Մեզ հետ աշխատող գյուղացին ապահովված է

0
17
Ընդ որում` բոլոր անհրաժեշտ պայմաններով, որպեսզի ազատ ու անկաշկանդ զբաղվի իր նախընտրած գործունեությամբ…

Ծխախոտագործություն
Խորհրդային տարիներին մեր երկրում ծխախոտ մշակվում էր, ինչը, կարելի է ասել, բավարարում էր տվյալ ժամանակաշրջանի չափորոշիչներին: ԽՍՀՄ փլուզումից հետո ծխախոտագործության մասին ևս մոռացվեց, ընդ որում, շուրջ 10 տարի: 2000-ից Հրանտ Վարդանյանի ջանքերի շնորհիվ սկսեցին առանձին տեղերում ծխախոտագործությունը վերականգնել: Սկզբնական շրջանում, բնականաբար, քիչ ծավալով: Ապա` Միքայել Վարդանյանի Կանադայում հիմնավոր կրթություն ստանալուց հետո, Հայաստանում ներդրվեց բուսաբանական նոր սորտատեսակ` վերջինյա, որի չորացումը պետք է կատարվեր համապատասխան խցիկներում: Այդ նպատակով անհրաժեշտ էին մեծ ներդրումներ, ինչը և արվեց Վարդանյանների կողմից: Արդյունքում ծխախոտի մշակությունն էապես ընդլայնվեց ու զարգացման նոր աստիճանի հասցվեց: Բանն այն է, որ արդեն գյուղացին սկսեց կանաչ զանգվածը միանգամից հանձնել <<Մասիս Տոբակո>>-ին, ինչը մեծ օգնություն էր ծխախոտագործին` նրան ազատելով ամիսների տանջանք-չարչարանքից և անհարկի կորուստներից: Ժամանակակից նորագույն սարքավորումների շնորհիվ հումքի, ընդ որում` լավագույն պայմաններում, չորացման համար պահանջվում է 6-7 օր: 
  -Վերջինյա տեսակը սկսել ենք հիմնականում մշակել 2005 թվականից,- ասաց պարոն Թադևոսյանը:- Սկսել ենք 100 հեկտարից, իսկ այսօր արդեն 700 հեկտարից ավելի տարածք ունենք զբաղեցրած: Այն տարեցտարի ավելացվում է` գյուղացիների ցանկություններից ու հնարավորություններից ելնելով: Վարդանյանների պատրաստակամությունն այդ և մնացած բոլոր հարցերում մեծ է, միայն թե ապահովվի ամենակարևորը` հումքի որակը: Չնայած, պիտի ասեմ, այդ առումով արդեն բավարար աստիճան կարողացել ենք ապահովել, մնում է ինչ-ինչ թերություններ, բացթողումներ շտկել և լիարժեք բավարարել միջազգային պահանջվող չափորոշիչները: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արտահանման ցուցանիշները, պահանջարկը գնալով մեծանում են, ինչը որակն առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն է ծնում: 
  -Այդ ուղղությամբ, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ պետք է հաղթահարվեն:
-Ծխախոտի մշակության տեխնոլոգիան պետք է բարձրացվի, ճիշտ և լիարժեք մշակություն կազմակերպվի: Գյուղատնտեսական աշխատանքներ կան, որոնք մեր գյուղացին չի ցանկանում իրականացնել` դրանք, ըստ էության, անհրաժեշտ չհամարելով: Մինչդեռ առանց այդ ամենի անհնար է խոսել թե՛ բարձր բերքատվության, թե՛ անհրաժեշտ որակի ապահովման մասին: Կարծում եմ, ժամանակ, տարիներ են հարկավոր, որպեսզի մեր գյուղացին /ծխախոտագործը/ սովորի հողագործության ճիշտ կուլտուրային` պահպանելով, մասնավորապես, ագրոտեխնիկական պարտադիր պահանջ-կանոնները, ինչից, անկասկած, և՛ գյուղացու եկամուտը կավելանա, և՛ որակը կբարձրանա: Ասենք, օրինակ, ցանքաշրջանառության ապահովման դեպքում մենք երաշխավորելու ենք գյուղացու աճեցրած ցորենի, որը, մեր համոզմամբ, ամենահարմար մշակաբույսն է տեղի պայմաններում, իրացման անխափան կազմակերպումը: Այնպես որ, այստեղ ևս գյուղացին խնդիր չի ունենալու, միայն թե անտարբեր չլինի մեր հորդորների հանդեպ: Չնայած դրան, մեր ծխախոտագործության արձանագրած ցուցանիշները բավականին հուսադրող ու խոստումնալից են: Նախորդ տարի, օրինակ, արտասահմանցի մասնագետներ էին հյուրընկալվել մեզ, ովքեր զարմացած էին, որ այդքան կարճ ժամանակահատվածում Հայաստանն այս ոլորտում նման տպավորիչ առաջընթաց է գրանցել:

