Մեծամորում փակ դուռ չես գտնի

0
22

Մարդիկ կպած են իրենց հողին և բարիք են արարում

Վստահություն

-Մինչև իմ ղեկավարելը համայնքում խնդիրներ շատ կային,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Մեծամոր համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը:- Անկատար գործեր, չլուծված խնդիրներ շատ կային: 2010-ից սկսած, երբ ստանձնեցի այդ պաշտոնը, շատ գործեր կատարվեցին: Մասնավորապես, առաջին հերթին գիշերային լուսավորություն անցկացրեցինք, կանգառներ տեղադրեցինք, գերեզմանատան տարածքը խճապատեցինք: Դաշտամիջյան ճանապարհներն այնպիսի քարուքանդ վիճակում էին, որ մեքենա չէր մտնում, և մարդիկ իրենց բերքը չէին կարողանում շուկա հանել: Այդ ճանապարհներն ամբողջությամբ հարթեցրինք: Միաժամանակ, մշակույթի տան տանիքն ենք փոխել, անձրևաջրերից քանդվող բալկոնը վերակառուցել: Երկու կամուրջ ենք կառուցել, որոնց կարևորությունը մեծ է գյուղի բնականոն կենսագործունեության ապահովման համար: Մանկապարտեզի տանիքն ու պատուհաններն ենք փոխել, մնացել են ներսի աշխատանքները, ինչի համար բավականին մեծ գումար է պահանջվում: Ստիպված դիմել ենք ընկերների օգնությանը, որպեսզի գոնե այդ կերպ լուծվի խնդիրը, և մեր երեխաները պարտադրված չլինեն հարևան գյուղ հաճախել: Ընկերներս կողքիս կանգնած են, և ցանկացած հարցով դիմելիս անպատասխան չեմ մնում: Առանց ընկերների դժվար կլիներ: Իսկ ընկերներ, փառք Աստծո, շատ ունեմ: Անշահախնդրության շնորհիվ այդ կապը գնալով խորացել, և այսօր արդեն նաև ընտանիքներով ենք մտերիմ, դարձել ենք բարեկամներ: Լավ ընկերությունը հոգու հանգստություն է պարգևում, հարստացնում մարդուն: Ընկերությունն ազնվություն է, մաքրություն: Որդիս` Սարգիսն արդեն իսկ ինձ է <<քաշել>> այդ առումով, լավ ընկերներով է շրջապատված, ավելին` ինձ գերազանցում է: Իր ընկերական շրջապատում նա խաղաղության աղավնի է: Մարդուս կյանքի ամենամեծ ձեռքբերումն ընտանիքն է, ընկերությունը…

Էդվարդ Միրզոյանի ընկերական շրջապատն ընդգրկուն է: Մտերիմ ընկերներից են Վարդանաշենի Արթուրը, Հայկաշենի նախկին ղեկավար Բագրատ Հովհաննիսյանը, Ակնաշենի Միսակյանը և այլք: Ըստ նրա, ում է պետք անընկեր մարդը. <<Ծնողներիցս ժառանգել եմ կյանքում ոչ մեկի վատություն չանել` լավությունից բացի: Առաջին ընտրությանը չորս մրցակից ունեի, ում հաղթեցի: Անգամ իրենց բարեկամներն ինձ ձայն տվեցին: Իսկ հաջորդ ընտրությանը մրցակից չունեի, ինչը վկայում է ունեցածս մեծ հարգանքի և արածս գործերի մասին: Գյուղացու խնդիրը միշտ էլ իմն է եղել, երես չեմ թեքել, անտարբեր չեմ եղել: Ցանկացած հարցով դիմում են, և ես բոլորի կողքին կանգնած եմ: Պարտավոր եմ անել անգամ անհնարինը…>>:

Կրկին խոսելով արված գործերի մասին, համայնքապետը տեղեկացրեց, որ առաջնահերթ գյուղի կենտրոնն են աղբից մաքրել, բարեկարգել մշակույթի տան հարակից տարածքը` ստեղծելով զբոսավայր: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ հուշարձան են կանգնեցրել: Սգո հանդիսությունների սրահ է կառուցվել: Ունեն նաև ցավոտ խնդիրներ` կապված գազաֆիկացման և մանկապարտեզի հետ: Ճանապարհի ասֆալտապատման խնդիր ևս ունեին, բայց դա ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի շնորհիվ լուծվեց: Վարչապետը ևս տեղյակ է գազի խնդրին, խոստացել են հաջորդ տարի կյանքի կոչել գազաֆիկացման ծրագիրը: Դրա արդյունքում հողագործները ստիպված չեն լինի ջերմոցային տնտեսություններում հոսանք օգտագործել, ինչը էապես կնվազեցնի ծախսը:

Պարոն Միրզոյանը հպարտությամբ նշեց, որ, ի տարբերություն հարևան համայնքների, տեղից արտագաղթողներ չունեն: Մեծամորում ոչ մի փակ դուռ չես գտնի: Եթե գազի հարցը լուծվի, ապա գյուղացին այլ խնդիր չի ունենա: Գյուղացին աշխատասեր է, իր հող ու ջրին կառչած, կաշխատի, կարտադրի, կապրի: Կառավարություն ներդրումային ծրագիր են ներկայացրել` երկարաժամկետ վարկ տրամադրելու առաջարկով, որպեսզի զարգացնեն ջերմոցային տնտեսությունները:

Համայնքների խոշորացման ծրագիրը, ըստ Էդվարդ Միրզոյանի, սխալ է: Այդ կարծիքին են գրեթե բոլոր համայնքապետերը: Դա հղի է մի շարք բացասական հետևանքներով: Առանց այդ էլ Արմավիրի մարզի գյուղերը խոշոր են, և դրա կարիքն այստեղ չկա…

 

SHARE