Մարզական ընկերությունը մաքուր է, պարզ ու նվիրված

0
13


    «Մրցաշարին մասնակցել եմ որպես մարզական մեկնաբան՝ լուսաբանելու այն: Վաչիկ Մկրտչյանին անձամբ եմ ճանաչել: Այստեղ հավաքվել է հայկական բռնցքամարտի ողջ էլիտան, նրանք, ովքեր մասնակից են եղել հայկական բռնցքամարտի կայացմանը: Սա խոսում է ընկերության մրցաշարի մասին: Ընկերների մրցաշար էր: Մրցաշարի կազմակերպիչը Վաչիկի ընկերն է` Արամայիս Մարտիրոսյանը: Այս ընկերության մասին լավագույն վկայությունն է այն, որ իրենց ընկերոջ հիշատակը վառ են պահում: Վաչիկի ընկերները երիտասարդներին ապացուցեցին, որ  ընկերությունը կարող է ոտքի կանգնել և հրաշալի մրցաշար կազմակերպել: Այդ մարդկանց թվում է նաև Վաչիկի անձնական մարզիչը` ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Կան մարդիկ, ովքեր Վաչիկի ընկերը չեն, բայց, լինելով բռնցքամարտիկ, պարտավոր էին մասնակցելու այս մարցաշարին: Առանձնահատուկ նշեմ Ժիրայր Էքմեքչյանին, ով Ամերիկայից գալով, պատիվ է արել մասնակցելու հուշամրցաշարին և հիմնադրամի կողմից շնորհակալագրեր հանձնելու կազմակերպիչներին: Դրանով մեծարելով թե´ նրանց բռնած գործը և թե´ ընկերության գաղափարն առաջ տանելով: Ժիրայրին ճանաչում են 2000ից: Պարբերաբար լինում եմ Լոս-Անջելեսում, այնտեղի «Սպորտ+արվեստ» հաղորդաշարի հեղինակն եմ,  որտեղ լուսաբանվում և մեկնաբանվում է նաև Հայաստանում ապրող մարզաշխարհի ու մշակույթի գործիչների կյանքը: Ծնունդով լինելով վանաձորցի, ապրելով ԱՄՆում, Ժիրայրը ամեն ինչ անում է, որպեսզի լոռեցին օվկիանոսից այն կողմ էլ մնա որպես լոռեցի, համախմբում է բոլորին, միջոցառումներ է կազմակերպում, նաև մասնակիցը դառնում բոլոր սպորտային միջոցառումներին` լինի ԱՄՆում թե Հայաստանում: Այսօրվա վառ ապացույցը Վաչիկին նվիրված հուշամրցաշարին մասնակցելն է: Իր հնարավորության սահմաններում փորձում է ամեն կերպ ոգևորել նրանց, ովքեր ցանկացած մարզաձևում ունենում են հաջողություններ: Ժիրայրի նմանները շատ են, ովքեր հեռվից ավելի նվիրումով են գործին մոտենում, հայկական սպորտի կողքին են, իհարկե` նաև իրենց ընկերների կողքին: Ես երկար տարիներ մարզական մեկնաբան եմ եղել, ունեմ շատ ընկերներ սպորտի բնագավառում:

Մարզաշխարհը ուրիշ է: Այստեղ բոլորը նվիրյալներ են, այստեղ կա մաքրություն, ազնվություն, խիզախություն: Գրեթե բոլորը մաքուր, պարզ, նվիրված ընկերություն են անում: Առհասարակ, երբ խոսափողը մոտեցնում ես ցանկացած մարդու, որ խոսի մի թեմայի մասին, ինչն իրեն հոգեհարազատ է, ապա դա ընկերության թեման է լինում, որովհետև այստեղ կա ազնվություն, անկեղծություն: Ամեն մարդ խոսելու պահին մտածում է, թե ով է իր ընկերը, ում մասին կարող է խոսել ու ասել այն, ինչ իր սրտում կա: Եթե մարդուն համարում ես ընկեր, ուրեմն նրա մասին լավը պիտի խոսես: Այնպես որ, սպորտի մարդիկ այս առումով հպարտանալու տեղ ունեն…», մեզ հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը:

SHARE