Մարդկանց հետ, մարդկանց համար

0
14

Աշխատանքն ու նվիրումը հեղինակություն ու բարի համբավ են բերում

Մտերմություն

Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանը մեր զրույցի սկզբում նշեց, որ համայնքը ղեկավարում է 2009 թվականից. <<Հենց այդ թվին վերականգնել եմ մեկ խորքային հոր` նոր պոմպ տեղադրելով, որպեսզի բնակիչները ոռոգման ջուր ունենան: Այս 7 տարվա ընթացքում ևս երկու հոր ենք վերականգնել, մեկ խորքային հոր էլ կառավարության կողմից է համայնքին նվիրաբերվել: Ներկայումս գիշերային լուսավորության անցկացման ուղղությամբ ենք աշխատանքներ տանում: Շուրջ 1500 մ երկարությամբ լուսավորության ցանց ենք /գերեզմանատունը ներառյալ/ անցկացնելու: Զուգահեռ գերեզմանատունը ջրով ապահովելու աշխատանք է իրականացվում: Ոռոգման ջրի բարելավման նպատակով ենք ջանքեր գործադրում: Մեզ համար ամենագլոբալը խմելու ջրի խնդիրն է: Մոտ 120 տնտեսության չենք կարողանում ջուր հասցնել: Այս նպատակով աշխատանք տարվում է` խնդիրը ներկայացվել է մարզպետարանին, և հուսով ենք, որ առաջիկայում ողջ գյուղը խմելու ջուր կունենա: Մյուս կարևոր խնդիրը մշակույթի տան հիմնանորոգումն է, ինչը համայնքի ուժերից վեր է: 2014-ին կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում վերանորոգվեց դպրոցը: Մանկապարտեզ չունենք, բայց ունենք նախակրթարան…>>:

Մեր այն հարցադրմանը, թե համայնքի ղեկավարից ի՞նչ է առաջնահերթ պահանջվում, պարոն Մանուկյանը հետևյալ պատասխանը տվեց.

-218 տնտեսություն ղեկավարելը հեշտ չէ, բայց մարդկանց հետ սերտ շփման արդյունքում դա ինձ հաջողվում է: Բոլորիս խոսքը, համոզումը մեկ է, մերվել ենք իրար` ինչպես մեկ ընտանիք: Մեր գյուղը լավն է: Երեխայի հետ երեխա եմ, մեծի հետ` մեծ: Ջանում եմ երբևէ մարդկանց չհիասթափեցնել, աջակցել հնարավոր ամեն ինչով: Չէ՞ որ բարի անուն ու հարգանք թողնելն ամենակարևորն են: Ֆինանսապես օգնում ենք մեր ուսանողներին, ազատամարտիկներին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Կանգնած եմ գյուղացուս կողքին և բոլոր հարցերում նրան աջակից եմ…

Վարդանաշենցին շատ աշխատասեր է, այստեղ հիմնականում բանջարեղեն են մշակում, հացահատիկ, կերային մշակաբույսեր: Իրացման հարցում գյուղացին առանձնակի մտահոգվելու խնդիր չունի, միայն նեղվում է, երբ գները ցածր են լինում, երբ եկամուտ համարյա չի մնում: Այդուհանդերձ, ինչպես հավաստեց համայնքապետը, գյուղի հողատարածքները գրեթե ամբողջությամբ մշակվում են: Միակ մտահոգողը մնում է խմելու ջրի խնդիրը: <<Ով մեզ օգնի խմելու ջրի հարցում, մենք նրան <<Պատվավոր Վարդանաշենցի>> կոչում կշնորհենք>>,- կես-լուրջ, կես-կատակ ասաց Վարդանաշենի համայնքապետը:

Արթուր Մանուկյանը ընկերասեր է, գնահատում է հատկապես անկեղծ ընկերությունը: Ունի ընկերական մեծ շրջապատ, բոլորի հետ էլ մերվող, մտերմություն հաստատող է: Իսկական ընկերությունն առանց ընտանիքների հետ մտերմության չի լինում: Այդպես է իր և ընկերների պարագայում, այն ընկերների, ում հետ ընկերությունը տասնամյակներով է ձգվում. <<Ընկերներ որ չունենայի, երևի այստեղ չլինեի: Ընկերներս են եղել կողքիս, նախաձեռնել իմ առաջադրումը համայնքապետի պաշտոնում: Պատրաստակամ են աջակցել ինձ հնարավոր ամեն ինչով…>>:

Նա մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ էլ լավ հարաբերություններ ունի, ինչն իր հերթին նպաստում է համայնքի շատ խնդիրների լուծմանը, գյուղի առաջընթացին ու զարգացմանը:

SHARE