Մարդ, մասնագետ, քաղաքացի

0
20
Այս եռամիասնության ապահովման դեպքում ազգի, երկրի ապագան երաշխավորված է…

Կենսակերպ

Այնքա՜ն դերեր մնացին…

Անվանի դերասան Ազատ Գասպարյանի հետ հարցազրույցը, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը, արվել է նրա մահվանից բառացիորեն օրեր առաջ: Խորապես ցավելով նրա վաղաժամ կորուստը և վշտակցության մեր խոսքը բերելով դերասանի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին, սիրված արվեստագետի հետ այս, թերևս, վերջին հարցազրույցը հրապարակում ենք դերասանի ցավալի կորստից շատ չանցած` առանց որևէ փոփոխության…

<<Եթե ընկերության մասին է խոսքը, ապա պիտի սկսենք Ջիվանու <<Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը` մարդուն>> հանրահայտ տողով: Անմիջապես պիտի ասեմ, որ Հայաստանում ընկերության գետը դարձել է գետակ, այսօր` արդեն առու, և գնալով բարակում է: Շատ կուզենայի, որ վերականգնվեր մեր ընկերության գետը` վարար, զուլալ, որտեղ ամեն ինչ կար, ամեն տեսակ ձկներ, որ խայտալով անցնում էին, ինչը բերկրանք էր մեզ համար, սնունդ էր մեզ համար: Այսօր այդ յուրաքանչյուր ընկեր իր խմած <<օղու>> մի կաթիլից որ բաժին հանի, հաստատ չի ցամաքի: Սա սիմվոլիկ իմաստներով է, անշուշտ, ինչի մեջ խորհուրդ կա` շատ հասկանալի, ընկալելի: Եվ ես, որ շատ ընկերներ ունեմ, բազում-բազում ընկերներ` տարբեր մասնագիտությունների ու գործերի տեր, հիանում եմ իմ ընկերներով: Ես էլ ոչ պակաս ընկեր եմ… Հիմա այդ ընկերության քաղցրությունն ու օգտակարությունն առավել զգացի, հատկապես` հիվանդ վիճակումս: Ահազանգ էր, թե այլ բան կատարվեց, ուղղակի ես հիացա, որ սա է ճիշտ ընկերությունը, ուրեմն` ճիշտ ենք ապրել: <<Լայն օրերուս ուրախացող, կեղծ ընկեր, այժմ նեղն եմ ընկել, արի, ո՞ւրտեղ ես>>. դարձյալ մեծն Ջիվանուն հիշեցի, ում այս խոսքերն ստիպված չեղա արտաբերելու, որովհետև բոլոր ընկերներս, առանց տեղեկացվելու ու առանց կանչի, եկան ու եկան, գալիս ու գալիս են ինձ տեսության: Այդպես էլ, թերևս, պիտի լիներ, չնայած չէի ուզենա այդ միջոցով <<փորձելու>> ընկերներիս, ում հետ կյանքի, ընկերության փորձությունը վաղուց անցել ենք… Բոլոր կարգի ընկերություններն էլ անհրաժեշտ են մարդուն, և դա հոգևոր սնունդի պես է, որ հարկավոր է բոլորին էլ: Ուստի, կրկնեմ ցանկությունս, շատ եմ ուզում, որ գոնե առուն չցամաքի…>>: Այս խոսքերը ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆՆ են:

-Պարոն Գասպարյան, Դուք ասացիք, որ գետը բարակել, առուն պակասել է և որ այն ընկերությունը չկա: Ի՞նչ նկատի ունեք այն ընկերություն ասելով, ո՞ր ընկերության մասին է խոսքը: Ինչո՞վ էր առավել այն: 
-Տարիների ընկերության մասին էր խոսքս: Այն նախ առավել էր, քանի որ միմյանց հանդեպ ճանաչում կար:Այն ընկերությունը նկատի ունեմ, երբ միասնական ընկալում, փոխհասկացողություն կար: Միասին կինոթատրոն, համերգային դահլիճներ, թատրոն էին հաճախում: Ուսանողական տարիների ընկերությունը, երբ միմյանցից երբեք չէին բաժանվում: Հիմա ցավալիորեն ցաքուցրիվ է շատ, և ընկերությունը կուռ ու ամբողջական չէ: Մերը, կարծես թե, ծնունդով էր ընկերություն, այլ ոչ թե հավաքովի, ինչպես մեքենան են հավաքում: Եվ ճանաչումը, հարգանքը, որ ունեինք միմյանց նկատմամբ, և մեծ ու պստիկը, այդ ամենը ծնված օրվանից էր մեր մեջ: Մենք մի տարի մեծ մեր ընկերոջ կողքին այդպես չէինք դրսևորում մեզ, էլ չասեմ` 10 տարով ավագի դեպքում: Մենք Լևոն Ներսիսյանի հետ ընկերություն էինք անում, մեր արքայի հետ, բայց միշտ չափը պահում էինք: Այդ չափը կար, տարածությունը կար և խորին հարգանքը կար ավագի հանդեպ: Ավագն էլ նույն կերպ կրտսերի հանդեպ էր: Այսօր դա, ցավոք, չեմ տեսնում: Գուցե և կա, բայց քանի որ համընդհանուր չէ, դրա համար չի զգացվում, տեսանելի չէ: Կան, անշուշտ, մարդիկ, որ պահում են այդ ամեն դրականը, պահում են այդ ընկերությունը, որովհետև դա, կարծես, ժառանգաբար է նրանց  փոխանցվել: 
-Ինչո՞ւ է բարակել այդ` ընկերության առուն:
-Բարակեց, քանի որ շատ երկար  տեւեց, Պարոնյանը կասեր` այդ սատկելիք  անցումային շրջանը: Տարիներն իրենցն արեցին: Հիմա ուրիշ հասարակարգ է: Կապիտալիզմ կոչվածն իր սև գործն անում է: Ոսկեպաշտությունն է առաջ մղվում, ոչ թե մարդն է արժեք ներկայացնում իրենից, այլ` ոսկին: Այս ոսկեմոլությունն իրենն արեց, անշուշտ, և դա է պատճառը, որ ընկերն ընկերոջը լսած կլինեք` <<քցում>> են իրար: Հազա՜ր ափսոս…
-Ո՞վ կարող է լինել Ազատ Գասպարյանի ընկերը:
-Լինի մաքրամաքուր մարդ, հալալ կաթնակեր և երբեք չդավաճանող: Միայն այդպիսին լինի: Ընկերներ ունեմ, որ հենց այդպիսին են` մաքուր, անարատ, մինչև վերջ հալալ-զուլալ: Այդպես հալալ-զուլալ մարդիկ պետք է լինեն,որ տունդ մտնեն: Տան ընկերները լավ են, այնքանով, որ ընտանիքներով են ընկերներ: Ես մշեցու թոռ եմ: Մանուկ Մնացականյանը մի բան պատմեց. <<Չորս վարպետ մի տեղ, տան մեջ աշխատում են: Հյուսն են, գործ են անում: Ճաշի են նստում, և հաջորդ օրը մեծ վարպետն ասում է, որ ենթավարպետին կասեք մեզ հետ էլ գործի չգա: Հարցնում են` ինչո՞ւ, վարպետ, լավ էլ աշխատում է: Չէ, ասում է, հարսն անցավ, հետևից նայեց…>>: Ահա, այդ մտածողությունը չպիտի լինի, տան մեջ ես իրավունք չունեմ քեզ ուրիշ աչքով նայել, իմ տան մեջ ես զուսպ պիտի լինեմ:Այդ բանը պիտի պահպանվի… Չկա, այդ սրբությունը, մաքրությունը մի քիչ խախտվել է: Մի քիչ չէ` շա՜տ… Ինչ բան է ընկերությունը: Առաջներում ասում էին` Երևանում ընկերությունն իր գործն ամենուրեք անում էր: Ընկերությունն էր, որ առաջնություն էր, իսկ հիմա չկա այդ մոտ ընկերությունը, որ հարցեր էր լուծում: Հիմա ասում են` թաղային հեղինակություններ: Բայց դրանք <<ռազբորկաների>> համար են, ոչ թե ընտանիքների, ընկերության, ուսանող-սիրահարների… Այո, թերթն էլ, տպագիր մամուլն էլ իրենց գործը պիտի լավ անեն, բոլորս միաբան ու միաբերան պիտի պահպանենք այդ ընկերությունը:
