Մենավոր կաղնի

0
17
Նախանձելի, օրինակելի ճակատագիր` հաստատվել բարձունքին և անսասան դիմակայել անցողիկ հողմերին ու դաժան ամպրոպներին…

Վարքագիծ

   Հաճախ ինձ հարցնում են. <<Ամեն ինչ այնքան էլ վատ չէր, նույնիսկ լավ էր, ու աշխատավորը լուրջ գանգատներ չուներ, ապրում էր, գործում, վաստակում, հանգստի մեկնում, անվճար բուժվում,  կրթություն ստանում, ապահովված էր բնակարանով, երկիրը բարգավաճում էր, ժողովուրդը երիտասարդանում, քաղաքներում և գյուղերում նորանոր կառույցներ էին բարձրանում … Ինչո՞ւ ամեն ինչ գլխիվայր  շրջվեց… Անցած երկու տասնամյակում չի ծնվել այնքան երեխա, որքան Հայաստանի բնակչությունն էր 1920 թվականին, երբ խորհրդային կարգեր էին հաստատվում` 650-700 հազար: Ի վերջո, հասանք համարյա չորս միլիոնի: Իսկ հիմա՞…>>:
    Հորդորում եմ` մի շարունակեք… Եկեք նախ  մտորենք, փորձենք ոչ թե  արձանագրել,  թե ինչ է կատարվել  ու  կատարվում, այլ պեղել  մեր տխուր ներկայի  պատճառները …Հեռուստատեսությունը, մամուլը, հանրահավաքները, Ազգային Ժողովը, ընդդիմությունը, հակոտնյա   կոչված այդ չարաղետ անճարակները խոսում են տարբեր կերպ, բայց ըստ էության անում են նույնը` ժողովրդին տանում են դեպի ալան-թալանի , անբարոյի, մարդատյացության  անդունդը, երկրպագում են մասնավոր սեփականությունը, հանուն որի հասարակության, հայրենիքի գլխին ցանի պես կուտակվում  են բազում վտանգներ: Ոմանք չեն ուզում հասկանալ, գիտակցել,  որ քչերի  հարստությունը ծնվում է շատերի աղքատացումից, հազարնե՛րը պիտի աղքատանան, որպեսզի մեկ-երկուսը հարստանան, այնքան հարստանան, որ ամենաբարձր ամբիոններից  չքաշվեն հայտարարել, թե իրենք ու իրենց ընտանիքներն այլևս որևէ կարիք չունեն, եկել է պահը, և արդեն մտածում են հասարակության ու երկրի մասին: Ցանկանում են հանրությանը երևալ առաքյալի լուսապսակով,  շահել նրա սիրտը և նվաճել նորանոր իշխանական բարձունքներ…Նրանք, ովքեր հավատում են նմաններին,  ակամա նպաստում են վարակի տարածմանը… 

    Հեռուստատեսությամբ  մի օր ցուցադրվեց,  թե ինչպես մի երևանցի, ամենևին չհիշելով, թե ինչպես է հարստացել մեր ճառասացը (աղոթքո՞վ,  թե՞ չարաշահումներով), կոչ էր անում հավատալ  աղքատասերին,  թե իրոք այլևս չի ցանկանում ավելացնել իր ունեցվածքը և պատրաստ է <<նեղ օրից հանել>> աղքատներին… Մինչդեռ  նույն այդ <<հրեշտակի>> հարստացման ուղին իր հետևորդներն ունի միակ մի նպատակով` անբավ կարողություն դիզել, օրը մի քանի անգամ զգեստ փոխել, տնական առյուծներ ու բազում սպասավորներ պահել, աղոթատներով ու եկեղեցիներով պանծացված` բազմել գահին և առաջնորդել, իր հետևից քարշ տալ շատ ու շատ արժանավոր մտավորականների, ելումուտ անել բարձրաբերձ  պարիսպներով ու   դալար  եղևնիներով շրջափակված  անառիկ առանձնատներ: Շարունակեմ. հանրապետության  նախագահի` որպես պետության պատասխանատուի,  հենց պետության սահմանափակ հնարավորությունները դրոշ դարձրած` մի օր էլ, երբ արևն անգամ անզոր է աղքատին ջերմացնել, կանգնել ու հայտարարել, թե ինքն ամեն ինչ ունի, իր ընտանիքը թագավորի պես ապահովված է, և այժմ ցանկանում է  իր հարստության մի մասը զոհաբերել նրանց, ումից խլել է… 
