Մարդկային ու ընկերական

0
7

Իր շրջապատի հոգս ու ցավով ապրող, կարիքավորին հասնող…

Բնույթ

Արդեն շուրջ մեկ տասնամյակ Սասունիկ համայնքում շուքով ու հանդիսավորությամբ նշվում է ավանդական դարձած Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նախաձեռնությունը համայնքի ղեկավար Արման Մարգարյանինն է:

-Միջոցառումը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Հակոբյանը,- այս անգամ ևս կազմակերպվել է համայնքի բյուջեի միջոցներով: Ողջ օրը գյուղում տոնական տրամադրություն է տիրում, մանուկների աշխույժ իրարանցում, ինչն ակամա փոխանցվում է նաև մեծահասակներիս: Տոնը, բնականաբար, փոքրիկներինն է, և նրանք էլ սիրելի նվերներ են ստանում: Առհասարակ, Սասունիկում տոները նշելու լավ ու բարի ավանդույթ կա: Հատկապես Ամանորը, Տեառնընդառաջը, Վերջին զանգը խանդավառությամբ ու ոգևորությամբ են անցնում` վերածվելով համայնքի համար ընդհանուր տոնակատարությունների: Գրեթե ողջ գյուղն է մասնակցում անցկացվող միջոցառումներին, իսկ կենտրոնում դարձյալ երեխաներն են, մատաղ սերունդը, գյուղի ապագայի նկատմամբ շահագրգիռ մոտեցումը: Գյուղապետարանը միշտ էլ ջանում է` չխնայելով միջոցներ, որ դրանք անցնեն հագեցած ու բովանդակալից և, իրոք, տոն դառնան մեր բնակիչների համար: Դպրոցի նկատմամբ էլ մեծ հոգատարություն կա, ինչը տարբեր դրսևորումներով է հանդես գալիս: Մասնավորապես, դպրոցական դասագրքերի վարձավճարների գումարներն արդեն չորրորդ տարին հատկացվում են համայնքի բյուջեից: Ըստ էության, բնակչի վճարած հարկը մի այլ /նաև զանազան աշխատանքների ու ձեռնարկումների/ տեսքով վերադարձվում է իրեն, ինչը նշանակում է, որ եղած միջոցները նպատակային ու արդյունավետ են ծախսվում: Ինչպես կրթության, այնպես էլ մշակույթի և մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող բոլոր այլ հարցերում համայնքի ղեկավարությունն առանձնահատուկ մոտեցում ու վերաբերմունք ունի` չխնայելով ֆինանսական միջոցներ: Մշակույթի տանը գործող շատ լավ ազգագրական պարի խումբ ունենք, վերջերս գորգագործական խմբակ բացվեց: Գրադարանի գրքերի թիվը գնալով ավելանում է: Գյուղն, ի վերջո, հպարտանում է իր հերոս որդով` Գեղազնիկ Միքայելյանով /Չաուշ/, ում հիշատակը միշտ վառ ենք պահում: Մշակութային անցուդարձին միանում է նաև մարզականը` սկսել է գործել շախմատի խմբակը: Արման Մարգարյանի պաշտոնավարման շրջանում կյանքը համայնքում բավականին աշխուժացել, նոր իմաստ ու բովանդակություն է ստացել: Շատ կարևոր է ընդգծել` մաքրվել է աղբից: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ մանկապարտեզ կառուցեցինք, որտեղ 90 երեխա է հաճախում: Մշակույթի տունը վերանորոգվեց: ԻՖԱԴ-ի ծրագրով, ինչպես նաև մեր կողմից որոշակի ներդրմամբ գազաֆիկացում անցկացվեց: Խմելու ջրագծերն ենք փոխել, քիչ մաս է մնացել: <<Արմենիա վայն>> գինու գործարանի շնորհիվ որոշակիորեն լուծվել են մարդկանց զբաղվածության, ինչպես նաև խաղողի բերքի իրացման խնդիրները: <<Վան արդի>> գինու փոքր գործարան ունենք, որը գործունեությունն ընդլայնելու մի շարք ծրագրեր է ներկայացրել: Հիմնական մտահոգությունը, թերևս, այն է, որ մեր հողատարածքների որակական վիճակն այն չէ, ոռոգման ջուրը չի բավարարում: Բնական աղետներն էլ իրենց հերթին մեզ վնասներ են պատճառում` խաղողի այգիներում այս տարի էլ բերք չկա: Համայնքապետարանի գործունեությունը թափանցիկ է, ցանկացած դիմում անհետևանք չի մնում, ջանում ենք մեր բնակիչներին հնարավոր ամեն ինչով օգտակար լինել: Պարոն Մարգարյանի մեջ գնահատելի են անմիջականությունը, հետևողականությունը, քաջատեղյակությունը և այլն: Խստապահանջ է, բայց և ընկերական ու մարդկային…

