Մեծ գործը մեծ էլ զոհեր է պահանջում…

0
44

Հպարտություն

ՀՐԱՆՏ ՄԻՆԱՍՅԱՆ
/Աղվանի հայրը/

     Ճիշտն ասած, երբ խոսքը գնում է Աղվանի մասին, լալկվում եմ, պապանձվում, ասես` գժվում: Թեև դժվար է, բայց կաշխատեմ վերհուշի ձևով խոսել որդուս մասին… Փոքր հասակից համարձակ էր: Երեք տարեկանից արդեն իմ հետևից գալիս էր դպրոց: Այնպիսի հաղթ քայլվածքով կգար, որ կգրավեր բոլորի ուշադրությունը: Ռուսաց լեզվի ուսուցիչը կասեր` ըմբշամարտիկ Բամբուլին եկավ, ապա ձեռք-ձեռքի խփելով` կբարևեին: Այդ տարիքից էլ ինքնավստահ էր: Տանից բավականին հեռու էր դպրոցը: Մեկ էլ տեսնում էիր` Աղվանը հայտնվեց նրա բակում: Գալիս էր, համարձակորեն մտնում ուսուցչանոց: Ի ծնե փիլիսոփա էր: Այդ տարիքում /նախադպրոցական/ փիլիսոփայական փայլուն մտքեր կասեր: Միշտ մորը` Ամալյային, ասում էի, որ գրի առնի Աղվանի մտքերը… Եթե իմանայի … Ոչ ոքի և ոչնչի չէի սպասի` ինքս դա կանեի: Հետագայում մի քանիսը հիշում էի, բայց ցավ տեսած մարդուն էլ ոչինչ չէր հետաքրքրում` իր դժբախտությունից բացի: Նախ, կնոջս կորուստը, ապա` որդուս… Երկու եղբայրների միջև 11 տարվա տարբերություն կար: Աշոտը շատ միամիտ ու պարզ տղա էր: Աղվանը նրա հակադրությունն էր` ճարպիկ: Ուրիշ անձնավորություն էր` համարձակ, քաջ, սիրառատ, հանդուգն: Դպրոցում շատ լավ էր սովորում: Ամալյայի մահվանից հետո մնացինք մենակ. Աշոտը դրսում էր, աղջիկներս ամուսնացան Երևանում… Անվախ էր: Միայնակ էր գնում որսասարեր, որտեղ եղնիկներն էին մագլցում: Որսորդ ընկերներիս հետ փոքրուց գնում էր որսի: Չնայած, խուսափում էին հետները տանեին, որովհետև այնպիսի տեղերով էր մագլցում, որ վախենում էին փորձանք բերի գլխին: Պատրաստ էին անգամ իրենց որսի մեր բաժինը բերել, միայն թե Աղվանը հետները չգնար: Նրա համար գիշերը ցերեկ էր, ցերեկը` գիշեր: Համարձակությունն այն աստիճանի էր, որ ինքնուրույն որոշումներ կկայացներ ու կիրագործեր: Մի օր վեր է կենում, գնում Մերուժան Տեր-Գուլանյանի մոտ` <<Գարուն>> ամսագրում տպագրվելու համար: Արդեն տպագրվել էր <<Պիոներ կանչ>>, <<Որոտան>> թերթերում: Տեր-Գուլանյանը Աղվանի բերած երկու տետրն էլ կարդում է, որոշ նշումներ անում` ասելով,

որ փոփոխություններն անելուց հետո բերի տպագրության: Աղվանը վրդովվում է, թե իր գրածներում փոխելու բան չկա, գրածի իմաստը պիտի, պարզապես, հասկանալ: Դժգոհությունը չթաքցնելով, տետրերը վերցնում է, ասում, որ չի ուզում տպագրվել: Տեր-Գուլանյանին էլ է հետաքրքրում, թե որտեղից այդքան համարձակությունը: Դիմացինի երեսին ճիշտը կասեր: Ընդդիմացող էր և իր համառությամբ ճիշտը մինչև վերջ տանող: Երբեք չէր զիջի: Աշոտի հետ հակապատկերներ էին: Աշոտը` ամբողջությամբ զիջող, հավատացող, նվիրյալ: Աղվանը փոքրուց էլ օժտված էր խրոխտ հատկանիշներով: Դրսից դատարկ տուն չէր գա: Ընտանիքի