Մաքուր, անշահախնդիր, արդարամիտ

0
29

Անկեղծություն

Մարդկանց ձեռք մեկնելը, կարիքավորին սատարելն այսօր առավել քան կարևոր են

Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը հրաշալի մի նախասիրություն ունի` մեղվաբուծությունը: Արդեն չորրորդ տարին է, 15 մեղվաընտանիք ունի: Ընկերներով են, միասին: Միմյանց փոխարինելով, ամռանն իրենց մեղուների հետ Հատիս լեռան ստորոտի ալպիական ծաղկունքի գրկում են անցկացնում: Գլխավոր սկզբունքը հետևյալն է` մաքուր, անարատ մեղր ստանալ:

-Մեղվաբուծությունը,- խոստովանում է պարոն Ասատրյանը,- հիվանդության պես, լավ իմաստով, մի բան է: Սկսեցիր զբաղվել, ուրեմն` վերջ, էլ ձեռք չես քաշի: Ընկերներիս աչք տվեցի: Նրանք 3 եղբայր են, Զառ գյուղից: 40 տարվա ընկերներ ենք: Նրանց հայրն է ժամանակին զբաղվել այդ գործով, շատ կիրթ անձնավորություն էր: Փոխանցվել է զավակներին: Եվս մեկ ընկեր է գյուղից միացել մեզ: Ընկերներով ընտանիքներով ենք շփվում: Մի ընկեր ունենք, որ էլի մեղու ունի, Մոսկվայից եկել է, որ մեզ օգնի մեղրը քամենք: Կարոտն է ավելի շատ նրան այստեղ բերել, մեր դաշտերի, ծաղիկների, ընկերության կարոտը…  Լավ ընկերը` ոնց որ մեջքիդ սար լինի կանգնած: Հինգ եղբայր ունեմ, բայց դե ընկերն ուրիշ է, իր տեղն ունի: Իսկական ընկեր լինելու բախտ քչերին է վիճակված: Զառի ընկերներս շատ սիրով եղբայրներ են, բայց կողքից նայողը կասի, որ ավելի շատ ընկերներ են: Շատ մտերիմ, կատակասեր, հյուրասեր, ամենակարևորը` անշահախնդիր: Իրենց հալալ քրտինքով ապրող, աշխատասեր, կամեցող ու բարի են իմ ընկերները: Ավագը` Գագիկ Հովհաննիսյանը, տաքսի ծառայություն ունի, Մարտիկը մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության մարզային կառույցի տեսուչն է, Վաչիկը` մեխանիզատոր: Մեր ընկերությունը մաքրությունն է պահել: Դրա առկայության դեպքում հանգիստ կարող ենք լինել մեր ընկերության հարատևման հարցում: Լավ ընկերությունն անպայման ժառանգաբար փոխանցվում է, շարունակվում երկար: Բնական է, որ ընկերներս շատ մեծ մասնակցություն ունեն համայնքի առաջընթացի, խնդիրների լուծման հարցերում: Մանկության ընկերներ ունեմ, որ համայնքի ավագանու անդամ են, մեխանիզատորներ: Շատ աշխատանքներ` աղբահանություն, առուների մաքրում, հարթեցում և այլն, նրանք անվճար են անում: Հարգելով ինձ` համայնքին զգալի օգուտ են տալիս: Ընկերաբար, անշահախնդիր: Համայնքի ղեկավարը որքան շատ ընկերներ ունեցավ, այնքան լավ համայնքի համար…