Դառնանք օրվա` երեխաներին նվիրված միջոցառմանը: 1-ին դասարանի դասվար Ալվինա Ազատյանը մասնավորապես նշեց. <<Տոնը գյուղում հրաշալի է կազմակերպվում: Շնորհակալություն գյուղապետին թե՛ համայնքի, թե՛ ուսուցչական ողջ կոլեկտիվի անունից: Պարոն Մարգարյանը միշտ դպրոցի, համայնքի ու երեխաների կողքին է: Անակնկալներ, հաճելի՛ անակնկալներ երեխաները միշտ էլ ունենում են: Մեր համայնքապետը յուրահատուկ անձնավորություն է, գեներով ու արմատներով իսկակա՛ն սասունցի: Ավանդապահ է, բայց և միաժամանակ` նոր մտածողության ու հայացքների կրող: Եթե դպրոցին այդքան մեծ ուշադրություն է դարձնում, նշանակում է` համայնքի ապագայի հարցում որևէ մտահոգություն ունենալ չենք կարող: Հրաշալի մարդ է մեր ղեկավարը…>>:

<<2009 թվականից ինչ Արման Մարգարյանը գյուղապետ է ընտրվել,- իր հերթին ասաց Հայարփի Ստեփանյանը,– հրաշալի ավանդույթներ են արմատավորվել Սասունիկում: Համայնքի կյանքը բոլոր դրական առումներով փոխվել է, նկատելի աշխուժություն ու շարժ կա: Այն, ինչ կազմակերպվում է, մակարդակով է ու բովանդակալից: Գովելի ու գնահատելի է, և մենք շատ շնորհակալ ենք այդ ամենի համար>>:

Բնակիչները ևս գոհ էին օրվա հաճելի անակնկալից. <<Մեր գյուղապետն աշխատում է գերազանց: Դիմում ես ցանկացած հարցով, և նա պատրաստակամ օգնում է: Ինչ էլ լինի, հույս ու հավատ է ներշնչում: Նրա շնորհիվ գյուղն առաջընթաց է ապրում: Շատ գործեր են արվել, ինչից գոհ չլինել չենք կարող: Մարդկային է, բարի ու ընկերական: Նեղ վիճակում գտնվողի կողքին կանգնած է: Իսկակա՛ն ղեկավար… Երրորդ անգամ է ընտրվում, այս անգամ ոչ մեկը նրա հետ չէր առաջադրվել, մրցակից չուներ: Անում է գյուղի համար ամեն հնարավորը, ստեղծում է, կառուցում, վերականգնում…>>:

<<Շատ լավ գյուղապետ ունենք,- դպրոցի փոխտնօրեն Ծովինար Անտոնյանն է,– ժողովրդի կողքին կանգնող, գյուղացու հոգս ու ցավով ապրող: Ոչ մի տոնական օր հենց այնպես բաց չի թողնում: Ջանում է տալ ու նվիրել, մարդկանց ուրախացնել, առօրյայից կտրել: Երեխաների համար չի խնայում ոչինչ: Նեցուկ է բոլորին…>>:

Համայնքապետ պարոն Մարգարյանի հետ մի փոքր ժամանակ գտանք ընկերության թեմայի շուրջ զրուցելու:

-Ընկերությունից թանկ ոչինչ չկա,- ասաց նա:- Պիտի սրբորեն պահես, պահպանես մինչև կյանքիդ վերջը: Ընկերությունը մաքրություն է, սեր ու ազնվություն: Հոգու պահանջ է, որ ընկերոջդ հետ կիսես ամենանվիրական գաղտնիքները, զգացումներն ու երազանքները: Ընկերությունը նաև ընտանիք է մտնում, քանի որ մտերմիկ ու նվիրական է: Մարդուն պատիվ է տալիս, հարգանք ու մեծություն: Ընկերությունը յուրահատուկ մեծ ձեռքբերում է: Ընկերոջդ հաջողությունը նաև քո՛ հաջողությունը պիտի լինի: Ով լավ չի պատկերացնում ընկերական ճիշտ կարգավիճակը, խորհուրդ կտամ կարդա <<Ընկեր>> պարբերաթերթը…

 

 

SHARE