տղա էր: Մեկ էլ տեսար` մի բան ձեռքին տուն կմտներ… Երբեք ինձ մենակ չէր թողնի դաշտ կամ անասունի հետևից գնայի: Միասին սարեր կբարձրանայինք, և երբեք չէր տրտնջա: Պիտի ասեմ, որ Լծենում հենց նման երեխաներ պետք է ծնվեին: Ոչ միայն ծնողները, այլև բնությունն էլ Աշոտ ու Աղվան է ստեղծել: Գառներին սարեր տանելիս, չքնաղ բնությամբ ոգեշնչված, բանաստեղծություններ էր գրում: Գյուղից 800 մ հեռու, 1347 թ. կառուցված`  Անապատ անունով մատուռ կա, հաճախ այնտեղ էր գնում, նստում ու գրում… Այս մասին Աղվանն ինձ չի ասել: Սովորաբար, ոչինչ չէր ասում: Զոհվելուց հետո մեր գյուղացիներից մեկն է պատմել: Անտառից գալուց տեսել է գառները ամառվա շոգից մակաղել են, իսկ Աղվանն էլ նստած ինչ-որ բան է գրում: Զարմացած հարցուփորձին 12-ամյա պատանին պատասխանել է` բանաստեղծություններ եմ գրում… Նաև վրա է բերել, թե Թումանյանը ինձանից փոքր է եղել, որ գրել է այս բանաստեղծությունը` արտասանելով այն: Անցորդը  խրախուսել է` ասելով, թե շարունակիր գրել, դու մեծ մարդ ես դառնալու… Այո, մանկուց գրելու ձիրքը Աղվանի մեջ կար, և ես էլ ոգեշնչում էի նրան, որ շրջապատում ինչ տեսնի` թռչուն, կենդանի, աղբյուր, դրանց մասին գրի: Նեղանում էր, թե, հայրիկ, ինչի՞ ես մանկագիր պիտի դառնամ, ես մեծ բանաստեղծ եմ դառնալու… Թվարկում էր, թե իր ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ին, ինչպիսի հայտնի մարդիկ են ծնվել, այնպես որ, ինքն անպայման նշանավոր է դառնալու… Ինձ երբեք մենակ բաց չէր թողնի, միշտ հետս կգար դաշտ` մտահոգվելով, որ հանկարծ հորը մի բան պատահի, լուր բերող չլինի: Շատ հետաքրքրասեր էր, հատկապես` հնությունների նկատմամբ: Մի անգամ անտառաշերտերում ծառերի տակ նստած էինք` գութանի մաճ գտանք: Սկսեց հետաքրքրվել, բացատրեցի: Ասաց` տուն եմ տանելու, թանգարան պիտի կառուցեմ, և եթե մաճն այդքան օգտակար է եղել, ապա պիտի դնեմ թանգարանում: Այդ մաճը մինչև գյուղ շալակած բերեց: 11 տարեկան էր… Մինչև օրս այն իր սենյակում դրված է: Աշոտը մտադիր է թանգարան հիմնել, շատ հավաքածու ունի… Ամեն ինչի նկատմամբ սեր ուներ: Սիրում էր ծառ տնկել, ծառ բարձրանալ, ինչը շատ ճկուն ու ճարպկորեն էր անում: Այնտեղ, որտեղ ինքն էր բարձրանում, հասու չէր կարող լինել ոչ ոքի: Շատ չարաճճի էր: Միշտ քարայծերի ճանապարհով էր գնում: Շատ աշխատասեր էր: Տան բոլոր գործերին ձեռք կգցեր, չէր թողնի, որ մենակ անեմ: Մեծավարի էր մտածում, որոշումները ճիշտ էին ու հստակ: Հիշում եմ` երկու եղբայրով հորեղբայրների հետ ընդհանուր հողը մշակելիս են եղել: Ընկերովի, համատեղ հողը մշակելու փոխարեն առաջարկել է այն բաժանել 3 մասի, ամեն մեկն իր համար առանձին մշակի, որպեսզի հաշտ ու խաղաղ ապրեն: Այդ հողամասում, չնայած 20 տարուց ավելի է անցել, դեռևս պահպանվել են Աղվանի բացած առուները: Պահպանվել