Մարդուն օգնել, շահագրգռել

0
40

Որպեսզի սիրով լցվի հայրենի հող ու ջրի հանդեպ, տրամադրված լինի բարիք արարելու…

watermarked_Avetis Avetisyan - Ddmashen

 ՏԻՄ

 -Դդմաշեն համայնքը /Գեղարքունիքի մարզ/ ղեկավարում եմ 2010 թվականից,- ասաց Ավետիս Ավետիսյանը:- Հոկտեմբերի 19-ի ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել եմ թեկնածությունս: Այլ թեկնածու չի առաջադրվել, ինչը, կարծում եմ, աշխատանքիս անուղղակի գնահատականն է: 4 տարվա ընթացքում կատարվածն ակնհայտ է, փոփոխությունը մեծ: Նախ` գյուղապետարանի շենքի, ապա` խմելու ջրի արտաքին ցանցի /2400 մ/ վերանորոգում: Դպրոցի հիմնանորոգումը, որ սկսվել էր 2004-ից, պետբյուջեի միջոցներով, ավարտի հասցրեցինք 2013-ին: Պետական աջակցությամբ նաև կենտրոնական ճանապարհն է ասֆալտապատվել: Այս հատվածի խմելու ջրի ջրագծի խողովակները տրամադրվել են ՀՀ նախագահի կողմից, իսկ փոխարինման աշխատանքների կազմակերպումն իմ միջոցներով է իրականացվել` մինչ ասֆալտապատումը: Գյուղնախարարության ծրագրով այս տարի մեզ հատկացվելու է գյուղտեխնիկա (երկու միավոր արդեն ունենք), ինչի համար պահանջվող 20 տոկոս ներդրումն արվել է իմ կողմից, քանի որ համայնքը նման հնարավորություն չուներ: Այս խնդրի լուծումը հնարավորություն կընձեռի ցանքատարածությունները 20-30 տոկոսով ավելացնելու: Ամեն ինչ արվում է իմ կողմից, որպեսզի գյուղացին շահագրգռված լինի մշակելու իր հողը: Նպատակ ունեմ իմ միջոցներով որոշակի հողատարածք մշակել, աճեցված բերքը տալ գյուղացուն, որպեսզի հաջորդ տարի ինքն արդեն կարողանա մշակել իր հողը: Պայմաններ են պետք, որ գյուղացին կապվի հողին, ի վիճակի լինի աշխատելու և եկամուտ ստանալու: Մարդիկ աշխատասեր, ստեղծող են, մնում է, որ մի փոքր շահագրգռություն ստեղծվի: Մանկապարտեզը վերանորոգվել է, բայց դեռևս կոյուղու, տարածքի հարդարման հետ կապված խնդիրներ կան, ինչի լուծման դեպքում արդեն կսկսի գործել: Առաջնահերթ ծրագրերս, վերընտրվելուց հետո, մանկապարտեզի բացումն է, մշակույթի տան վերանորոգումը, որի դեպքում կլուծվի նաև երեխաների զբաղվածության ապահովման խնդիրը…

 -Պարզ է, պարոն Ավետիսյան, որ կունենաք ընկերներ, և ես կուզեի իմանալ, թե ի՞նչ լումա ունեն նրանք գյուղի զարգացման գործում:

