Մարդու, քաղաքացու և ընկերոջ հրաշալի կերպար

0
24
   Մեզ հետ զրույցում <<Նվիրում>> գրքի հեղինակ, հրապարակախոս Նորիկ Պետրոսյանն ասաց.

  -Մեր ժամանակներում շատ են խոսում քաղաքացիական հասարակության մասին, բայց ես ոչ մի քաղաքացու կերպար չտեսա: Ի՞նչ է նշանակում քաղաքացի կամ քաղաքացիական հասարակություն… Մարդ, որ պաշտոններ չունենալով, ամենից առաջ մտահոգված է ժողովրդի ճակատագրով: Ինչպես իր ընտանիքի ճակատագիրն է նրան առանձնապես հետաքրքրում, այնպես էլ, դրանից գուցե և ավելի շատ` ժողովրդինը: Ես այդպիսի մարդու կերպար փնտրեցի ու գտա, համոզված եմ արդեն, որ այդպիսի մեկն այժմ էլ կա` Եղեգնաձորի նախկին շրջկոմի երկրորդ քարտուղար Եփրեմ Թադևոսյանը: Հենց նրա` քաղաքացի-մարդ լինելու կերպարն ինձ ներշնչեց, որ նրա միջոցով <<Նվիրում>> գրքում ներկայացնեմ խորհրդային քաղաքացուն: Ներկայացնեմ, թե ինչպես մարդկային մի հսկայական զանգված նվիրված էր երկրին, ծառայում էր նրան, միայն այն բանի համար, որ այդ երկիրն էլ նույն համառությամբ, նույն նվիրվածությամբ ծառայում էր իրեն: Իսկ ինչո՞ւ <<Նվիրում>>… Իմաստն այն է, որ Թադևոսյանը նվիրված է եղել երկրին, ժողովրդին, կոմունիստական գաղափարներին, և կոմունիստական կուսակցությունն իր գաղափարախոսությամբ, երկիրն իր մարդկային միտումներով նվիրված է եղել նրան: Այդ գրքով փորձեցի ճիշտ կողմնորոշել նրանց, ովքեր միամտաբար կարծում էին, թե խորհրդային ժամանակներում մարդիկ բռնադատված էին, իրավունքների սահմանափակում կար: Ոչ մի ժամանակ, մարդկային հասարակության երկարատև պատմության, հազարամյակների ընթացքում, մարդկանց մեծամասնությունն այնպիսի ժողովրդավարական, ինքնիշխանական իրավունքներ, ինքն իր ճակատագիրը տնօրինելու նման հնարավորություն չի ունեցել, ինչպես սովետական տարիներին էր… Եփրեմ Թադևոսյանը հեռավոր Խաչիկ գյուղից զորակոչվել է բանակ և միայն Սովետական Միության ծնողական ջանքերի, հետևողականության, սիրո, գուրգուրանքի շնորհիվ դարձել գիտաշխատող, դասախոս, պրոռեկտոր, հետո էլ նրան հրավիրել են Հայաստան` կուսակցական պատասխանատու աշխատանք վստահելով: Բայց արդեն այս նոր մարդկանց պետք չէր քաղաքացու կերպար, և նրան ապօրինաբար թոշակի ուղարկեցին: Ի հեճուկս նման արատավոր գործելակերպի, նա այսօր էլ նույն ձևով ապրում է, նույն ձևով օգնում է, հենց թեկուզ միայն իր ներկայությամբ: Հենց թեկուզ միայն իր մարդկային սրտացավ հետաքրքրությամբ: Հենց թեկուզ բարևով և չափազանց շատ հանգամանքներում էլ օգտակար լինելով, որովհետև ընկերական մեծ շրջապատ ունի, որը նրա խոսքը երբեք անհետևանք չի թողնի: Եվ Եփրեմ Բագրատիչը, ինչպես բոլորս ենք այդպես ասում, կարողանում է հովանավորել գրողների, պատմաբանների, օգնել մարդկանց ուսումնառության հարցերում և այլն: Ընկեր հասկացությունը, սովորաբար, շատ ծավալուն է, համենայնդեպս, իմ կարծիքով, ընկերներ են նրանք, ովքեր այդ ընկերության համար զոհաբերում են իրենց և՛ ժամանակը, և՛ առողջությունը, ինչպես նաև իրենց հետաքրքրությունների երբեմնի լայն շրջանակը նեղացնում են մինչև ընկերությանն օգտակար լինելը: Զարմանալիորեն, ես այդպես նեղացրի ընկեր հասկացության աստիճանը, բայց Թադևոսյանն իրեն միշտ համարում է նրանց ընկերը, ովքեր իրեն որևէ հարցով դիմում են: Նրա համար ընկերոջը օգտակար լինելու հանգամանքը կամ հնարավորությունը մեծագույն հաճույք է: Եթե մի քիչ ավելի այդ բառը խորացնեմ, ապա նրա համար հենց երջանկություն հասկացությունը օգտակար լինելու հնարավորությունն է: Մարդը չի կարող երջանիկ լինել, եթե չի  կարողանում ուրիշներին օգտակար լինել: Եփրեմ Բագրատիչի երջանկությունը դիմացինին երջանկացնելու, նրան օգտակար լինելու, ուրախացնելու մեջ է: Մեր օրերում նրա նման մարդ չես գտնի: Նրա հասցեին ինչպիսի գովաբանական խոսքեր էլ ասվեն, միևնույն է, քիչ են: Նրա կերպարի հիմքը սոցիալիստական գաղափարախոսությունն է, ըստ որի մարդիկ պետք է  ապրեն առանց կոնֆլիկտների, առանց հակասությունների, առանց միմյանց գլխից մազ պոկելու, առանց միմյանց տրորելու: Նա այդ մարդկանցից մեկն է: Բացատրությունն էլ շատ պարզ ու հասկանալի է.<<Ես այդ բոլորն անում եմ, որովհետև դա եմ համարում ճիշտ, գեղեցիկ, դա եմ համարում ապրելաձև…>>:


