Մեծահոգի, համբերատար, բարյացակամ

0
16

Վարվելակերպ

Միտված համայնքի վաղվա օրն առավել լուսավոր ու բարեկեցիկ դարձնելուն

-Առանց ընկերների միայնակ մարդը ոչինչ չի կարող անել,- <<Ընկեր>>-ի հետ զրույցն այսպես սկսեց Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը:– Կյանքն էլ հետաքրքիր չի լինի: Ընկերասեր եմ: Ընկերներիս ու բնակիչների առաջարկով որոշեցի ընտրվել համայնքապետ: Բոլոր հիմնական նպատակներս ուղղված են համայնքի զարգացմանը, բնակիչների համար ապրելու բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել և անելու ենք գյուղի ու գյուղացու համար: Ընկերական ներուժն էլ այստեղ մեծ դեր ունի: Մաքրությունը, ճշտապահությունը, ճիշտ ապրելն են գնահատելի ընկերության մեջ: Առանց այս ամենի չի կարող ընկերություն լինել: Ընկերությունը պահպանելու համար հարկավոր է ճիշտ ապրելակերպ ունենալ, միմյանց հանդեպ հարգալից ու մեծահոգի լինել: Բոլորն էլ կարող են սխալվել, բայց և պիտի ընդունել դա` թույլ տված սխալը հետագայում չկրկնելու համար, բացատրվել, իրար հասկանալ: Շատ լավ ընկերություն ունեմ: Ընկերներ, որ կողքիս են համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս, առաջացած դժվարությունները հաղթահարելիս: Ընկերոջս` <<Արտաշատ>> ՋՕԸ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ համատեղ, լիահույս եմ, լուծելու ենք այս ոլորտում առկա շատ խնդիրներ, աջակցել մեր գյուղացուն: Այնպես պետք է անենք, որ մարդկանց վրա հողագործությամբ զբաղվելը շատ <<թանկ չնստի>>, որպեսզի մշակվի հողը, հիասթափություն չառաջանա: Բերրի հողեր ունենք և եթե չկարգավորենք ոռոգման խնդիրը, ապա արդյունքն ու եկամտաբերությունը ցածր կլինեն: Խմելու ջրի համակարգում էլ ընկեր ունեմ` Խորեն Մհերյանը: Մեր ցանցի խողովակների գրեթե կեսը փոխել ենք, իսկ գարնանն արդեն ամբողջը կփոխենք:

Շարունակելով զրույցը, պարոն Վարդանյանը եղած խնդիրներից անդրադարձավ նաև դպրոցի և ճանապարհների վերանորոգման անհրաժեշտությանը: Նոր եկեղեցու հիմքը գցված է, մնում է բնակիչների, ընկերների համախմբվածությամբ դրա կառուցումն ավարտի հասցնել: Համայնքի ղեկավարը, որքան հնարավոր է, ընկերների միջոցով լուծում է իր բնակիչների աշխատանքի, զբաղվածության խնդիրը: Գյուղացի-գյուղապետ փոխհարաբերությունները ընկերական են, հարազատական: Բոլորն էլ իր համար ընկեր են ու բարեկամ. <<Մեր տունն է, մեր օջախը, կապ չունի` ես համայնքապետ եմ, իրենք բնակիչ: Ես էլ եմ, ի վերջո, այս համայնքի բնակիչը…>>:

Կանգնած է իր բնակչի կողքին, ջանում է ամեն կերպ կիսել նրա հոգսը: Շատ է սիրում իր գյուղը: Նրա խոսքերով, լավն է Մրգավանը, մարդիկ շատ աշխատասեր են, ազգային ավանդույթներին հավատարիմ, մեկը մյուսին օգնող, հասնող: Ամեն ինչ անում է, որ իր ժողովուրդը միասնական լինի, համախմբված, երիտասարդությունն ավելի մեծ ակտիվություն հանդես բերի, ներգրավվի համայնքի կյանքում: Մշակույթի մեծ տուն ունեն, պետք է նրա հնարավորություններն առավելագույնս օգտագործեն, աշխուժություն մտցնեն գյուղի առօրյայում: Ամեն ինչին` թե՛ լավին, թե՛ վատին պիտի տեր լինել: Գյուղի տոնն են նշում, մյուս ազգային ավանդական տոներն ու հանդիսությունները: Շատ ավանդույթների հիմքը դրել է Սամվել Վարդանյանի հայրը, ով ևս ժամանակին ղեկավարել է համայնքը: Հորից նաև ժողովրդի նկատմամբ համբերատար լինելու, նրան բարյացակամ վերաբերվելու բարի խորհուրդներն է ժառանգել:

Ընկերությունն ու դավաճանությունը, ըստ Սամվել Վարդանյանի, անհամատեղելի են: Ընկերն ընկերոջ թիկունքը միշտ պիտի ամուր ու հուսալի պահի: Եթե ընկերություն, ուրեմն հացի սեղանի շուրջ նաև միասին ու անբաժան: Դա մի ամբողջ արարողակարգ է, քանզի այդ սեղանն ավելի շատ ընկերության շունչն ու ջերմությունն են զարդարում, գեղեցկացնում:

Հաճելի առիթ ունեցանք հանդիպելու նաև նրա որդու` Աշոտի հետ, ով խոստովանեց, որ հայրիկի հետ ընկերություն է անում: Հպարտ է, որ հենց իր հայրն է ղեկավարում համայնքը: Իսկ կինը` Տաթևը, ցանկանում էր, որ ամուսնու ղեկավարման ժամանակաշրջանում լուծում տրվի բոլոր այն հարցերին, որոնք հուզում են իրենց համագյուղացիներին: Ինքն էլ, այո՛, ամուսնու հավատարիմ ու անդավաճան ընկերն է:

Նման հրաշալի ընտանիք ունենալն, իրոք, արդեն իսկ ձեռքբերում է, շատ մեծ ձեռքբերում: Ընտանիք, որտեղ նաև ընկերության ազնիվ ու առաքինի ոգին է իշխում: Այդ ամենն իր հերթին շատ մեծ ուժ ու զորություն է տալիս համայնքի ղեկավարին, որ ի վիճակի լինի իրագործել բոլոր այն մտահղացումներն ու ծրագրերը, որոնք կոչված են Մրգավանի վաղվա օրն ավելի լուսավոր ու բարեկեցիկ դարձնելուն…

 

SHARE