Մարդկանց կողքին, նրանց հոգսերով

0
24
Ընկերություն անելը, մարդկային ճիշտ վերաբերմունք ցուցաբերելը Սարգիս Խաչատրյանի  ապրելակերպի անբաժան ուղեկիցներից են…
Ապրելակերպ

Արարատի մարզի Ազատավանի համայնքապետ Սարգիս Խաչատրյանի հետ զրույցն սկսեցինք ընկերությունից, քանզի շատերից էինք տեղեկացել նրա ընկերասիրության մասին: Ասենք, որ համայնքը նա ղեկավարում է 2002-ից, ինչը վկայում է, որ ավելի շատ ընկերներ ունի համայնքապետերի շրջանում: 
-Ընկերությունն առաջնահերթ դերում է ինձ համար,- խոստովանեց նա,- լինի մանկության, թե աշխատանքային ընկեր: Աշխատանքային ընկերներս այն մարդիկ են, ովքեր մտածում են ի շահ ժողովրդի, ովքեր իմ կողքին են որևէ լավ գործ կատարելու համար: Ամեն գնով պիտի օգտակար լինենք ժողովրդին` թե հանրային, թե անձնական գործերում: Ինձ, որպես ավագ ընկերոջ, գործընկերոջ, հարգում են մարզի բոլոր համայնքապետերը, Արտաշատի տարածաշրջանի գյուղապետերն` առավել ևս: Ինձ ընդունում են, և ես էլ իմ փորձն ու հմտությունն եմ փոխանցում կրտսեր գործընկերներիս: Միմյանց օգտակար ենք լինում շատ ու շատ հարցերում, համագործակցում ենք, ինչն, ի վերջո, ի նպաստ համայնքների զարգացման է: Կրտսեր գործընկերներիս առաջնահերթ խորհուրդս այն է, որ ժողովրդին հանկարծ չնեղացնեն, քանի որ մեր բնակիչն այսօր թե՛ նյութական, թե՛ բարոյական աջակցության խիստ կարիք ունի: Պետք է ճիշտ վերաբերմունք ցուցաբերվի, որովհետև այնքան էլ բարվոք ժամանակներ չեն մեր ժողովրդի համար: Ես ընկերներիս միշտ այս մասին եմ հիշեցնում: Երբ բնակիչն որևէ հարցով ինձ է դիմում, ապա ես ջանում եմ նրան ամեն կերպ բավարարել, առավել ևս, որ երբեք նրան սպասեցնել չեմ տա: Ամեն գործ կարող եմ հետաձգել, միայն թե կարողանամ համագյուղացուս օգնել, ունեցած մտահոգությունը փարատել: Այո, մարդն առաջին պլանում պիտի լինի, նրա խնդրի լուծումը` առաջնահերթ…

