Մեծ աշուղի անունը կրող դպրոցը

0
24

իր կարևորությամբ համազգային նշանակություն ու արժեք ունի…

Կրթօջախ
  …Հավատացած ենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոց հաճախող երեխաներն էությամբ ու խառնվածքով տարբերվում են իրենց հասակակիցներից, քանզի երգ-երաժշտություն սիրող անհատի հոգեբանությունն ավելի նուրբ ու զգայուն է, առավել հագեցած ու բովանդակալից: Ուստի փառք ու պատիվ այն ընտանիքներին, որտեղ ծնվում ու հասակ են առնում այսպիսի երեխաներ: Երեխաներ, որ մեր երկրի ու պետության վաղվա հույսն են, մեր հասարակության ապագա արժանավոր քաղաքացիները: Ունկնդրելով նրանց կատարումները, հիացմունք ես ապրում, թե ինչպես են կարողանում այս տարիքում այդպես ընկալել ու վերարտադրել իր բնույթով փոքր-ինչ դժվարամարս աշուղական երգը: Բայց և միաժամանակ վստահ ես, որ այն ժառանգական գեներով մեր արյան, մեր էության մեջ է, ուստի կշարունակի ապրել ու հարատևել…
  Աշուղական արվեստը բարդ ու լուրջ արվեստ է: Ժողովուրդը սիրում ու գնահատում է աշուղական երգը: Ցավալի է միայն, որ իրենց պրոֆեսիոնալ համարող երգիչ-կատարողներ այս արվեստին վերաբերվում են սիրողական մակարդակով և, հետևաբար, աղավաղում այն: Մինչդեռ աշուղական արվեստը ֆոլկլոր չէ, այն ժողովրդական երգի, այսպես ասած, պրոֆեսիոնալ թևն է, ուղղությունը, ուստի և համարժեք մոտեցում ու վերաբերմունք է պահանջում: Ահա այս առաջնահերթության պահանջով ու սկզբունքայնությամբ է գործում Ջիվանու անվան աշուղական դպրոցը, որը գործում է արդեն 15 տարի և որի հիմնական նպատակը գրագետ, աշուղական արվեստը լավագույնս զգացող, հասկացող ու վերարտադրող մասնագետ երգիչ-կատարողների պատրաստումն է:

  <<Դպրոցում,-ասաց պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը,-սովորում են շուրջ 150 պատանիներ: Նրա բովով անցել են 1000-ից ավելի երեխաներ: Բնականաբար, բոլոր սովորողները չէ, որ պարտադիր երգիչներ պիտի դառնան: Ամենակարևորը` նրանցից յուրաքանչյուրը, ով առնչվում է հայ աշուղական երգարվեստի հետ, հարստանում է  ազգային նկարագրով ու հոգեկերտվածքով, բարձրաճաշակ ու մարդկային ամենագեղեցիկ դրսևորումներով հագեցած դաստիարակություն ու կոփվածք է ստանում: Այսինքն, եթե երգարվեստի ճանապարհն էլ չընտրեն, ապա անպայմանորեն լավ մարդ կդառնան, լավ ընտանիք կստեղծեն և իրենց լավագույնս կդրսևորեն կենսագործունեության ցանկացած ոլորտում: Եթե դպրոցն անգամ մեկ կամ երկու մեծ երգիչների պարգևի մեր ժողովրդին, ապա կնշանակի, որ իր առաքելությունը լիապես կատարել և կատարում է: Երգելու շնորհը, ձայնից զատ, տրվում է Աստծո կողմից: Երկնապարգև այդ շնորհը որպես հատիկ Աստված է դրել ձայնի մեջ, և մասնագետ-ուսուցիչները կոչված են, պարզապես, բացահայտելու, զարդարելու այդ հատիկը, որպեսզի այն բողբոջի, ծաղկի և պտուղ դառնալով` օգտակար լինի մեր ժողովրդի համար: Ահա այս, կրկնում եմ, առաքելությունն ունի մեր դպրոցը, առաքելություն, որ երեխային տանում է դեպի հայ աշուղական երգարվեստի բազմախորհուրդ ու բազմահրաշ աշխարհ…>> :