   Այսպիսի՜ բարքեր… Այնինչ ամբողջ քսաներորդ դարը աշխարհին ու ամեն գիտակից մահկանացուի  իր սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական նվաճումներով ցույց տվեց, որ սոցիալիզմն է մարդկության ապագան…                    
   Ես, իհարկե, գիտեմ ինձ ուղղված ձեր հարցի պատասխանը, թե ինչու Խորհրդային Հայաստանի սոցիալիստական նվաճումները խորտակվեցին, հասարակությունը բաժանվեց ու բևեռացվեց մի խումբ հարուստների և բազմահազար թշվառների: Սկսվեց ամենակուլ արտագաղթը, մի երևույթ, որը վերլուծաբաններն անվանում են  հայաթափություն: Մենք կառուցել էինք  նոր հասարակարգ, ուր, որպես սկզբունք, բացառված էր, որ <<քչերը>>  հարստանան միլիոնավորների հաշվին: Եվ ահա այդ <<քչերը>> մոլորեցնելով ժողովրդին`  խորտակեցին մարդասիրական հասարակարգը և ճակատագրի չար խաղով ու շատերիս աններելի թողտվությամբ այսօր լիուլի վայելում են համաժողովրդական արարումների պտուղները` փշրանքներ նետելով երեկվա աշխատավորին: Ինձ հաճախ մեկ այլ հարցով էլ են դիմում` <<Այդ ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը խաբվեց, և այսօր` հասկանալով, որ իրեն խաբել են, մատնել գործազրկության, կտրել հանապազօրյա հացից, նույն լկտի ինքնավստահությամբ հայտարարում են, թե, իբր, ժողովրդի համար միակ, բարձրագույն արժեքն անկախությունն է, որն իրենք լիովին ապահովել են, և մարդիկ երախտապարտ պիտի լինեն իրենց…>>: Հեռուստատեսությամբ ցուցադրում են  աշխարհի մեծահարուստների  ոսկեզօծ կահկարասին, դղյակները, հարստություն ու անառակաբարո նկրտումները, դատապարտում հղփացածներին, անասնական կյանքով ապրողներին… Բայց զարմանալ կարելի է, թե այդ ամենով հանդերձ` ինչո՞ւ որևէ ակնարկ իսկ չի արվում նմանատիպ հայաստանյան օրինակների մասին: Այն մասին, որ, ասենք,  մեր շատ  ազատամարտիկներ, արցախյան հերոսներ անօգնական տառապում են պատերազմում ստացած վերքերից, բառիս բուն իմաստով` գոյություն քարշ տալիս  փտած խրճիթներում` կյանքի, կենցաղի տարրական պայմաններից զուրկ: 
    Եվ առավել քան տարօրինակ է բազմաքանակ կուսակցությունների վարքագիծը, որոնք առավոտից իրիկուն, խոսքի տակ ու ծերից  հայրենասիրությունից են բարբառում, սակայն հեռու են իսկական հայրենասիրությունը որպես գործ ընկալելուց, հանուն ճշմարիտ հայրենասերների իրական ու մշտական պայքար մղելուց:
   Իմ այս մտորումները հանձնում  եմ <<Ընկեր>> թերթի խմբագրությանը, քանի որ նա, համոզված եմ,  իր կենսադիրքը բխեցնում է լայն իմաստով <<ընկերությունից>>, հանգեցնում է <<ընկերությանը>>, կյանքի իմաստն ու գեղեցկությունները պայմանավորում <<ընկերությամբ>>: Իմ ընկալմամբ` այդ <<ընկերության>> բարձրագույն դրսևորումը կուսակցությունն է, երբ մարդիկ համախմբվում ու միասնական են դառնում փոխըմբռնմամբ, գաղափարների, մղումների  ընդհանրությամբ, հայրենիքի, ժողովրդի առաջադիմության ու բարգավաճման համար շարունակական մաքառմամբ: Չնայած իմ ամենօրյա սևեռուն հետաքրքրություններին` ես, օրինակ, այդպիսի համախմբում ու միասնականություն, ավա՜ղ, չեմ տեսնում: Ավելին, հաճախ բանն սկսվում ու ավարտվում է անպտուղ ճամարտակությամբ   նույնիսկ իշխանությունների հետ որոշ, շահադիտական  մերձեցումներով, նպատակով հայտնվել  իշխանական բուրգի կատարին, <<դրստել>> ինչ-ինչ ընտանեկան խնդիրներ և այլն:
   Իմ մտահոգությունն արտահայտեմ, մասնավորապես, հայաստանյան  կոմունիստների մասին, որոնց ինչպես ասում են` և՛ կան, և՛ չկան, երևում են ու չեն երևում, իսկ  գործն էլ  գրասենյակային  խոսք ու զրույցից,  փոխադարձ  անպտուղ վեճերից  այն կողմ չի անցնում: Բերեմ թարմ մի օրինակ, որը միայն  առաջին հայացքից  կարող է թվալ  ոչ էական:
  Վերջերս  լրացավ բազմամյա կոմունիստ Սմբատ Հովսեփյանի իննսունամյակը: Հոբելյանական միջոցառումը կազմակերպած էր համեստ ու հուզիչ. զեկուցում, ելույթներ, գնահատանքի խոսքեր, բարեմաղթություններ: Հոբելյարը ճանաչված լրագրող է, գրահրատարակիչ, տասնամյակներ շարունակ դասավանդել է պոլիտեխնիկականում, հեղինակել է ուշագրավ գրքեր. առանձնացնեմ թեկուզ վերջին տարիների գործերը ` <<Հիշողություններ>>, <<Մատյան դավաճանության>>, <<Առասպել և իրականություն>>,  <<Ստալին>>, <<Ինքնակենսագրություն>> և այլն: Այս գրքերն ունեն հասարակական-քաղաքական լուրջ արժեք: Եվ ահա, մեր զույգ կոմունիստական կուսակցություններն էլ, որոնք, ըստ իս,   պարզապես պարտավոր էին մասնակցել ծերունազարդ կուսակցի մեծարմանը, չուզեցին, խուսափեցին, զարմանալիորեն  անտեսեցին թեկուզ և այն կարևոր հանգամանքը, որ գործ ունեն մի ընկերոջ հետ, ով  հմտորեն, խորն ու  համարձակ վերլուծել է հետխորհրդային հայ իրականության ավերիչ իրողությունները` ներկայացնելով անվիճելի փաստեր ու փաստարկներ, ցավով մերկացրել մեր տնտեսական ու բարոյական վարընթաց կորագիծը: Եվ ահա անբացատրելի միահամառությամբ երկու կուսակցությունն էլ զանազան <<չեմուչումերով>> հրաժարվեցին մասնակցել խոսուն միջոցառմանը: Դա, իհարկե,  չխանգարեց, որ դահլիճը լիներ մարդաշատ, իսկ բազմափորձ Գեղամ Գալստյանի և Յուրի Դադայանի ջանքերով էլ մտերմական  սեղան բացվեց, որի  համեստությունը  լիուլի փոխհատուցվեց ջերմ  ընկերականությամբ:
   Ոչ ոք այդպես էլ չհասկացավ մեր կոմունիստ ընկերների <<դիրքավորումը>>, որը կանվանեի նույնիսկ քաղաքական վարքագիծ,  աններելի անտարբերություն տարեց և բեղուն, ես կասեի` քաջարի գործչի նկատմամբ: Այսպես մարդիկ, կամա-ակամա, շեղվում են դեպի միասնություն տանող ուղիներից, որոնցից ոչ պակաս  գլխավորը զուտ մարդկային վերաբերմունքն է, նեղմտության, նեղացկոտության, մեծամտության մերժումը…
     Իննսունամյա Սմբատ Հովսեփյանին ես ընկալում եմ որպես իսկը  կոմերիտական տարիքի նվիրյալի` լի եռանդով, աշխատասիրությամբ, որպես դիպուկ հրետանավորի, ով անարգանքի սյունին է գամել  կուսակցությունից  կուսակցություն  փախչող հայրենադավերին,  ով կոմունիստ տեսաբանի, գիտնականի պատասխանատվությամբ   դատապարտում է  նաև հանիրավի տրոհված կոմկուսների ղեկավարներին: Ահա թե ինչու եմ  խոսքս վերնագրել  <<Մենավոր կաղնի>>. ավա՜ղ, <<մենավոր>>, որովհետև պակասում են նրանք, ովքեր կրծքով  պաշտպանում են մեծ ճշմարտությունը, ովքեր հայտնի գրական երկի հերոսի` կաղնու պես  հաստատվել են բարձունքում և  անսասան դիմակայում են անցողիկ  հողմերին ու դաժան ամպրոպներին: Նախանձելի՜, օրինակելի՜ ճակատագիր…
Ուր է թե չմնանք մենավոր…
Եփրեմ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
1964թ.-ից Կոմունիստական 
կուսակցության անդամ
SHARE