Նրա համոզմամբ, համայնքապետի աչքը, ժողովրդի լեզվով ասած, պիտի կուշտ լինի, տվյալ անձը պիտի տեսած լինի: Ժողովուրդը քեզ վստահում, հավատում է, և դու նրան պիտի ազնվաբար ծառայես, նվիրված աշխատես: Բնակիչը պետք է տեսնի քո աշխատանքը. <<2005-ին ստանձնելով պաշտոնը, առաջինը ձեռնամուխ եղա դպրոցի գազաֆիկացմանը, այն դեպքում, երբ 5-6 տարվա աշխատավարձի պարտքեր կային: Ողջ գյուղն սկսեց պարտաճանաչ վճարել հարկ ու տուրքը` դեռ մի բան էլ ավելի: Երկրորդ ձեռնարկումս գյուղապետարանի շենքի նորոգումն էր և գույք ձեռք բերելը: Անգամ սեղան-աթոռ չկար… Գումարներ տնտեսելով, 5-րդ փողոցի ճանապարհը, որ շատ վատ վիճակում էր, բարեկարգեցինք: Այդ, ինչպես նաև 4-րդ փողոցում խմելու ջրի ջրագիծ /800 գմ/ անցկացրեցինք: Ընկերներս այդ գործում ևս բավականին օգնեցին: 5-րդ փողոցը մեր ուժերով նաև գազաֆիկացրեցինք: Ամեն տարի խճապատում, հարթեցնում ենք բոլոր ճանապարհները: Գյուղն ապահովված է խմելու ջրով: Այնուհետև դպրոցի շենքի տանիքն ենք նորոգել, եղել են նաև մասնակի վերանորոգումներ: Ընթացքի մեջ են սանհանգույցի նորոգման աշխատանքները: Արտաքին լուսավորություն ենք անցկացրել, 1-ին և 2-րդ փողոցներում` ամբողջությամբ: Այս տարի տնտեսված գումարների հաշվին ևս մեկ փողոց` 3-րդը, կլուսավորենք: Այս տարի 350 գմ ոռոգման ջրագիծ ենք անցկացրել: Սևահողեր կոչվող հանդամաս ունենք` բերրի հողերով, ջրի անհասանելիության պատճառով ստիպված ցորեն կամ գարի ենք ցանում: Ընթացիկ տարում 200 գմ ջրագիծ ենք անցկացրել, դեռ 100 գմ էլ պիտի անցկացնենք, որպեսզի մարդիկ կարողանան այնտեղ բանջարեղեն մշակել: Այս գործում էլ է ընկերության <<մատը խառ>>, ինչի շնորհիվ այն անհամեմատ էժան է <<նստել>> մեզ վրա… Մանկապարտեզի քարուքանդ շենքի վերակառուցման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Մինչև գյուղապետ ընտրվելս էլ գյուղի համար քիչ գործ չեմ արել, օգնել եմ կարիքավորներին: Այսօր առավել ևս օգնում եմ ու բոլորի հոգսերին կարեկից եմ: Ամենամեծ ձեռքբերումս համարում եմ այն, որ ժողովուրդն ինձ վստահում է: Հնարավոր ու անգամ անհնարին միջոցների եմ դիմում` բնակչիս խնդիրը լուծելու համար: Գյուղն աղբի մեջ կորած էր, 2006-ից կազմակերպեցինք աղբահանությունը: Փոխադարձ վստահության, առողջ մթնոլորտի առկայության պայմաններում ամեն գործ հաջողությամբ կընթանա, և ցանկալի արդյունքներ կապահովվեն: Ես գյուղացու կողքին եմ, գյուղացին` իմ: Պատահական չէ, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությանը գյուղացիների պահանջով  կրկին առաջադրվելու եմ…>>:

Գյուղապետի տեղակալ Անանիկ Գաբրիելյանը նշեց, որ Ասատրյանը մարդկային է բոլոր առումներով, ժողովրդի հետ է, նրա կողքին: Անում է հնարավորը, մարդիկ էլ, տեսնելով նրա աշխատանքն ու նվիրումը, շատ գոհ են, հարգանքով լցված նրա հանդեպ: Կատարված գործերը տեսանելի են, արդյունքները` բոլորի աչքի առաջ: Ամենակարևորը` ամեն կերպ նեցուկ է աշխատավոր մարդուն, որ բավարար արդյունք ստանա, կարողանա հոգալ ընտանիքի բավարար ապրուստի միջոցները: Բոլորին էլ հասնում է, ուշադիր ու հոգատար է ցանկացած հարցում: Ուստի բոլորի անկեղծ ցանկությունն է, որ Քաջիկ Ասատրյանը կրկին ղեկավարի համայնքը…

SHARE