   Մեր այն հարցին, թե ինչպես է երեխան կողմնորոշվում դեպի աշուղական երգն ու երաժշտությունը, պարոն Պողոսյանը հետևյալ պատասխանը տվեց. <<Այստեղ միանշանակ մեծ դերակատարություն ունի ընտանիքը: Ինչով և ինչպես սնվում է երեխան, այնպես էլ հասակ առնում ու դաստիարակվում է: Խոսքս, հասկանալի է, հոգևորի մասին է: Եթե ընտանիքում հարգի են ազգային մշակույթն ու ավանդույթները, ապա երեխան անմիջականորեն ընկալում ու կրում է այն: Տեղին է հիշել ժողովրդական խոսքը` ինչ որ ցանում ենք, այն էլ հնձում>> : Ահավասիկ, մատնանշելով փոքրիկ Մանեին` նրա օրինակով փորձեցինք հարգարժան պրոֆեսորի միջոցով դպրոց հաճախող երեխաների ընդհանրական նկարագիրն ու բնութագիրը ներկայացնել:  <<Ի ուրախություն ու հպարտություն մեզ,-հնչեց Թովմաս Պողոսյանի պատասխանը,-ունենք շատ գեղեցիկ հայկական ընտանիքներ, որոնց օջախներում հարգի է ազգային մաքրամաքուր ակունքներից բխող հայկական երգ-երաժշտությունը: Բնականաբար, հենց այդ ընտանիքներից սերված երեխաներն են հաճախում մեր դպրոց: Մանե Դավթյանն այդ երեխաներից մեկն է, որ սրտի թելադրանքով ու հոգու մղումով է եկել այստեղ: Պատահում է, որ ծնողների ցանկությունն է դեր խաղում այս կողմնորոշման մեջ, սակայն հիմնականում վճռորոշը երեխաների սերն ու ձգտումն է: Երանելի է, հավատացեք, երեխայի շուրթերից լսել նման խոստովանություն: Երանելի է, այո, երբ երեխան ասում է, որ շատ է սիրում Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի երգերը և հենց ինքն է ծնողներին ստիպել, որպեսզի իրեն այստեղ բերեն: Մանեն սերում է ազգային բարձր նկարագիր ունեցող ընտանիքից: Ամեն ինչի հիմքը, այո, արմատն է: Մանեի արմատը առողջ է, այդ արմատը հայերենն է, վսեմն ու բարոյականը: Դրա լավագույն ապացույցն ու վկայությունը համապատասխան դաստիարակությունն ու հոգևոր նկարագիրն է, թեկուզ, հենց, Ջիվանու դպրոց հաճախելու փաստը…>> :
   Թեև Մանեն նոր է հաճախում, բայց արդեն հասցրել է առանձնակի սեր ու համակրանք առաջացնել իր նկատմամբ:  <<Մանեն, այստեղ գալով, ի սկզբանե ասաց, որ ուզում է Սայաթ-Նովա երգել,-նշեց դպրոցի ուսուցչուհի Արփինե Մովսիսյանը: – Զարմացա, քանի որ Սայաթ-Նովան բարդ է` թե բառային, թե մեղեդային առումով, և կատարելն էլ, հետևաբար, դժվար է: Ասաց, որ շատ է սիրում Սայաթ-Նովա և շատ է ուզում կատարել նրա երգերը: Դա երեխայի ճաշակն է, ինչը, հավատացած եմ, ընտանիքից է գալիս: Մանեն հրաշալի բալիկ է, շատ լավ ձայնային տվյալներ ունի: Փոքրիկ, բայց գեղեցիկ ու անուշիկ ձայն է: Կարևորն այն է, որ հենց այնպես չի գալիս, ցանկությունը մեծ է: Նպատակը երգչուհի, ինչպես նաև պարուհի