Մարդկանց պաշտպանելուն ու ծառայելուն ենք կոչված լինելու

0
11

Հատկապես` նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն…
 Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում փետրվարի 12-ին կայանալիք ընտրությանը գյուղացիների առաջարկով իր թեկնածությունն է առաջադրել Վահրամ Եղիզարյանը: Նրա հետ զրույցից մեզ համար պարզ դարձավ, որ թեկնածուն շատ հայրենասեր, պատվախնդիր, հայրենի հողն ու ջուրը սիրող, գյուղացու դարդ ու ցավը հասկացող անհատ է: Սրտացավ է յուրաքանչյուրի նկատմամբ, անտարբեր չէ հատկապես երիտասարդ սերնդին առնչվող ցանկացած հարցում` կցավի յուրաքանչյուրի սխալի համար և կջանա ամեն կերպ ուղղել այն, հետագա սխալներից ետ պահել: Նրա առաջնահերթ նպատակն է վերականգնել համայնքի նախկին բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչից հետո միայն համատեղ ուժերով, համայնքային ողջ ներուժը նպատակային օգտագործելով, ձեռնամուխ լինել նախանշած ծրագրերի իրականացմանը:

 – Համայնքում,-նշեց պարոն Եղիազարյանը,-չլուծված խնդիրներն, ինչ խոսք, շատ են: Դրանցից հատկապես մատնանշեմ հետևյալները` կենտրոնական ամբողջովին քայքայված ճանապարհի ասֆալտապատումը, մանկապարտեզի գործունեության ապահովումը, շարքից դուրս եկած մշակույթի տան վերականգնումը և այլն: Բայց, ինչպես իմ նախընտրական ծրագրում եմ կարևորել, առանցքայինը մարդկանց հավատն ու վստահությունը վերականգնելու, մարդկային փոխհարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու անհրաժեշտությունն է: Համայնքը պետք է, իրոք, միասնական ու համախմբված լինի և գործի մեկ ընդհանուր ուղղությամբ: Մինչդեռ մեր մարդկանց հոգիներում խռովություն կա կուտակված, հատկապես երիտասարդների շրջանում շատ է տարանջատվածությունը: Նպատակս հաշտության ու հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելն է: Մարդիկ, ասես, փոխված լինեն, նախկին պատվախնդիր ալաշկերտցին, ցավոք, տեղի է տվել, զիջել դիրքերը: Չէ՞ որ բոլորն էլ պատմական Ալաշկերտից գաղթածների ժառանգներ են, միատարր են եղել, հարգալից միմյանց նկատմամբ: Սակայն այսօր, չգիտես ինչու, չարությամբ են տրամադրված իրար հանդեպ, հաճախակի են անտեղի վիճաբանությունները և այլ անցանկալի երևույթները… Ընտրվելուս դեպքում գյուղապետարանի աշխատանքները դարձնելու եմ բաց ու թափանցիկ: Յուրաքանչյուր քայլի, իրականացվող աշխատանքի կամ ծրագրի մասին ոչ միայն մարդիկ նախապես տեղեկացվելու են, այլև ակտիվորեն ներգրավվելու են դրանցում: Որոշումները կայացնելու ենք գյուղացու հետ համատեղ, առաջացած խնդիրները միասին ենք լուծելու: Գյուղացին հնարավորություն է ունենալու ցանկացած պահի մտնել գյուղապետարան, իր հարցը բարձրացնել և հենց տեղում բավարար պատասխան ստանալ: Երբևէ խտրականություն չի դրվելու, բոլորին հավասար ենք վերաբերվելու: Մեր կոչումը մարդկանց պաշտպանելը, նրանց ծառայելն է լինելու, հատկապես` նրանց, ովքեր ավելի շատ դրա կարիքն ունեն…
   Մեր զրուցակցի համոզմամբ, գյուղապետն առաջին հերթին պետք է մարդկային ճիշտ փոխհարաբերություններ ձևավորի համայնքում, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ապահովի: Նա պետք է, ի պաշտոնե, համայնքում համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտի երաշխավոր լինի: Այնպես որ, գյուղապետի թեկնածուի հավաստիացմամբ, ճիշտ, հետևողական ու նպատակային աշխատանքի դեպքում Ալաշկերտը դառնալու է ամենահամախմբված ու լավագույն համայնքներից մեկը.
 – Գյուղապետն <<իմ ու քո>> չպետք է անի: Եթե պետության կողմից օգնություն է հատկացվում, ապա դա առաջին հերթին սոցիալապես անապահով խավերին պետք է տալ, այլ ոչ թե նրանց, ովքեր գյուղապետի հարազատն են կամ նրա սրտով ուզած մարդիկ: Հարկերից ազատելու հնարավորություն պետք է ընձեռել չունևորին, այլ ոչ թե հակառակը, ինչը և ներկայումս արվում է: Ահա այս անարդար ու անհավասար մոտեցումն է դժգոհություն առաջացնում: Նպատակս է ժողովրդին միավորել, որպեսզի հարգեն ու սիրեն միմյանց, որպեսզի մեկը մյուսի նեղին հասնի, կանգնեն իրար կողքի ու միմյանց վեր բարձրացնեն: Գաղտնի ոչինչ չի արվելու, բոլորի համաձայնությունը պարտադիր է լինելու: Միմյանց ուժ տալով`պիտի համայնքը ոտքի կանգնեցնենք: Աշխատանքներին ներգրավելու եմ բոլոր ընկերներիս: Նրանք արդեն առաջարկել են իրենց ֆինանսական օգնությունը` մանկապարտեզի խնդիրը լուծելու հարցում: Գյուղում հասարակական զուգարան է կառուցվելու, ինչը ալաշկերտցիների պահանջներից մեկն է, դաշտամիջյան ճանապարհներն ենք հարթեցնելու: ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող ընկերներս խոստացել են համապատասխան գումար տրամադրել կենտրոնական փողոցի վերանորոգման համար…
    Վահրամ Եղիազարյանը, ազնիվ ու բարեհոգի մարդ լինելով, ընկերական մեծ շրջապատ ունի, իրեն հոգեհարազատ ընկերներ ու բարեկամներ: Չար, շահամոլ մարդու հետ ընկերություն չի պատկերացնում: Ըստ նրա, ընկերոջը պետք է ձեռք մեկնել, ուշադիր լինել նրա նկատմամբ: Հավատարիմ է նախնիների հայրենասիրական պատգամներին և գերխնդիր է համարում նրանց բոլորի երազած հայրենի եզերքը կառուցելն ու շենացնելը: Իր առաջարկությամբ ու միջամտությամբ է գյուղը վերջին տարիներին Ալաշկերտ վերանվանվել: Հարգալից ու հյուրասեր բնավորությունը փոխանցվել է ծնողներից: Կինը բուժքույր է, որ պատրաստակամ է ցանկացած պահի օգնելու իրեն դիմած մարդկանց: 
    Թեկնածուի պատկերացմամբ, Արմավիրի մարզպետի հետ համատեղ աշխատանքը շատ սերտ է լինելու, քանզի պարոն Ղահրամանյանը գյուղացու դարդ ու ցավը հասկացող, աշխատող մարդուն արժանիորեն գնահատող ղեկավար է…
SHARE