Մենք մեր հերթին պիտի նախաձեռնենք

0
8

Կուտակված խնդիրները բարեհաջող լուծելու համար

Եռանդ

Նոր Արտագերս համայնքը ղեկավարելով 2016 թվականից, Խաչիկ Ջանազյանն արդեն հասցրել է մի շարք աշխատանքներ կատարել: Այս մասին <<Ընկեր>>-ին տեղեկացրեց համայնքապետը` մասնավորապես նշելով.

-Գյուղն ամբողջությամբ լուսավորել ենք: Փոխել ենք ջրի աշտարակները: Նոր փողոց ենք գազաֆիկացրել /1,5 կմ/: Հարթեցրել ու խճապատել ենք գյուղամիջյան ճանապարհները: Աղբահանություն է իրականացվում` պատշաճ մաքրություն ապահովելով համայնքում: Բարեկարգման աշխատանքներ ենք կատարել` ծառատունկ, ծաղկապատում և այլն: Լուծելիք խնդիրները ևս շատ են: Նախ` մշակույթի տան հիմնանորոգումը, ինչը մեծ ծախսեր է պահանջում և, հետևաբար, մեր ուժերից վեր է: Այս խնդրի մասին իմ հերթին բարձրաձայնել եմ նաև ես, ինչպես նախկին համայնքապետերն իրենց ժամանակին: Չունենք մանկապարտեզ` շենքը վթարային վիճակում է: Այս մասին ևս պատկան մարմինները քանիցս տեղեկացվել են: Ներկայումս նախակրթարան է գործում: Խմելու ջրի վիճակը նորմալ է` ի տարբերություն ոռոգմանի, այսինքն, այն սպառողին հասցնելու խնդիր ունենք: Գյուղի բնակչության թիվը մոտ 2000 է, որի շուրջ 40 տոկոսն այսօր բացակայում է` ապրուստի կարիքները դրսում հոգալով: Ցավոք, հիասթափություն կա մարդկանց մոտ, քանի որ հողից արդյունք չեն ստանում: Տարեցտարի միայն վարկերն ու դրանց տոկոսներն են ավելանում: Բնական աղետներն էլ իրենց հերթին գյուղի աշխատավորի վիճակը դարձնում են անմխիթար ու աննախանձելի: Աճեցնում ենք նաև խաղող, սակայն ոչ բոլորը վերամշակող գործարանների հետ պայմանագրեր ունեն կնքած: Վերջիններս չեն ցանկանում իրենց վրա պարտավորություններ վերցնել` պատճառաբանելով, որ եղածն իրենց բավարար է: Այս պայմաններում ինչ պիտի անի գյուղացին` ունենալով տասնյակ տոննաներով խաղող: Հիասթափվում են, թողնում ու հեռանում… Մտածում ենք ինքներս ինչ-որ քայլեր ձեռնարկել, ասենք` չրանոց կամ վերամշակման փոքր գործարան հիմնել: Այդ ուղղությամբ մեր գործնական առաջարկները կներկայացնենք մարզպետարան, կառավարություն, որպեսզի լուծվի համապատասխան ներդրումների, ֆինանսավորման հարցը: Շատ կարևոր ու առաջնահերթ է գյուղտեխնիկայով ապահովված լինելու հանգամանքը…

Համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտը բավարար է: Գյուղապետն իր բնակչի կողքին կանգնած է` ջանալով օգտակար լինել նրան: Ընկերաբար է մոտենում բոլորին, առանձնահատուկ վերաբերմունք ունի հատկապես երեխաների, տարեցների հանդեպ: Մեծահասակների համար ժամանցի առանձին անկյուն է ստեղծվել: Տոնական հանդիսություններն անցնում են հավուր պատշաճի` ողջ գյուղի ակտիվ մասնակցության պայմաններում: Վերաբերմունքը շատ ջերմ է նաև դպրոցի հանդեպ:

Առհասարակ, համայնքին վերաբերող կարևոր ու առանցքային հարցերում հաշվի է առնվում յուրաքանչյուրի կարծիքը: Առանց ժողովրդի կարծիքն ու ցանկությունն իմանալու համայնքի ղեկավարը որևէ քայլ չի ձեռնարկի: Մատուռ են կառուցում, որին ողջ գյուղն է մասնակից դառնում:

Խաչիկ Ջանազյանն ընկերության մեջ գնահատում է արդարությունն ու մաքրությունը: Ընկերությունն այն հզոր ուժն է, միջոցը, որի հետ ամեն ինչ էլ կարելի է անել: Նրա կարծիքով, ընկերությունն ամեն մարդու խելքի բանը չէ, ամեն մեկը չէ, որ կարող է ընկեր լինել և հասկանալ դրա արժեքը: Իր էությամբ ընկերասեր է, ինչի մասին հավաստիացրին նաև համայնքապետարանի աշխատողները: Աշխատակազմի քարտուղար Գևորգ Վարդանյանը նշեց, որ Խաչիկ Ջանազյանը շատ լավ ընկեր է ու մարդ, միաժամանակ` խստապահանջ ու հետևողական աշխատանքային կարգապահության հարցերում: Ուշադիր է բոլորի նկատմամբ, ոչ մի հարց կամ խնդիր անտարբերության չի մատնի: Հաճելի մթնոլորտ է ստեղծում իր շրջապատում, մարդամոտ ու մտերմիկ միջավայր…

 

SHARE