկերոջը, տան դուռը միշտ բաց է: Հոր օջախը շեն է պահում: Հյուրասեր, ուտող-խմող, սրտաբաց: Այն, ինչ հաճելի է ամուսնուս, ինձ համար ևս հաճելի է: Շատ լավ եմ զգում ինձ, երբ նա լավ է զգում իրեն: Միասին շատ դժվարությունների միջով ենք անցել և հավատացել ենք, որ լավ է լինելու: Թող միշտ ժողովուրդը նրանով գոհանա…>>:  
SHARE