 -Ես 1978-2010 թթ. տարբեր վայրերում շինարարական աշխատանքներ եմ կատարել և ունեմ, բնականաբար, շատ ընկերներ: Այնքան շատ են նրանք, որ ցանկացած խնդրի դեպքում` ցանկացած դուռ թակելիս ընկերների օգնությունն ինձնից անպակաս է լինում: Դա շատ է օգնում գործերն առաջ տանելու, ցանկալի արդյունք ապահովելու համար: Ուր էլ գնամ` դժվարության չեմ հանդիպի: Կարող է շատ փող ունենաս, բայց դրանով չկարողանաս անել այն, ինչ կանեիր ընկերների օգնությամբ: Այնպես որ, այդ առումով ես երջանիկ ու հպարտ եմ: Միաժամանակ, չեմ ուզում այնքան էլ շատ նեղություն տալ ընկերներիս, քանի որ ինքս ի զորու եմ ծագած խնդիրները լուծել: Ամենակարևորը, կա ընկերներիս մեծ պատրաստակամությունը` ամեն ինչում ինձ ձեռք մեկնելու, աջակցելու: Անհրաժեշտության դեպքում, պարզ է, ընդունում եմ այդ օգնությունը: Ընկերներիս մեջ մարդկային լավ տեսակն է խոսում, մարդկային են, շռայլ, ձեռնհաս: Առհասարակ, մարդկանց պիտի օգնել` առանց քո ես-ը ցուցադրելու, առանց անգամ քո ով լինելն ասելու: Կարիքավորին, սոված երեխային, օրինակ, ինչպե՜ս չօգնես… Օգնել եմ` ինչով կարողացել եմ, շատ հաճախ այդ մասին չբարձրաձայնելով: Ղարաբաղյան պատերազմի տարիներին եմ իմ աջակցությունը ցուցաբերել մեր զինվորին, մեր բանակին` հնարավոր ամեն ինչով, իմ չափով մասնակից դառնալով այդ սուրբ գործին: Ուրիշ ով պիտի աներ դա, եթե ոչ մենք: Ինչ կամ ինչքան ուզում ես ունեցիր, եթե մարդ չես, եթե որևէ արժեք չունես, ապա ո՜ւմ ես պետք… Ես նման մարդկանց հետ չեմ կարող շփվել: Մարդուն պիտի գնահատես իր մարդկային արժանիքների, մարդկային վերաբերմունքի համար: Փողն անհրաժեշտ է, կարևոր, բայց այն անարժան, անշնորհք մարդուն վնասում, փչացնում է: Տեսած մարդն այդ առումով խնդիր չունի, նա հեշտությամբ էլ իր ունեցածից բաժին կհանի չքավորին ու կարիքավորին: Թեկուզ ընկերս լինի` եթե պաշտոնը կամ փողը նրան փոխել է, ապա նման մարդն ինձ հետ ճանապարհ չի կարող գնալ, դա չի ստացվի: Շիտակ, անկեղծ ինչ պետք է` կասեմ նրա երեսին: Թույլին, անպաշտպանին ոչ մի դեպքում չպետք է նեղել, անտեսել: Երիտասարդության հետ պիտի ճիշտ աշխատել, նրան ճիշտ օրինակ ցույց տալ: Երկու որդի ունեմ: Ավագս` Վասակը, Հայաստանի խաղաղապահ զորքերում գումարտակի հրամանատար է, փոխգնդապետ: Բարձրակարգ զինվորական կրթություն է ստացել արտասահմանում: Կրտսեր որդիս` Վահագնը, ավարտել է Մոսկվայի իրավաբանական ակադեմիան` ազգային անվտանգության գծով: Աշխատել է իր մասնագիտությամբ, բայց այսօր իմ փոխարեն ղեկավարում է <<Բագրատունի>>արտադրական կոոպերատիվը: Հպարտ եմ զավակներովս…

  Ինչ վերաբերում է առաջիկա ընտրությանը, ապա գործող գյուղապետը նշեց, որ տվյալ գործընթացը Դդմաշենում միշտ էլ խաղաղ ու հանգիստ է անցնում, առանց որևէ լարվածության: Ջանում են, որ համայնքին լավ առումներով մատնացույց անեն: Պարոն Ավետիսյանը մեծապես կարևորում է պատասխանատվությունը, որն առավել ևս ղեկավարի մոտ պիտի ամենաբարձր մակարդակի վրա լինի: Մարդկանց վստահությունը պիտի արդարացնել, ոչ մի դեպքում նրանց հուսախաբ չանել:

-Սիրտս կպայթի, եթե հանկարծ մի գործ չկարողանամ անել,- խոստովանեց նա:- Ներկայումս խմելու ջրի ներքին ցանցն է ամբողջությամբ փոխվում` շուրջ 17 կմ: Աշխատանքները, հուսով եմ, կավարտվեն նոյեմբերի վերջին և վերջապես շուրջօրյա ջրամատակարարում կունենանք: Ոռոգման ջրի հետ խնդիրներ ունենք: 2004-ին կառուցված ջրագիծը անուշադրութան մատնվելու հետևանքով մեծ մասամբ շարքից դուրս է եկել: Քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի գտնվի այդ ցավոտ խնդրի լուծման լավագույն տարբերակը: Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, ոռոգման հարցը պիտի շուտափույթ լուծենք: Առայժմ ոռոգման ջուրը վերցնում ենք Հրազդանի ջրանցքից…

  Վերադառնալով ընկերության թեմային, պարոն Ավետիսյանը նշեց, որ տարածաշրջանի 10 համայնքի գյուղապետերով ընկերություն են անում, մեկի ասածը 10-ի համար օրենք է: Չի եղել դեպք, երբ անհրաժեշտության պարագայում իրար չհասնեն, օգնության ձեռք չմեկնեն:

  -Մեկս մեկով ապրում ենք,- անկեղծացավ նա,- ինչը գալիս է փոխադարձ հարգանքից: Շատ համախմբված ենք, եթե, ասենք, մի գյուղում լուծելու խնդիր կա, ապա միանում ենք իրար, համատեղում ջանքերը և լծվում այդ խնդրի լուծմանը: Առհասարակ, պիտի բոլորս էլ միասնական լինենք, հարգենք, սիրենք միմյանց, իրար թև ու թիկունք լինենք: Խղճով մոտնենանք ամեն ինչին, մարդկային մոտեցում ցուցաբերենք հատկապես խեղճերի, անպաշտպանների հանդեպ: Եթե ապրում ենք, ապա ապրենք միմյանց ապրեցնելու, միմյանց ծառայելու համար, բարի ու առաքինի նպատակներ դնենք մեր առջև…

SHARE