-Մեր թերթում Ձեր ընկերության տեսակը ներկայացնելով, ուզում ենք այն օրինակ ծառայեցնել երիտասարդների համար, որպեսզի ընկերության ընդունված չափանիշները հնարավորինս չաղավաղվեն:
-Ես շատ կուզենայի, որ երիտասարդներն այսօր չմոռանային, որ գալիս են իրենց արմատներից, որ իրենց հայրերն ու պապերն այս քաղաքում շատ լավ ընկերություններ, ընկերներ են ունեցել: Ուստի, այսօր միայն այդպես` փողոցային ընկերներ չլինեն, սրճարանային ընկերներ չլինեն, ծխախոտի ու բաժակի ընկեր չլինեն: Եթե ընկերները միմյանց ծնողների անունները չգիտեն, չեն ճանաչում նրանց, ապա դա արդեն ընկերություն չէ: Երիտասարդները չեն կարողանում իրենց արմատներից խոսել, կտրվել են դրանցից: Արմատից կտրվելով, ընկեր, լա՛վ ընկեր չես դառնա, լավ ամուսին, հորեղբայր ու եղբայր չես լինի: Շատ եմ ուզում Ձեր թերթի միջոցով դիմել երիտասարդներին, խնդրել, որ արմատից եկածը, ժառանգածը չմոռանան, չմոռանան, որ իրենք մարդկության շարունակությունն են, հայի շարունակությունն են: Ամեն մեկս իր հերթին պիտի պահպանի լավը, մաքրությունը, հալալ կաթնակերությունը, իր հոր ու մոր, պապի ու տատի պատվիրանները: Պապիս ասածները մինչև օրս չեմ մոռանում. <<Այնպես ապրես, որ ոչ ներողություն ասես, ոչ էլ շնորհակալություն>>, <<Գոհ եղիր, բայց մի բավարարվիր, բալա>>… Հիմա ոչ մի հուռութք ասող չկա, թալիսման են ասում: Մեր ավանդականն ու պահումները, մեր բառն ու բանը մոռանում ենք: Մինչդեռ ամեն մեկը պիտի հիշի իր պապի, իր ավագի իմաստուն խոսքը: Ծնողն այսօր ծանր ու դժվարին վիճակի մեջ է հայտնվել` ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելիս, և եթե տղան, աղջիկը դա չի զգում, չի գնահատում, ուրեմն նա երբեք ընկեր չի լինի, դիմացինին օգտակար, հարազատի ցավը քաշող չի լինի…
-Պարոն Գասպարյան, շատ հետաքրքիր է, անշուշտ, մեծերի ընկերության մասին տեղեկանալը: Ընկերութուն, որ լավագույն դաս ու օրինակ կարող է լինել յուրաքանչյուրիս համար: Ի՞նչ կասեք այդ առթիվ:
-Ես մի փաղանգ ընկերություններ գիտեի, մի բույլ, որ տարիներ շարունակ <<Արմենիա>>-ի երկրորդ հարկում մի սեղանի շուրջ էին հավաքվում, նստում: Հրաչյա Ներսիսյանը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Ժան Էլոյանը, Բաբկեն Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Ցոլակ Ամերիկյանը… Ի՜նչ ընկերություն էր: Սո՛ւրբ ընկերություն էր: Նրանք միմյանց նկատմամբ հայր-որդի-եղբայր անբաժան շղթայի հոգատարությամբ էին: Շիրազի համար մտահոգ էին, այն էլ` ինչպես, որ հանկարծ չոռ չկպչի իրեն: Այդ ընկերությունը կար: Ես ընկերություն