Մեկ մարդու պես, կողք-կողքի…

0
74
Հեռանկար

   Մանվել Մկրտչյանը Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքը ղեկավարում է 2009 թվականից և ադ ընթացքում մի շարք աշխատանքներ է իրականացրել: Ինչպես մեր զրույցում նա տեղեկացրեց, գյուղը 20 տարուց ավելի խմելու ջուր չի ունեցել: 2010-ին 3 կմ երկարությամբ նոր` մայր ջրատար կառուցվեց, ներքին ցանցում բավականին շատ վթարային խողովակներ վերանորոգվեցին: Համայնքապետարանի ուժերով 4 փողոցներում, որտեղ նախկինում ջուր չի եղել, նոր ջրագծեր անցկացվեցին: 2 փողոց հաջորդ տարի կապահովվի ջրամատակարարմամբ: Այսօր գրեթե 80 տոկոսով ապահովված են խմելու ջրով: Ոռոգման ջրի խնդիր չունեն, սակայն ոռոգման համակարգի անկատարությամբ պայմանավորված` կորուստները դեռևս շատ են: Հիմնովին փոխվելու է ոռոգման համակարգը, հողային առուները փոխարինվելու են կիսախողովակներով: <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով մոտ 114 մ կիսախողովակ են տեղադրել, մոտ 700 մ էլ <<Մուղնի>> ՋՕԸ-ն իր միջոցների հաշվին է անցկացրել: Պայմանավորվածություն կա այդ նույն ծրագրով հաջորդ տարի ևս 5500 մ կիսախողովակ անցկացնել. 100 մլն դրամ ներդնելու է ընկերությունը, 20 մլն դրամ` գյուղապետարանը: Այդպիսով հիմնավորապես կփոխվի ոռոգման համակարգը:

    Ինչպես այնուհետև տեղեկացանք, գյուղապետի համար շատ կարևոր է դաշտամիջյան ճանապարհների բարեկարգ լինելը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի աճեցրած բերք ու բարիքը բարեհաջող տեղ հասցնել: Մոտ 1,5 կմ այդպիսի ճանապարհ է խճապատվել: Գյուղամիջյան ճանապարհները նույնպես բարեկարգվում են, աստիճանաբար լուսավորություն է անցկացվում: Ծաղկալանջը մանկապարտեզ չունի, շենքը վթարային է: Ծրագրված է հաջորդ տարի սկսել վերանորոգման աշխատանքները: Մշակույթի տունը նույնպես վերանորոգման կարիք ունի, ինչը համայնքի ուժերով անհնարին է: Չնայած դրան, գյուղում զանազան տոների առթիվ միջոցառումներ կազմակերպվում են: Մեծ շուքով է նշվում հատկապես Վարդավառը: Ողջ գյուղով են նշում, ս. Ամենափրկչի բակում: Առհասարակ, համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է, ամուր հիմքերի վրա: Համախմբված են, գյուղապետի կողքին կանգնած և միասնական ուժերով գործերն առաջ են տանում: Թեև ֆինանսական հնարավորությունները սուղ են, բայց աշխատանքները ճիշտ կազմակերպելու շնորհիվ կարողանում են առաջացած խնդիրները հաջողությամբ լուծել: Ոգևորվում են արածով և խանդավառությամբ ձեռնամուխ լինում հաջորդը կատարելուն: Ճանապարհների բարեկարգումից հետո մտադիր են լուծել լուսավորության խնդիրը: Աստիճանաբար, օգտագործելով նաև ընկերների ներուժն ու հնարավորությունները, ապահովում են գյուղի առաջընթացը: Երբ մի գործ է արվում, բոլորը մեկ մարդու պես կանգնում են` պատրաստակամ օգնելու: Դա էլ ավելի է ոգևորում և բազմապատկում մարդկանց ձգտումը` ավելին անելու հարազատ համայնքի համար: Երիտասարդ գյուղապետի դերն այս ամենում, ինչ խոսք, մեծ է: Լինելով ընկերասեր, անկողմնակալ ու հետևողական, լավ օրինակ է բոլորի, հատկապես` ընկերների համար: Վերջիններս կօգնեն` ինչով կարող են. մեկը` տեխնիկայով, մյուսը` ֆիզիկական հնարավորություններով: Բոլորի նպատակը մեկն է` ապահովել գյուղի առաջընթացն ու զարգացումը:
    Գյուղապետի խոսքերով, Ծաղկալանջը փոքր է, բոլորն էլ իրար ընկեր են ու բարեկամ: Մանվել Մկրտչյանի համար ընկերությունը սրբություն է.<<Դու ես ընկերոջդ ընտրում: Նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես, ապա նույնը պահանջես ընկերոջիցդ: Ընկերներիս շատ սիրում ու հարգում եմ: Երբեք չէի ուզենա ընկերության ճանապարհին ընտրության առջև հայտնվել: Այսօր կյանքն այնպես է դժվարացել, որ ընկերությունից թշնամություն ընդամենը մեկ քայլ է: Ուղղակի, պետք է ճիշտ հասկանալ, ամեն ինչ ճիշտ կազմակերպել, որպեսզի նման բան մտքովդ չանցնի: Իմ ընկերությունն այնքան խոր արմատներ ունի, որ ամեն անցանկալի դիպված հարթվում և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ինքդ պետք է ձգտես ընկերություն անելուն: Տարիներ պետք չեն, ուղղակի` համակրանքը տվյալ մարդու հանդեպ, նույն մտքերն ու հասկացողությունները բերում են ընկերության: Ինձ համար սոցիալական կարգավիճակն էական չէ: Կարևորը` սրտով հարուստ լինել և չդավաճանել: Ընկերոջ դավաճանությունն աններելի է: Նման կերպ վարվողը <<կծախի>> ամեն սրբություն` հայրենիք, ընտանիք…>>: Ընկերոջից այն կողմ, առաջինը ընտանիքն է: Մարդը պետք է ազնիվ ու մաքուր լինի, ունենա բարի հոգի և այդ հոգով էլ ընկեր ընտրի: Նրա համոզմամբ, միայնակ մարդը ոչնչի պիտանի չէ: Առանց ընկերության կյանքը ոչինչ է, և մարդն ինչ էլ անի, իր խղճի առջև պետք է պատասխան տա: Գնահատելի է մարդու մարդ լինելու որակը` անկախ զբաղմունքից, դիրքից ու պաշտոնից: Գյուղապետը բոլոր  համագյուղացիներին էլ հարազատորեն է ընդունում:
    -Մեր գյուղապետը,-ասաց համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետ Աշոտ Բաղդասարյանը,-մեծ ձգտում ունի համայնքի համար առավելագույնն անելու: Նրա աշխատած տարիներին միայն համայնքի բյուջեից 4 մլն դրամի ներդրում ենք արել: Աշխատանքում խստապահանջ է, աշխատանքից դուրս` ընկերական: Ամենակարևորը` քինախնդիր չէ: Կօգնի նեղ վիճակում հայտնված գյուղացուն, անգամ` անձնական միջոցները չխնայելով: Չնայած երիտասարդ տարիքին, շատ ավանդապաշտ է: Ձգտումը մեծ է` ավելին անել, հասնել առավելագույնին: Որքան հնարավորություններ կան, ներդնում է գյուղի բարգավաճման գործի համար: Նրա արածն ու դրածը անչափ գնահատելի են…
 Հավելենք, որ գյուղը մոտ 158 հեկտար տարածք զբաղեցնող բրոնզե դարի պատմամշակութային դամբարանաշերտ ունի, որտեղ ներկայումս պեղումներ են ընթանում:
SHARE