-Գյուղացու հետաքրքրությունը ևս, ինչպես դժվար չէ հասկանալ, մեծ է, ինչը վկայում է նրա շահագրգռության բարձրացման մասին: Չէի՞ք մանրամասնի:
-Մեզ հետ աշխատող գյուղացին ամեն ինչով ապահովված է: Շուկայի, իրացման խնդիր չունենք, գյուղացին որևէ դժվարության չի հանդիպում: Շատ կարևոր է նաև  գարնան սկզբին, պայմանագրի համաձայն, նրան կանխավճար հատկացնելը` նախնական աշխատանքները կատարելու համար: Հնարավորության դեպքում սածիլն ինքն է աճեցնում, այլ պարագայում մենք ենք հատկացնում: Տրամադրում ենք պարարտանյութ, թունաքիմիկատ, ինչպես նաև` մասնագիտական խորհրդատվություն: Մի խոսքով` ամեն հնարավորություն ու պայման, որպեսզի գյուղացին ազատ ու անկաշկանդ իր աշխատանքով զբաղվի: Ահա, այս պայմանների առկայությամբ էլ պայմանավորված է գյուղացու շահագրգռությունը: Մեկ այլ գյուղատնտեսական մշակաբույս, միգուցե, նրան ավելի շատ եկամուտ ապահովի, սակայն եթե հաշվի առնենք, որ ծխախոտի պարագայում նրա օգուտը կայուն, երկարատև ու մշտական է, ապա առավելությունն ակնհայտ կդառնա: Դա հենց գյուղացին ինքը լավ հասկանում է: Հանձնված բերքի դիմաց գումարները մեկ շաբաթվա ընթացքում վճարվում են: Մեր բոլոր գյուղացիներն ունեն տեխնոլոգիական քարտեր, որտեղ մեկ առ մեկ, մանրակրկիտ  գրանցվում են իրականացվող աշխատանքները` առաջին օրից սկսած մինչև ավարտը: Այնտեղ տեղ են գտնում նաև համապատասխան տվյալներ ու տեղեկատվություն, ինչը գյուղացու համար յուրահատուկ ուղեցույցի, ձեռնարկի դեր է կատարում:
-Վնասի դեպքում գյուղացին փոխհատուցվո՞ւմ է:
-Այս տարի կարկտահարություն եղավ Լեռնային Ղարաբաղում, Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի տարածաշրջաններում, Արմավիրում և Արարատում: Ծախսերն ամբողջությամբ փոխհատուցվեցին: Ժամանակի առումով <<տեղավորվեցինք>> և կարողացանք վերասածիլավորում կատարել, կրկին պարարտանյութ, թունաքիմիկատ հատկացնել հողագործներին և այլն: Արդյունքները, փառք Աստծո, գոհացուցիչ են:
-Ծխախոտագործ գյուղացիների հետ զրույցներից տեղեկացանք, որ իրենց եկամուտները որոշ չափով պակասել են: Ինչո՞վ է պայմանավորված դա:
-Այո, այսօր, համեմատած վերջին տարիների հետ, ծխախոտագործների եկամուտները պակասել են` կապված ծախսերի թանկացման, սպասարկման վճարների բարձրացման հետ: Դրանից ելնելով, մենք որոշել ենք աջակցել գյուղացուն` հնարավորինս նվազեցնելու այդ ծախսերը: Խոսքը, մասնավորապես, գյուղտեխնիկային, տրանսպորտային միջոցներին է վերաբերում: Եթե մեր բոլոր տեղամասերն ապահովված լինեն անհրաժեշտ տեխնիկայով և համապատասխան վառելիքով, ապա ինքնարժեքով սպասարկում կատարելու դեպքում ծխախոտի մշակության ծախսերը գրեթե կիսով չափ կպակասեն: Ահա այս ուղղությամբ մենք սկսել ենք համապատասխան քայլեր ձեռնարկել, և կարծում եմ, որ շատ շուտով առիթ կունենանք այդ առումով ևս ուրախացնելու մեր գյուղացուն:
-Մեր այցի ընթացքում նկատեցինք, որ Տավուշի մարզի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք: Դա պայմանավորվա՞ծ է, արդյոք, այն հանգամանքով, որ Միքայել Վարդանյանն այս տարածաշրջանից ԱԺ պատգամավոր է ընտրվել, թե՞ այլ գործոն կա:                       
