Մարդուն ճանաչել ու գնահատել ըստ նրա արածի, նրա նվիրվածության ու ներդրածի

0
32

Արժանիք 

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքը Մնացական Գևորգյանը ղեկավարում է 2009 թվականից:

-Փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը,- <<Ընկեր>>-ին ասաց գործող համայնքապետը,- առաջադրել եմ թեկնածությունս: Կուզենայի ավարտի հասցնել կիսատ գործերն ու ծրագրերը: Դրանք ներառված են համայնքի զարգացման հնգամյա ծրագրում: Մասնավորապես, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև գազաֆիկացման 1500 մ հատվածի կառուցում: Բնական է, որ եթե ժողովրդի վստահությունը չլինի, ապա չեմ կարող կրկին վերընտրվելու հույս ակնկալել: Կարծում եմ, որ հուսախաբ չեմ լինի, քանի որ արված գործերն ու ձեռնարկումները քիչ չեն, ինչը, անշուշտ, արժանիորեն է գնահատվելու նուռնուսցու կողմից: Գյուղը գազաֆիկացվել է 2009 թ.: 77 մլն դրամ արժողությամբ ծրագիր էր, որի 10 տոկոս ներդրումը /7,7 մլն դրամ/ արվել է մեր կողմից: Նույն թվին Ասիական զարգացման բանկի միջոցներով Արզնիից մինչև մեր գյուղ 9,3 կմ ճանապարհն է ասֆալտապատվել: Գլխավոր փողոցի լուսավորությունն է անցկացվել /1,5 կմ/ մեր տնտեսած 4 մլն դրամ գումարով: Պետական ծրագրով, մարզպետարանի կողմից կառուցվել է խմելու ջրի երկրորդ կապտաժը: Այսօր համայնքում շուրջօրյա ջուր ունենք: Խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ պետք է փոխվի: Իսկ ոռոգման համակարգի ներքին ցանցի անմխիթար վիճակը գալիս է դեռևս խորհրդային տարիներից: Այս խնդիրները մեր ուժերով ու հնարավորություններով անհնար է լուծել: Վերադասը տեղեկացված է, և ուղիներ են փնտրվում` համապատասխան ծրագրերում ընդգրկելու համար: Համայնքի զարգացման ծրագրերի շրջանակում նաև չրի արտադրության ստեղծման հարցն է, որի գործարկմամբ աշխատատեղեր կունենանք: Նուռնուսը հարուստ է բոլոր տեսակի մրգերով: Վերանորոգել ենք գյուղապետարանը, որը գտնվում է մշակույթի տան տարածքում: Դպրոցը ջեռուցվում էր էլեկտրաէներգիայով և գրեթե ամեն օր վթար էր պատահում: Իմ նախաձեռնությամբ գումար ենք հատկացրել` 600 հազար դրամ, 300 հազար դրամ տրամադրել է <<Սյունէներգաշինը>> /տնօրեն` Աթոյան/ , մոտ 500 հազար դրամ էլ դպրոցն ուներ տնտեսած, ահա այսպես, համատեղ ուժերով, դպրոցում կենտրոնական ջեռուցման համակարգ անցկացրեցինք: Մանկապարտեզ չունենք, ինչի ուղղությամբ ևս քայլեր ենք ձեռնարկում:

Մեր զրուցակցի խոսքերով, գյուղացի-գյուղապետ փոխհարաբերությունները բնականոն վիճակում են, չհաշված ընտրություններով պայմանավորված որոշակի լարվածության առկայությունը: Ամեն ինչ արվել է` ի շահ համայնքի, ժողովրդի, եթե կարողացել են օգնել մարդուն, ապա օգնությունը չի ուշացել: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ինչ-որ կերպ աջակցել են, որ բնակիչը միայնակ չմնա իր հոգս ու ցավի հետ: 850 բնակիչ ունի Նուռնուսը: Ապրում են մի տան նման, ինչպես մի մեծ ընտանիք: Բնակիչները ժամանակին կատարում են հարկային պարտավորությունները, միայն հողի հարկի առումով են խնդիրներ ունենում` կապված այգեգործական ընկերությունների հետ: Գյուղացին այսօր առավել քան վստահ է, որ վճարած գումարներն իրենց նպատակին են ծառայեցվում: Լիզինգով տրակտոր են ձեռք բերել, հանձնվել է վարձակալության: Գյուղացու աշխատանքները կատարվում են ժամանակին, մատչելի գներով:

Գործող համայնքապետն առաջիկա ընտրություններում ունի մեկ մրցակից: Անում է ամեն ինչ, որպեսզի նախընտրական մթնոլորտը խաղաղ ու առանց ավելորդ լարվածության լինի: Կողմնակից է, որ ընտրապայքարը տարվի գաղափարների, ծրագրերի շուրջ, հարգեն բոլոր ընտրողների կարծիքն ու ցանկությունը:

Ինչ վերաբերում է ընկերությանը, ապա ամեն լավ բան արվել և արվում է ընկերական փոխադարձ հարգանքի, մարդկային մոտեցումների արդյունքում: Առանց դրա շատ դժվար կլիներ աշխատել և հաջողության հասնել: Մնացական Գևորգյանն այդ ընկերական հարաբերությունները փորձում է պահպանել թե՛ բնակիչների, թե՛ վերադաս ղեկավարության հետ: Բնակիչների համար հասանելի է օրվա բոլոր ժամերին, պատրաստակամ է լսելու, տեղեկանալու խնդիրների մասին և հնարավորությունների սահմաններում լուծելու դրանք:

Ըստ նրա, նուռնուսցին գիտի մարդուն ճանաչել ու գնահատել, իսկ առաջիկա ընտրությանն էլ, անկասկած, իր քվեն կտա` հաշվի առնելով մարդու արածն ու դրածը, ըստ նրա արժանիքի: Որքան շատ լինեն այդ քվեները, այնքան ավելի կբարձրանան պատասխանատվությունն ու պարտավորվածությունը հարազատ համայնքի, նրա բնակչի հանդեպ…

SHARE