դառնալն է: Մնում է համբերատար աշխատել: Մանեն մի քիչ ամաչկոտ է, շատ նուրբ հոգի ունի, ինչն առանձնահատուկ մոտեցում ու հոգատար վերաբերմունք է պահանջում: Լիահույս եմ, որ նրա նվիրական երազանքը կիրականանա>> : Զրույցը Մանեի հետ հաճելի ու սրտահույզ էր: Առավել հաճելի էր նրա կատարմամբ Սայաթ-Նովայի  <<Նազանի>> երգը լսելն ու վայելելը: Մանեի մոր խոստովանությամբ, ինքն ավանդապաշտ ընտանիքից է, իրենց հոգում արմատավորված ամեն ազգայինը գալիս է պապ ու տատի դաստիարակությունից… 
    Ուսուցչուհու հավաստմամբ, դպրոց ավելի շուտ հաճախող երեխաները Մանեի համար լավ ու խրախուսելի օրինակ են: Նրանց օրինակով ու ոգևորությամբ Մանեի` մեծ երգչուհի դառնալու ձգտումն էլ ավելի է մեծանում: Ընդհանրապես, դպրոցում շնորհալի երեխաները շատ են, և բոլորին նշել հնարավոր չէ: Համենայնդեպս, չենք կարող չառանձնացնել նաև Հովհաննես Նահապետյանին` համարձակ մի պատանու, ով թե իր խոսքում, թե երգերի ինքնուրույն ընտրության հարցում յուրօրինակ հատկություններ է դրսևորում: Խոստումնալից է, ինչպես նշեցին մանկավարժները, օժտված է այն հատկանիշներով, որոնք կարևոր են ապագայում մեծ բեմեր գրավելու համար: Ուսուցչուհու հավաստիացմամբ, շատ աշխատասեր է. <<Հովհաննեսը մեր դպրոց հաճախում է արդեն երեք տարի: Շատ խելացի ու նպատակասլաց է: Շարունակ որոնումների մեջ է, ուզում է շատ բան իմանալ, նոր երգեր սովորել: Նախաձեռնող է, երգեր գրելու փորձեր է անում…>> : 
     Հավելենք, որ շնորհալի պատանին բոլոր աշուղների երգերն էլ կատարում է, իսկ ավելի շատ, թերևս, սիրում է աշուղ Երամի ու Զաքարյայի երգերը:  <<Ինձ համար հեշտ ու դժվար երգեր չկան,-ասաց փոքրիկ Հովհաննեսը: -Ավելի շատ նախընտրում եմ ինձ հոգեհարազատ ստեղծագործությունները, ինչպես, օրինակ,  <<Սյունեցի աղջիկը>> և  <<Զմրուխտ հավքերը>> : Սիրով եմ հաճախում այս դպրոց: Այդ սերն արթնացրել է նաև մեր ուսուցչուհի ընկեր Արփինեն, ում սիրում ու գնահատում ենք բոլորս>> : Հաճելի էր տեղեկանալ, որ Հովհաննեսը սիրով օգնում է նաև իր ընկերներին շատ հարցերում: Բնութագրելով Մանեին, համարձակորեն իր կարծիքը հայտնեց. <<Մանեն շատ ամաչկոտ է, բայց ձայնային լավ տվյալներ ունի: Համոզված եմ, որ ճիշտ ընտրություն է կատարել` ապագան կապելով երգի հետ…>> :
      Մենք, իհարկե, հարյուրավոր արվեստի ու երաժշտական դպրոցներ ունենք, բայց այս մեկն իր բնույթով եզակի է: Ընդ որում` ոչ միայն մեր երկրում, ուստի և նրա նշանակությունն ու կարևորությունը ձեռք են բերում համազգային, համահայկական արժեք: Ահա թե ինչու արդարությունը պահանջում է, որ այն  <<ծվարի>> ոչ թե ՀՀ ԿԳՆ գեղարվեստական դաստիարակության մանկապատանեկան ստեղծագործության հանրապետական կենտրոնում, այլ, ստանալով պետական համապատասխան կարգավիճակ, իր արժանի տեղը գրավի երկրի կրթական համակարգում…
SHARE