-Մարզն, անշուշտ, հոգեհարազատ է` Ձեր մատնանշած հանգամանքը ևս նկատի առնելով: Պիտի նշեմ, որ Վարդանյանների ընտանիքն առաջինն այստեղից է սկսել ծխախոտագործությանը զարկ տալու գործընթացը: Պակաս կարևոր դեր չի ունեցել նաև այն, որ Տավուշը Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասն է` հայ-ադրբեջանական հակամարտության սահմանային կիզակետում, ուստի նրա  նկատմամբ վերաբերմունքը պիտի իրոք յուրահատուկ ու ջերմ լինի: Այստեղ որ բնակավայրն ուզում եք` ոտք դրեք, անպայման կտեսնեք Վարդանյանների թողած բարի ու արժանահիշատակ հետքերը: Իսկ ամենակարևորը, որ քանիցս առիթ եղել է լսելու նրանցից, այն է, որ իրականացվող ծրագրերը շարունակվելու են:
-Հասկանալի է, որ լինելով սահմանամերձ գոտի, Տավուշն առավել քան ուշադրության ու հոգատարության կարիք ունի: Պետության միջոցներն ու հնարավորությունները դեռևս բավարար չեն, ահա թե ինչու այսօր մեծապես կարևորվում է առանձին ընկերությունների, ձեռնարկատերերի, հովանավորների ու բարեգործների աջակցությունը տեղի բնակչությանը: Հատկապես` ծրագրված, լայնածավալ ու նպատակային օգնությունը, ինչը և, մեր համոզմամբ, տարիներ ի վեր անում է այստեղ Վարդանյանների ընտանիքը: 
-Բացի ծխախոտագործությունից, շարունակ նոր ծրագրեր ենք փորձում նախապատրաստել, մշակել, որպեսզի տեղի բնակիչը կարողանա հոգալ ապրուստի կարիքները և ամուր կապվի հայրենի եզերքին: Մեր նպատակն, ի վերջո, այն է, որ համայնքը, բավարար միջոցներ ձեռք բերելով և հարստանալով, ի վիճակի լինի առաջացած խնդիրները սեփական ուժերով լուծել: Համատեղ քննարկել ենք բազմաթիվ ծրագրեր` կապված, ասենք, գյուղմթերքների վերամշակման և նոր արտադրությունների գործարկման հետ: Անկախ արդյունքներից, աջակցելու մեր պատրաստակամությունը մշտապես եղել է և կա: Համայնքի, առանձին բնակիչների նախաձեռնությունների դեպքում Վարդանյանների կողմից որոշակի գումար տրամադրվում է: Դա ոչ այնքան վարկ է, քանի որ առանց տոկոսադրույքի գումար է տրամադրվում, որքան փոխհատուցման յուրօրինակ ձև, որ կոչված է աջակցելու բիզնեսի կազմակերպմանը: Այս պահի դրությամբ տավուշցի գյուղացուն այդ եղանակով 120 մլն դրամ է տրամադրված` զանազան բիզնես ծրագրեր իրագործելու նպատակով:
-Մարզի մեր այցելած բնակավայրերում ականատես եղանք բարենորոգված դպրոցների, մանկապարտեզների ու շինությունների, նոր ջրագծերի ու գազատար խողովակների: Այդ ամենի համար բնակիչներն էլի մատնանշում էին Վարդանյանների ընտանիքին` չմոռանալով նշել, որ իրագործվող ծրագրերի իրենց հասանելիք 15 տոկոս համաֆինանսավորումն անգամ հոգում են իրենք:
-Բարեգործությունների համար այսօր պահանջը շատ մեծ է, հատկապես` առողջապահության և կրթության առումներով: Դա արվել է, արվում է, կարվի: Այդուհանդերձ, Վարդանյանների ընտանիքն այսօր ավելի շատ միջոցներ հատկացնում է մարդկանց զբաղվածության խնդրի բարելավմանը, ավելի մեծ ուշադրություն նվիրում տնտեսական գործունեության ապահովմանը, սոցիալական կարիքների բավարարմանը: Այո, առաջին հերթին` աշխատանքը, աշխատունակ մարդուն աշխատելու, գործելու հնարավորություն ընձեռելը, ինչն ամենակարևորն ու առաջնայինն է: Եթե միջազգային ինչ-ինչ ծրագրեր կարող են իրականացվել տեղերում, իսկ տվյալ համայնքը չի կարող իր մասնաբաժինը բերել դրան, ապա այստեղ ևս Վարդանյանների աջակցությունը չի ուշացվում: Ծրագրերն ամեն գնով պետք է կյանքի կոչվեն, առկա հնարավորությունները ձեռքից բաց թողելն անթույլատրելի է: Ցանկացած տոնական միջոցառման, հանդիսության անցկացման գործում Վարդանյանների մասնակցությունը կա: Գյուղացու բոլոր մեծ ու փոքր առիթների դեպքում նրա կողքին են: Սակայն, մեկ անգամ ևս ընդգծում եմ, Վարդանյանների կողմից մեծապես կարևորվում ու առաջնահերթություն է տրվում որոշակի ծրագրերի բարեհաջող իրականացմանը, համայնքային նշանակության խնդիրների լուծմանը:
SHARE