է նաև հացենու ծառը, որը Աղվանի ծառ ենք կոչում և որին ոչ ոք ձեռք չի տալիս: Նրա ոտնահետքերը մինչև օրս պահպանվել են. հաճախ եմ այդտեղով քայլում ու մտորում որդուս մասին: Շատ էր մտահոգ, ուր էլ գնար` ուշքն ու միտքը տան կողմն էր, հոր հետ: Բնական է` մենակ էի, անհանգիստ, որդիներս` ռազմի դաշտում: Եկող-գնացողը քիչ էր… Մի անգամ Աղվանը եկավ մարտի դաշտից, գրպանից փող հանեց և տվեց ինձ: Ապշած իրեն եմ նայում: Ծիծաղելով պատմեց եղելությունը: Թուրքի գյուղից անտեր ձի էր բռնել, բերել Կապան, վաճառել մի գյուղացու և այդ գումարը բերել հորը… Մոր կորուստն ահավոր ծանր տարավ, աշխարհի հետ չէր հաշտվում: Չէր արտահայտվում: Յուրաքանչյուր մոր կորուստ իր մոր կորուստն էր. <<Մամա, երբ մայր է մահանում, որբանում եմ նորից…>>: Գիշերները, երբ մենակ էր արդեն, գրում էր, մոր կորստի ցավը թղթին հանձնում: 17 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Իր տեղը չէր գտնում… Շատ լավ շախմատ էր խաղում, միասին խաղում էինք: Միասին գնում էինք գյուղամեջ, նստում մարդկանց կողքին, բայց էլի տեղը չէր գտնում, շուտ ձանձրանում էր` ասելով. <<Հայրիկ, սա մեր տեղը չի, գնանք տուն>>: Գնում էինք տուն ու էլի երկուսս էինք: Սիրում էր ընթերցել: Հայ գրականությունից զատ, նաև արտասահմանյանն էր սիրում կարդալ: Մեր ընտանիքում, առհասարակ, բոլորս էլ ընթերցասեր ենք: 1200 կտոր գեղարվեստական գրականություն ունենք տանը: Երկու եղբայրն էլ գրադարաններից ձեռք չեն քաշել: Երկու տարի շարունակ Աշոտը Սիսիանի կենտրոնական գրադարանի ամենաառաջին ընթերցողն է եղել: <<Արփա-Սևան>> թունելում աշխատելու ընթացքում, միայն մեկ տարում մոտ 240 կտոր գիրք էր կարդացել: Աղվանն էլ շատ էր ընթերցում և գիշերները շարունակ գրում ու գրում էր: Մի օր համարձակվեցի Աղվանին ասել, որ շատ ես կարդում, հնարավոր է, միգուցե, մեր մեծերից գրագողություն անես, կպցնես իրար, սարքես բանաստեղծություն: Շատ վիրավորվեց, շտապեց տետրերը բերել` ասելով, որ կգցի վառարանը… Պարզ է, հնարավոր չէր, որ նա գրագող լիներ: Բացի երկու տպագրված գրքերը, ևս 290 անտիպ ստեղծագործություն ունի: Այդ սերը` գրքի, գրականության նկատմամբ, գալիս էր մեզանից: Ես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ եմ եղել, կինս` գրադարանավարուհի: Մենք էլ էինք ստեղծագործում: Երբ Աշոտը Աղվանի <<Տապանագիր>> գիրքը տվել է Համո Սահյանին, որ արդեն հիվանդ էր, մեր մեծ համերկրացին կարդալուց հետո ասել է. <<Ես հանգիստ կարող եմ մեռնել, Սյունյաց աշխարհում արդեն ինձ փոխարինող կա…>>: Աղվանս անընդհատ ստեղծագործում էր: Բարձրագույն չհասցրեց սովորել: Ասում էր, բանասիրական կրթություն պիտի ստանամ, բանաստեղծ եմ դառնալու: Բայց… Դեկտեմբերյան մի օր, գիշերը ժամը 2-ին, հեռախոսազանգ եմ ստանում: Աշոտն էր: Հետաքրքրվեց