Ինչպես դժվար չէ հասկանալ, պարոն Խաչատրյանի գործելակերպում առաջնահերթ կարևորվում են մարդկային գործոնը, մարդ լինելու և մարդ մնալու հանգամանքը, ինչը շատ կարևոր է հատկապես ընկերություն անելիս: 
-Միանշանակ համաձայն եմ,- ի պատասխան շարունակեց մեր զրուցակիցը:- Առաջնահերթ պետք է մարդ լինել, ապա` մնացած հարցերը: Չպետք է երբևէ մոռանալ, որ այսօր ինչ արվում է, արվում է սերունդների համար: Սեպտեմբերի 2-ին միջոցառում էր դպրոցում: Դիմելով ուսուցիչներին, ամեն անգամվա պես ասացի, որ լավ սովորող աշակերտներին ներկայացնեն մեր կողմից պարգևատրման: Նույնը` նաև լավագույն ուսուցիչների պարագայում: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դպրոցին, միայն թե ոսումնական գործընթացը պատշաճ կազմակերպվի, կարգապահությունը բարձր լինի: Ես դպրոցի ընկերն եմ… Լավ ընկերներ ունեմ մարզպետարանում: Համայնքապետ շատ լավ ընկերներ ունեմ, որոնցով ուրախ ու հպարտ եմ: Խելացի խոսքը, ով ուզում է ասի, պետք է լսել, լավ գործը ընդօրինակել: Առանց ընկերոջ միայնակ մարդը ոչինչ չարժե: Ընկերական շրջապատս ձեռք եմ բերել լավ ընկեր լինելուս շնորհիվ: Ընկերությունը պետք է պահպանել իր ամեն մանրուքով, նաև աղ ու հացով ընդլայնել այդ ընկերությունը` նոր ընկերներ ձեռք բերելով: Ընկերությունից լավ բան չկա: Լինել համայնքի ղեկավար, նշանակում է ունենալ ընկերական լայն շրջապատ: Առանց ընկերական այդ շրջապատի շատ դժվար կլինի հարցեր լուծել, աշխատանքները կարգավորել: Ընկերներիս միջնորդությունն ու բարոյապես կողքիս կանգնելն ինձ լիուլի բավարար են, մնացածն աշխատանքով, մեր ուժերով ու հնարավորություններով կարող ենք առաջ տանել: 
   Տարիների ընթացքում, ըստ համայնքի ղեկավարի, գազաֆիկացվել է դպրոցը, ջեռուցում է անցկացվել այնտեղ, դպրոց տանող ճանապարհն է ասֆալտապատվել: Ներհամայնքային գրեթե բոլոր ճանապարհները խճապատված են: Բնական գազով ապահովվել են այն ընտանիքները, որոնք մինչև այդ զրկված են եղել դրանից: Գյուղն այսօր ամբողջությամբ գազաֆիկացված է: Մասնակի վերանորոգվել է բուժամբուլատորիան: Գյուղապետարանի շենքն ամբողջությամբ վերանորոգված է: Գերեզմանատանն են բավականին աշխատանքներ կատարվել, այդ թվում` պարսպապատման: Արտաշատ տանող ճանապարհն են լուսավորել /1 կմ/: Խմելու ջրի նոր ջրագծեր են անցկացվել: Նոր ծրագրի համաձայն, ամբողջությամբ փոխվելու են գյուղի խմելու ջրի ներքին ցանցի խողովակները: Շուտով այդ աշխատանքները կսկսվեն: Ընթացքի մեջ է մանկապարտեզ ունենալու գործընթացը: Համայնքի ուժերով մտադիր են համապատասխան շենք ձեռք բերել, մարզպետարանի օգնությամբ վերանորոգել և ծառայեցնել տվյալ նպատակին: 
-Թեև խմելու և ոռոգման ջրի հետ գործ չունենք,- նշեց պարոն Խաչատրյանը,- բայց ընկերության, մարդկային վերաբերմունքի շնորհիվ այնպես ենք անում, որ բնակիչները դժգոհություն չունենան: Ամառվա ընթացքում խմելու ջուրը սակավ է լինում, ցանցը փոխելուց հետո վիճակն էապես կբարելավվի: Ամեն հարցով ընդառաջում եմ, որպեսզի մարդիկ ջրի հետ կապված խնդիր կամ հոգս չունենան: Մոտ ժամանակներս նոր ենթակայան կտեղադրենք, որպեսզի էլեկտրաէներգիայի օգտագործման ծանրաբեռնվածությունը թուլանա, մարդկանց համար անհարկի դժվարություններ չստեղծվեն: Որևէ տարբերություն չեմ դնում, բոլորին հավասարապես եմ վերաբերվում: Կարող է անգամ բնակիչը ինձ չդիմել, չանհանգստացնել, բայց, իմանալով ինչն ինչոց է, ինքս եմ հաճախ նախաձեռնում և անհրաժեշտ պահին կանգնում նրա կողքին: Ես ապրում եմ գյուղացու հոգսով, գյուղին վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ ընտանիքին: Մանկապարտեզի խնդիրը լուծելուց հետո ձեռնամուխ կլինենք եկեղեցու հիմնադրմանը: Այն կառուցելուն պատրաստակամ են օգնելու ընկերներս: Համայնքի բյուջեից ևս մասհանում կանենք այդ գործի համար, ներդրողներ կլինեն: Աշխատանքները, ընդհանուր առմամբ, համայնքի ուժերով ենք իրականացնում: Եղեռնի զոհերի հիշատակին խաչքար ենք տեղադրել: Հայրս էլ է եղել այս գյուղի ղեկավարը, ես նրա գործի շարունակողն եմ: Ամեն մեկն իր գործով պիտի արժանի հետք, բարի անուն թողնի: Եթե իմանամ, որ մարդկանց բոլոր խնդիրները կկարողանամ հաջողությամբ լուծել, ապա գիշերն անգամ չեմ քնի: Խղճիս հանգստության համար նվիրվում եմ անմնացորդ և ջանում եմ ինչքան հնարավոր է շատ բան անել մարդկանց համար…
SHARE