գիտեի Հմայակ Ավետիսյանի արվեստանոցում, ուր հավաքվում էին նկարիչները: Ի՜նչ ընկերություն… Հիմա ես իմ ընկերությունն ունեմ: Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում է` գեղանկարիչ Տիգրան Արզումանյանը /քանդակագործ/, մեր Աղասին, կոմպոզիտոր Արամ Սաթյանը… Ընկերություն է, նստում ենք, զրուցում ենք, խաղում ենք, խմում ենք, իսկ ամենակարևորը` միմյանց նկատմամբ հոգատարություն ունենք: Ընկերներ ունեմ ինձնից ավագ` Ռազմիկ Հովհաննիսյանը /<<Ալֆա-Ֆարմ>> դեղատան խորհրդի նախագահ/, Վարազդատ Ավոյանը, Մարատը, Համլետ Գրիգորյանը /ճարտարապետ/, Հրաչիկը /կենսաբանության դոկտոր/… Միասին նստում ենք, տարբեր բնագավառների մարդիկ ենք, մեծ առավելություն է սա մարդու համար, որ ընկերներ ենք. և մի բացառիկ ընկեր` Հայկ Գեւորգյանը, իրավաբան եւ պաշտոնյա ընկերներս չնեղանան, որ անունները չեմ գրում…որ ինձ <<չնախանձեն>>… Պարտավոր ենք այդ սրբությունը պահել: Շատ կարևոր է գիտակցել, որ դու մենակ չես: Ընկեր ունեցող մարդը երբեք մենակ չի լինի: Շատ դեպքերում միմիայն ընկերոջդ ես վստահում սրտիդ գաղտնիքը, ուրիշ ոչ ոքի… Այստեղ չեմ կարող չհիշել այն, որ մի օջախ կա, մի Վերնատուն, մի սիրելի միջավայր, որտեղ բոլորս սիրով լինում ու հանդիպում ենք միմյանց: Դա Կառլեն Լևոնի Կարապետյանի` գեներալիս տարածքն է, որտեղ շատ ընտրանի ընկերություն մուտք ունի: Եվ բոլորս աշխատում ենք մեզ ճիշտ դրսևորել մարդկային, ընկերական այն հարաբերություններում, որոնք թելադրում են Վերնատան գրված ու չգրված օրենքները: Այստեղի մթնոլորտը մեծ ազդակ է` թե՛ ստեղծագործական, թե՛ ճանաչման և թե՛ ազգանպաստ գործունեություն ծավալելու համար…
-Հետաքրքիր է իմանալ, թե դերասաններից ո՞ւմ հետ եք ընկերություն արել և, առհասարակ, ինչպիսի՞ ընկերություն է ձևավորվում թատրոնի, կինոյի մարդկանց շրջապատում: Ձեր կյանքում ինչպիսի՞ դեր է խաղացել այդ ընկերությունը: 
-Արտիստական ընկերությունը մի քիչ դժվար է կայանում: Ես ընկերություն չկարողացա անել մեր մեծերի հետ, հլու-հնազանդ աշակերտ եղա: Օրինակ, Վահրամ Փափազյանի բոլոր ներկայացումներից հետո գնում էինք նրա տուն, նստում էինք ու լսում նրա հրաշք խոսքը: Հրաչյա Ներսիսյանի հետ բացարձակապես չկարողացա, ընկերություն արեցի նրա որդու` Լևոն Ներսիսյանի հետ, մինչև մահվան վերջին օրը: Մհեր Մկրտչյանի հետ վայելեցի, այն էլ` ի՜նչ ընկերություն, այն էլ` ի՜նչ օրեր: Ե՛վ <<Հին օրերի երգ>>-ում, և՛ <<Մեր մանկության տանգո>>-ում, և՛ հալեպյան, և՛ բեյրության հյուրախաղերում… Մի հրաշք անձնավորություն էր Մհերը, ի՜նչ խորհուրդներ ուներ, ի՜նչ փիլիսոփայական մտածողություն, իհարկե, երբ գինով չէր: Սոս Սարգսյանի հետ շատ քիչ հնարավորություն ունեցա, մեկ-երկու անգամ` նկարահանման ժամանակ / <<Խաթաբալա>>, <<Հեղնար աղբյուր>>, <<Ուրախ ավտոբուս>>/: Սոս Սարգսյանը փիլիսոփա, գիգանտ է: Ես Սոսին համարում եմ իմ կնքահայրը կինոյում: Մեր թատրոնի արտիստներից` Անդրանիկ Հարությունյանի, դրամատիկականից` Ռոբերտ Հարությունյանի, պատանի հանդիսատեսից` Զավենի, Հակոբի հետ: Բոլոր թատրոններից ընկերներ ունեմ, և դա շատ լավ է:Արմեն Խանդիկյանը, Արթուր Ութմազյանը,  Ռուբիկ Կարապետյանը, հրաշալի մարդիկ, հրաշալի ընկերներ են: Սունդուկյանից հրաշալի ընկերներ կան, բոլորի հետ համարյա ընկերներ ենք: Հիշում եք` Մհեր Մկրտչյանը պատին կախված ցուցակը ոնց էր կարդում©©©