ինձանով, հարցուփորձ արեց…Հետո եմ իմանում, որ վիրավոր է եղել` Կապանի հիվանդանոցում: Առավոտյան դպրոց եմ շտապում, շատ տխուր եմ: Մարդկանց եմ ճանապարհիս հանդիպում, ում բարևներն այն չեն: Տարօրինակ են բարևում, ինչից կասկած է ընկնում մեջս: Իմանում եմ եղելությունը: Հաջորդ օրն Աշոտը զանգում է, հանգստացնում ինձ` ասելով, որ արդեն լավ է, որ մատաղ անեմ: Հենց գյուղամիջում, արևոտ դեկտեմբերյան այդ օրը, մատաղ եմ անում… Ծանր ու դժվարին տարիներ էին, շատ զրկանքներ էինք կրում, բազում փորձությունների միջով անցնում: Մի օր էլ … Աղվանիս զոհվելու բոթն է գալիս: Աշոտը դրանից հետո չլքեց ընկերներին, կռվի դաշտում էր մինչև 1994-ը: Այսօր Սիսիանի պատանի ստեղծագործողների տունը Աղվանի անունով է: Տարիներ շարունակ միջոցառումներ են կազմակերպվում Աղվանիս հիշատակին նվիրված: Հիշում են, գնահատում, ինչից փոքրիշատե մխիթարվում ենք: Ամենամեծ սփոփանքն, անշուշտ, այն է, որ հայրենիքդ ազատվել է թուրքից… Տանը` Աղվանի սենյակը, մնացել է այնպես, ինչպես կար` իր մահճակալն է, գրենական պիտույքները, քաղաքացիական ու զինվորական հագուստները, անգամ` կիսատ թողած օղու շիշը, որը որսից էր հետ բերել, ծխախոտի տուփը` ծխախոտով, աղջիկների նվիրած թաշկինակները: Սրբությամբ պահում ենք այդ և մասունք դարձած մյուս իրերը: Ամեն անգամ այս սենյակ մտնելիս մտքումս նրա անքուն գիշերներն են` կարդալիս կամ գրելիս… 1989-ին գնաց բանակ: Էստոնիայում էր ծառայում: Շարժումն արդեն սկսվել էր: Մի տարին դեռ չէր լրացել` արձակուրդ եկավ: Այդ ժամանակ այլազգիները լքում էին խորհրդային բանակը: Երբ այդ մասին խոսք գնաց, Աղվանը հետևյալն ասաց` հրամանատարիս խոստացել եմ վերադառնալ, կապիտանս ինձ շատ է սիրում, չեմ կարող… Անգամ վերջինս է կասկածել, որ տուն գնալով Աղվանն էլ հետ չի գա, բայց որդիս խոստումը չդրժեց: Մի 10 օրից կրկին հետ եկավ` խորհրդային պետությունը փլուզվել էր… Շատ պատվախնդիր էր, արժանապատվորեն էր տանում ամեն ինչ: Եկավ ու անդամագրվեց Շարժմանը: Մենք` ծնողներս, մեր դաստիարակությամբ ու ապրած կյանքով ամեն կերպ ջանացել ենք, որ մեր զավակները հասարակությանը, շրջապատին պիտանի մարդ դառնան, սիրեն հայրենի երկիրը և ապրեն մարդավարի: Նրանք այլ կերպ, այլ ուղի ընտրել չէին կարող… Ես լավ հասկանում եմ, որ մեծ գործերը նաև մեծ զոհեր են պահանջում: Նրանց մեջ նաև որդիս էր` Աղվանը: Եթե բախտն ու ճակատագիրն այլ կերպ դասավորվեին, ապա նրան մեծ ապագա էր սպասում: Իր թողածով, արածով ու ապրածով էլ այսօր մեծ է, բայց կիսատ ու թերի մնաց հանճարի նրա թռիչքը, ցավալիորեն` կիսատ… Անցել է այսքան տարի, ուրախ օր չեմ տեսել, միշտ հուզմունքի մեջ եմ, բայց և որդուս կորուստն ինձ երբեք չչարացրեց: Աշխարհին բարի հայացքով եմ շարունակում նայել: Հպարտ եմ զավակներովս: Աղվանս բոլորի կողմից շատ սիրված