Մեզ այսպիսի խոշորացում հարկավոր չէ

0
12

Քանի որ մենք կայացած համայնքներ ենք

Տարածաշրջան

-Ընկերը հենց այնպես, ասենք` մեկ անգամ բարև տալով չի լինում,-<<Ընկեր>>-ի հետ ընկերության շուրջ անկեղծացավ Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը:- Այստեղ կյանքի փորձը շատ կարևոր են, ժամանակը, փոխըմբռնումը և այլն: Այո՛, ընկերության բուն իմաստը չպետք է երբևէ արժեզրկել, իջեցնել ցածր աստիճանի: Մանավանդ, հիմա ժամանակներն այնպիսին են, որ հավատարիմ ու անկեղծ մարդ քիչ կա: Շահասիրությունը, նյութապաշտությունը մղվել են առաջին պլան: Մինչդեռ, ընկերության պարագայում փողը որևէ դեր չպետք է խաղա: Եթե ընկեր է, ապա իր բուն իմաստով է ընկեր: 3-4 ընկեր ունենալու դեպքում քեզ շատ հարուստ մարդ կարող ես համարել: Ընկերութունը քեզ հենարան է, կյանքի քաղցր վայելքների աղբյուր: Ուժ է ու հավատ: Ընկերությունն ինձ համար սրբություն է: Ունեմ նաև կին ընկերներ, ում հաճախ կատակով ասում եմ` երանի թե դուք տղա ծնված լինեիք, ավելի մոտիկ ընկերներ կլինեիք: Ընկերության մեջ հավատարմությունն առաջին պայմանն է: Առանց ընկերության կյանքն անիմաստ ու դատարկ է: Ինչ գործ արել եմ, ընկերության միջոցով եմ արել: Զորօրինակ, ֆուտբոլի դաշտը: Մեր բարեգործ Ռուբեն Վարդանյանը հավատաց, վստահեց ինձ, և ֆուտբոլի դաշտը միասին կառուցեցինք: Եթե վստահում ես, ուրեմն նաև ընկեր ես: Բնավորությունների համընկնման դեպքում կարող ես ընկերություն անել: Չեմ սիրում, որ ընկերության մեջ նեղսրտություն լինի…

Իշխան Առաքելյանը շփումներ շատ համայնքապետերի հետ ունի, բայց մտերիմ է Օհանավանի, Ոսկեվազի, Օշականի, Ագարակի, Ղազարավանի, Բազմաղբյուրի ղեկավարների հետ:

-Ընկերությունն արժեք է, համակարգ,- շարունակեց պարոն Առաքելյանը,- եթե տրվեցիր դրան, ապա բարիքի կարժանանաս, մեծ արժանապատվություն ձեռք կբերես: Եթե ինքդ արժանիքներ չունես, ապա երբևէ ընկեր չես լինի: Ընկերդ առաջինը քո թիկունքն է: Եթե թիկունքդ պինդ է լինում, ապա սխալներ թույլ չես տալիս կամ հազվադեպ ես սխալվում: Ընկերն ուղղություն տվող է: Վերջին 25 տարում մարդկային հարաբերություններում շատ բան է փոխվել, մարդիկ չարացած են: Հայը շատ լավ հատկանիշներ ունի, բայց երբ նրան զրկում ես աշխատանքից, ի հայտ են գալիս բոլոր վատ կողմերը…

Ըստ համայնքի ղեկավարի, փարպեցին ձգտում է կրթության, գյուղի ավանդույթներից մեկն էլ այն է, որ սոված կմնան, բայց երեխային սովորելու կտան: Շրջանավարտների գրեթե կեսը բուհ է ընդունվում:

Ի պատասխան համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ մեր հարցադրման, պարոն Առաքելյանն ասաց.

-Եթե միավորվեր մեր երեք գյուղը` Փարպի, Ղազարավան, Բազմաղբյուր, ապա հնարավոր կլիներ, իրոք, համայնք ձևավորել: Եթե մեր կոլորիտը լավն է, ապա կփոխանցեինք և իրենք կսովորեին մեզնից: Սակայն հիմա, երբ Աշտարակի տարածաշրջանի 30 գյուղ միանում է, դառնում է մի համայնք, ապա այստեղ չի կարող կոլորիտ գոյություն ունենալ: Այսինքն, դու պիտի աշխատես, իսկ կոնկրետ փարպեցին` իր նիստ ու կացը պահի: Զարգացումն ինչ է, պիտի խառնվես իրար, և մի նոր բան առաջ գա: Աշտարակի տարածաշրջանի բոլոր համայնքները կայացած են, նրանց խոշորացում պետք չէ: Հայտնի չէ, թե ինչ կստացվի այդ ծրագրից: Շատ հարցեր պետք է կարգավորվեն, այլապես իսկական խառնաշփոթ է առաջանալու:

Համայնքի զարգացման ծրագրերի հետ կապված մեր զրուցակիցը նշեց, որ գյուղի համար այսօր ամենակարևորը ենթակառուցվածքներ ունենալն է, ինչից հետո միայն խոսք կարող է լինել գյուղատնտեսության զարգացման և համայնքների խոշորացման մասին: Այսինքն, նոր տեխնոլոգիաների կիրառում, ինչի դեպքում կարելի է խոսել իրապես զարգացման ու առաջընթացի մասին: Կարևոր է նաև վարկային քաղաքականությունը, որն այսօր ավելի շատ վնասում է, քան աջակցում գյուղին: Պետությունը նաև ապահովագրական համակարգի ներդրման մասին պետք է մտահոգվի: Բացի այդ, իրացման շուկաների մասին հոգ տանի, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրում արվի և զարգացում լինի:

Փարպիի համայնքապետի համոզմամբ, վարչապետի քայլերը հուսադրող են, կուզենար, որ նախագահը հետևողական լիներ, որպեսզի բիզնեսն ազատ թողնեն, հարկային առավելություններ կիրառեն: Նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդը կառչի իր հայրենի հող ու ջրին, չհեռանա օտար երկրներ: Շատ կուզենար նաև, որ ժողովուրդը հավատար իր պետությանը, իր նախագահին, կառավարությանը: Այո՛, ժողովրդի հավատը վերականգնվեր…

 

SHARE