    Ամբողջ արտադրությունը հիմնավոր տեսնել, հասկանալ, գնահատել և գտնել իսկական զարգացման ուղղությունները` գյուղատնտեսության, արդյունաբերության, արտադրության և այլնի, կարող էր միայն տեխնիկական կրթություն ունեցողը: Եփրեմ Թադևոսյանը և՛ տեխնիկական, և՛ հասարակագիտական կրթություն ուներ, դրան գումարած` նրա հաջողությունները կրկնակի էին, եռակի, քան նախորդներինը, որովհետև ձեռքն անմիջապես զարկերակին էր դնում, գիտեր, թե որն է առաջնայինը, կարևորը և որն է մեր հեռանկարը: Նրա օրինակով հարյուրավոր մարդիկ սովորելու մեկնեցին ու վերադարձան: Նա, իրոք, կենդանի լեգենդ է մեզ համար…

Սարգիս ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեյի
 կուսակցության վերահսկողության նախագահ

      Եփրեմ Թադևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառմանն, ի դեպ, մասնակցում էին ոչ միայն կուսակցական ընկերները, այլև նրանք, ովքեր աշխատել, շփվել են նրա հետ: Ելույթներ ունեցան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, նշանավոր հրապարակախոս, կինոսցենարիստ Էմանուել Մանուկյանը, <<Նվիրում>> գրքի հեղինակ Նորիկ Պետրոսյանը: Ե. Թադևոսյանը պարգևատրվեց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահության պատվոգրով, որը նրան  հանձնեց կազմակերպության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Այլ ելույթներ ևս եղան, որոնցում արժանիորեն գնահատվեցին նրա դերն ու հայրենանվեր գործունեությունը: Այո, մարդուն պետք է գնահատել, դրվատել նրա բարի գործերը և մարդկային առաքինի հատկանիշները…
     <<Ընկեր>> պարբերաթերթն իր հերթին հաճելի անակնկալ մատուցեց սիրելի Եփրեմ Թադևոսյանին` նրան արժանացնելով <<Լավագույն ընկեր>> կոչման և պատվոգրի: Ի դեպ, սա ավանդույթ է դառնալու, և թերթի այդ կոչմանն արժանանալու են նաև նրանք, ովքեր իրենց կենսակերպով, իրոք, լավագույն ընկերոջ օրինակ կարող են ծառայել…
SHARE