է եղել: Մշտապես աղջիկների ուշադրության կենտրոնում էր: Աշոտս նույնպես` հարգված անձնավորություն, բազմաթիվ մեդալների, շքանշանների ասպետ: Ժողովուրդը նրան ընդունում է որպես հերոսի: Կորցրել եմ Աղվանին, գտել եմ Աղվաններ… Սիսիանում ինձ կամ ազգանունով են դիմում, կամ հայրիկ կոչելով: Խաղաղ հայրենիք ունենք, ինչն ամենակարևորն է ու ամենաթանկը: Պիտի հարգենք մեր դրոշը, գերբը, նախագահին: Հարգենք և հզորացնենք: Ապագան լավ է լինելու… 

  -Ընկերություն արե՞լ եք Ձեր որդիների հետ:
 -Իհարկե: Ավելի շուտ` ձգտել եմ դրան: Ցանկացել եմ, որ ինձ հետ անպայման կիսվեն: Աշոտի հետ մինչև օրս էլ ամբողջությամբ չեմ կարողանում լավ ընկերություն անել: Ինքը զուսպ անձնավորություն է, չի կիսվում ինձ հետ, մտածկոտ է, անընդհատ խոհերի մեջ: Աղվանի հետ ուրիշ էր` ամբողջությամբ կիսվում էինք: Դա անթաքույց` Աղվանից էր գալիս, ինքը տրամադրում էր դրան: Չէր թաքցնի անգամ աղջիկների հետ ունեցած կապերը, ինչն ավելի էր հեշտացնում մեր փոխհարաբերությունները… Աշոտն ազգային գենոֆոնդի մեջ մտնող անձնավորություն է: Համոզված եմ, նրա մասին հետագայում շատ ավելի կգրվի ու կասվի: Շատ մարդասեր է: Ունեցած վերջին պատառը կտա դիմացինին: Պատերազմի ծանր տարիներին անգամ պարտք կաներ` կարիքավորին հասնելու համար: Մարդասիրությունն այն աստիճանի է, որ թույլ չի տա իր ներկայությամբ որևէ մեկի հասցեին անգամ վատ բառ արտասանել: Միշտ ասում է. <<Վատ բառ մի օգտագործեք: Վատ մարդ չկա, գուցե, վատը մենք ենք…>>: Բոլորին հասնող է, ձեռք մեկնող: Իսկական նվիրյալ: Չի սիրում իր մասին խոսել, գովեստի խոսքեր լսել իր հասցեին: Ասում է. <<Ժողովուրդը տեսնում է: Ինչպես գնահատում է, թող այդպես լինի, դու ոչ մի բան մի ասա…>>: Աշոտը խիստ է կյանքի նկատմամբ: 8 թոռիցս 7-ը բարձրագույն կրթություն ունեն: Աշոտիս Տարոնն ու Տիրայրը հրաշք որդիներ են` խելացի, ծնողասեր, մեծին հարգող: Փոքր որդին 3 տարեկան է: Ապրում եմ Աշոտիս հետ, միշտ նրա ուշադրության կենտրոնում եմ: Հպարտ հայր եմ, ծնող… Նշեցի մի առիթով, որ ստեղծագործելու հակում ես էլ ունեմ: Ես էլ էի գրում: Կնոջս մահվան 25 տարին է լրանում: Չեմ կարողանում հաշտվել նրա կորստի մտքի հետ: 15 տարեկանից սիրել եմ Ամալյային: Երկրորդ սեր չկա, սերն առաջինն է.
Սառը քամին խփեց մեջքիս,
Մեջքս Ամալյան էր ծածկում,
Շրջվեցի, որ գիրկս առնեմ, 
     խաբուսիկ ու զուտ երազ էր…
Այս էլ քանի-քանի անգամ նույն 
     երազն է ու նույն քամին,
Միայն ես եմ ալեկոծվում, որ չեմ 
    տեսնում Ամալյային…
Այս տողերն էլ որդուս` Աղվանին են նվիրված.
Թե որ որդիս հետս լիներ,
Կյանքում ուրիշ կյանք կլիներ,
Թոռներ սևաչ ու կապուտաչ`
Իմ ու որդուս համար հրճվանք:
Տառապում եմ քանի տարի
Ու չեմ հասնում մի լավ բանի,
Խռով կյանքս ալեկոծում,
Արտասում ու սիրտս է մաշվում…
SHARE