-Արտիստի ընկերությունն ինչո՞վ է տարբերվում մյուս ընկերություններից:
-Արտիստները մինչև վերջ չեն կարողանում ընկերություն անել: Անկեղծ եմ ասում, որովհետև բեմական մոտեցումները կարծես թե բաժանում են ընկերությունը: Լավ արտիստ ընկերների քիչ գիտեմ: Ես ունեմ մեկ, երկու, երեք, չորս ընկեր, բայց համընդհանուր ընկերություն, ինչպես <<դրսեցիների>> հետ եմ անում, չունեմ: Արտիստների հետ չեմ կարող, որովհետև ամեն օր մի տեղ ենք, ամեն ինչ գիտենք միմյանց մասին, երևի դա էլ խանգարում է, որ մինչև վերջ լավ ընկերություն անես: Ինչ-որ մի բան չպիտի իմանաս, մի գաղտնիք պիտի լինի: Մեր ասպարեզում ոչ մի գաղտնիք չկա, բոլորս գիտենք, չէ՞: Մենք որ սեղանի շուրջ նստում, բացվում ենք իրար, պիես ենք ամբողջը բացում, չէ, մենք էլ մեզ հետն ենք բացում` մեր սիրտը, մեր հոգին, ամբողջը բացում ենք ու այսպես այստեղ արդեն մերկ մնում… Բայց ես ուզում եմ ինձ հակասել` թատրոնի ընկերությունից լավ ընկերություն չկա:
-Ո՞րն է Ազատ Գասպարյանի կենսափիլիսոփայությունը:
-Իմ փիլիսոփայությունն է` մարդ-մասնագետ-քաղաքացի: Եթե մարդ չես, ուրեմն ոչ մի բան էլ չես: Պիտի մարդ լինես, ապա մասնագետ ու երկրիդ քաղաքացի: Թող բոլորն իմանան, որ եթե ասում ենք արվեստագետ, ապա այս եռամիասնությունն անպայման պիտի ապահովված լինի: Եթե մարդ չէ, ապա մասնագետ էլ չէ, քաղաքացի էլ չէ: Ընդամենը գրչակ է, նկարչիստ է և այլն… 
-Այսօր ի՞նչն է Ձեզ մտահոգում:
-Միայն` Հայաստանի հարցը, միայն` հայի միաբանության հարցը: Հայի օտարամոլությունը, ընչաքաղցությունը, որ պատել է բոլորիս, և այս մեծամտությունն ու երևակայությունը, որ կան: Շատ կուզեի, որ այս ախտերը վերանային Հայաստանից: Իմ աղոթքը դա է` միաբանություն, սեր ու միություն: Եվ եթե այդ ամենը հանենք մեր միջից, ապա լավ կլինի: Ամոթ է ուղղակի այդ երևակայական հիվանդությունը, թե այս ենք կամ  այն ենք: Ոչ մի բան էլ չենք, մեզանից շատ լավերը կան: Այս համեստությունը որ լինի, մենք կշահենք: Մենք լավ ազգ ենք, փառավոր ազգ ենք, ավելի, ավելի ենք, քան շատ-շատերը, բայց չերևակայենք: Այդ համեստությունը չունենք, և դա մեզ խանգարում է: Խնդրեմ, այսօր դուրս գանք և կտեսնենք, թե ինչ երևելի երիտասարդներ ունենք արտասահմանում, հրաշքներ են, բայց ներսում ինչու ենք այսքան երևակայող, այսքան թունոտ ու նախանձոտ: Ամեն մեկս այդ ախտերից պիտի ազատվենք, ինչն էլ կբերի նաև նրան, որ կձևավորվեն իրական, իսկական ընկերություններ:
-Համարո՞ւմ եք, որ Ձեր կյանքում արդեն ունեցել եք դերասանական ծաղկաբույլը:

-Ի՜նչ եք ասում… Ո՛չ, լրիվ կիսատ է, այնքա՜ն դերեր մնացին… որ պիտի խաղայի…  

                 

SHARE